Հունիս 10, 2019 15:22 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր աշխատակիցը:

Երևանի Եզնիկ Կողբացի 42/3 հասցեում բացվեց հայ երաժշտության զարգացման և պահպանման նվիրյալ, սոպրանո Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը, որտեղ ներկայացված են Զաքարյանի և նրա ամուսնու` բանասեր, շարականագետ, մանկավարժ, ծիսագետ և երգիչ Խորեն Պալյանի անձնական իրերը, փաստաթղթերն ու նոտաները, նամակները, գրադարանը և այլ ցուցանմուշներ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ երգչուհու ծննդյան օրը` հունիսի 1-ին:

«1965 թվականին Պալյանը հրաժարվեց հոգևոր գործունեությունից և անցավ աշխարհիկ կյանքի: Նա սկսեց աշխատել ԵՊՀ-ում: Ես էլ էի համալսարանում աշխատում: Այդ ժամանակներից սկսած նվագակցել եմ նրան, մարզերում նաև`Լուսինե Զաքարյանին»,-պատմեց Զաքարյանի ընտանիքի բարեկամ և թանգարանի տնօրեն Սուսաննա Դավթյանը: Նա շեշտեց, որ մինչ օրս չի պատկերացնում Երևանն առանց Լուսինեի և Խորենի: « Նրանք մեր բեմի զարդն էին ու նպաստեցին հայ հոգևոր զարթոնքին»,- ընդգծեց Դավթյանը:

Խորեն Պալյանի եղբորորդի Րաֆֆի Պալյանի խոսքով` մեծ ջանքեր են գործադրել թանգարանը բացելու համար: «Սա մեծ իրադարձություն է ոչ միայն Պալյան ընտանիքի, այլև հայ ժողովրդի համար: Հպարտությամբ ենք հանրությանը հանձնում այս մշակույթի կենտրոնը, որը պետք է ծառայի հոգևոր երաժշտությանը: Այստեղ պետք է հնչեն Զաքարյանի և Պալյանի անզուգական ձայները՝ մարդկանց, որոնք կարողացան հայ հոգևոր, տոհմիկ, միջնադարյան երաժշտությունը հասցնել բարձր մակարդակի»,- եզրափակեց նա:

Լուսինե Զաքարյանի քույրը` Լյուդմիլա Զաքարյանը փաստեց, որ բազմաթիվ երիտասարդներ այսօր չեն ճանաչում մեծ սոպրանոյին: Նա հույս հայտնեց, որ տուն-թանգարանը կարող է նպաստել իր քրոջ թողած ժառանգության հանրահռչակմանը:

Պալյան ընտանիքի նախաձեռնությամբ 2016 թվականին սկսվել են հայ անվանի արվեստագետներ Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի տուն-թանգարանի ստեղծման աշխատանքները: Այն բնակարանը, որտեղ արվեստագետներն ապրել են 1968-2007 թվականներին տուն-թանգարանի վերածելու Խորեն Պալյանի ցանկությունը, իրագործել է նրա եղբորորդի, բժիշկ Րաֆֆի Պալյանը, ում ֆինանսավորմամբ 2018 թվականին իրականացվել են վերանորոգման աշխատանքները: 2019-ին Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ կաթողիկոսի ֆինանսական աջակցությամբ սկսվել են տուն-թանգարանի ցուցադրական աշխատանքները: Ցուցադրության համակարգման և ձևավորման աշխատանքներն իրականացվել են «Քվադրում» ճարտարապետական արվեստանոցի աջակցությամբ: Հյուրասենյակը վերստեղծվել է այնպես, ինչպես նրանց կենդանության օրոք էր: Թանգարանի հավաքածուի համալրման, հաշվառման, վերականգնման, թվայնացման և այլ աշխատանքներում աջակցություն են ցուցաբերել Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Չարենցի անվան գրականության և արվեստի, Հայաստանի պատմության թանգարանները, Հայաստանի ազգային արխիվը, Հայաստանի հանրային հեռուստատեսությունը և Ճարտարապետության ու շինարարության Հայաստանի ազգային համալսարանը: Տուն-թանգարանի կազմակերպման աշխատանքներում մեծ է Րաֆֆի Պալյանի կրտսեր դստեր՝ Ալեյնա-Մարալ Պալյանի, Էդիկ Ավետիսյանի, Մարինե Օթարյանի, Սուսաննա Դավթյանի, Գուրգեն Մելիքյանի, Հովհաննես Զարդարյանի, Արփենիկ Ղազարյանի ավանդը:

 

 

Կոմիտաս Վարդապետի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ աշխարհում հայ տպագիր արտադրանքի ամենամեծ պահոցի՝ Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում ներկայացվեցին Կոմիտասի կյանքին, գործունեությանը վերաբերող գրականության հարուստ հավաքածուն, տպագիր նոտաներն ու լուսանկարները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսը բացվեց հունիսի 7-ին:

«Գրադարանը ոչ միայն գրապահոց է և ընթերցարան, այլև մշակութային, գիտական և  կրթական շատ կարևոր հաստատություն: Երբ ստանձնեցի գրադարանի տնօրենի պարտականությունները, իմ առաջ դրեցի գրադարանը Հայաստանի կարևոր մշակութային կենտրոններից մեկը դարձնելու խնդիրը, և մենք, բնականաբար, չէինք կարող շրջանցել Կոմիտասի 150-ամյակը: Սակայն ինձ համար շատ ցավալի է, որ, ունենալով մատենագիտության բաժին, չունենք Կոմիտասի մատենագիտությունը: Թեպետ հոբելյանական տարում չենք հասցնի այդպիսի մատենագիտություն կազմել, քանի որ դա տևական աշխատանք է պահանջում, բայց կարևոր է ունենալ այն: Մատենագիտության մեջ պետք է արտացոլվեն Կոմիտասին վերաբերող գրականությունը, մամուլում և առհասարակ նրան անդրադարձները»,-նշեց գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը:

Նա շեշտեց, որ գրադարանի մշակութային քաղաքականության ուղղություններից է  մարդկանց ամեն կերպ գրքին, գրին, տպագրությանը կապելը և այդ առումով կարևոր է, որ գիրը, տառերը նոտաները ոչ միայն նիրհեն գրքերում, այլև հնչեն ու ներկայացվեն հանրությանը:

«Այս միջոցառումով ցանկանում ենք մեր ներդրումն ունենալ Կոմիտասի  ժառանգության համահայկական արժևորման գործում»,-եզրափակեց Սարիբեկյանը:

Ցուցահանդեսի բացմանը հաջորդեց համերգային ծրագիր, որի շրջանակում ելույթ ունեցան երգիչ, երգահան Վահան Արծրունին, ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը, «Գեղարդ» երգեցիկ խումբը, մեներգիչներ Անդրանիկ Մալխասյանը, Անի Ղազարյանը և այլք:

 

Image Caption

 

Խաչատրյանի միջազգային 15-րդ մրցույթի 1-ին փուլը հաղթահարած դաշնակահարների անունները հայտարարվել են հունիսի 8-ի երեկոյան: Ժյուրիի որոշմամբ 2-րդ փուլ է անցել 13 մասնակից՝ 8 երկրից:

Նշված մասնակիցները հունիսի 9-ին եւ 10-ին ելույթ են ունեցել մրցույթի 2-րդ փուլում՝ պարտադիր կատարման ծրագրում ներկայացնելով նաեւ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։

Խաչատրյանի միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։

Image Caption

 

Բրիտանական Watford Colosseum-ում կայացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի (London Symphony Orchestra, LSO) հերթական համատեղ ձայնագրությունը, որի արդյունքում հանրահայտ Naxos պիտակի ներքո թողարկվելու է ձայնասկավառակ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ մաեստրո Սմբատյանը և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը ի թիվս այլ գործերի ձայնագրել են նաև Արամ Խաչատրյանի Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից և Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերը։ Աննախադեպ երևույթ է, որ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրում է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Սերգեյ Սմբատյանի գործունեության նպատակներից է աշխարհում հանրայնացնել հայկական երաժշտական ժառանգությունը, և  LSO-ի հետ այս ձայնագրությունը նույնպես այդ նպատակին միտված քայլերից է։

Դիրիժոր Սմբատյանի և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի նախորդ համատեղ ձայնագրությունը կայացել էր այս տարվա ապրիլին։

Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի և մաեստրո Սմբատյանի ձայնագրությունների պրոդյուսերն է «Գրեմմիի» մրցանակակիր Քրիստոֆեր Ալդերը, ով իրականացնում է աշխարհի ամենահայտնի դասական երաժիշտների, կոլեկտիվների ձայնագրությունները: Նրա ձայնագրություններն արժանացել են մի շարք միջազգային մրցանակների և ներկայացված են ամենուր՝ աշխարհում դասական երաժշտության հավաքածուների վաճառքի լավագույն հարթակներում։

LSO-ն աշխարհի լավագույն նվագախմբերից է։ Այն հիմնադրվել է 1904 թվականին։ Նվագախմբի հետ սերտորեն համագործակցել են աշխարհահռչակ այնպիսի դիրիժորներ, ինչպիսիք են Կլաուդիո Աբբադոն, Լեոնարդ Բերնստայնը, Կարլ Բյոմը և այլք։

 

«Մե կ կադր» 17-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը, որն անցկացվեց հունիսի 5-11-ը Նորարար փորձառական արվեստի կենտրոնում,  այս տարի ստացել էր 752 ֆիլմի հայտ, բայց ընտրվել էր 97 բազմաժանր, բազմաբովանդակ կինոնկար: Ֆիլմերը հետաքրքրել են տարբեր սերունդների և մասնագիտությունների տեր մարդկանց, քանի որ չունեն թեմատիկ ուղղվածություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հունիսի 5-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում:

«Այս տարի փորձում ենք համագործակցել տեղի և միջազգային տարբեր կազմակերպությունների, կառույցների հետ, իսկ ամենանշանակալի իրադարձությունն այն է, որ մեզ առաջին անգամ աջակցել է ՀՀ մշակույթի  նախարարությունը: Դա մեծ լիցք փոխանցեց  բոլորիս»,-հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց փառատոնի հիմնադիր նախագահ Գագիկ Ղազարէն:

Անդրադառնալով ներկայացված կինոնկարներին` նա ասաց, որ դրանք բավականին  դիտարժան են: «Ավանդույթի համաձայն` ֆիլմերի դիտումներից հետո մենք իրականացնում ենք քննարկումներ, որոնք ակամայից վերածվում են վարպետության դասերի»,-ընդգծեց Ղազարէն:

Կինոփառատոնն ունի չորս անվանակարգ, որոնք են`  «Մեկ կադր մեկ րոպե», «Կարճ ֆիլմեր», «Կինո առանց սահմանի», «Զրո բյուջե»:

«Մեկ կադր մեկ րոպե» անվանակարգի ժյուրիի նախագահ, դերասան, ռեժիսոր Աշոտ Ադամյանի խոսքով` Ֆիլմերի հայտերի աննախադեպ քանակը խոսում է այն մասին, որ  փառատոնը շնչում է, կյանք է առնում, քայլում է:

Խոսելով մերօրյա կինոարտադրության առջև ծառացած խնդիրների մասին` ռեժիսորն ասաց, որ դրանք շատ են:«Կինոարտադրության իմաստով մենք հետ ենք գնացել, և կարիք ունենք բացը լրացնելու,  բանակը մեծացնելու: Այս փառատոնը հարթակ է, որտեղ դուք կարող եք ձեր ես-ը,  ձեր թեման, ձեր ինչպիսին լինելը ներկայացնել ոչ միայն Հայաստանին, այլև արտերկրին: Սա նաև  նոր ծանոթությունների հզոր հարթակ է»,-հավելեց Ադամյանը:

«Զրո բյուջե» ժյուրիի անդամ, «Կինոկետ Փրադաքշնս» ընկերության ստեղծագործական տնօրեն Վարդան Հակոբյանը հայտնեց, որ  «Զրո բյուջե» անվանակարգում ներկայացված է վեց կինոնախագիծ: «Հաղթած նախագիծը կարող է փոքր գումար ստանալ  և վերածվել ֆիլմի: Այս հարթակը մրցակցային դաշտ է ստեղծում երիտասարդների շրջանում, պայքար լավ որակի, գաղափարի համար»,-շեշտեց նա:

«Մեկ կադր» 17-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնին ֆիլմեր են ներկայացվել ԱՄՆ-ից, Բելառուսից, Բելգիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Դանիայից, Էստոնիայից, Իսպանիայից, Շվեդիայից, Ռուսաստանից, Սիրիայից և այլ երկրներից:

 

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում հունիսից 9-ին բացվեց «Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից (13–14-րդ դարեր)» խորագրով ցուցահանդեսը։

Իտալիայի արվեստների քաղաք Ֆլորենցիայում Մեդիչիների Լավրենտյան գրադարանն ունի 14 հայերեն ձեռագիր: Այդ ձեռագրերը վկայում են Իտալիայում և հատկապես Տոսկանայում (որտեղ հայերը հաստատվել էին դեռևս միջնադարում) հայերի ներկայության և հայ մշակույթի կարևորության մասին:

Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Վինչենցո Դել Մոնակոյի նախաձեռնությամբ, Իտալիայի ու Հայաստանի Հանրապետությունների նախագահների բարձր հովանու ներքո բացառիկ հնարավորություն է ընձեռվել այցելուներին ներկայացնելու այդ նշանակալի հավաքածուից երեք ձեռագիր:

Այս ցուցադրությունը հրաշալի հնարավորություն է ընձեռում ևս մեկ անգամ արժևորելու հայ-իտալական մշակութային առնչությունները և բարեկամական դարավոր կապերը:

Տարիներ շարունակ Մատենադարանի հավաքածուից ձեռագրեր են տարվել աշխարհի տարբեր կենտրոններ՝ ներկայացնելու մեր ձեռագրական ժառանգությունը: Այս ցուցահանդեսը բացառիկ է, քանի որ առաջին անգամ Մատենադարանն է հյուրընկալում բարեկամ երկրում պահվող հայկական ձեռագրական գանձեր: Դրանք յոթ ամիս կցուցադրվեն Մատենադարանում:

 

 

Հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու նկարների ցուցադրությունը,  հավաքված հիմնականում մասնավոր հավաքածուներից, այս ամռանը ներկայացվելու են ռուսական Կրոնշտադտ քաղաքում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ,  քաղաքի զբոսաշրջության և հանգստի զարգացման աշխատանքային խմբի ներկայացուցիչն ասել է, որ ցուցահանդեսը գործելու է հուլիսի 1-ից սեպտեմբերի 1-ը։ Ցուցահանդեում ներկայացվելու են աշխատանքներ, որոնք նախկինում չեն ցուցադրվել։

Ցուցահանդեսում ներկայացվելու է Ռուսական թանգարանի հավաքածուից Այվազովսկու մեկ նկար՝ «Ալեքսանդր 1-ինի» բերդից պատկերը, մնացած բոլոր աշխատանքները մասնավոր հավաքածուներից են։ Ցուցադրության մուտքն անվճար է։

Նկարներից բացի, ցուցադրվելու են Այվազովսկու հետ կապված ձեռագրեր և այլ արտեֆակտեր։ Ընդհանուր առմամբ, ցուցադրությունում ներկայացվելու է  ավելի քան երեք տասնյակ ցուցանմուշ։