Հունիս 26, 2019 16:10 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ մի գավաթ անդորր հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ:Այսօր կխոսենք ինքնագնահատականի բարձրացման մասին: Այս հաղորդման ընթացքում  դուք հնարավորություն կունենանք այս թեմայի շուրջ ունկնդրել   հոգեբան Իրինա Ծատուրյանի խորհուրդները:Ընկերակցեք մեզ: 

 

Ինքնագնահատականի մակարդակը ազդում է մարդու բոլոր գործողությունների վրա: Հաճախ անձի ինքնագնահատականը ցածր է լինում այն դեպքում, երբ նրա ռեալ հնարավորությունները շատ ավելի բարձր են, քան նա կարծում է: Սովորաբար դա կապված է նրա հետ, որ ինքնագնահատականը հիմնականում ձևավորվում է մանուկ հասակում, երբ մարդու հնարավորությունները դեռ թույլ են զարգացած: Բացի դրանից, շատ բացասական ազդեցություն է թողնում անձի ինքնագնահատականի ձևավորման վրա բացասական շրջապատը: Իհարկե, լինում են դեպքեր, երբ մարդու ինքնագնահատականը շատ բարձր է լինում, բայց հիմնականում դա բնորոշ է երիտասարդներին, իսկ մեծահասակներին` հակառակը՝ նրանց ինքնագնահատականը շատ ավելի ցածր է, որը լիովին բացատրելի է: Անձը ձևավորվում է մանուկ և վաղ երիտասարդ տարիքում, երբ նրա հնարավորությունները պարզ պատճառներով սահմանափակ են լինում: Ինքնագնահատականը բարձրացնելը բավականին ռեալ է, չնայած, որ դա բավականին դանդաղ պրոցես է: Սակայն, երբ մարդը գիտակցորեն փորձում է բարձրացնել սեփական ինքնագնահատականը, դա կարող է շատ օգտակար լինել գրեթե յուրաքանչյուրի համար:
Ինչպե՞ս բարձրացնել սեփական ինքնագնահատականը և դառնալ ավելի ինքնավստահ:

Այո  մասնագետներն առաջարկում են խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ այդ հարցում.

1. Դադարե՛ք ինքներդ Ձեզ համեմատել ուրիշների հետ: Միշտ կլինեն մարդիկ, ովքեր Ձեզանից ինչ-որ բանով առավել կլինեն, նաև կլինեն մարդիկ, ովքեր ինչ-որ բանով կզիջեն Ձեզ: Եթե Դուք անդադար զբաղվեք համեմատություններով, ապա Դուք Ձեր դիմաց միշտ կունենաք շատ մրցակիցներ և հակառակորդներ, որոնց չեք կարողանա գերազանցել:

2. Դադարե՛ք քննադատել և նախատել ինքներդ Ձեզ: Դուք չեք կարողանա բարձրացնել Ձեր ինքնագնահատականը, եթե շարունակաբար քննադատեք և բացասաբար արտահայտվեք Ձեր ունակություների վերաբերյալ: Երբ խոսում եք Ձեր արտաքինի, կարիերայի, հարաբերությունների, ֆինանսական դրության կամ Ձեր կյանքի այլ ոլորտների մասին, խուսափեք ինքնաստորացուցիչ մեկնաբանություններ անելուց Ձեր հասցեին:

3.Բոլոր հաճոյախոսություններն ու շնորհավորանքներն ընդունեք պատասխան «շնորհակալությամբ»: Երբ Դուք հաճոյախոսությանը պատասխանում եք. «մի երևելի բան չէ», այդպես Դուք մերժում եք այդ հաճոյախոսությունը` ուղարկելով Ձեր ենթագիտակցություն հաղորդագրություն այն մասին, որ Դուք արժանի չեք այդ հաճոյախոսություններին՝ ձևավորելով ցածր ինքնագնահատական: Այդ իսկ պատճառով սիրով ընդունեք հաճոյախոսությունները` միաժամանակ չնվազեցնելով Ձեր արժանիքները:

4. Օգտագործեք հաստատումներ Ձեր ինքնագնահատականը բարձրացնելու նպատակով: Առօրյայում հաճախակի կիրառվող առարկաների վրա փակցրեք այնպիսի հաստատումներ, ինչպիսիք են, օրինակ, «ես սիրում և ընդունում եմ ինձ այնպիսին, ինչպիսին որ կամ» կամ «ես կյանքում ամենալավին եմ արժանի»: Թող այդ համոզմունքը միշտ Ձեզ հետ լինի: Օրվա ընթացքում՝ հատկապես քնելուց առաջ և արթնանալուց հետո, մի քանի անգամ ինքներդ Ձեզ կրկնեք այդ համոզմունքը: Ամեն անգամ, երբ դա կրկնեք, Դուք դրական էմոցիաներ կզգաք և այն ավելի արդյունավետորեն կազդի Ձեր ինքնագնահատականի վրա:

5. Ինքնագնահատականը բարձրացնելու համար նախատեսված սեմինարներ, գրքեր և աուդիոգրքեր օգտագործեք: Ցանկացած ինֆորմացիա, որը ներթափանցում է Ձեր գիտակցության մեջ, արմատանում և սկսում է ազդել Ձեր վարքի վրա: Այն ինֆորմացիան, որը գերակշռում է, ամենից շատն է ազդում Ձեր գործողությունների վրա: Եթե Դուք դիտում եք հեռուստահաղորդումներ, որոնք ներառում են բացասական ինֆորմացիա կամ թերթերում կարդում եք քրեական լուրեր, հավանաբար, Ձեր տրամադրությունը կփոխվի և կդառնա ավելի հոռետեսական: Նույն կերպ, եթե Դուք կարդաք կամ լսեք ավելի դրական կոնտեքստով հաղորդումներ, որոնք ունակ են բարձրացնելու մարդու ինքնագնահատականը, Դուք շատ դրական բաներ կքաղեք ինքներդ Ձեզ համար:

6. Փորձեք շփվել ավելի պոզիտիվ և ինքնավստահ մարդկանց հետ, որոնք պատրաստ են սատարել Ձեզ: Երբ Դուք շրջապատված եք այնպիսի բացասական մարդկանցով, որոնք անընդհատ ճնշում են Ձեզ և Ձեր մտքերը, ապա Ձեր ինքնագնահատականը նվազում է: Իսկ երբ Ձեզ ընդունում և քաջալերում են, Դուք Ձեզ ավելի լավ եք զգում և Ձեր ինքնագնահատականը բարձրանում է:

7. Կազմեք ցուցակ Ձեր նվաճումների վերաբերյալ: Պարտադիր չէ, որ դա բաղկացած լինի միայն շատ յուրահատուկ իրադարձություններից: Ցանկը կարող է իր մեջ ընդգրկել փոքրիկ հաղթանակներ, օրինակ՝ ստացել եք վարորդական իրավունք, սկսել եք պարբերաբար հաճախել մարզադահլիճ և այլն: Պարբերաբար աչքի անցկացրեք այդ ցուցակը: Կարդալով Ձեր ձեռքբերումների ցանկը` փակեք աչքերը և փորձեք կրկին զգալ բավարարվածության և ուրախության այն զգացումները, որ երբևէ զգացել եք:

8. Կազմեք Ձեր դրական հատկանիշների ցուցակը: Արդյո՞ք Դուք արդար եք, անշահախնդիր, անկեղծ: Ինքներդ Ձեր հանդեպ բարյացակամ եղեք և գրեք առնվազն 20 դրական հատկանիշներ: Ինչպես նախորդ ցուցակի դեպքում, այս անգամ էլ հաճախակի աչքի անցկացրեք այդ ցուցակը: Շատ մարդիկ կենտրոնանում են միայն իրենց թերությունների վրա` դրանով ավելի ամրապնդելով իրենց ցածր ինքնագնահատականը, իսկ հետո էլ զարմանում են, թե ինչու իրենց կյանքում ամեն ինչ այնքան լավ չէ, ինչպես որ կցանկանային: Սկսեք կենտրոնանալ Ձեր առավելությունների վրա և այդժամ շատ ավելի հնարավորություններ կունենաք հասնելու այն ամենին, ինչին ձգտում եք:

9. Սկսեք ուրիշների համար ավելին անել: Խոսքը Ձեր կոնկրետ արարքների մասին է, որոնցով Դուք կկարողանաք օգնել կամ քաջալերել ուրիշներին: Երբ Դուք ուրիշների համար մի լավ բան եք անում, Դուք սկսում եք ինքներդ Ձեզ ավելի արժեքավոր զգալ, և Ձեր ինքնագնահատականն ու տրամադրությունը բարձրանում են:

10. Աշխատեք զբաղվել նրանով, ինչը Ձեզ դուր է գալիս: Դժվար է ինքներդ Ձեր հանդեպ պոզիտիվ վերաբերմունք զգալ, երբ Ձեր ամբողջ ժամանակը Դուք վատնում եք մի աշխատանքի վրա, որն իրականում տանել չեք կարողանում: Ինքնագնահատականը բարձրանում է, երբ Դուք զբաղվում եք Ձեր սիրելի աշխատանքով կամ գործունեությամբ, և որը Ձեզ հնարավորություն է տալիս զգալ, որ Դուք Ձեզնից որևէ արժեք եք ներկայացնում: Անգամ եթե Ձեզ Ձեր աշխատանքը այդքան էլ դուր չի գալիս, Դուք կարող եք Ձեր ազատ ժամանակը տրամադրել այնպիսի գործերով զբաղվելուն, որոնք Ձեզ հաճույք են պատճառում:

11. Հավատարիմ եղեք ինքներդ Ձեզ: Ապրեք Ձեր սեփական կյանքով: Դուք երբեք ինքներդ Ձեզ լիովին չեք հարգի, եթե չապրեք Ձեր կյանքն այնպես, ինչպես ցանկանում եք: Եթե կայացնում եք որոշումներ, որոնք հիմնված են Ձեր բարեկամների կամ ընկերների հավանության վրա, դա կշանակում է, որ Դուք հավատարիմ չեք ինքներդ Ձեզ, և Ձեր ինքնագնահատականը ցածր է:

12. Գործե՛ք: Դուք չեք կարողանա Ձեր մեջ զարգացնել բարձր ինքնագնահատական, եթե նստեք տեղում և չփորձեք ընդունել Ձեր առջև եղած մարտահրավերները: Երբ Դուք գործում եք անկախ հետագա արդյունքից, ավելանում է ինքներդ Ձեզ հարգելու զգացումը, Դուք ավելի հաճելի զգացողություններ եք սկսում զգալ ինքներդ Ձեր հանդեպ: Իսկ երբ Դուք վախի կամ ինչ-որ անհանգստության պատճառով հապաղում եք Ձեր գործողություններում, դա առաջացնում է ընկճվածության և տխրության զգացողություն, որն իր հերթին հանգեցնում է ինքնագնահատականի անկմանը:
Դուք մեծ հնարավորություններ և մեծ պոտենցիալ ունեցող յուրահատուկ անձնավորություն եք: Որքան Ձեր ինքնագնահատականը աճի, այնքան ի հայտ կգան Ձեր իրական հնարավորությունները: Դուք Ձեզ վրա կվերցնեք մեծ ռիսկայնություն և չեք վախենա մերժումից: Դուք չեք կենտրոնանա ուրիշների հավանությունների վրա, և Ձեր փոխհարաբերություններն ավելի օգտակար կլինեն թե՛ Ձեր, և թե՛ ուրիշների համար։ Դուք կսկսեք անել այն, ինչը Ձեզ երջանկություն և բավարավածություն կպարգևի: Եվ, ինչը շատ կարևոր է, բարձր ինքնագնահատականը հոգեկան ներդաշնակություն կպարգևի Ձեզ:

---

Եթերում հոգեբան  Իրինա  Ծատուրյանն է:

Այո սիրելի բարեկամներ ինքնագնահատականը մարդու ներքին շարժիչն է` բազմաթիվ լավ ու վատ արարքների արդյունքը: Մարդը կարող է հասնել ցանկացած հաջողության, եթե հավատա իր ուժերին: Սիրեք և գնահատեք ինքներդ ձեզ և նույն վերաբերմունքին կարժանանաք շրջապատի կողմից: