Գեղարվեստական հաղորդում (167)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր աշխատակիցը:
ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը Պարսկերենի պահպանության և պարսից գրականության մեծանուն պոետ՝ Հաքիմ Աբուլղասեմ Ֆիրդուսու հիշատակի օրվա առթիվ, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի հետ համատեղ կազմակերպել էր «Հաքիմ ԱբուլղասեմՖիրդուսու մեծարման երեկո»:
Երեկոյին ներկա էին իրանագետներ, հետազոտողներ և դասախոսներ Երևանի պետական համալսարանից, Գրականության ինստիտուտից, ԵրևանիՎ․Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանից, ինչպես նաև պարսից լեզուն ուսումնասիրող աշակերտներ և ուսանողներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման սկզբում Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի ներկայացուցիչ Անահիտ Յահյամասիհին, ներկա գտնվելով այս միջոցառմանը, հաղորդեց գերաշնորհ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի սուրբ բարեմաղթանքը միջոցառման ընթացքին և ողջույնի խոսքը կազմակերպիչներին և մասնակիցներին՝ կարևորելով նմանատիպ միջոցառումների դերը երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, ողջունելով Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի կազմակերպած միջոցառման անցկացումը գրականության ինստիտուտում, անդրադարձ կատարեց հայ-իրանական դարավոր բարեկամական և մշակութային խորը կապերին և ներկայացնելով զեկույց՝ «Շահնամեն շահնամեից առաջ» թեմայով, ընդգծեց Ֆիրդուսու և Շահնամեի մեծ ներդրումը Իրանի ժողովրդի ազգային ինքնության վերածննդի գործում: ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական՝ պարոն Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին հանդես եկավ ողջույնով և պարսից լեզվի պահպանման հարցում Շահանմեի ու ֆիրդուսու կարևոր դերի ու ավանդի մասին զեկույցով: Ըստ բանախոսի՝ Իրանի մշակույթի, քաղաքակրթության և ազգային ինքնության պահպանման գործում մեծ է պարսից գրականության գոհար և գլուխգործոց Շահնամեի դերն ու անհերքելի նրա ազդեցությունը գրականության և արվեստի բոլոր ճյուղերի վրա: Ընդգծելով, որ այս ստեղծագործությունն ամենասիրված և ընդունվածն է Իրանի հասարակության բոլոր խավերի շրջանակում և իրանցի ժողովրդի ինքնության պահպանության յուրօրինակ անձնագիրն է համարվում ու օրեցօր ավելի է ավելանում այս գլուխգործոցի հանդեպ սերն ու հարգանքը՝ մշակույթի խորհրդականը փաստեց, որ չնայած պարսից գրականությունը հարուստ է 20-ից ավելի էպիկական այնպիսի ստեղծագործություններով, ինչպիսիք են՝ «Գարշասպնամե»-ն, «Սամնամե»-ն ...., սակայն Ֆիրդուսու շահնամեն թանկարժեք գոհարի նման փայլում է այս ստեղծագործությունների կողքին՝ համարվելով թանկարժեք քարերի մի ուրույն գանձարան, որն իր մեջ ընդգրկում է իրանցիների ցանկությունները, երազանքները, պատմական սխրանքներն ու ջանքերը, մի ողջ ժողովրդի իմաստությունը, գիտելիքները, արվեստը, բարոյական և մշակութային նորմերը, այն անվանելով Իրանի ժողովրդի պատմության և ազգային ինքնության նկարագրման ստացված փորձ, ինչն էլ իր հերթին հավերժություն է պարգևել այս գրական գլուխգործոցին: Իբրև Ֆիրդուսու և նրա գլուխգործոցի ընդունվածության և ժողովրդականության մեկ այլ կարևոր փաստարկ՝ նշվեց նրա իսլամի շիական ուղղության հետևորդ լինելը և իսլամի մարգարե Մոհամմադի և նրա ընտանիքի անդամների հանդեպ հարգանքն ու ընդգծված ուշադրությունը:
Բանախոսը ներկայացրեց Հնդկական, Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Թուրքիայի և այլ երկրների մշակույթների վրա Շահնամեի թողած ազդեցությունը, ինչպես նաև Իրանի մշակույթի և արվեստի տարբեր ճյուղերի համար ներշնչանքի աղբյուր հանդիսանալու հանգամանքը, ընդգծելով, որ Շահնամեի հերոսները իրենց ուրույն տեղն են գտել նաև իրանական նկարչության մեջ, իսկ գեղեցիկ հերոսական ոգով լի պատմությունները նոր մշակութային ուղղության նաղալիխանիի՝ թատերականացված և երաժշտությամբ ուղեկցվող Շահնամեի հատվածների ընթերցման, առիթ են հանդիսացել:
Հայաստանի Գրողների միության կողմից ծրագրին ողջույնի խոսքն էր բերել նաև միության քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը, ով ընդգծելով պարոն Հեյդարիի կողմից հայ-իրանական գրական և մշակութային կապերի ամրապնդմանը միտված տարատեսակ միջոցառումների կազմակերպման նախաձեռնությունը, այդ հարաբերությունների զարգացմանը միտված մեծ ուշադրությունն ու սրտացավ վերաբերմունք ցուցաբերելու հանգամանքը՝ երախտիքի խոսք հղեց նրան՝ նշանակումից ի վեր մշակույթի կենտրոնի կողմից գրական և մշակութային տարատեսակ միջոցառումների հաճախակի կազմակերպման և գրական կապերի ամրապնդմանը նպաստելուն միտված ջանքերի համար: Դեմիրճյանը, կարևորելով Գրողների միության և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի միջև ձևավորված համագործակցությունը, նշեց, որ գրողների միությունը պատրաստակամ է էլ ավելի զարգացնել այս համագործակցությունն Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի հետ զարկ տալով թարգմանչական գրականությանը: Անդրադառնալով Ֆիրդուսուն նա նշեց, հայ գրողների հատուկ վերաբերմունքն ու սերը նրա հանդեպ և Շահնամեի թողած ազդեցությունը նրանց ստեղծագործություններում, հայ մեծերի հատկապես Թումանյանի Շահնամեի թարգմանությանը և հանրայնացմանը միտված ջանքերը:
Զեկույցները ընդմիջվեցին Արագածոտնի մարզի Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան դպրոցի պարսկերեն ուսումնասիրող աշակերտների և Երևանի Վ․Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պարսից լեզվի ուսանողների կողմից Շահնամեի հատվածական ընթերցումներով:

Հովհաննես Թումանյանի անձնական հավաքածուի 28 անուն քարտեզագրության եզակի ու տարաբնույթ ցուցանմուշներներ կայացվեցին «Ավանդ սերունդներին. պատմության գիտական հիշողություն» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսը բացվեց մայիսի 14-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում:
«Հին և Նոր Կիլիկիայի», «Երևանի և Ելիզավետպոլի», «Ղարաբաղի և հարող շրջանների», «Կովկասի խաղողի այգիների» քարտեզներով և այլ ցուցանմուշներով հարուստ ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 26-ը:
«Ցուցադրության բաղկացուցիչ մաս են կազմում բանաստեղծի թանգարանում պահվող անձնական գրադարանի կովկասագիտության բաժնի գրքերը, որոնք նույնպես նախկինում չեն ցուցադրվել: Դեռ 1910-ական թվականներին Թումանյանը բարձրաձայնում էր կովկասագիտության ակադեմիա ստեղծելու կարևորության մասին: Նա կարծում էր, որ կողք-կողքի ապրող ժողովուրդները պետք է լավ ճանաչեն միմյանց և հասկանան հյուսիսի, հարավի, արևելքի և արևմուտքի կենտրոնում գտնվող «հսկայի» կարևոր նշանակությունը աշխարհի զարգացման գործում»,-նշեց թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը:
Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի խոսքով` քարտեզների հավաքածուն յուրօրինակ է նրանով, որ դրանց մի մասից միայն մեկ օրինակ է պահպանվել: Նա շեշտեց, որ լավ է ունենալ նման արժեքավոր քարտեզներ, որոնք հնարավոր է ոչ միայն ցուցադրել, այլև ուսումնասիրել»,-նշեց Վիրաբյանը:
Քարտեզները թանգարանին է տրամադրել Հայաստանի ազգային արխիվը: Ցուցահանդեսն իրականացվում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանդիսությունների շրջանակում:

Թանգարանային գիշերվա և Թանգարանների միջազգային օրվա շրջանակում մայիսի 18-ին Հայաստանի հարյուրից ավելի թանգարանների դռներն անվճար բաց եղան հասարակության առաջ: Նախատեսված էին բազմազան ու բազմաբովանդակ միջոցառումներ, որոնք ավելի կմեծացնեն հետաքրքրությունը թանգարաններ իհանդեպ:
«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումն այս տարի Հայաստանում անցկացվում է 16-րդ անգամ:
Թանգարանների միջազգային օրը հիմնադրվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) կողմից 1977 թվականին՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, բարձրացնելու հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանը և լուծմանն ուղղված թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին:

Ամեն տարի Թբիլիսիում տեղի է ունենում հայ բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոն»։ Այս տարի «Վարդատոնն» առաջին անգամ կանցկացվի որպես փառատոն, նախկինում այդ օրը տեղի էր ունենում հեղինակային երեկո։
«Վարդատոն» փառատոնն անցկացվելու է այս կիրակի Թբիլիսիի պատմական մասում՝ Մեյդանի շրջանում՝ հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու տարածքում։
Փառատոնի շրջանակում Թբիլիսիի հայկական տիկնիկային թատրոնը ներկայացնելու է «Լինում է, չի լինում մի Սայաթ-Նովա» բեմադրությունը, լինելու է ցուցահանդես, ծաղիկներ են դրվելու Սուրբ Գևորգ եկեղեցու բակում գտնվող աշուղի գերեզմանի մոտ, կայանալու է համերգ, ելույթ են ունենալու տեղի և հրավիրված պարային խմբեր և երգիչներ։Միջոցառումը կազմակերպում են Վիրահայերի միությունը Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ, Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը, նաև Վիրահայոց թեմը։
«Վարդատոնի» հիմքըդրելենգրողՀովհաննեսԹումանյանը և նկարիչԳևորգԲաշինջաղյանը 1914 թվականին։
«Վարդատոնի» հիմքը դրել են գրող Հովհաննես Թումանյանը և նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը 1914 թվականին։
Սայաթ-Նովայի կենսագրական տվյալները հիմանականում քաղված են նրա ստեղծագործություններում տեղ գտած հիշատակումներից, տարբեր ուսումնասիրողների ուժերով և հաճախ իրարամերժ են։Սայաթ-Նովայի խաղերում եղած ծածկագրությունների վերծանությունների հիման վրա տարբեր ուսումնասիրողներ նրա ծննդյան տարին համարել են 1712, 1717, 1722 թվականները։ Սայաթ-Նովան իր տաղերում մեկ իրեն թիֆլիսեցի է կոչել, մեկ հալեպցի կամ ադանացի։ Ըստ Մորուս Հասրաթյանի, միջին դարերում և մինչև 20-րդ դարի սկզրները, հատկապես Արևելքի ու Կովկասի մարդիկ իրենց ծննդավայրը համարել են ոչ այնքան իրենց, որքան իրենց հոր և պապի ծննդավայրը: Սայաթ-Նովան մի քանի տաղերում հիշատակել է, որ ինքը Հալեպցի պանդուխտ Կարապետի և Թիֆլիսի արվարձան Հավլաբարի բնակիչ Սառայի որդին է։ Նախնյաց հայրենիքը, ամենայն հավանականությամբ, եղել է Կիլիկյան Հայաստանը, հոր՝ մահտեսի Կարապետի ծննդավայրը՝ Ադանան կամ Հալեպը։ Սայաթ–Նովաների ընտանիքը Թիֆլիսի մոքալաքներից՝ քաղաքային արհեստավորներից էր։

ԱՄՆ-ում 102 տարեկանում մահացել է ամերիկացի ճարտարապետ Յույմին Բեյը, ով հայտնի է Փարիզի խորհրդանիշերից մեկի՝ Լուվրի թանգարանի ապակե բուրգի ստեղծմամբ:
Յույմին Բեյը ծնվել է Չինաստանում 1917 թվականին։ 1935 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ավարտել է Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտը, ինչպես նաև Հարվարդի դիզայնի բարձրագույն դպրոցը:
Նա հանդիսանում է մի շարք հեղինակավոր շենքերի նախագծերի հեղինակը: Մասնավորապես, Նյու Յորքում JP Morgan Chase բանկի աշտարակի, Քլիվլենդում գտնվող Ռոք-ն-ռոլի փառքի սրահի, Վաշինգտոնում գտնվող Արվեստի ազգային պատկերասրահի շենքի նախագծերի հեղինակն է:

Նյու Յորքում Sotheby’s աճուրդային տունը վաճառել է ֆրանսիացի գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից Կլոդ Մոնեի «Խոտի դեզ» կտավը։ Նկարի համար վճարվել է նկարչի համար ռեկորդային՝ 110,7 միլիոն դոլար։
«Խոտի դեզ» կտավը Մոնեն ստեղծել է 1890 թվականին։ Մոնեի կտավի նոր սեփականատիրոջ անունը չի հաղորդվում։
Ավելի վաղ Christie’s աճուրդային տունը կազմակերպել էր «Իմպրեսիոնիզմն ու ժամանակակից արվեստը» աճուրդը։ Գլխավոր լոտը՝ Պոլ Սեզանի «Կուժն ու մրգերը» կտավը, վաճառել էր 60 միլիոն դոլարով։
«Իմպրեսիոնիզմն ու ժամանակակից արվեստը» աճուրդից ընդհանուր ստացվել էր 400 միլիոն դոլար։

Ամերիկացի քանդակագործ Ջեֆ Կունսի «Ճագար» քանդակը Նյու Յորքի Christie’s աճուրդում վաճառվել է 91 միլիոն դոլարով։ Այդպիսով նա դարձել է ժամանակակից ամենաթանկ նկարիչը։ Քանդակը ձեռք է բերել ԱՄՆ ֆինանսների նախարարի հայրը՝ արտ դիլեր ԲոբՄնուչինը իր հաճախորդի համար։ Քանդակը Կունսը չորս տարբերակով է արել։ Սա վերջինն էր, որը գտնվում էր մասնավոր հավաքածուում։
«Ոչ ոք չի հասկանում հարստության հոգեբանությունն ավելի լավ, քան Կունսը»,- հայտարարել է US Trust բանկի արվեստի բաժնի գործադիր տնօրեն Էվան Բերդը։