Գեղարվեստական հաղորդում (174)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր աշխատակիցը:
Շուրջ քսան հմուտ քարտաշներ վերջին 300 տարիների ընթացքում ապրելով Իրանի Փերիա գավառի գյուղերում արարել են բոլոր հայկական գյուղերի գերեզմանաքարերը ննջեցյալների ինքնությունը փոխանցելով քարերին: Նույն կապակցությամբ Թեհրանի «Սայե» գալերիայում ցուցադրության է հանվել Ամիր Ջամշիդիի ձեռամբ արված «Քարե դիմապատկերներ»-ի լուսանկարների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսով ներկայացված են 29 լուսանկարներ, որոնց գերակշռող մասը ներկայացնում է միայն տապանաքարի պատկերը կրող հատվածը: Սա ինքնին կարող է վկայել լուսանկարչի ուղղվածության մասին, ինչը ոչ թե տապանաքարերի տեսակի կամ դրա աշխարհագրության մասին է խոսում, այլ հենց զուտ դիմապատկերների ու հայկական զարդանախշերի ոգով արված քանդակների
Ջամշիդին նախագծի մասին նշել է, որ ցուցադրության հանված լուսանկարներն ընտրվել են ավելի քան 200 լուսանկարների միջից, որի գրանցման աշխատանքների մեկնարկը տրվել է շուրջ տարի ու կես առաջ, ինչը Իրանի տարածքում կանգուն մնացած բոլոր գերեզմանատների ու տապանաքարերի պատկերագրման նախագծի առաջին գլուխն էր:
Հատկանշական է, որ ինքը՝ լուսանկարիչը Իրանի հրեական համայնքից է, ով սկզբից փորձել է որոնել իր համայնքի տապանաքարերի հետքերը, իսկ արդյունքում հաշվի է նստել առավել աչքի ընկնող հայկական տապանաքարերի հետ, որոնք միանգամից են արթնացրել դիմապատկերի ու ննջեցյալի ինքնության միջեւ առկայծող կապը:

Կաննի միջազգային կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի այս տարվա դափնեկիր Չուն-հո Պոնի «Մակաբույծը» ֆիլմի ցուցադրությամբ հուլիսի 7-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց ամենանշանակալի մշակութային իրադարձություններից մեկը` Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկ շաբաթ շարունակ մշակութասեր հանրությունը կինոփառատոնի շրջանակում հնարավորություն կունենա դիտել համաշխարհային կինեմատոգրաֆիայի գլուխգործոցները
«Ոսկե ծիրան»-ի անվանի հյուրերը, մրցութային և ոչ մրցութային ծրագրերի մասնակիցները, հանդիսավոր մեկնարկից առաջ անցան կարմիր գորգով, լուսանկարվեցին ու բարի մեկնարկ մաղթեցին կինոփառատոնին
Բացման հանդիսավոր արարողությանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Գևորգ Մելիքյանն ընթերցեց նախագահի ուղերձը: ««Ոսկե ծիրանը» դարձել է Հայաստանի մշակութային այցեքարտը թե’ ներսում, թե’ դրսում: Պետք է արժևորել այս փառատոնի դերը կինոաշխարհում նոր կամուրջներ ստեղծելու գործում: Այդ կամուրջներով են Հայաստան եկել և շարունակում գալ օսկարակիր կինոռեժիսորներ, դերասաններ, փառատոնի բազմաթիվ հյուրեր: Այդ կամուրջներով է, որ նրանք բացահայտում են Հայաստանի հոգևոր և նյութական գեղեցկությունը, հիանում են հմայքով, տարվում են գրավչությամբ, հաստատում են մարդկային ջերմ փոխհարաբերություններ, հիմնում բարեկամական և գործընկերային կապեր»,- նշվում էր ուղերձում:
Կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանն ասաց, որ այս տարի «Ոսկե ծիրանը» փոփոխություններ է կրել. փոխվել է փառատոնի ղեկավար կազմը, դիզայնը, լոգոն, վերանայվել են բազում գաղափարներ:
16-րդ միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ: Ցուցադրության համար ընտրվել են ֆիլմեր Կաննի, Բեռլինի, Ռոտերդամի կինոփառատոների խաղացանկերից:
Այս տարի լինելու են միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ: Նախատեսված է նաև «Տարածաշրջանային համայնապատկեր» խորագրով արտամրցութային ծրագիր անցկացնել: Կան նաև արտամրցութային ծրագրեր: Դրանք կրում են «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրությոյւններ», «Հարգանքի տուրք», «Ծուռ ծիրան» խորագրերը:

Կոմիտաս Վարդապետի և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հոբելյանները կարևորելու, նրանց կատարած ահռելի աշխատանքն արժևորելու նպատակով հուլիսի 3-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց «Կոմիտաս-Թումանյան 150» խորագրով ցուցահանդեսը:
Միջթանգարանային համագործակցության արդյունքում իրականացված ցուցադրության շրջանակում ներկայացված են Կոմիտասին ու Թումանյանին վերաբերող գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ, արխիվային բացառիկ նյութեր:
Ցուցահանդեսի համադրողն է Մարգարիտա Խաչատրյանը:
«Այստեղ տեղ են գտել ցուցանմուշներ Հայաստանի ազգային պատկերասրահից, Կոմիտասի թանգարան-ինստիտուտից, Հովհ. Թումանյանի, Երվանդ Քոչարի թանգարաններից, Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարաններից, Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանից և մասնավոր հավաքածուներից:
Ընդգրկվել են Գրիգոր Խանջյանի, Սարգիս Մուրադյանի, Սիրաղյանի, Արծրունյանի, Բաղդասարյանի, Սուրեն Սաֆարյանի և այլ նկարիչների ստեղծագործություններ»,- նշեց ցուցահանդեսի համադրող, արվեստաբան Մարգարիտա Խաչատրյանը:ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորեց բոլորին` նշելով, որ ցուցահանդեսը Հովհաննես Թումանյանին և Կոմիտասին երախտագիտություն հայտնելու և նրանց հիշատակը խնկարկելու հերթական առիթն է;
«Մենք որդեգրել ենք մի քաղաքականություն, որի համաձայն՝ նման միջոցառումները չեն ունենալու զուտ իրադարձային բնույթ: Մեր հոգևոր արժեքները մշտապես ներարկվելու են հասարակություն, կրթական համակարգ և, ի վերջո, նույնական են դառնալու կրթությունն ու մշակույթը»,- ընդգծեց Խզմալյանը
Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը շնորհակալագրեր հանձնեց ցուցահանդեսի բոլոր աջակիցներին` շեշտելով, որ նրանցից յուրաքանչյուրն արել է հնարավոր ամենը, որպեսզի ցուցահանդեսը կյանքի կոչվի
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 12-ը:

Ամենայն հայոց բանաստեղծի հեքիաթներն արդեն հասանելի են նաև գերմաներեն: Հովհ.Թումանյանի թանգարանում հուլիսի 2-ին տեղի ունեցավ «Հովհաննես Թումանյանի հեքիաթները» գերմաներեն գրքի շնորհանդեսը և զուգահեռ՝ ցուցադրություն գրքի նկարազարդումների՝ «Հովհաննես Թումանյանի հեքիաթները հայ և գերմանացի դպրոցականների աչքերով» խորագրով:
Գրքի թարգմանիչներն են ՀՀ գրողների միության անդամ, գերմանաբնակ վաստակավոր գրող Ագապի Մկրտչյանը և պրոֆեսոր Հելմուտ Մալոնեկը: Գիրքը տպագրվել է Ավստրիայում: Խոսելով այն մասին, թե ինչու որոշվեց հենց հեքիաթ թարգմանել, Ագապի Մկրտչյանն ասաց. «Ժամանակի ընթացքում ժողովրդի մեջ ծնված հեքիաթները առ այսօր չեն փոփոխվել՝ նրանք մնացել են նույնն իրենց ասելիքով, իրենց թեմայով՝ ի տարբերություն մնացած ամենի՝ վեպ,պատմվածք և այլն: Թումանյանի 150-ամյակն էլ առիթ հանդիսացավ համոզվելու,որ հեքիաթները կարող են լավ երևակայական կամուրջ ստեղծել այս երկու երկրների միջև և գրականության դաշտում մոտեցնել իրար»:
Պրոֆեսոր Հելմուտ Մալոնեկը Թումանյանի գործերին ծանոթացել է ուղիղ 50 տարի առաջ, երբ սկսեց ուսումը ԵՊՀ-ի մաթեմատիկայի ֆակուլտետում: «Նկատելով, որ մարդիկ Թումանյանին շատ են ուշադրություն դարձնում, ես գնեցի թումանյանական իմ առաջին երկու գրքերը: Հիմա էլ պատիվ ունեմ թարգմանել նրա հեքիաթներն ու ներկայացնել համաշխարհային հանրությանը՝ հույս ունենալով, որ մնացած մարդիկ նույնպես կսիրեն Թումանյան՝ ինչպես ես»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց պրոֆեսորը:
Գիրքը ներկայացվելու է Գերմանական ավելի քան 10 քաղաքներում, ինչպես նաև՝ Ավստրիայում, Վատիկանում, Վրաստանում, իսկ Հայաստանում գրքի շնորհանդեսն ու ցուցահանդեսը լինելու է նաև Գյումրիում, բանաստեղծի ծննդավայր Դսեղում: Գրքի շնորհանդեսին զուգահեռ Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի սաները բեմադրեցին Թումանյանի երկու հեքիաթները՝ գերմաներեն:

Իրաքի տարածքում գտնվող Բաբելոն հնագույն քաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Այդ որոշումը կայացվել է կոմիտեի 43-րդ նստաշրջանում, գրում է rg.ru-ն: Ըստ աղբյուրի, Իրաքը ավելի քան երեսուն տարի փորձել է Բաբելոնը՝ հնագույն հուշարձաններից մեկն, ընդգրկել Համաշխարհային ժառանգության ցանկում:
Քվեարկությունից հետո Իրաքի պատվիրակության ներկայացուցիչն ասել է, որ հուշարձանի՝ Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելը, կնպաստի հին քաղաքի ուսումնասիրությանը:
Բաբելոնը հին Միջագետքի հնագույն քաղաքներից մեկն է, որը եղել է Տիգրիս և Եփրատ գետերի ստորին ավազանում մ.թ.ա. 1894-539 թվականներին գոյություն ունեցած Բաբելոնի թագավորության մայրաքաղաքը։
Այս տարածքում են գտնվում Բաբելոնի կախովի այգիները (Շամիրամի այգիներ), որոնք կառուցվել են մ.թ.ա. 600 թվականին և համարվել են աշխարհի 7 հրաշալիքներից մեկը:

Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթունը հնարավոր է համարում, որ կարող է ֆիլմ նկարահանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին։ Այդ մասին նա ասել է Տաորմինայում փառատոնի ժամանակ, որտեղ ռեժիսորը ժյուրիի նախագահն էր։
Սթոունը խոստովանել է, որ շատերն են խնդրում իրենք ֆիլմ նկարահանել ամերիկյան առաջնորդի մասին։
«...ով իմանա, վաղ թե ուշ, հնարավոր է, ես այն կնկարահանեմ»,- ասել է Սթոունը։
Նա նշել է, որ դա կարող է լինել կատակերգություն։

Հոլանդացի նկարիչ Յան վան Հեյսումի «Ծաղիկներով ծաղկամանը» կտավը վերադարձվելու է Իտալիա։ Այն երկրից հանվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, իսկ այժմ Գերմանիայի կառավարությունը որոշել է այն հետ տալ։
Ուֆֆիցի պատկերասրահի տնօրենը վաղուց էր կոչ արել վերադարձնել գողացված նատյուրմորտը, որը թանգարանը ստացել էր ավելի քան 200 տարի առաջ Տոսկանայի դուքսից։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը պատրաստվում է նկարչի կտավը վերադարձնել Ֆլորենցիա այցի ժամանակ
Ուֆֆիցիի ղեկավարությունը «Ծաղիկներով ծաղկամանը» նատյուրմորտի տեղում կախել էին սև-սպիտակ նկար՝ «Գողացված» գրությամբ։

Լոնդոնի աճուրդում 4,7 միլիոն ֆունտ սթեռլինգով վաճառվել է Թութանհամոնի կիսանդրին, չնայած եգիպտական իշխանությունների կոչերին՝ հետաձգել վաճառքը:
Եվրանյուզի հաղորդմամբ, Կահիրեն կասկածում է, որ այն ապօրինի է դուրս բերվել երկրից 1970-ական թվականներին: Christie's աճուրդի տունը, որին է պատկանում արձանիկը, նկարագրել է այն որպես պատանի փարավոնի պատկեր, որտեղ Թութանհամոնը ներկայացված է արևի և օդի աստված Ամոնի կերպարով: Կահիրեն պահանջում է հետաքննել արձանիկի վաճառքի օրինականությունը, հայտարարելով, որ այն կարող էր գողացված լինել Կարնակի տաճարից՝ Լուքսորից ոչ հեռու:
Աճուրդի տունն, իր հերթին, պնդում է, որ 3 հազար տարեկան կիսանդրին, այլ առարկաների հետ, գնվել է մասնավոր հավաքածուից: Christie's-ից ասել են, որ 1960-ական թվականներին արձանիկը պատկանել է գերմանացի արքայազն Վիլհելմ ֆոն Թուրն-ի-Թաքսիսին, այնուհետև ճամփորդել տարբեր մասնավոր հավաքածուներով: