Հուլիս 15, 2019 10:14 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր աշխատակիցը:


---------------------

Հայաստանի պետական կամերային երգչախումբը Թեհրանի «Վահդաթ» դահլիճում հանդես կգա երաժշտագետներ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին և Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգով:

Իրանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Մարզամշակութային «Արարատ» Կազմակերպության համագործակցությամբ  Հայաստանի պետական կամերային երգչախումբը Թեհրանի  «Վահդաթ» դահլիճում հանդես կգա Կոմպոզիտոր, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար Կոմիտասի ծննդյան 150-ամյակին և  ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգով:

Հայաստանի պետական կամերային երգչախմբի ելույթը տեղի կունենա 2019 թվականի հուլիսի 21-ին և 22-ին, Թեհրանի «Վահդաթ» դահլիճում:

 

 

Հուլիսի 8-ին Թեհրանի «Նայիրի» հրատարակչության կենտրոնում տեղի ունեցավ 13-րդ դարի պատմաբան Գրիգոր Ակներցու «Պատմություն վասն ազգի նետողաց» գրքի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը հետագայում կոչվել է նաեւ «Պատմություն թաթարաց»:

Պատմա-փաստագրական գիրքը պարսկերենի է թարգմանել Իրանահայ գրողների միության վարչության նախագահ եւ թարգմանիչ Գարուն Սարգսյանը: Գրքի շնորհանդեսի բանախոսներ էին՝ Թեհրանի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոս դոկտ. Գուդարզ Աշթիանին եւ «Ալիք» կայքէջի պատասխանատու խմբագիր Արամ Շահնազարյանը:

Նախ գրքի հրատարակիչ «Նայիրի» հրատարակչության պատասխանատու Արտույտ Զոհրաբյանը ողջունելով հյուրերին, անդրադարձավ գրքի տպագրմանը եւ ընդհանրապես «Նայիրի» հրատարակչության աշխատանքներին, ապա հրավիրեց օրվա առաջին բանախոս դոկտ. Աշթիանիին:

Նա անդրադառնալով գրքի պատմական տվյալներին, կարեւորեց նման գրքերի թարգմանությունը, որոնք լուսաբանում են ոչ միայն երկու երկրների, այլ նաեւ Կովկասի մասին պատմական տվյալներ: Բանախոսը ընդգծեց, որ հիշյալ գրքի շնորհիվ կարելի է լրացնել 13-րդ դարի եւ մոնղոլական արշավանքների այդ ժամանակաշրջանի մասին տվյալների բացը: Նա հավելեց, որ գրքում մոնղոլների կենցաղի ու վարք ու բարքի վերաբերեալ այնպիսի գրառումներ կան, որոնց մասին չես տեսնի ուրիշ աղբյուրներում: Նա կարեւորեց թարգմանչի մանրակրկիտ թարգմանությունը եւ ավելացրած տողատակերը, որոնք գալիս են ավելի լուսաբանելու գրքի բովանդակությունը:

Օրվա երկրորդ բանախոս Արամ Շահնազարյանը իր ելույթի ընդմիջից վեր հանեց իրանական ու հայկական մշակութային համընդհանրությունները, եւ նշեց, որ քիչ չեն այն հայ պատմաբանները, որոնց ստեղծագործություններում անդրադարձ կա Իրանի պատմական տվյալներին, քանի որ երկու հարեւան ժողովուրդների պատմա-մշակութային ընդհանրությունները բազմաթիվ են եւ անքակտելի: Նա կարեւորեց նման աղբյուրների անհրաժեշտությունը տեղեկատվության դաշտի բացը լրացնելու առումով:

Վերջում գրքի մասին խոսեց թարգմանիչ Գարուն Սարգսյանը, ընդգծելով, որ հինգ դրդապատճառներից ելնելով է թարգմանել գիրքը, նախ պատմական տվյալների հանդեպ սերը, երկրորդ՝ այն, որ Գրիգոր Ակներցին հենց այդ ժամանակաշրջանի պատմիչ է, երրորդ հանգամանքը հետեւյալն է, որ առանց շեղումների այն միայն մոնղոլների մասին է, ներկայացնելով նրանց կենցաղը եւ կատարած արշավանքները, չորրորդ հանգամանքը հակառակ այլ պատմիչների, որոնք գրել են հայոց պատմությունը եւ դրա ընդմիջից անդրադարձել մոնղոլներին, նա ուղղակի անդրադարձել է նրանց եւ հինգերորդ հանգամանքը հետեւյալը համարեց, որ մեծ իրանագետ Ռիչարդ Ֆրայը խիստ կարեւորել է այս գիրքը եւ այն Ռաբըրտ Բլեյքի հետ միասին ժամանակին թարգմանել անգլերենի: Վերջում գրքի եւ թարգմանչի մասին խոսեց իրանահայ բանաստեղծ Վարանդը:

Հանդիսությանը ներկա էին՝ Իսլ. մշակույթի եւ առաջնորդության նախարարության կրոնական փոքրամասնությունների բաժնի նորանշանակ պատասխանատու Միրդեհղանին, Ալիփուրը եւ այլ պատասխանատուներ, իրանահայ ռեժիրոր Վարուժ Քարիմ Մասիհին, նաեւ գրականասերներ:

Image Caption

 

Իրանի Գորգի ազգային կենտրոնի տնօրենը հայտարարել է. «Իրանի 29 շրջանների գորգերը համաշխարհային գրանցում են ստացել և շուտով այդ շրջաններին կավելանան ևս 19-ը»:

Ֆերեշթե Դասթփաքը նշել է. «ԱՄՆ-ի կողմից իրանական գորգի վրա սահմանված պատժամիջոցների պատճառով, ներկա դրությամբ, աշխատանքեր են տարվում Չինաստանի և Ռուսաստանի՝ որպես իրանական գորգի խոշորագույն շուկաների այլընտրանք գտնելու ուղղությամբ»:

Անդրադառնալով Թեհրանում կայանալիք գորգի համաշխարհային ցուցահանդեսին, Ֆերեշթե Դասթփաքը նշել է. «Ցուցահանդեսը կայանալու է այս տարի ամռան վերջին: Այն տևելու է մեկ շաբաթ և ունենալու է 800 տաղավար»:

Իրանի Գորգի ազգային կենտրոնի տնօրենը հավելել է. «Թավրիզը հաջորդ խոշոր քաղաքն է, որտեղ հաջորդ ամիս կազմակերպվելու է իրանական ձեռագործ գորգի ցուցահանդես»:

 

 

Եզրափակվեց Երևանի կարևորագույն մշակութային միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը:

Փառատոնի մրցանակակիրների անունները հայտնի դարձան հուլիսի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացած մրցանակաբաշխության և կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում:

ՀՀ վարչապետի (GAIFF Pro-ի կինոյի զարգացման հարթակ) մրցանակը հանձնվեց Տաթև Հակոբյանի «Թակարդը» կինոնկարին

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում  «Ոսկե ծիրան» մրցանակ ստացավ Ռիչարդ Բիլինգհեմի «Ռեյ և Լիզ» կինոնկարը, «Արծաթե ծիրան»-ը տրվեց  Կանտեմիր Բալագովի «Լողլողը» ժապավենին: Ժյուրիի հատուկ հիշատակմանն արժանացավ  Հասան Ֆազիլիի «Կեսգիշերային ճամփորդը» կինոնկարը:

Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակ ստացավ Մարզիե Ռիահիի «Վարորդական դասեր» ֆիլմը, «Արծաթե ծիրան»-ը տրվեց  Ռատի Ցիտելաձեի  «Հասարակության գերին» ժապավենին:

Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին արժանացավ Լիլիթ Պետրոսյանի «Բայինան»:

Տարածաշրջանային համայնապատկեր մրցույթում կինոքննադատների մրցանակը հանձնվեց Թինաթին Քաջրիշվիլիի «Հորիզոնը» ժապավենին:

«Ոսկե ծիրան»-ի նախագահ Հարություն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց երիտասարդներին փառատոնը պատվով անցկացնելու համար և հորդորեց հետագայում խուսափել բացթողումներից:

«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնն անցկացվեց հուլիսի 7-14-ը: Հուլիսի 14-ին կինոարվեստի երկրպագուները դիտեցին մրցանակակիր ֆիլմերը:

 

 

Իրանական վավերագրական կինոյի ինքնատիպ նմուշ «Սիրելին» ներկայացվեց Հայաստանի հանդիսատեսին: Այս մասին անդրադարձել է «Արմենպրես»-ը:

Ութսունամյա կինը միայնակ ապրում է պաշտելի բնության գրկում:  «Սիրելին» ֆիլմը պատմություն է բարի և սիրառատ մոր մասին, որն արի է և բավականաչափ ուժեղ իր կյանքի ծանր շրջանին դիմանալու համար, բայց երբեք չի լքում մայր բնությունն ու իր սիրելիներին: Չնայած տղամարդկային դժվարին կենսակերպին, նա ջանում է կյանքը բանաստեղծական դարձնել:

Ռեժիսոր Յասեր Թալեբի  2018 թվականին նկարահանած իրանական վավերագրական ֆիլմն այս տարի ներառվել էր «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագրում:

Հուլիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ֆիլմի պրոդյուսեր Էլահե Նոբախթն ասաց, որ հերոսուհին ապրում է Իրանի հյուսիսում գտնվող ամառանոցում՝ իր կենդանիների հետ: «Ցանկացել ենք արծարծել կնոջ մենության թեման, նրա հերոս լինելն ու սերը բնության, կենդանիների նկատմամբ»,- նշեց բանախոսը:

Նրա խոսքով` գլխավոր կերպարը պատկառելի տարիքում  շարունակում է աշխատել, արարել, ստեղծել:  «Նշեմ, որ միայնակ ապրելը հենց մեր հերոսուհու ընտրությունն է: Նա իրականում 11 երեխա ունի: Նրա ավագ որդին` Նեջաթը, նկարահանումների ժամանակ միշտ ուղեկցում էր մեզ: Զարմանալի է, որ, չնայած իր մեծ ընտանիքին, կինը ցանկանում է միայնակ լինել: Առհասարակ, Իրանում միայնակ կանայք շատ են»,- ընդգծեց պրոդյուսերը:

«Սիրելին» ժապավենի հիմնական ուղերձն այն է, որ քանի դեռ մարդ շնչում է, անկախ  խոչընդոտներից, պետք է ինքնուրույն լինի, հաղթահարի բոլոր դժվարություններն ու երջանիկ զգա իրեն:

 

 

Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված բացվել է «Կախարդական սրինգ» խորագիրը կրող ցուցադրությունը: Ներկայացվել են երկու տասնյակ նվագարաններ՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ազգային նվագարանների հավաքածուից: Ցուցադրության առանցքում Կոմիտաս Վարդապետի յոթ սրինգներից մեկն է:

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկացմամբ, ազգային նվագարանների ժամանակավոր ցուցադրության հանդիսավոր բացումը տեղի ունեցավ հուլիսի 12-ին Երևանի «Տաշիր Սթրիթ» կենտրոնում:

 

 

Սիրիայում պատերազմի սկզբից հետո առաջին ֆիլմի նկարահանումներն ավարտվել են Հալեպում։ Ֆիլմի հիմքում երիտասարդ զույգի սիրո պատմությունն է հենց  ռազմական գործողությունների ամենաթեժ պահին։ Լրագրողներին այդ մասին պատմել է դերասանուհի Նագամ Կոդժակը։

«Ֆիլմն այն մասին է, թե ինչպես ենք մենք բոլորս ապրել պատերազմի սարսափելի տարիները։ Մեր շատ ընկերներ պաշտպանում էին հայրենիքը, մյուսները փախան արտասահման, որոշներն անցան գրոհայինների կողմը»,- ասել է դերասանուհին։

Ֆիլմի վերնագիրն է «Շատատ», արաբերենից թարգմանաբար նշանակում է «բեկորներ»։ Ֆիլմը  պատմում է երիտասարդ աղջկա և տղայի հարաբերությունների մասին պատերազմի ժամանակ։

«Ամենամեծ խնդիրը պրոֆեսիոնալ տեխնիկայի բացակայությունն էր, բայց դժվարությունները մեզ միայն միավորում էր։ Մենք բոլորս ուսանողներ ենք՝ ընկերներ։ Նրանք ընդունում էին իմ  գաղափարներն ու շատ լավ իրականացնում»,- ասել է ռեժիսոր Սամի Դարվիշը։

Դրվագներից մեկում սիրահար զույգն ու նրանց ընկերները պատրաստվում են ահաբեկչներից կողմից գրաված քաղաքից հեռանալ Դամասկոս։ Մյուս դրվագում մի տղա ընկերներից մեկին նամակ է տալիս, որից նա տեղեկանում է այն մասին, որ ընկերուհուն սպանել են ահաբեկիչները։ Դրանից հետո տղամարդիկ մնում են հարազատ քաղաքում և սիրիական բանակի կազմում կռվում ահաբեկիչների դեմ։

Ֆիլմի համար հիմնական դեկորացիաները  դարձել էին Հալեպ քաղաքի պատմական վայրերը։ Հնագույն քաղաքը շատ է տուժել ռազմական գործողություններից, այն ազատագրվել էր 2016 թվականին։ Ֆիլմում կարևոր են ռազմական գործողությունների դրվագները։ Չնայած բյուջեի փոքր լինելուն, նկարահանող խմբին հաջողվել է ներկայացնել այդ պահերն իրականությանը մոտ. ոչ վաղ անցյալում նրանք բոլորն ապրել են պատերազմի սարսափները։  Ֆիլմում նկարահանված մարդանցից շատերի համար դա անձնական պատմություն է։ Այժմ ֆիլմը մոնտաժի փուլում է։