Գեղարվեստական հաղորդում (183)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի:
Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում մրցանակների արժանացան Իրանահայ կինոռեժիսոր Անահիտ Աբադն ու իրանցի դերասան Հոմայուն Էռշադին:
«Բլու Նաուլեջ» հիմնադրամը Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում Անահիտ Աբադին և Հոմայուն Էռշադիին հանձնեց իր մրցանակները:
«Բլու Նաուլեջ»-ն իտալական հեղինակավոր հիմնադրամ է, որն աշխատանք է ծավալում հասարակական ու մշակութային բնագավառներում և «Մարկոպոլո»-ի նախագծի շրջանակներում կինոբեմադրության և դերասանության անվանակարգերում իր այս տարվա մրցանակները հանձնեց «Եվա» ֆիլմի հեղինակ Անահիտ Աբադին և իրանցի կինոդերասան Հոմայուն Էռշադիին:
Անահիտ Աբադին հանձնված պատվոգրում հատկապես նշված է. «Մրցանակը հանձնվում է արևելքից եկող ստեղծարար ու զգայուն կինոռեժիսոր Անահիտ Աբադին, որն իր ստեղծագործության մեջ ճշմարտությունը նկարագրում է նուրբ ու զգայացունց երազով»:
Հիմնադրամն այս տարի մրցանակներ հանձնեց նաև իտալացի պրոդյուսեր Պիեռ Պաոլո Պիաստրային, Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բունիառոյին և Վենետիկում Վենտո նահանգի մշակութային հարցերով տնօրեն Քրիստիանո Քոառթզարիին:

Իրանցի գրող Ֆարհադ Հասանզադեի գրչին պատկանող «Ինձ Զիբա կանչիր» գիրքը տպվել է Երևանում: Այն պարսկերենից հայերեն է թարգմանել Գևորգ Ասատրյանը:
Գիրքը նկարագրում է Թեհրանի բազմամարդ փողոցներում հոր ու դստեր հարաբերությունը և քաղաքում տիրող մթնոլորտը: Այն պատմում է մանկատանն ապրող 15-ամյա աղջկա՝ Զիբայի և հոգեբուժարանում գտնվող նրա հոր մասին: Զիբայի մայրը լքել է նրանց և ամուսնացել ուրիշ տղամարդու հետ:
Զիբայի հայրը մի օր զանգում է դստերը և նրանից օգնություն խնդրում` հոգեբուժարանից փախչելու համար: Զիբան օգնում է հորը: Նրանք միասին որոշում են Թեհրանի փողոցներից մեկում երկու հոգով նշել աղջկա տարեդարձը:
Զիբայի կյանքի պայմանները լիովին տարբերվում են իր տարեկիցների կենսապայմաններից: Գրքի հեղինակը փորձել է ընթերցողներին ցույց տալ, որ մարդիկ տարբեր կյանք են վարում:
Գրքի հեղինակ՝ Ֆարհադ Հասանզադեի ստեղծագործությունները գնահատանքի են արժանացել ավելի քան 30 փառատոնում և գրողների միություններում: Հասանզադեն 2017 թվականին առաջադրվել է Աստրիդ Լինդգրենի և 2018 թվականին՝ Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակների թեկնածու:

Սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 1-ը տեղի կունենա «Մանարյանական «Անհաղթ աքլորը» 40 տարեկան» խորագիրը կրող արխիվային լուսանկարների բացառիկ ցուցադրությունը:
Ցուցադրությունը նվիրված է հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի ծննդյան 95-ամյակին և Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի «Անհաղթ աքլորը» ներկայացման 40-ամյակին:
Ցուցադրության հանդիսավոր բացումը տեղի կունենա Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:
Հայ հանրությանը կներկայացվի Երվանդ Մանարյանի՝ տիկնիկային արվեստի ոլորտում ունեցած ծանրակշիռ դերակատարության և նրա կողմից բեմադրված «Անհաղթ աքլորը» տիկնիկային ներկայացման անցած ուղին։
Սեպտեմբերի 7-ին կտրվի նաև Տիկնիկային թատրոնի նոր թատերաշրջանի մեկնարկը:
Կապիտոլյան թանգարանի երկրորդ և երրորդ դարերի հին հռոմեական խճանկարների հավաքածուից մի քանի նմուշ, որոնք արտահայտում են Հռոմի վարպետների մանրակրկիտ ու գեղեցիկ աշխատանքը, սեպտեմբերի 5-ին ներկայացվեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում:
Ցուցադրությանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանն ասաց, որ «Հին Հռոմի գունեղ տեսիլները. խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» խորագրով ցուցահանդեսը, որում ներառված է խճանկարների ամբողջ հավաքածուն, ներկայացված է Հայաստանի ազգային պատկերասրահում: «Որպես գեղարվեստի բազմամյա սիրահար և նրբաճաշակ գնահատող, նախագահ Արմեն Սարգսյանը ցանկանում է ստեղծել ևս մեկ բացառիկ հնարավորություն հաղորդակցվելու իտալական մշակույթին, խորասուզվելու այն հեռավոր ժամանակների մեջ, երբ Հին Հռոմն ու Մեծ Հայքն ունեին բազմազան և հարուստ կապեր և, ինչու չէ, ավելի սերտացնելու մեր երկու երկրների նորօրյա միջպետական հարաբերությունները»,-նշեց Տարասյանը:
ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնական շնորհակալություն հայտնեց նախաձեռնության իրականացման գործում մեծ դերակատարություն ունեցած անձանց ու ընդգծեց, որ պատիվ է համարում նպաստել մշակութային քաղաքականության զարգացմանը, որը վարում է ՀՀ կառավարությունը:
«Մենք կարևորություն ենք տալիս մշակույթին, որը լուրջ զենք է և մեծ նշանակություն ունի երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում: Մշակույթը մեր ԴՆԹ-ն է»,-շեշտեց նա: Անդրադառնալով ցուցանմուշներին` դեսպանն ասաց, որ դրանք ընտրվել են` հաշվի առնելով խճանկարների մշակութային, պատմական արժեքը:
Ցուցահանդեսի համադրող Սաթենիկ Չուգազսյանի խոսքով` ցուցահանդեսը բացառիկ է: «Այս խճանկարները, գտնվել են 19-20-րդ դարերում և սկզբնական շրջանում չեն գնահատվել: Դրանց մի մասն է պահպանվել, մյուս մասը ոչնչացվել է:
Ցուցանմուշներն անգամ հռոմեացիներին չեն ներկայացել, քանի որ վերականգնված չեն եղել: Ռեստավրացիայից հետո ցուցադրվել են Բուլղարիայում, այնուհետև Վինչենցո դել Մոնակոյի նախաձեռնությամբ բերվել են Հայաստան»,-պատմեց նա:
Աշխարհի ամենահին թանգարանի՝ Հռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հավաքածուն ներառում է ինչպես առանձնատներից և այգիներից, այնպես էլ դամբարաններից գտնված եզակի օրինակներ։ Հայաստանի նախագահի նստավայրում ցուցադրվող երեք նմուշները հայտնաբերվել են Հռոմում՝ 19-20-րդ դարերի ընթացքում, երբ քաղաքը վերակառուցվում էր՝ դառնալով մայրաքաղաք:
Հին հռոմեական խճանկարների ցուցադրությունը Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրի հյուրերի համար կգործի մինչև սեպտեմբերի վերջ:
Ցուցահանդեսն իրականացնում են Հայաստանի ազգային պատկերասրահը և Հայաստանում Իտալիայի դեսպանատունը։
Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան 80» փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ առաջին անգամ Երևանում նոր գործիքավորմամբ ներկայացրեց կոմպոզիտորի կինոերաժշտությունը:
Երեկոն անցկացվեց սեպտեմբերի 6-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սմբատյանն ասաց, որ նվագախումբն անհավանական մեծ սեր է տածում Մանսուրյանի ստեղծագործությունների հանդեպ: «Մաեստրոյին բոլորն են շատ սիրում, իսկ այս փառատոնը յուրահատուկ է, քանի որ հնարավորություն է տալիս հանրության լայն շրջանակին մատուցել Մանսուրյանի բազմաժանր ստեղծագործությունները»,-նշեց նա:
Դիրիժորի խոսքով`Հայաստանում մաեստրոյին գնահատում են, որպես կինոերաժշտության մեծագույն վարպետի: «Նրա կինոերաժշտությունը թանկ է տարբեր սերունդների ներկայացուցիչների համար: Այն այնքան հզոր է, որ շատ երեխաներ, փոքրիկներ, երիտասարդներ, որոնք չեն դիտել ֆիլմերը, անգիր գիտեն երաժշտությունը: Երբ Մանսուրյանի հետ որևէ տեղ ենք գնում, իրարանցում է սկսվում. բոլորը ցանկանում են լուսանկարվել նրա հետ»,-պատմեց Սմբատյանն ու հավելեց, որ աշխարհը Մանսուրյանին ճանաչում է սիմֆոնիկ, կամերային բարդ ստեղծագործություններով` նրա համարելով նոր շունչ բերող կոմպոզիտոր:
Տիգրան Մանսուրյանն էլ ասաց, որ փառատոնի շրջանակում կազմակերպված համերգային երեկոներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում. հանդիսատեսը ջերմ է: Նա խոստովանեց, որ իր կինոերաժշտությունը շատ են սիրում:
Համերգային երեկոյին մանսուրյանական խորաթափանց երաժշտությանը զուգահեռ մեծ էկրանին ցուցադրվում էին հատվածներ «Աշնան արև», «Կտոր մը երկինք», «Գիքոր»-ը,«Մեր մանկության տանգո»-ն, «Ճերմակ անուրջներ»-ը և այլ սիրված կինոնկարներից, որոնցում հնչում են Մանսուրյանի ստեղծագործությունները
Երեկոյին, որն անցկացվեց մարդաշատ դահլիճում, ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մաեստրո Մանսուրյան 80» համերգաշարը մեկնարկել է սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի Վերածնունդ հրապարակում: Այնտեղ հնչել է մաեստրոյի կինոերաժշտությունը: Սեպտեմբերի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը թևածել է մաեստրոյի կամերային երաժշտությունը, որն ունկնդրին մատուցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անսամբլ Ղազարոս Սարյանի անվան լարային քառյակը: Համերգի մենակատարներ են եղել դաշնակահարներ Պավել Դոմբրովսկին, Իզաբելլա Մելքոնյանը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին և սոպրանո Աննա Ավդալյանը։
Սեպտեմբերի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը թավջութակահար Անյա Լեխների, ջութակահար Անուշ Նիկողոսյանի և դաշնակահար Հայկ Մելիքյանի հետ ներկայացրել է Տիգրան Մանսուրյանի գործիքային կոնցերտները։
Համերգաշարն ամփոփվելու է սեպտեմբերի 13-ին Գյումրիում՝ կրկին կինոերաժշտության կատարումներով:
Նախաձեռնությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

74 տարեկանում մահացել է սփյուռքահայ երգիչ Ադիս Հարմանդյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ադիս Հարմանդյանը մահացել է ԱՄՆ-ում. նա պայքարում էր քաղցկեղի դեմ ավելի քան 15 տարի:

Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 13-ն անցկացվելիք Նյու Յորքի 57-րդ միջազգային կինոփառատոնի «Վերածնունդ» ծրագրում կցուցադրվի Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Fixafilm լեհական ընկերության շնորհիվ վերականգնված Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ ֆիլմը։
Փարաջանովյան կինոյի սիրահարները նյույորքյան փառատոնում հնարվորություն կունենան դիտելու Վարպետի երեք վավերագրական կարճամետրաժները՝ «Եռաֆիլմ» խորագրով․ «Հակոբ Հովնաթանյան» (1967թ․,10 րոպե), «Կիևյան որմնանկարներ» (1966թ․,20 ր․) և («Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1986թ․,25 ր․)։
Ընդամենը մեկ տարվա ընթացքում վերականգնված «Հակոբ Հովնաթանյանը» հաջողությամբ ներկայացվել է միջազգային կինոփառատոներում, ֆորումներում, ինչպես նաև աշխարհի հայտնի թանգարաններում և պատկերասրահներում:

Փարիզի չորրորդ օկրուգում Պոմպիդուի կենտրոնի մերձակայքում սեպտեմբերի լույս 2-ի գիշերը գողացել են գրաֆիտի, որը վերագրվում Է բրիտանացի սթրիթ-արտ նկարիչ Բենքսիին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 3-ին հայտնել Է Ֆրանսիայի LCL հեռուստաալիքը:
Նկարն արվել Է Ռամբյուտոյի փողոցում ստորգետնյա կայանատեղի մուտքը նշող ճանապարհային նշանի հետին մասում: Գրաֆիտիում պատկերված Է առնետ՝ Բենքսիի աշխատանքների կուլտային գործող անձ: Գողության փաստով ոստիկանությունը հետաքննություն Է վարում:
Դա Բենքսիի գրաֆիտիի գողության առաջին դեպքը չԷ Փարիզում: Հունվարին անհայտ անձինք գողացել Էին Բենքսիի այն գործը, որն արվել Է 2015 թվականի նոյեմբերի 13-ի ահաբեկչական գործողության զոհերի հիշատակին Փարիզի «Բատակլան» համերգասրահի արեւմտյան ելքի դռանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: