Հուլիս 24, 2019 15:48 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր գործընկերը:

Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանության կազմակերպությամբ հուլիսի 21-ին եւ 22-ին Թեհրանի «Վահդաթ» դահլիճում տեղի ունեցան Հայաստանի տեղի ունեցան Պետական կամերային երգչախմբի ելույթները: Հուլիսի 21-ի ելույթը նվիրված էր անմահանուն Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամեակին, իսկ հուլիսի 22-ի ելույթը նվիրված էր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրjանի ծննդյան 80-ամեակին: Ի դեպ նշենք, որ այս առիթով Թեհրան էր ժամանել ինքը հոբելյար Տիգրան Մանսուրյանը:

Ելույթների մասին Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվել էր մամլո ասուլիս, դեսպանատան հարկի տակ:

Ասուլիսի ընթացքում Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը անդրադառնալով Կոմիտասի միջոցով հայ երաժշտությանը ցուցաբերված անզուգական ծառայությանը, նաեւ ժամանակակից երաժշտության ռահվիրաներից եւ միջազգային ճանաչում գտած Տիգրան Մանսուրյանի ծավալած աշխատանքների մասին, ընդգծեց, որ երգչախումբը 30 հոգանոց է, խմբի տնօրենն է Արմեն Արաբյանը եւ գլխավոր դիրիժորը հանրահայտ Ռոբերտ Մլքեյանը:

Դեսպանը իրանցի լրագրողներին ծանոթացրեց հայ երաժշտության երկու գիգանտներին եւ ընդգծեց, որ Կոմիտասի 150-ամեակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես 2019 թվականի միջազգային կարեւորագույն իրադարձություններից մեկը: Մամլո ասուլիսի ընթացքում դեսպանը նշեց. «Որպես դեսպան, ինձ համար կարեւորագույն խնդիրը հայ-իրանական հարաբերություններն են, կարեւոր է հարաբերությունների քաղաքական, անվտանգության խնդիրները, այդ թվում տարածաշրջանի անվտանգության խնդիրները, երկկողմ տնտեսական հարաբերությունները, բայց վստահ եմ, որ մշակույթը դրանցից եւ ոչ մեկից պակաս կարեւոր չէ: Վստահ եմ առանց մշակույթի, առանց մարդասիրական ոլորտի, առանց գիր ու գրականության ու երաժշտության, հարաբերությունները չոր են եւ կիսատ: Իրանցի ժողովուրդը մեծ մշակույթ կրող ժողովուրդ է եւ, իհարկե, Իրան ասելիս առաջին հերթին ասոցացվում է Խայամի, Հաֆեզի եւ Սաադիի հետ, մենք հույս ունենք, որ համերգից հետո, իրանցիների մոտ Հայաստան եւ հայություն արտահայտությունը զուգորդվելու է Կոմիտասի, Մանսուրյանի եւ Արամ Խաչատրյանի հետ»:

 

 

Գրող, մանկավարժ, անվանի պետական և հասարակական գործիչ Լևոն Շանթի  150-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայաստանի ազգային գրադարանում ներկայացվեցին հեղինակի երկերի ժողովածուները, թարգմանությունները, նրան նվիրված աշխատությունները:

Ցուցահանդեսը բացվեց հուլիսի 15-ին գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

«Շանթը ծնվել է Թումանյանի հետ, ապրել Իսահակյանի չափ»,-նշեց գրականագետ, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը՝ նկատելով, որ կենսագրական այս զուգահեռները պատահական համընկնումներ չեն.  Շանթի կյանքն ու ստեղծագործությունը սերտ աղերսներ ունեն երկու հայ մեծերի հետ:

«Կարևոր ցուցադրություն է: Կարծում եմ՝ նմանատիպ նախաձեռնությունները շարունակական կլինեն Ազգային գրադարանում: Եթե անգամ մի մարդ ինչ-որ նոր բան քաղի ցուցադրություններից, կարող ենք  դրանք ստացված համարել»,-ասաց Նիկողոսյանը՝ հավելելով, որ իր համար, օրինակ, բացահայտում էր, որ Շանթը թարգմանել է Վոյնիչի «Բոռը»:

Գրականագետը ՀՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կողմից գրադարանին նվիրեց Լեւոն Շանթի երկերի ժողովածուի վերջին 5 հատորները և ընդգծեց, որ Հայաստանի ազգային գրադարանը գրքերի ամենահուսալի պահոցն է:

Միջոցառմանը ներկա էր նաև քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը:  Նա անդրադարձավ Լևոն Շանթ քաղաքական գործչի գործունեությանը՝ նշելով, որ ցուցադրությունը լավ առիթ է Շանթի դերը ևս մեկ անգամ արժևորելու և նրա գրական ու քաղաքական գործունեությանը  երիտասարդներին ծանոթացնելու համար:

Միջոցառումն ուղեկցվեց  Թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահի սյուներին և առաստաղին շարժապատկերների ցուցադրությամբ: Այնուհետև գրադարանի կինոսրահում ցուցադրվեց Լևոն Շանթի կյանքին ու գործունեությանը նվիրված ֆիլմ:

 

Լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ Երևանի Ավետ Ավետիսյան 19 հասցեում բացվեց նրա անունը կրող լուսանկարչության թանգարան:

Անդրանիկ Քոչարի որդու՝ Վահան Քոչարի ջանքերի շնորհիվ բացված թանգարանը, գտնվում է հենց այն տանը, որտեղ բնակվում է Քոչարների ընտանիքը:Թանգարանում առկա են հայազգի 14 լուսանկարչի ստեղծագործություններ, որոնք տարիների ընթացքում հավաքագրել է Անդրանիկ Քոչարն, ինչպես նաև Քոչարի լուսանկարչական իրերը:

«Տան առաջին հարկը որոշեցինք դարձնել թանգարան և հորս երազանքը վերջապես ի կատար ածել: Մինչ թանգարանը բացելը, իմ հոր լուսանկարների և լուսանկարչական սարքավորումների հավաքածուից մոտ 400 միավոր իր տվել էի Երևանի պատմության թանգարանին: Այժմ դրանք այս թանգարանում են՝ 170 հատ շրջանակով և առանց շրջանակի բնագիր լուսանկար, ինչպես նաև տարբեր սարքավորումներ: Հորս հավաքածուի մնացած մասը նկուղում է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վահան Քոչարը  և հավելեց, որ ցուցադրված են լուսանկարիչներ Աբդուլլահ եղբայրների, Յուսուֆ Քարշի, Գեղամ Թարվերդյանի,  Պարգև Չոլագյանի և այլոց ստեղծագործությունները:

Լուսանկարչի որդին նաև նշեց, որ թանգարանի տնօրենը մեծանալուն պես կդառնա իր թոռը՝ այժմ 9-ամյա Վահան Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարը ծնվել է 1919 թվականին Ալեքսանդրիայում՝ Արևմտյան Հայաստանից Եգիպտոս գաղթած հայ ընտանիքում: Սովորել է Կահիրեի Պերպերյան վարժարանում՝ Շահան Պերպերյանի տնօրինության օրոք: Ինքնուրույն սովորել է լուսանկարչություն և Ալեքսանդրիայի միակ կինոստուդիայում աշխատել որպես օպերատորի օգնական: 1945 թվականին Ալեքսանդրիայում բացել է իր լուսանկարչատունը, որը գործել է մինչև նրա հայրենիք մեկնելը: 1947 թվականին «Պոբեդա» նավով հայրենադարձել է:

1948 թվականին Երևանում բացվել է Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը: Քոչարը եղել է Հայաստանի պետական պատկերասրահի, 1960-1970 թվականներին՝  ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի լուսանկարիչը: 1962 թվականին հիմնադրել է «Երևան» ֆոտո ակումբը և տասը տարի անընդմեջ ղեկավարել այն:

Քոչարը լուսանկարել է բազմաթիվ դիմանկարներ, ինչպես նաև բնանկարներ, ճարտարապետական հուշարձաններ, կենդանիներ, երեխաների նկարներ, նատյուրմորտներ, կոմպոզիցիաներ:

Քոչարը մահացել է 1984 թվականի մարտի 29-ին Երևանում:

 

Մաշտոցյան Մատենադարանում բացվել է հնատիպ գրքերի ցուցադրություն:

Մատենադարանի հնատիպ գրքերի հավաքածուի մեջ (ավելի քան 2400 միավոր) իր ուրույն տեղն է զբաղեցնում հայերեն առաջին տպագիր գիրքը՝ Ուրբաթագիրքը, որը միջնադարյան աղոթագիրք-բժշկարան է, Հակոբ Մեղապարտի ջանքերով տպագրվել է Վենետիկում 1512 թվականին:Հնատիպ գրքերի հավաքածուն հարստացնում են  Նոր Ջուղայում, Հռոմում, Ամստերդամում, Մարսելում, Լիվոռնոյում, Կ. Պոլսում, Զմյուռնիայում, Ռուսաստանում հրատարակած հնատիպ գրքերը, հատկապես Ամստերդամում Ոսկան Երևանցու 1666-1668թթ. հրատարակած հայերեն առաջին Աստվածաշունչը՝ հարուստ նկարազարդումներով և գեղեցիկ կազմությամբ:

Մատենադարանի հնատիպ գրքերի հավաքածուն ներառում է ավելի քան 90 անուն միօրինակ գրքեր, որոնք եզակի օրինակ են Հայաստանում: Այդ գրքերից ցուցադրության մեջ ներառվել են 1565-66թթ. Վենետիկում Աբգար Դպիր Թոխատեցու հրատարակած «Սաղմոսարանը», 1584 թ. Հռոմում Սուլթանշահի տառերով «Տոմար Գրիգորյան» գիրքը, Նոր Ջուղայում խաչատուր Կեսարացու 1641 և 1642 թթ. հրատարակած «Հարանց վարքը» և «Ժամագիրքը», Միլանում 1621թ. Ֆրանչիսկո Ռիվոլայի «Բառգիրք Հայոց»-ը, 1733թ. Վենետիկում Մխիթար Սեբաստացու հրատարակած «Աստվածաշունչ»-ը, որը Ոսկանյան Աստվածաշնչի սրբագրված և բնագրին ավելի մոտ օրինակն էր, Մարսելում հրատարակած «Սաղմոսարան»-ը: Ցուցադրությունը իրենց շքեղությամբ լրացնում են Վենետիկում լույս ընծայված շքեղակազմ Ավետարանները, 1772թ. Սիմեոն Երևանցի կաթողիկոսի «Զբոսարան հոգևոր» գրքույկը, որը Հայաստանում անդրանիկ հրատարակությունն էր: Ցուցադրվում է նաև Մադրասում 1794-1796թթ. լույս տեսած հայ առաջին պարբերականը՝ « Ազդարար»-ը, որի հրատարակիչն ու խմբագիրն էր հայ լրագրության  ռահվիրա Հարություն Շմավոնյանը:

Ցուցադրությունն իր մեջ ընդգրկում է հայ հնատիպ գրատպության գրեթե բոլոր օջախները՝ իրենց բազմաբնույթ և յուրօրինակ հրատարակություններով, աչքի ընկնող տպագրական բարձր արվեստով:

 

Երևան է ժամանել «Գրեմմիի» բազմակի մրցանակակիր, երաժշտական պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդերը, որը հուլիսի 16-19-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ձայնագրել է Ավետ Տերտերյանի 5-րդ և 7-րդ, ինչպես նաև Ջոն Տեր-Թադևոսյանի 2-րդ սիմֆոնիաները։

Ջոն Տեր-Թադևոսյանը հայ կոմպոզիտորական արվեստի լավագույն ներկայացուցիչներից է, ում արվեստը, սակայն, քիչ հայտնի է։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարել է Ջոն Տեր-Թադևոսյանի 1-ին և 2-րդ սիմֆոնիաները և նախատեսում է 2-րդ սիմֆոնիան ներկայացնել 2020 թվականի եվրոպական շրջագայության ընթացքում՝ Եվրոպայի լավագույն 8 համերգասրահներում, ինչը հայ կոմպոզիտորական արվեստի համար մեծ ձեռքբերում է։

Ջոն Տեր-Թադևոսյանի 2-րդ սիմֆոնիան, որ կոչվում է «Մարդու ճակատագիրը», հեղինակը գրել է Միխայիլ Շոլոխովի համանուն ստեղծագործության հիման վրա։ Այն կարող է մրցել 20-րդ դարի եվրոպացի շատ կոմպոզիտորների լավագույն սիմֆոնիաների հետ։ Ջոն Տեր-Թադևոսյանի 2-րդ սիմֆոնիայի ձայնագրմամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փորձում է վեր հանել մեր կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք մեծ գեղարվեստական արժեք են ներկայացնում, սակայն հանրությանը ծանոթ չեն։

Ավետ Տերտերյանի սիմֆոնիաների մեծ մասի ձայնագրությունները կատարվել են 1970-ական թվականներին, և դրանց որակը չի համապատասխանում այսօրվա ձայնագրման տեխնոլոգիական չափանիշներին։ Ուստի աշխարհի լավագույն երաժշտական պրոդյուսերներից մեկի՝ Քրիստոֆեր Ալդերի կողմից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ձայնագրումը մեծ իրադարձություն է մեր երաժշտական կյանքի համար։

Կատարված ձայնագրությունները հետագայում թողարկվելու են հայտնի երաժշտական պիտակների ներքո։

Քրիստոֆեր Ալդերը համագործակցում է աշխարհի լավագույն արտիստների հետ։ Նա ժամանակակից երաժշտության մեծ գիտակ է, ձայնագրել է եվրոպացի ժամանակակից կոմպոզիտորների շատ գործեր։ Նրա մասնակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կարողանալու է ապահովել ձայնագրությունների բարձր որակ, ինչը թույլ կտա, որպեսզի լավագույն երաժշտական պիտակները թողարկեն դրանք։ Քրիստոֆեր Ալդերը մանրակրկիտ գեղարվեստական աշխատանք է կատարել մինչ Հայաստան ժամանելը. նա նվագախմբից պահանջել է մեծ քանակությամբ ինֆորմացիա կոմպոզիտորների, նրանց ստեղծագործությունների, պարտիտուրների մասին։ Նա մեծ ուշադրություն է դարձնում նաև տեխնիկական խնդիրներին, նվագախմբի շարվածքի ձևաչափերին, ինչը կօգնի արդյունքում ունենալ լավագույն ձայնագրություն։

Վերջին ամիսներին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու Քրիստոֆեր Ալդերը Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարել են համատեղ ձայնագրություններ։ Ի թիվս այլ ստեղծագործությունների՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ ձայնագրել են Արամ Խաչատրյանի և Էդվարդ Միրզոյանի ստեղծագործություններից։

 Բրիտանիայի բնակիչները որպես իրենց ամենասիրելի նկարիչ նշել են  խորհրդավոր անանուն փողոցային նկարիչ Բենքսիին։ YouGov-ի հարցման արդյունքները հրապարակել է The Sun-ը։

Հարցմանը մասնակցել է 2000 մարդ, որոնց խնդրել են  նշել իրենց սիրելի նկարչին կամ քանդակագործին։ Արդյունքում Բենքսին հայտնվել է առաջին տեղում՝ գերազանցելով համաշխարհային դասականներ Լեոնարդո դա Վինչիին, Վան Գոգին, Մոնեին և Ռեմբրանդին։

Արվեստի վերաբերյալ ամսագրի խմբագիր Մել Շերվուդի կարծիքով, նման արդյունքը վկայում է, որ  փողոցային արվեստը ժողովրդականություն է վայելում։ Նա նշել է, որ անանուն նկարիչը շատ բան է արել, որպեսզի ուղիղ իմաստով փողոցներ բերի պատկերասրահների և թանգարանների գանձերը։

Փողոցային նկարչի իրական անունը դեռ մնում է գաղտնի։ Տարբեր վարկածներով, կարող է լինել Ռոբերտ Բենքսի, Ռոբին Կաննինգեմ կամ բրիտանացի երաժիշտ Ռոբերտ Դեկ Նայա։ Նկարչի ստեղծագործությունները հիմնականում նվիրված են սուր սոցիալական և մշակութային խնդիրներին, մշտապես հայտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում։