Գեղարվեստական հաղորդում (181)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի:
Իրանցի երիտասարդ լուսանկարիչ Մահբուբե Ֆարաջոլլահին, Հայաստանի առաջին միջազգային լուսանկարչական փառատոնում նվաճել է բրոնզե մեդալ:
Մահբուբե Ֆարաջոլլահիի լուսանկարը ՝ «Պարզապես ծիծաղել» անունով, ցույց է տալիս Թեհրանի Շահրիայրի քաղաքամասում երկու երեխաների ուրախության և ծիծաղի պահը: Փառատոնին ներկայացված հազարավոր գործերի շարքում այս լուսանկարը շահել է երեք գլխավոր մրցանակներից մեկը:
Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ, փառատոնը, կանցկացվի ամեն տարի օգոստոսի 1-ից սեպտեմբերի 9-ը:
Փառատոնի պաշտոնական փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ օգոստոսի 26-ին՝ Երևանի «Դվին» երաժշտական սրահում:

Առաջին անգամ Գյումրիում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի տնօրինության արտակարգ իրավիճակների կանխարգելման և հակազդման ստորաբաժանման ներկայացուցիչները տպավորված են 19-րդ դարի կառույցներով։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ստորաբաժանման ղեկավար Ջիովաննի Բոկկարդին:
«Մենք տպավորված ենք 19-րդ դարի կառույցներով, որոնք իրենց մեջ կրում են ավելի վաղ շրջանի տարրեր: Այդ խառնուրդն է շատ հետաքրքիր»,- ասաց նա:
Տեխնիկական ուսումնասիրություն իրականացնող մասնագետները նշեցին, որ քաղաքի պատմական միջուկի շինությունները լուրջ վնասվածքներ ունեն, մի քանիսն անգամ փլված են, բայց հորդորեցին չանհանգստանալ:
«Գյումրու պատմական միջուկն ընդհանուր կառուցվածքով լավ վիճակում է: Դա առաջին տպավորությունս է: Բայց կան նաև կառուցվածքային թույլ կողմեր: Խնդիրը հիմնականում այդ կառուցվածքային էլեմենտների կապի մեջ է: Իմ տպավորությունն այն է, որ երբ ժամանակը գա կարողանալու ենք հեշտությամբ կարգավորել խնդիրը»,- ասաց Բոկկարդին:
Նրանք հանդիպել են Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, և նշել, որ որպեսզի քաղաքն ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգության ցանկում այն պետք է ունենա բացառիկ արժեքներ, որոնք հայկական կողմը պետք է հիմնավորի և առաջինը Գյումրին ընդգրկի Հայաստանի պատմական ժառանգության նախնական ցանկում, որից հետո կկատարվի գնահատում:
Հարցին, թե ինչ կտա Գյումրիին համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելը, պատասխանատուն նշեց` ճանաչելիություն, որն էլ իր հերթին զբոսաշրջիկների թիվը կավելացնի, որոշակի տնտեսական աճ կարձանագրի, բայց դա նաև մեծ պարտավորություն կլինի երկրի ու քաղաքի համար:
«Այդ պարտավորություններից են օրինակ` քաղաքային կառուցապատումների մասին սահմանափակումները, հաջորդ պարտավորությունը վերաբերում է մարդկային և ֆինանսական ռեսուրսներին: Այսինքն` թե որքան մարդ և որքան ֆինանս է անհրաժեշտ տվյալ պատմամշակութային ժառանգությունը պահպանելու համար»,- բացատրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը:
Իսկ որքանո՞վ է հավանական, որ Գյումրին կդառնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ, պատասխանատուն դժվարացավ պատասխանել: «Այս պահին կխուսափեմ որևէ բան ասել, որովհետեւ դեռ մեկ օր եմ այստեղ, բայց պետք է նշեմ, որ Գյումրին հարուստ է պատմամշակութային ժառանգությամբ և առանձնահատկություններով»,-ասաց նա։
Նշենք, որ պատմամշակութային ժառանգության ցանկում որևէ քաղաք ընդգրկելու որոշում միջկառավարական կոմիտեն է, որտեղ ներկայացվում է անվանակարգային փաթեթը։ Կոմիտեն ունի 21 անդամ:
Հիշեցնենք` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի տնօրինության արտակարգ իրավիճակների կանխարգելման և հակազդման ստորաբաժանման ներկայացուցիչները հանրապետության երկրորդ քաղաքում էին պատմական կառույցների անվտանգության ու սեյսմոկայունության աստիճանը բացահայտելու ու անվտանգության քայլերը մշակելու նպատակով: Նրանք տեղի մասնագետների հետ մշակել են ուղեցույց՝ քայլ առ քայլ ներկայացնելով տվյալ կառույցների պահպանման տեխնիկական նկարագիրն ու անվտանգության նորմերի փաթեթը:

Երևանում օգոստոսի 26-ին տրվել է Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնի մեկնարկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնին մասնակցելու են լուսանկարիչներ 20 երկրից՝ Ճապոնիայից, Դանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից և այլն:
Կազմակերպչական կոմիտեի ղեկավար Տաթև Մնացականյանը նշեց, որ լուսանկարների 39 տաղավար է լինելու ամբողջ Երևանում:
«Շատ կարևոր քայլ է առաջին անգամ լուսանկարչական փառատոն անցկացնելը, քանի որ բավականին մեծ և հարուստ պատմություն ունենք»,- ասաց Մնացականյանը:
Նրա խոսքով՝ լուսանկարները ցուցադրվելու են «Զվարթնոց» օդանավակայանից սկսած մինչև Ազգային Ժողով և Նախագահի նստավայր:
«Լուսանկարներ փակցված կլինեն նաև Հովհաննես Թումանյանի թանգարանում, Երևանի մետրոպոլիտենի երկու կայարանում և մի շարք այլ վայրերում: Փառատոնը զբոսաշրջության համար էլ խթան կհանդիսանա, քանի որ միջազգային է և բավականին մասշտաբային»,- նշեց փառատոնի Կազմկոմիտեի ղեկավարը:
«Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանն էլ շեշտեց, թե որպես լուսանկարիչ ինքը շատ հետաքրքրված է փառատոնով
«Հայաստանն, իրոք, ունի լուսանկարչության լավ պատմություն, սակայն այն չի լուսաբանվել և ներկայացվել: Նմանատիպ միջոցառումները կնպաստեն, որպեսզի մեր հասարակությունը կարողանա ավելի լավ ծանոթանալ հայկական լուսանկարչության պատմությանը»,- նշեց Բաղդասարյանը:
«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն ընդգծեց, որ այս փառատոնը իր ուրույն տեղը կունենա համաշխարհային ֆոտոփառատոնների քարտեզի վրա:
«Հայկական պատմական լուսանկարչության մասին խոսելիս՝ տեսնում ենք դինաստիաների պատմություններ: Մի քանի տասնամյակի պատմություն ունեցող «Արմենպրես»-ի արխիվում կան հենց Բաղդասարյանների և շատ այլ լուսանկարիչների աշխատանքներ, որոնք թվայնացրել ենք և զետեղել history.armenpress.am կայքում»,- ասաց Անանյանը և հավելեց, որ ժամանակ առ ժամանակ գալիս է արխիվների վրայից փոշին թափ տալու պահը, և այժմ հենց այդ պահն է:
«Արմենպրես»-ը հանդես կգա 3 ցուցադրությամբ, և գործընկերներ «Կոնվերս» բանկի ու Հովհաննես Թումանյանի թանգարանի հետ համատեղ իրականացվելու է «Հովհաննես Թումանյանի հետահայացը», որը նվիրված կլինի բանաստեղծի 150-ամյակին:
«Նույն հետահայացը կլինի նաև Կոմիտասի հետ կապված: Տարբեր հարթակներում հանդես կգանք նաև առանձին լուսանկարիչների աշխատանքների ցուցադրությամբ: Մեր միջազգային գործընկերներից մեկը՝ Բելառուսի ազգային լրատվական գործակալությունն առանձին ցուցադրություն կունենա՝ նվիրված ծեսին և ավանդույթին»,- նշեց «Արմենպրես» ԼԳ տնօրենը՝ հավելելով, որ փառատոնի պաշտոնական բացումը կկայանա օգոստոսի 26-ին, սակայն հանգստյան օրերից սկսած Երևանը կշնչի լուսանկարչությամբ:
Փառատոնն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո և տևելու է մեկ ամիս՝ մինչև սեպտեմբերի 24-ը:

Oգոստոսի 23-ին Երևանի Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) տեղի ունեցավ «Գութան» Հայաստանի ավանդական երգի-պարի 6-րդ փառատոնը, որն այս տարի նվիրվում է Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկանում ենք, որ փառատոնը մեկնարկել է 2014 թվականին և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ:
Հայկական ավանդական երգերն ու պարերը կներկայացվեն լավագույն խմբերի կատարմամբ՝ բնօրինակ տարբերակով և կենդանի հնչողությամբ: Փառատոնին մասնակցում են «Ակունք», «Սասնա ծռեր», «Վան», «Մասունք» «Տարոնցիներ», «Մարաթուկ», «Նուբար», «Գորանի», «Թնջրե» (Արցախի Հանրապետություն), «Վերադարձ», «Վարք Հայոց», «Տավրոս», «Զարթոնք», «Արդվին», «Ոստան», «Արեգ», «Մարաթուկցիներ», «Սեբաստացիներ», «Բազմաբերդի Գորանի» խմբերը:
Փառատոնի մասնակից խմբերը կներկայանան կոմիտասյան ստեղծագործությունների կատարումներով, ինչպես նաև կցուցադրվեն Վարդապետի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմեր։
«Գութան» Հայաստանի ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնի իրականացումը մշակութային կարևոր իրադարձություն է` կոչված ավանդական երգարվեստի, պարարվեստի և երաժշտարվեստի պահպանմանը, տարածմանն ու սերնդեսերունդ փոխանցմանը:

Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում սեպտեմբերի 20-ին կայանալու է համերգ նվիրված Կոմիտասի 150-ամյակին։ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ համերգին մասնակցելու է Կոմիտասի անվան պետական լարային քառյակը, ՀՀ ժողովրդական արտիստ սոպրանո Հասմիկ Պապյանը, մեցցո սոպրանո Մարիա Օստրոուխովան, դաշնակահարուհի Աննա Արզամանովան և ուրիշներ։
Համերգի կազմակերպիչներն են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, ՌԴ մշակույթի նախարարությունը, Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան, ՀԱԵ Նոր-Նախիջևանի և Ռուսաստանի թեմը։

Բրիտանիայում՝ Բրիստոլի իր տանը, 86 տարեկան հասակում մահացել է հայտնի անիմատոր, կինոռեժիսոր Ռիչարդ Ուիլյամսը:
Նա ծնվել է Տորոնտոյում, այնուհետև տեղափոխել է Բրիտանիա: Լայն ճանաչում է ստացել «Ով է մատնել Ռոջեր ճագարին» գեղարվեստական ֆիլմի անիմացիոն աշխատանքով զբաղվելու շնորհիվ: Նա ստեղծել է Ռոջեր ճագարի և Ջեսիկա Ռեբիթի կերպարները:
Ռոջեր ճագարի մասին ֆիլմի վրա աշխատելու համար Ուիլյամսը երկու «Օսկարի» է արժանացել, ինչպես նաև մեկ BAFTA մրցանակի:
Նա աշխատել է նաև Վարդագույն հովազ շարքի երկու ֆիլմերի և Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերից մեկի վրա:

ԱՄՆ Իլինոյս նահանգի Ուոքիգան քաղաքի բնակիչները տոնել են իրենց համաքաղաքացի գրող Ռեյ Բրեդբերիի ծննդյան տարեդարձը՝ նրա պատվին արձան կանգնեցնելով, գրում է Chicago Tribute պարբերականը:
Արձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել քաղաքի հանրային գրադարանի տարածքում, որը տեղակայված է այն դպրոցի կողքին, որտեղ ուսում է ստացել գրողը՝ ընտանիքով Լոս Անջելես տեղափոխվելուց առաջ:
«Ֆանտաստիկ ճանապարհորդություն» անունը կրող արձանը, որի բարձրությունը 3,5 մետրի է հասնում, պատկերում է Բրեդբերիին՝ գիրքը ձեռքին, որը փորձում է օդում նստել հրթիռի վրա: Տիեզերական սարքի ներսում ատամնանավակներ են, որոնք խորհրդանշում են գրողի անհանգիստ և հարցախույզ մտքի անվերջ ընթացքը:
Հայտնի է, որ արձանի գաղափարը ծագել է դեռևս 5 տարի առաջ: 2016թ.-ին այդ նպատակով հատուկ հիմնադրամ է ստեղծվել, որի աշխատակիցները ներկայացված 41 հայտերը դիտարկելուց հետո հավանություն են տվել Զախարի Օքսման անունով արտիստի մտահաղացմանը:
Բրեդբերին 20-21-րդ դարերի ամենանշանավոր գրողներից է: Նա ստեղծագործել է բազմաթիվ գեղարվեստական ժանրերում՝ ֆենթեզի, գիտաֆանտաստիկ, սարսափ և առեղծվածային։ Գրողն առավել հայտնի է իր «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» (1953) վեպով և «Մարսյան քրոնիկոն» (1950) պատմվածքների ժողովածուով։