Գեղարվեստական հաղորդում (178)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր գործընկերը:
---------------------
Օգոստոսի 3-ին Թեհրանի քաղաքապետարանի անմիջական հովանավորությամբ, մայրաքաղաքի «Միլադ» աշտարակի համերգասրահում պաշտոնապես մեկարկեց «Միլադ» ֆիլարմոնիկ նվագախմբի գործունեությունը:
«Միլադ» ֆիլարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Արաշ Բարադարան Ամինին է:
Օգոստոսի 3-ի համերգում, որպես հրավիրյալ դիրիժոր մասնակցում էր նաև մայեստրո Լորիս Ճգնավորյանը, որի ղեկավարությամբ նվագախումբը կատարեց «Արարատ» և «Սիրային մեղեդիներ» ստեղծագործությունները:
Համերգի ընթացքում, երկար տարիներ դադարից հետո կատարումներով հանդես եկավ նաև փոփ ժանրի ճանաչված երաժիշտ, սաքսիֆոնահար Ֆոադ Հեջազին:

Երկուշաբթի, օգոստոսի 5-ին Թեհրանի Փաստագրական-փորձառական կինոյի կենտրոնի սրահում ցուցադրվեց «Ինչպես ստվեր, ինչպես տեսիլք» փաստագրական ֆիլմը, որը պատմում է իրանահայ անվանի գեղանկարիչ Մարկոս Գրիգորյանի մասին:
Ֆիլմի պրոդյուսերն ու բեմադրիչն է Համիդռեզա Զեյնալին:
Մարկոս Գրիգորյանը ծնվել է Կրոպոտկինում՝ Կարսից գաղթած ընտանիքում։ 1930 թվականին ընտանիքը Կրոպոտկինից տեղափոխվել է Իրան, սկզբնական շրջանում բնակվել Թավրիզում, այնուհետև՝ Թեհրանում: Նախնական կրթությունն ստացել է Իրանում։ 1950 թվականին սովորել է Հռոմի գեղեցիկ արվեստների ակադեմիայում: 1954 թվականին ակադեմիան ավարտելուց հետո վերադարձել է Իրան, բացել գեղագիտական պատկերասրահ։ 1958 թվականին Իրանի մշակույթի նախարարության հովանու ներքո կազմակերպում է Թեհրանում առաջին բիենալեն։ Դասավանդել է գեղարվեստի ակադեմիայում: 1993 թվականին Մարկոս Գրիգորյանը Հայաստանին է նվիրել իր հավաքածուի զգալի մասը, որի հիման վրա Երևանում բացվել է Միջին Արևելքի արվեստի թանգարան:
1994 թվականին Մարկոս Գրիգորյանին շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչում:

Կյանքի 82–րդ տարում վախճանվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը:
Երվանդ Ղազանչյանը ծնվել է 1937թվաի հունիսի 2–ին, Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը` Վարդան Աճեմյանի կուրսը։ Աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի, Սունդուկյանի ազգային ակադեմիական, Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Նա հայտնի դերասանուհի Գալյա Նովենցի ամուսինն էր։
Երվանդ Ղազանչյանը ղեկավարում էր Երևանի Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնը։

Արդեն երեք տարի է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմն իր ստեղծման ընթացքի մեջ է։ Մինչ պրեմիերան, «Դրախտի դարպասը» ֆիլմի թիմ ներկայացրել է թրեյլերը։ Ֆիլմի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ 2019-ի հոկտեմբերին «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան կլինի Երևանում և Ստեփանակերտում, իսկ 2020-ի մարտին՝ Լոս Անջելեսում։
Ֆիլմը Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալի մասին է, որը 2016թ․-ին վերադառնում է Ղարաբաղ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992 թվականին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները...
Ֆիլմի գլխավոր օպերատորը լիտվացի Ռիտիս Կուրկուլիսն է։ «Դրախտի դարպասը» ֆիլմում օպերային երգիչ Ժան Բեռնարի կերպարը մարմնավորում է լիտվացի հայտնի դերասան Լեո Պոբեդոնոսցևասը:
«Դրախտի դարպասը» Հայաստան, Լիտվա, Ֆինլանդիա, Ֆրանսիա համատեղ արտադրության ֆիլմ է։

Մաշտոցյան Մատենադարանում բացվել է արխիվային փաստաթղթերի նոր ցուցադրություն:
Մատենադարանի Արխիվի ավելի քան կես միլիոն փաստաթղթերից ներկայացված են 19-ից 20-րդ դարերի պատմամշակութային բացառիկ արժեք ունեցող վավերագրեր, որոնք արտացոլում են Հայոց պատմության և, մասնավորապես, Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցու նվիրապետական աթոռներին առնչվող փաստագրեր, կաթողիկոսական կոնդակներ, օրհնության գրեր, որոնք գրված են մագաղաթի կամ հղկված ու մոմած թղթի վրա:
Ցուցադրությունում տեղ են գտել ժամանակի իշխանության ներկայացուցիչների և սոցիալական խմբերի միջև քաղաքական, կրոնական, ազգային խնդիրները կարգավորող հանրագրեր, հայերի կրթական բարձր մակարդակը փաստող լուսանկարներ և ուղերձներ, հայ մշակույթի երևելիներին առնչվող փաստաթղթեր, ինչպես նաև բացառիկ այլալեզու վավերագրեր, որոնք ուշագրավ վկայություններն են Հայաստանի և այլ երկրների պատմական բազմաբնույթ փոխհարաբերությունների: Այդ վավերագրերից են Պավել I-ի, Ալեքսանդր II-ի, Նիկոլայ II-ի հրովարտակները (որոնցով նրանք հայերին տալիս են տնտեսական, առևտրային և այլ արտոնություններ), Ֆրանսիայի կայսր Նապոլեոն I Բոնապարտի՝ պատվո Լեգիոնի ասպետ Պիեռ Շամբոյին տրված հրովարտակը:
Ներկայացված 14-րդ և հետագա դարերից պահպանված հնագույն արաբատառ (արաբերեն, պարսկերեն, օսմաներեն) փաստաթղթերը վերաբերում են հայերի ժառանգական, սեփականատիրական, հարկային իրավունքներին:

Հայաստանի ազգային պատկերասրահում օգոստոսի 10-ին բացվելու է «Հին Հռոմի գունեղ տեսիլները․ խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» եզակի ցուցահանդեսը։ Այն ներկայացնում են Հայաստանի ազգային պատկերասրահը և Հայաստանում Իտալիայի դեսպանատունը։
Ազգային պատկերասրահից հայտնում են, որ աշխարհի ամենահին թանգարանի՝ Հռոմի Կապիտոլյան թանգարանների, խճանկարների հոյակապ հավաքածուն ներառում է ինչպես առանձնատներից և այգիներից, այնպես էլ դամբարաններից գտնված եզակի օրինակներ։ Այս խճանկարները հարդարել են տարբեր պատմական անձանց, օրինակ Հուլիոս Կեսարի առանձնատունը և ներկայացնում են հռոմեական խճանկարչության հարստությունն ու վարպետությունը։ Ցուցադրությունը ներառում է տարատեսակ նյութերի կիրառությամբ ստեղծված խճանկարների պատկերագրական և զարդային հարուստ տեսականի։
Այն շարունակվելու է մինչև սեպտեմբերի 29-ը։

Սիմֆերոպոլի օդանավակայանում բացվել է հանրահայտ հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու, նրա աշակերտների և հետևորդների նկարների վերարտադրությունների ցուցահանդեսը։
««Այվազովսկին և ծովանկարչության ավանդույթները» խորագիրը կրող ցուցադրական ծրագիրը նվիրված է մեծ նկարիչ Այվազովսկու ծննդյան 202-ամյակին, որի անունն է այս տարվանից կրում Սիմֆերոպոլի օդանավակայանը։ Ներկայացված է Այվազովսկու ութ նկարի վերարտադրություն, նաև նրա աշակերտների և հետևորդների՝ Էմմանուիլ Մագդեսիան, Միխայիլ Ալիսով և Արսենի Մեշչերսկի»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։
Օդանավակայանում ցուցահանդեսի բացմանը բանաստեղծության և ջութակի հնչյունների ներքո ավազի վրա վերստեղծվել է Այվազովսկու երկու կտավ և նրա աշակերտ Մագդեսիանի մեկ նկար։

Ամերիկյան The Walt Disney Company –ին սահմանել է ամենամյա տոմսարկղային համաշխարհային ռեկորդ։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Quartzy-ին, գրում է, որ Disney-ի համար այս տարի առավել շահութաբեր էին «Վրիժառուները. եզրափակիչ», «Կապիտան Մարվել» ու «Ալադին» ֆիլմերը։ Յուրաքանչյուր ֆիլմ համաշխարհային վարձույթում հավաքել է ավելի քան 1 միլիարդ դոլար։
2019 թ. հուլիսի տվյալներով, ընկերությունը վաստակել է 7,67 միլիարդ դոլար՝ սահմանելով ամբողջ աշխարհում կինոընկերությունների շրջանում ամենամյա եկամուտների համաշխարհային ռեկորդ։
Նշվում է, որ նախորդ համաշխարհային ռեկորդակիրը նույնպես The Walt Disney Company-ին էր։ 2016-ին աշխատել էր 7,61 միլիարդ դոլար։

Մեծ Բրիտանիան արտահանման ժամանակավոր արգելք է սահմանել 19-րդ դարի հայտնի բրիտանացի նկարիչ Ուիլյամ Թըրների 10 մլն ֆունտ սթերլինգ արժողությամբ «Լյուցեռն լիճը» նկարի դուրսբերումը կանխելու համար, հայտնում է BBC News-ը:
Մեծ Բրիտանիայի արվեստի նախարար Ռեբեկա Փոուն հայտարարել է, որ բրիտանական այս գլուխգործոցի դուրսբերումը «ամբողջ երկրի համար սարսափելի կորուստ» կլիներ:
Արտահանման արգելքը կգործի մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը: Իշխանությունները հուսով են, որ այդ ժամանակահատվածում բավարար գումար կհավաքվի նկարը հետգնելու համար:
Թըրները այն նկարել է 1842 թվականին, որը «Ռիջի» շարքի միակ պահպանված նկարն է. Թըրները «Ռիջի լեռներ» շարքից նկարել է ընդամենը 3 նկար, որոնցից երկուսը ձեռք են բերել մասնավոր հավաքորդները:

Հարրի Փոթերի մասին առաջին գիրքը, որը հրատարակելիս մի քանի սխալներով է տպագրվել, Անգլիայում աճուրդում վաճառվել է 28,5 հազար ֆունտ սթերլինգով (35 հազար դոլար): Sky News-ը հայտնում է, որ վաճառքն անցկացրել է Hansons Auctioneers աճուրդի տունը, որը կազմակերպվել էր չորեքշաբթի՝ հուլիսի 31-ին նշվող Հարրի Փոթերի, ինչպես նաեւ ֆանտաստիկ սագայի հեղինակ Ջոան Ռոուլինգի ծննդյան օրվան նվիրված:
Խոսքը 1997 թվականին «Հարիի Փոթերը եւ փիլիսոփայական քարը» գրքի առաջին հրատարակության մասին է. դա մոգ տղայի մասին գրքերի շարքի առաջին վեպն է: Bloomsbury հրատարակչատան տպագրած 500 գրքից կազմված շարքում այս հատորը պարունակում է միանգամից մի քանի սխալներ: Մասնավորապես՝ շապիկի դիմային մասում վերնագրում «փիլիսոփայական» բառը ճիշտ է գրված, իսկ շապիկի հակառակ կողմում բաց է թողնված «ո» տառը:
Դրանից բացի, 53-րդ էջում իրերի ցուցակում, որոնք պետք է ունենան Հոգվարթս կախարդության եւ մոգության դպրոցի բոլոր աշակերտները, 2 անգամ է հիշատակվում կախարդական փայտիկը, իսկ հեղինակը նշված է որպես Ջոան, այլ ոչ թե Ջեյ Կեյ Ռոուլինգ (J. K. Rowling), ինչպես մնացյալ բոլոր գրքերում:
Գրքի նախկին տերը՝ 54-ամյա գրասենյակային աշխատողը, նախընտրել է իր անունը չհայտնել: Նա գիրքը ձեռք է բերել մոտ 20 տարի առաջ 1 ֆունտ սթերլինգով բուկինիստական վաճառակետում: «Ես չեմ կարողանում դրան հավատալ: Ես նման արդյունքի հույս ունեի, չնայած իրականում երբեք չէի հավատում, որ իմ գիրքը կարող է այդ գնին հասնել»,- ասել է նա:
Մարտին Հարրի Փոթերի մասին սխալներով առաջին շարքի գրքերից մեկը Լոնդոնում աճուրդում վաճառվել էր 68,8 հազար ֆունտ սթերլինգով (91 հազար դոլար): Հրատարակությունը նախկինում պատկանում էր Ռոուլինգի առաջին գրական գործակալին: