Հուլիս 02, 2023 12:58 Asia/Tehran

Իրանահայ հանրահայտ բանաստեղծ Ալբերտ Մինասյան

Գիշերվա դեմքին կապույտն էր փռվել,

Դալուկ մի մոմ է պլպլում խցում,

Սև մի ուրվական վշտից կծկվել

Ու հոգու խորքում աղոթք էր ասում:

 

Նա կուլ էր տալիս ամեն մի արցունք

Երկունքի բոց էր աչքերից ելնո՜ւմ

Մերթ մոլեգնում էր դառնում ահարկու,

Մերթ նվաղում էր, կրծքիվայր ընկնում:

 

Մերթ ճառագում էր լույս դեմքը նրա,

Ինչ-որ մի բանից միտքը փայլփլում,

Մերթ մրմնջում էր ինչ-որ շարակա՜ն,

Մերթ համառում էր, մերթ դառնում հլու:

 

Գիշերվա դեմքին կապույտն էր ցրվել,

Մոմը իր կյանքի վերջերգն էր ասում,

Նա իր փետուրե գրիչը վերցրել

Ու մեծ պահը խենթ՝ գալիս էր, հասնո՜ւմ ...

 

Գիշերն անցել էր, խավարը չկար,

Մարած մի մոմ էր հատակին փռվել,

Արևոտ թղթին ձեռքով մի ճարտա՜ր

Գեղեցիկ ու նուրբ մի «Ա» էր գրվել:

Այս տողերի հեղինակը, հեղինակն է նաև Մաշտոցին, հայ գիր ու գրականությանը նվիրված այլ բանաստեղծությունների, որոնցում պարզ նկատվում է նրա սերն ու նվիրվածությունը հայ դպրության նկատմամբ: Նա իր կյանքում եղել ու շարունակում է մնալ Մեսրոպ Մաշտոցի հավատարիմ աշակերտ ու նրա ճանապարհը շարունակող մարդ: Մարդ ով չի դադարում սիրել կյանքը, աշխարհը, հայն ու Հայաստանը: Մարդ ո՞վ միշտ հավատարիմ է մարդ կոչմանը, մարդ ով հավատարիմ է բանաստեղծ կոչմանը, մարդ ում գրած տողերում ներկա է ինքը իր խոհերով, կյանքի փիլիսոփայությամբ, խառնվածքի բոլոր դրսևորումներով ու իր մարդ տեսակով:

Բարև ձեզ հարգելի բարեկամներ այս հաղորդման ընթացքում խոսելու ենք իրանահայ հանրահայտ բանաստեղծ Ալմինի մասին:

--- 

Իրանահայ հանրածանոթ բանաստեղծ Ալմինը՝ բուն անունով Ալբերտ Մինասյանը, ծնվել է 1952թ. Թեհրանում: Նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրում:

Սկսել է գրել պատանի հասակից: Նրա առաջին բանաստեղծությունները լույս են տեսել «Ալիք պատանեկան» երկշաբաթաթերթում 1970թ. ապա տպագրվել են մի շարք գրական թերթերում և ամսագրերում ինչպես «Ալիք», «Բագին», «Գրական թերթ», «Գարուն», «Աղբյուր» և այլն:

Ալմինի բանաստեղծությունների առաջին գիրքը «Տրոփյուններ»-ը լույս է տեսել 1976թ. Թեհրանում: Այնուհետև հրատարակել է «Լուսարբություն», «Սիրանյութ», «Եվ եղեվ Լույս», «Իմ Մանկական գիրքը», «Աստղացոլքեր», «Դուք ինձ կհիշեք», «Անծանոթներիս», «Խաղաղությունը կանաչ մարգերի», «Անմոռուկների դարը» և «Շքեղանք բանաստեղծության» ժողովածուները: 1990թ. շահել է գրական մրցանակ: 2000 թ. պարգևատրվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

Հայաստանի եւ Արցախի գրողների միությունների անդամ է: 35 տարի, որպես հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ, դասավանդել է Թեհրանի հայկական դպրոցներում:

Ալմինի բանաստեղծությունների նյութը հիմնականում հայ մարդն է, իր մարդկային երազանքներով ու ապրումներով առլեցուն, մի կաթիլ լույսի տենչանքով:

 

Ալմինի բանաստեղծություններում ինչպես Իրանահայ գրականագետ և բանաստեղծ Նորվանն է ասում ներկա է լույսը իր բոլոր տարատեսակներով: Այս կապակցությամբ բանաստեղծ Ալբերտ Մինասյանն ասում է.«Անշուշտ լույսը խորհրդանիշ է: Լույսը մաքրության, լուսավորության և ես կասեի ինչ-որ տեղ մաքուր ու ազնիվ կյանքի, արշալույսի ու շատ բաների խորհրդանիշն է: Ես նույնիսկ կարող եմ մարդու մեջ այդ լույսը որոնել: Այդ լույսը կա ու դա չի սահմանափակվում միայն լույս բառի մեջ: Լույսը տարողունակ է: Այդտեղ կա նաև մարդ անհատը իր ապրումներով, հույսերով ու հույզերով ու նաև այդ մարդու այսօրն ու վաղը: Այդ լույսը նաև մի տեսակ բանաստեղծական ցանկություն է, որ մարդը գնա դեպի այդ լույսը, ձգտի դեպի այդ լույսը: Այդ լույսն իր մեջ ունի նաև գեղեցիկի ու բարու խորհուրդ»:

----

Ալմինի պոեզիային անդրադարձել են հանրահայտ գրողներ ու գրականագետներ:

Իրանահայ արձակագիր ու վաստակավոր ուսուցիչ Նազար Շահվերդյանը Ալմինի մասին այսպես է գրում.«Ալմինը որպես իրանահայ բանաստեղծ՝ մինչ այժմ իր հրատարակած բանաստեղծությունների ժողովածուներով ապացուցել է իր գործի ու տաղանդի տոկունությունը»։

Նա ըստ իր բնավորության՝ գրիչը թղթին հասցնելիս, մի պահ կանգ է առնում, չի շտապում, մտորումների մեջ է ընկնում, իր ոգի ու շունչ տված բառերի հետ զրույց ունի անելու, կծկվում, հետ կծկվում, դառնում է ափաչափ մի սիրտ, որից և ահա ծնվում են հոգեթով իր երգերը: Երգեր՝ սիրո, գեղեցկության, հույսի ու լույսի, հայրենիքի ու հայրենասիրության բաբախուն ելևէջներով: Ահա այսպիսի մի պատումներով ու երանգավորումներով է ծնվում Ալմինի պոեզիան:

Հայաստանի գրողների միության անդամ բանաստեղծ Իգնատ Մամյանը Ալմինի պոեզիայի մասին այսպես է գրել.«... Ալմինի բանաստեղծությունները հրաշալի ներշնչանքով մեզ հիշեցնում են հին ճշմարտությունը, թե՝ հոգիները նման են ծովային խեցիների: Կան, որ ի սկզբանե դատարկ են՝ անցավ ու անխռով... և կան հոգիներ, որոնք լցված են մարգարտի սքանչելի ցոլանքով, որ տառապանքի լույսն է, և, հավերժորեն լցված անվախճան կարոտի ղողանջով, արձագանքում են կարոտի բոլոր շշուկներին: Սրանք առաջին հերթին բանաստեղծական, նույնն է թե՝ սքանչելի տառապանքով իրենք իրենց ներսը լուսավորող հոգիներն են: Նրանք են, որ կարողանում են ցավից սեր քամել, հիշողությունից՝ ուժ և բիրտ խավարից՝ երանելի աստղացոլքեր»:

Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը Ալմինի ու նրա պոեզիայի մասին գրել է.«Ինքնահաստատման իմաստալից ճանապարհ անցած հասուն բանաստեղծ է Ալմինը, որը մեծ նպաստ է բերել սփյուռքում հայապահպանության գործին՝ տասնամյակներ շարունակ Թեհրանի հայկական դպրոցներում դասավանդելով հայոց լեզու և գրականություն, դաստիարակել հայ սերունդներին: Բանաստեղծությունների մի քանի ժողովածուների հեղինակ է նա՝ հետաքրքիր մտածողությամբ ու սեփական ոճով: Իսկ բանաստեղծության մեջ սեփական ոճ ունենալն արդեն երևույթ է, և առանց դրա անկարելի է պատկերացնել անհատականություն ու գեղարվեստական աշխարհ.... Ալմինը հայության ապագայով մտահոգ, մայր Հայաստանի զավակների ու ընդհանրապես մարդկության ճակատագրով ապրող խոհական բանաստեղծ է: Նրա տարերքը խոհն ու զգացմունքը ներդաշնակելն է: Մի շունչ առնելու չափ է մարդուս կյանքը, որ հենց ինքն էլ պիտի իմաստավորի: Ալմինի բանաստեղծական ըմբռնումով՝ կյանքը հավիտենական ու հարահոս գնացք է, որի տարբեր կանգառներում ու կայարաններում իջնում ու բարձրանում են ուղևոր մարդիկ. Ոմանց իջնելու ժամանակն է, ոմանց բարձրանալու:

 

 

Ուղևորներ ենք

Կյանքի գնացքի

Թե վտարանդի

Ու թե ապահով

Մոտիկ կանգառում

Ո՞վ պիտի իջնի,

Ելնի պիտի ո՞վ...

 Որքան բանաստեղծը մոտ է համարում իր ժամանակը և մարդասիրաբար ուզում է իջնել ու տեղը զիջել ելնողներին, նրա կանգառը դեռ մոտիկ չէ:

Այդ արժանավոր ուղևորին ստեղծագործական երկար ճանապարհ ենք մաղթում ու նորանոր հաջողություններ»:

---

Ալմինը ապրում ու շարունակում է ստեղծագործել Թեհրանում:

Բարեկամներ հայերեն ռադիոժամը պատիվ է ունեցել իր հարկի տակ հյուրընկալել բանաստեղծ Ալմինին: Այժմ ներկայացնում ենք Հայերեն ռադիոժամին նրա տված հարցազրույցից մի հատված,որտեղ նախ նա անդրադառնում է Իրանահայ գրականությանը և ապա Հայաստան կատարած առաջին այցի ընթացքում Հովհաննես Շիրազի և Գևորգ Էմինի հետ հանդիպումներին և վերջում կարդում է իր  գրչին պատկանող բանաստեղծություններից մեկը։ 

 

 

 

Պիտակ