Հուլիս 17, 2019 16:18 Asia/Yerevan

Մի գավաթ անդորր հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ, այսօր խոսելու ենք ուժեղ մարդու հատկանիշների մասին: Այսօր նաև դուք հնարավորություն ունեք լսելու հոգեբան Իրինա Ծատուրյանի խորհուրդներն այս կապակցությամբ: Ընկերակցեք մեզ:

Աշխարհում քայլում են ուժեղ, լռակյաց մարդիկ: Նրանց հետ ոչ միշտ է հեշտ, բայց փոխարենը՝ ապահով է: Սա հենց այն հեծելազորն է, որը միշտ օգնության է հասնում վերջին պահին:

Հոգեբանորեն ուժեղ մարդիկ ունեն առողջ սովորություններ: Նրանք ղեկավարում են իրենց զգացմունքները, մտքերը և վարքն այնպես, որ դա օգնի նրանց կյանքում հաջողության հասնել: Ձեզ ենք ներկայացնում ուժեղ մարդկանց  մի շարք հատկություններ:

1. Ուժեղ մարդիկ ուրիշների ուշադրության կարիքը չունեն:

Որպես կանոն՝ ուժեղ անձնավորությունները հակված են մեր հասարակության մեջ ոչ ամենանկատելի մարդիկ լինել: Ինչո՞ւ. այն պատճառով, որ նրանք հանգիստ ու անաղմուկ իրենց գործն են անում և շփվում են սոսկ նրանց հետ, ովքեր իրենց հետաքրքիր են:

Նրանք ոչ ժամանակ, ոչ էլ ցանկություն ունեն իրենց էներգիան անիմաստ արարքների վրա վատնելու համար, արարքների, որոնց նպատակը լոկ շրջապատի ուշադրությունը գրավելն է:

Ընդ որում, խոսքը ցանկացած տեսակի ուշադրության մասին է: Նրանք համակ ինքնավստահություն և վճռականություն են: կյանքը նրանց սովորեցրել է երբեք չհանձնվել ու չնահանջել, այնպես որ, մի սպասեք, որ նրանք ձեր առջև ծնկի կիջնեն, միայն թե դուք նրանց գոնե մի փոքր ուշադրության արժանացնեք: Սակայն դա բոլորովին չի նշանակում, որ բոլոր ուժեղ մարդիկ մենակյացներ են:

Չնայած այն բանին, որ նրանք ուրիշների ուշադրության կարիքը չունեն, նրանք այնքան խարիզմատիկ են, որ դեպի իրենց են ձգում մարդկանց: Նրանք հաճախ շփվում են լավ և հետաքրքիր մարդկանց հետ ոչ թե այն պատճառով, որ խնդրում են, այլ՝ որովհետև այդ մարդկանց դուր է գալիս լինել նրանց կողքին ու շփվել նրանց հետ:

2. Ուժեղ մարդիկ չեն փորձում գոհացնել բոլորին:

Ուժեղ մարդիկ բոլորի կողմից սիրված լինելու կարիք չունեն, ընդհակառակը, նրանք միշտ և ամենուր հավատարիմ են մնում իրենք իրենց և իրենց ընտրած նպատակին են հետևում անգամ այն ժամանակ, երբ դա որևէ մեկի կարող է դուր չգալ:

Այո, նրանք միշտ մարդկանց պատշաճ հարգանքով են վերաբերվում, բայց դա չի նշանակում, որ նրանք ինչ-որ մեկի առջև կստորանան, միայն թե չխոցեն նրա հիվանդագին ինքնասիրությունը: Ուժեղ մարդիկ երբեք չեն փոխում իրենց իրական գույները, կարծիքը և ունակությունները, և, եթե դա ինչ-որ մեկի դուր չի գալիս, ու ինչ-որ մեկը մտածում է, որ դա իրեն ճնշում է, իր գործն է:

3. Ուժեղ մարդիկ  արդարացումներ չեն սիրում:

Ուժեղ մարդիկ երբեք իրենց թանկ ժամանակը չեն վատնում արդարացումների կամ թեման շեղելու վրա: Եթե նրանց մոտ ինչ-որ բան չի ստացվում, նրանք հաստատ չեն արդարանա: Նրանք կսեղմեն ատամները, դուրս կգան, եթե պետք լինի, իրենց հարմարավետության գոտուց և կփորձեն առավելագույնը քաղել անգամ ամենավատ իրավիճակից:

4. Ուժեղ մարդիկ ատում են խոսակցությունները ոչնչի մասին:

Իսկ թե որ խոսակցությունների մասին է խոսքը, բոլորս էլ գիտենք: Դատարկ խոսակցություններ այն մասին, թե ով ինչ նոր բան ունի, կամ եղանակի, ճանապարհի և աշխատանքի վերաբերյալ ձանձրալի զրույցները: Մի՞թե, հանդիպելով մարդուն, ում հետ չեք շփվել ամիսներ կամ միգուցե ավելի երկար ժամանակ, դուք ուզում եք խոսել հենց այդ մասին:

Ավելի լավ չէ՞ ընտրել ինչ-որ տաք, կենդանի, էներգիայով լեցուն թեմա և զրուցակցի հետ խոսել զգացմունքների, արվեստի, էներգիայի, տիեզերքի գաղտնիքների մասին: Որպես կանոն՝ սեփական կարծիք ունեցող ուժեղ մարդիկ նաև շատ խելացի են:

Հենց այդ պատճառով էլ նրանք ուզում են գաղափարներ, նորամուծություններ քննարկել կամ իրենց առջև ծագած խոչընդոտները հեռացնելու ավելի կրեատիվ ճանապարհ գտնել: Նրանք նախապատվությունը զրույցների այն թեմաներին են տալիս, որոնք ունակ են խթանել նրանց գիտակցությունը և աչքերում կայծեր առաջացնել, ոգևորել: Նրանք դատարկ խոսակցություններից հեռու են մնում այն պատճառով, որ դրանք պարզապես դատարկ թեմաներ են:

5. Ուժեղ մարդիկ տանել չեն  կարող անդաստիարակությունն ու անզգամությունը:

Ամենից շատ դուք տանել չեք կարողանում այնպիսի մարդկանց, ովքեր հակված են ծայրահեղական ու վերջնական որոշումներ ընդունել այն ոլորտներում, որոնցից իրենք բավականաչափ գլուխ չեն հանում, և գործել բնազդաբար՝ անգամ չփորձելով պրոցեսի մեջ ներգրավել ուղեղը: Ուժեղ մարդիկ մեծ մասամբ, եթե ոչ՝ միշտ, ինֆորմացված լինելու, կարեկցելու ունակություն ունենալու և խորը վերլուծությունների արդյունք են:

6. Դուք հստակ բարոյական սկզբունքներ ունեք և միշտ հետևում եք դրանց:
Դուք ամուր և վստահ կանգնած եք զույգ ոտքերի վրա, և ոչինչ ի վիճակի չէ ձեզ հավասարակշռությունից հանել:

7. Միշտ պատրաստ եք ընդունել սեփական սխալները:

Ուժեղ մարդիկ հենց այն պատճառով են ուժեղ, որ գիտեն ոչ միայն իրենց ուժեղ, այլև թույլ կողմերի մասին: Նրանք աշխատում են իրենց հեռու պահել սեփական Ես-ից, ուրիշների նկատմամբ առավելություն ունենալու զգացումից: Երբ նրանք սխալ են գործում, ազնվորեն ընդունում են դա՝ ինչպես ուրիշ մարդկանց, այնպես էլ՝ իրենք իրենց առաջ:

Ոչ մեկս կատարյալ չենք, ժամանակ առ ժամանակ բոլորս էլ սխալներ ենք գործում, և դա նորմալ է: Սովորական սխալ գործելիս, փոխանակ ինքն իրեն երեխայի պես պահի, ուժեղ մարդն ընդունում է այդ սխալն ու փորձում է ուղղել այն:

8. Ուժեղ մարդիկ մեծամիտ չեն, պարզապես գիտեն իրենց կարծիքի գինը:

Դուք անկախ եք, գիտեք ձեր գինը, և դա երբեմն շրջապատողներին կարող է մեծամտություն թվալ: Մանրախնդիր մարդիկ հաճախ վիրավորվում են ու ապակառուցողական վարքագիծ դրսևորում այն մարդկանց նկատմամբ, ովքեր սեփական կարծիք ունեն ու կարող են այն պաշտպանել:

Ձեր ուժեղ բնավորությունը կարող է կործանել թույլ մարդկանց արժեքային համակարգը: Դրա համար էլ նրանց համար ավելի լավ է հեռու մնալ ձեզնից՝ ձեզ որպես մեծամիտ ու իշխող մարդ պիտակավորելով: Թույլ մի տվեք նրանց շեղել ձեզ ձեր ուղուց:

***

Հոգեբանորեն ուժեղ մարդիկ չեն խուսափում փոփոխություններից: Հակառակը, նրանք ողջունում են դրական փոփոխությունները և պատրաստ են ճկուն լինել: Նրանք հասկանում են, որ փոփոխություններն անխուսափելի են և հավատում են, որ կարող են հարմարվել:

Հոգեբանորեն ուժեղ մարդկանցից Դուք չեք լսի կորցրած ուղեբեռի կամ ճանապարհային խցանումների մասին բողոքներ: Փոխարենը, նրանք կենտրոնանում են այնպիսի բաների վրա, ինչը կարող են վերահսկել կյանքում: Նրանք ընդունում են, որ երբեմն միակ բանը, որ իրենք կարող են վերահսկել, իրենց վերաբերմունքն է:

Նրանք չեն դիմում անխոհեմ, չհաշվարկված ռիսկերի, սակայն պատրաստ են դիմել խելամիտ ռիսկի: Մինչև վերջնական որոշում կայացնելը՝ հոգեբանորեն ուժեղ մարդիկ ժամանակ են ծախսում վտանգները և օգուտները գնահատելու համար, և մինչ սկսելը լիովին տեղյակ են հնարավոր ձախողման մասին:

Հոգեբանորեն ուժեղ մարդիկ չեն ապրում անցյալով՝ ափսոսալով, որ այնտեղ ինչ-որ բան այնպես չի եղել: Նրանք ընդունում են անցյալը և կարող են ասել, թե ինչ դասեր են քաղել դրանից: Նրանք չեն ապրում ո՛չ անցյալի վատ հիշողություններով, ո՛չ էլ ապագայի մասին փայլուն պատկերացումներով: Նրանք ապրում են այսօրվա օրով և ապագան պլանավորելով:

Հոգեբանորեն ուժեղ մարդիկ ընդունում են պատասխանատվությունն իրենց գործողությունների և որոշումների համար, և սովորում են իրենց սխալների վրա: Արդյունքում, նրանք չեն կրկնում միևնույն սխալը կրկին և կրկին: Փոխարենը, նրանք առաջ են շարժվում՝ հետագայում ավելի ճիշտ որոշումներ կայացնելով: