Փոդքաստ․  Իրանի պատմական գանձերի հետքերով (5-րդ էպիզոդ՝ Կյուրոսի մանիֆեստը) 
(last modified Mon, 11 Mar 2024 07:20:47 GMT )
Մարտ 11, 2024 10:50 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կխոսենք Կյուրոսի մանիֆեստի մասին։  

 

Բաղդադից 90 կմ հեռավորության վրա գտնվող Հիլլա քաղաքի մոտ, Քարբալայից ոչ հեռու, գտնվում է Ջեմջեմե գյուղը։ Գյուղը հայտնի է նրանով, որ դրա դաշտերի տակ գտնվում է մ․թ․ա․ 1900 թվականին կառուցված Բաբելոնիա քաղաքը։  

150 տարի առաջ տարածքն ուսումանսիրել է հնագետ Հորմուզ Ռասսամը։ Ավելի վաղ, նա Միջագետքում հայտնաբերել էր «Գիլգամեշի էպոսի կավե արձանագրությունները»։ 1879թ․ սկսած պեղումների ժամանակ Ռասսամը բաբելոնյան աստված Մարդուկի տաճարի սյուների տակ հայտնաբերեց «Կյուրոսի մանիֆեստը», որի մասին խոսելու ենք փոդքասթի այս դրվագում։

Բարև Ձեզ։ Ես ․․․․․․ եմ։ Այս թողարկման ընթացքում կներկայացնեմ  տարբեր պատմություններ  Կյուրոսի մանիֆեստի վերաբերյալ։

------------------------------

Բրիտանիայի թանգարանն ամենահին ազգային թանգարանն է, որը հիմնադրվել է 1753 թվականին և իր դռները բացել  1759 թվականին։ Այն հայտնի է նաև որպես Լոնդոնի թանգարան և մեծությամբ երկրորդն է Լուվրից հետո։ Թանգարանում պահվում է ավելի քան 7 միլիոն նմուշ։

Թանգարանի «Հին Իրան» սրահում ներկայացված է մի փոքրիկ առարկա, որը գուցե այնքան էլ աչքի չի ընկնում։ Այն Իրանում հայտնաբերված ամենաարժեքավոր իրերից է ։ Այն  23 սմ երկարությամբ և 11 սմ լայնությամբ կավե գլան է, որի վրա աքքադերենով ու բաբելոնյան սեպագրերով գրված է 45 տող։

Ինչպես արդեն նշվեց, այս գլանի վրայի գրությունը հայտնի է որպես Կյուրոսի մանիֆեստ։ Ուրեմն հիմա պետք է խոսել այն մասին , թե ո՞վ էր Կյուրոսը։

Աքեմենյան թագավորության պատմության մեջ հիշատակվում է երեք Կյուրոս։ Նրանք երեքն էլ  կարևոր դերակատարություն են ունեցել։  

Նախ  խոսենք Կյուրոս առաջինի մասին։ Նա Չիշ Փիշի որդին էր և Անշանի թագավորը։ Անշաննն էլամական կարևոր շրջան էր Հին Իրանում։

Կյուրոս II-ի մասին մենք շատ ենք լսել։ Նրան անվանում են նաև Կյուրոս Մեծ։ նա Կյուրոս I-ի թոռն է և Կամբոջիեյի որդին։ Հենց նա է դրել Աքեմենյան դինաստիայի հիմքը։ Կյուրոս մեծի դամբարանը գտնվում է Շիրազ քաղաքի մոտ։ Այստեղ ամեն տարի գալիս են մեծ թվով զբոսաշրջիկներ։

Կյուրոս III-ը  Աքեմենյան վերջին թագավորն  է։ Նրա անունը նույնպես շատ կարևոր է։ Կյուրոս III-ը պարտվեց Ալեքսանդրին ու դինաստիայի պատմությունն ավարտվեց։

Հռչակագիրը, որի մասին խոսելու ենք, վերագրվում է Կյուրոս մեծին։ Նա մեծ հաղթանակներ է բերել Իրանին։ Հաղթելով  մարերին, որոնք իրանական ցեղեր էին, այնուհետև նա հաղթում է Լիդիային և ընդլայնում  իր կայսրության սահմանները մինչև Անատոլիա։ Լիդիայի թագավոր Կրեսոսը, որը հայտնի ու հարուստ մարդ էր, աքսորվում է մի շրջան, որն ուներ գեղեցիկ բնություն։ Այնուհետև Կյուրոսը գնում է Բաբելոն, հաղթում Նաբոնիդուսին և գրավում Բաբելոն քաղաքը։

Հատկանշական է, որ ի տարբերություն այլ թագավորների, որոնք բռնություն էին գործադրում պարտվողների նկատմամբ,   Կյուրոսն առանձնահատուկ վերաբերմունք էր ցուցաբերում պարտվածների նկատմամբ։ Պատմական տվյալների համաձայն՝ մ.թ.ա 539 թվականին Բաբելոնի գրավումից հետո նա համընդհանուր համաներում և կրոնի ազատություն հայտարարեց։

Այնուհետև Միջագետքի մարդկանց սերը շահելու և հավատքով ապրել սովորեցնելու համար, նա պաշտոնապես ճանաչեց Մարդուկին, որը Բաբելոնի ամենահին Աստվածն էր։ Իր նվաճումների ժամանակ Կյուրոսը չի ստրկացրել պարտվածներին և թույլ չի տվել իր զորքերին ոտնձգություն կատարել իր հպատակների ունեցվածքի և կյանքի վրա։ Հաղթանակներից հետո նա ազատ էր արձակում բոլոր գերիներին, որպեսզի նրանք վերադառնային իրենց հայրենիք։

---------------------------------

Բաբելոնի գրավումից հետո, այնտեղի դպիրները երկու մասից բաղկացած կավե գլանի վրա գրառում արեցին ու այն դրեցին Մարդուկի տաճարի սյան տակ։ Եվ դա հենց նույն գլանն էր, որը հազարավոր տարիներ անց հայտնաբերեց ու Լոնդոն ուղարկեց հնագետ Ռասսամը։ Գլանի վրայի արձանագրությունն արված է աքքադերեն և բաբելոնական սեպագրերով և բաղկացած է երկու մասից։ Դրանից մեկի վրայի գրառումն արված է բաբելոնյան աստվածների աստված Մարդուկի անունից, մյուսը՝ Կյուրոսի։

Առաջին մասում  Մարդուկը խոսում է Բաբելոնի վերջին քաղդեացի թագավոր Նաբոնիդուսի   հանցագործությունների մասին և հայտարարում, որ արդար թագավոր գտնելու իր որոնումների վերջում հասել է Կյուրոսին։ Արձանագրության երկրորդ մասում Կյուրոսը ներկայացնում է իրեն և իր տոհմը, այնուհետև ասում է, Մարդուկից իրեն՝ Կամբոջիեյի որդուն ուղղված օրհնության շնորհիվ, երաշխավորում է Բաբելոնի խաղաղությունն ու անվտանգությունը։ Այնուհետև նա  դատապարտում է Նաբոնիդուսին՝ կրոնական ծեսերը անտեսելու համար և ասում է, որ տարբեր ցեղերի ազատել է գերությունից։

Կյուրոսի մանիֆեստն այդ ժամանակ նորույթ չէր, քանի որ նրանից առաջ Բաբելոնի ու Ասորեստանի թագավորները նույնեպս կավե արձանագրություններ էին թողել։ Նրանց օրոք թագավորների նվաճումները կավե արձանագրությունների տեսքով տեղադրվում էին որևէ հուշահամալիրի սյուների տակ կամ հիմքում։ Բրիտանական թանգարանում կան բաբելոնական և ասորական ժամանակաշրջանի արձանագրությունների մի քանի օրինակներ: Սակայն Կյուրոսի  մանիֆեստն արժեքավոր է նրանով, որ դրանում խոսվում է  այնպիսի հարցերի մասին, որոնց նախկինում թագավորները չեն անդրադարձել։ 

Լոնդոնի թանգարանում ներկայացված արձանագրությունը բաժանված է երկու մասի և միացված իրար։ Որոշ մասնագետների կարծիքով, սկզբում այն ամբողջական է եղել ու կոտրվել է հայտնաբերվելուց հետո։ Հարկ է նշել, որ արձանագրության հայտնաբերումից ու թարգմանությունից մի քանի տարի անց, Փոլ Ռիչարդը հայտնաբերեց դրա մի ուրիշ մասը:

 

Փաստորեն, ԱՄՆ-ի Յեյլի համալսարանում հայտնաբերվել է մեկ այլ գլանի բեկոր, որը նախկինում ենթադրվում էր, որ կապված է Նաբոնիդուսի գլանի մհետ: Բայց իրականում այս կտորը կապված էր Կյուրոսի գլանի և 36-ից 43-րդ տողերից բացակայող մասերի հետ։ Որպես այդպիսին, այն ուղարկվում է Լոնդոնի թանգարան և կցվում է բնօրինակ գլանին:

Սեպագրի տեսքով կավե գլանի վրա կա ընդհանուր առմամբ 45 տող արձանագրություն, որոնցից առաջին 3 տողերն ինչպես նաև 20 տողերն անընթեռնելի են։ Մնացած տողերը պարունակում են արեժքավոր տեղեկություններ։ Այս կավե արձանագորւթյունը հայտնի է  որպես մարդու իրավունքների առաջին  մանիֆեստ և 1971թ ՄԱԿ-ի կողմից թարգմանվել է աշխարհի բոլոր կենդանի լեզուներով։ 

Միգուցե իր ժամանակ Կյուրոսը մարդու իրավունքների հռչակագիր չի գրել, քանի որ նման հասկացություն այն ժամանակ գոյություն չուներ։ Սակայն արձանագրությունն ուսումնասիրելիս պարզ  է դառնում, որ նա խախտել է ավանդույթը և խուսափել իր ժամանակ գործող  սովորական մեթոդից՝ այրված հողի քաղաքականությունից ու պարտվածների ջարդից։

Կյուրոսն ասում է․ «Ես Կյուրոսն եմ, աշխարհի թագավորը, մեծ թագավորը, Բաբելոնի թագավորը, Շումերի ու Աքքադի թագավորը, Աշխարհի թագավորը։ Կամբոջիեյի որդին, մեծ թագավորը․․․․Երբ ես առանց կռվի մտա Բաբելոն, ժողովուրդն ինձ ուրախությամբ դիմավորեց։

Ես նստեցի Բաբելոնի թագավորների գահին ու Մարդուկն ինձ ստիպեց ավելի մոտենալ բաբելացիների մաքուր սրտերին, քանի որ ես հարգում էի նրան։

Իմ բանակը խաղաղ մտավ Բաբելոն։

Ես թույլ չտվեցի, որ քաղաքի մարդիկ տառապեն։

Ես վերացրի ստրկությունը, վերջ դրեցի նրանց դժբախտություններին։

Ես հրամայեցի, որ որևէ մեկը չսպանի քաղաքի բնակիչներին։

Ես հրամայեցի, որ մարդիկ ազատորեն երկրպագեն իրենց աստվածներին և որևէ մեկը նրանց չանհանգստացնի։

Աստված գոհ էր իմ արարքներից։

Նա ինձ տվեց իր օրհնությունն ու բարությունը։

Ու մենք բոլորս խաղաղ ու համերաշք գովերգեցինք Նրա բարձր դիրքը․․․

Ես վերակառուցեցի բոլոր ավերված քաղաքները։

Ես հրամայեցի բացել բոլոր պաշտամունքի վայրերը, որ փակ էին։

Տեղահանվածներին վերադարձրի իրենց տները, վերականգնեցի նրանց ավերված տներն ու շենացրեցի հողը։ Թող սրտերն ուրախանան ու ամեն օր Աստծուց ինձ համար երկար կյանք խնդրեն։

Ես խաղաղ հասարակություն եմ ստեղծել ու խաղաղութուն ու հանգստություն պարգևել բոլոր մարդկանց։

Ես հարգում եմ Բաբելոնի, Աքքադի և իմ իշխանության տակ գտնվող այլ երկրների մարդկանց բոլոր ավանդույթներն ու կրոնները:

Իմ թագավորության մեջ գտնվող երկրների մարդիկ ազատ են կրոնի, աշխատանքի և բնակության վայրի ընտրության հարցում:

Քանի դեռ ես ողջ եմ, ոչ մեկն իրավունք չունի բռնությամբ տիրանալ ուրիշների ունեցվածքին։

Թույլ չեմ տա ոչ մեկին՝ մեկ ուրիշին ստիպել կատարել չվարձատրվող աշխատանք։

Ոչ մեկը չպետք է պատժվի իր հարազատների կատարած հանցագործության համար։

Ես արմատախիլ կանեմ ստրկությունն ու ստրուկ կանանց ու տղամարդկանց վաճառքը։

Եվ իմ պալատականները կանեն նույնը, մինչև այս տգեղ սովորույթը վերանա։

Ես կվերականգնեմ Տիգրիսի մյուս ափի ավերված քաղաքներն ու նրանց պաշտամունքի վայրերը, որպեսզի որպես ստրուկ Բաբելոն բերված մարդիկ վերադառնան իրենց տներն ու հողերը»։

․․․․․․

Նախքան 1979թ․ իսլամական հեղափոխության հաղթանակը, Կյուրոսի գլանը, չնայած Բրիտանիայի կառավարության ընդդիմությանը, կարճ ժամանակաով բերվեց Իրան և ցուցադրվեց։ Երկրորդ անգամ գլանն Իրան բերվեց 2010թ՝ անվտանգության խիստ միջոցառումների պայմաններում և ցուցադրվեց 8 ամիս։ Իրանցիները հերթ էին կանգնում թանգարանի մոտ, որպեսզի մոտիկից տեսնեն Կյուրոսի գլանը, որը համարվում է Իրանի պատմական ինքնությունը, մարդկության պատմության  գանձը և իրանցիների ազգային հպարտությունը։ Առաջին տասը օրում Կյուրոսի գլանը տեսնելու համար թանգարան այցելեց  մոտ 50 հազար մարդ։ Այն տեսնելու համար, ամեն օր թանգարան էր այցելում 2 հազար մարդ, ինչը ռեկորդային թիվ դարձավ  Իրանում թանգարանային այցելությունների ոլորտում։

--------------

Սիրելի ունկնդիրներ, շնորհակալ եմ «Իրանի պատմական գանձերի հետքերով» փոդքասթի հերթական թողարկմանը հետևելու համար։

Այս դրվագում ձեզ պատմեցի Կյուրոսի գլանի կամ Կյուրոսի մանիֆեստի մասին, որը հայտնի է որպես մարդու իրավունքների առաջին հռչակագիր։

Փոդքասթի հաջորդ դրվագում կխոսենք Իրանի մեկ այլ կարևոր պատմամշակութային կառույցի մասին։

Հարգելի բարեկամ մեզ կարող եք հետևել նաև  սոցցանցերում Ֆեյսբուքում, թվիթերում, թելեգրամում և ինստագրամում, հետևյալ հղումներով՝

facebook.com/parstoday.arm

twitter.com/radio_armenian

t.me/parstoday_arm

instagram.com/parstodayarmenian

Փոդքասթի տեքստը և լուսանկարները տեսնելու համար  կարող եք այցելել ռադիոժամի պաշտոնական կայք,որի հասցեն է՝ parstoday.ir/hy :  Իսկ եթե ձեզ դուր եկավ մեր փոդքասթի բովանդակությունը, այն տարածեք ձեր ընկերների սոցիալական էջերում։

Մինչ նոր հանդիպում և նոր էպիզոդ՝ Աստված Ձեզ պահապան։