Գեղարվեստական հաղորդում (185)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր գործընկերը:
Թեհրանցիները մեկ շաբաթ շարունակ առիթ ունեցան հաղորդակից դառնալու թվով 8 հայաստանցի գրաֆիստի ստեղծագործական աշխարհին:
«Դենա» գալերիայում ցուցադրության էր հանվել Հայաստանի եւ Իրանի գրաֆիստների ստեղծագործություններից թվով 31 կտավ՝ «Հանրային տրամադրություն» անվանումը կրող ցուցահանդեսով:
Ցուցահանդեսի բացումը կատարվեց ուրբաթ, սեպտեմբերի 20-ին Իրանի եւ Հայաստանի գրաֆիստների համատեղ ներկայացված աշխատություններով:
«Հանրային տրամադրության» համադրող՝ Ալի Անսարին խոսելով ցուցահանդեսին Հայաստանից մասնակցած նկարիչների ընտրության մասին «Ալիք»-ին հայտնեց, որ նա գործը վստահել էր իր ընկերոջը՝ Արարատ Մինասյանին, ում տված խորհուրդներով էլ առաջնորդվել եւ մասնակիցների ցուցակում տեղ են գտել մյուս 7 հայաստանցի գրաֆիստները: Նա հավելեց, որ նպատակը երկու ժողովուրդների մշակութային կապերի ամրացման ծրագրերի շրջանակում գրաֆիստների ներաշխարհը միմյանց հաղորդակից դարձնելն է եղել: Հատկանշական է, որ Անսարին Երեւանի Պետական համալսարանի շրջանավարտ է:
Ցուցահանդեսի հայաստանյան կողմի համադրությունները վստահված էր Արփա Հակոբյանին:
Ցուցահանդեսին ներկայացված հայաստանյան գրաֆիստների թվով 19 ստեղծագործությունների կողքին ներկայացված էին նաեւ նույն քանակությամբ իրանցիներ՝ 12 կտոր աշխատությունով:
Իրանական գործընկերների ստեղծագործությունների մասին խոսելով Արարատ Մինասյանը հայտնել է, որ իրանական կողմի գործերում հաճախ աչքի է ընկնում արեւելյան միստիկայի ու վերացարկումների ճչացող համատեղումը ժամանակակից քաղաքացու մտորումներում: «Սա ինձ նույնքան դուր եկավ, ինչքանով, ասենք, անհասկանալի թվաց հասարակ կյանքը աննկատ թողնելը»,- նշում է երեւանաբնակ արվեստագետը:
Ցուցահանդեսին Հայաստանից մասնակցում էին Մերի Կարապետյանը, Քարոլին Սեմերճյանը, Կարինե Առուստամյանը, Վահիկ Հարությունյանը, Մարիա Իրոսալիմսկայան, Թենի Ադամյանը, Գոհար Մարտիրոսյանը եւ Արարատ Մինասյանը:
«Հանրային տրամադրութիւն»-ը շարունակեց մնալ պատից կախված մինչեւ չորեքշաբթի, սեպտեմբերի 25-ը, «Դենա» ցուցասրահում:

Անահիտ Աբադը պատրաստվում է իր առաջին լիամետրաժ ֆիլմի էկրանավորմանը՝ ԱՄՆ-ում:
«Եվա»-ն սկսած հոկտեմբերի 25-ից էկրան պիտի բարձրանա Նյու Յորքի կինոդահլիճներում:
«Եվա»-ի ամերիկյան շրջագայության մեկնարկը Նյու Յորքում տրվելուց հետո նոյեմբերի 1-ից ֆիլմը կցուցադրվի Լոս Անջելեսի կինոսրահներում, ապա կհայտնվի մյուս նահանգների էկրաններին:
Ֆիլմի կապակցությամբ տպագիր մամուլում գրախոսական հոդվածով է հանդես եկել UCLA-ի դասախոսական կազմի անդամ՝ Զարեհ Առուշանյանը:
ԱՄՆ-ում ֆիլմի էկրանավորումը իրականացվում է «Վեներաֆիլմս» ընկերության ջանքերով, ինչը տնօրինվում է Կարինե Նազարյանի միջոցներով:

Արևմտահայ մեծանուն գրող, երգիծաբան, լրագրող և հրապարակախոս Երվանդ Օտյանի գրչին պատկանող բացառիկ ու հետաքրքիր նմուշներ, որոնք երկար տարիներ պահվում են Ազգային գրաֆոնդում, ներկայացվեցին հանրությանը:
Օտյանի 150-ամյակին նվիրված ցուցահանդեսը բացվեց գրողի ծննդյան օրը` սեպտեմբերի 19-ին, Հայաստանի ազգային գրադարանում:
Գրադարանի գիտական ընթերցասրահի ենթաբաժնի վարիչ Արևիկ Զախարյանը շեշտեց, որ Երվանդ Օտյանն իր ուրույն տեղն ունի հայ գրականության մեջ, և նրա երգիծական ստեղծագործությունները միշտ էլ այժմեական են: «Ցուցադրությունում տեղ են գտել Օտյանի գործերի տարբեր տարիների հրատարակությունները` սկսած 1909 թվականից մինչև մեր օրեր: Առանձին տեղ են գրավում պարբերական մամուլի հրատարակությունները, ինչպես նաև նրա մասին ասված տարբեր գրողների խոսքերն ու ասույթները»,-ասաց Զախարյանը:
«Թե ինչքան է ապրում գրողը ժողովրդի հիշողության մեջ, պայմանավորված է նրանով, թե ինչքան է յուրաքանչյուր ժամանակ այդ գրողի գործերում գտնում հարցերի պատասխանները: Օտյանն ավելի քան արդիական է այսօր. արդիական է հեղափոխականի և հեղափոխության նկատմամբ իր գնահատականներով ու վերաբերմունքով: Օտյանի ստեղծագործություններում պետք չէ որոնել այս կամ այն անձին, թեպետ նրա գործերում եղել են հերոսների նախատիպեր տարբեր կուսակցություններից: Երվանդ Օտյանն իր ինքնահարցազրույցում նշել է, որ մեր կռիվը ոչ թե անձի, խմբակցության, կուսակցության, այլ կեղծիքի, շահագործման դեմ է»,-ընդգծեց բանասիրական գիտությունների թեկնածու, պետական գործիչ Սերժ Սրապիոնյանը:
Նրա խոսքով` Օտյանը մեր երկրի հարստությունն է և լավ կլինի, եթե պատկան մարմինները նախաձեռնեն լույս ընծայել նրա երկերի լիակատար ժողովածուն: «Երվանդ Օտյանի քաղաքական երգիծանքը արդիական է ոչ միայն հայերի, այլև հետխորհրդային գրեթե բոլոր երկրների, ի վերջո աշխարհի համար: Նա համաշխարհային մեծություն է»,-եզրափակեց Սերժ Սրապիոնյանը:

Մեկ տարի է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը ստացել է հայկական ողջ կինոժառանգության օգտագործման իրավունքը։ Մի քանի լրագրողների հետ հանդիպմանը Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն ասաց, որ այդ ֆիլմերը թվայնացված են, բայց վերականգնված չեն։
«Իհարկե, թվայնացված են վատ որակով, սակայն դրանք ցուցադրվում են հեռուստաընկերություններով։ Թեկուզ այդպես, պետք է ցուցադրվեն, որպեսզի չմոռանանք, մինչև կարողանանք հասնել այն կետին, որ ունենանք թվային ողջ տեխնիկան ու կարողանանք վերականգնել ողջ ժառանգությունը»,- նշեց նա։
«Խոսքը 468 ֆիլմի մասին է, որոնք ստեղծվել են 1925-2015 թվականներին։Հայկական հեռուստաընկեությունները հետաքրքրված են հայկական ֆիլմերի ցուցադրությամբ»,ասաց Շուշանիկ Միրզախանյանը։
Նա նշեց, որ իրենք այժմ մշակում են մեծ ծրագիր, որը պետք է ներկայացնեն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Նրա ներկայացմամբ, խոսքը, ամբողջ կինոժառանգության վերականգնման գործընթացի մասին է։
«Պետք է ծրագիրը ներկայացնենք նախարարությանը, որպեսզի կարողանանք գումարներ ստանալ լաբորատորիա հիմնելու, մասնագետներ կրթելու, ժավապենները վերականգնելու համար։ Դրան զուգահեռ պետք է մեր Ազգային արխիվը հետազոտենք՝ հասկանալու, թե այնտեղ ինչ ունենք, ինչպես է պահպանվել»,- նշեց նա։
Նա ընդգծեց, որ հայկական կինոժառանգության պահպանությունը շատ կարևոր է, ինչը թեև երկարաժամկետ ծրագիր է, բայց իրենք պատրաստ են աշխատել։

Մոսկվայում մեկնարկել է եզակի նախագիծ` ռեժիսոր և նկարիչ Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդեսը: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս հաղթահարել երկրների և քաղաքների միջև հեռավորությունը, ցուցադրել Փարաջանովի ստեղծագործական հանճարի ուժը Մոսկվայի հնարավորինս շատ բնակիչների: Մեր վիրտուալ թանգարան մուտք գործելու համար տոմսերի և հրավիրատոմսերի անհրաժեշտություն չկա, բավական է մի սեղմում:
Այս նախագծի վրա աշխատել է Հայկական մշակույթի աշնանային շրջանի կազմակերպիչների թիմը` Մոսկվայի հայկական թանգարանի և Երևանում Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի հետ համատեղ: Տեխնիկական որոշումները մշակել է Շրջանի պաշտոնական գործընկեր ARLOOPA ընկերությունը:
Սերգեյ Փարաջանովի վիրտուալ ցուցահանդեսը հասանելի է Մոսկվայի հայկական թանգարանում, ԼՍԱՐԱՆ կրթական կոնֆերանսում, Սերգեյ Պրոկոֆյեվի թանգարանում, Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու տաճարային համալիրի տարածքում` Օլիմպիյսկի պողոտայում:
Փարաջանովի անհավանական պատկերների աշխարհ խորասուզվելու համար բավական է ներբեռնել ARLOOPA հավելվածը, գտնել անհրաժեշտ երկրապիտակը և վայելել ցուցահանդեսը:
ARLOOPA ընկերությունը զբաղվում է լրացված և վիրտուալ իրականությամբ բջջային հավելվածների և խաղերի մշակմամբ, մատուցում է լայն AR և VR ծառայություններ, օգտագործում է լրացված իրականութան, պատկերների և համակարգչային տեսողության ճանաչման տեխնոլոգիաները` իրականությունը հարուստ ինտերակտիվ բովանդակությամբ անկրկնելի արկածի վերածելու համար»,-նշում են կազմակերպիչները։

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի և «Վարդանանց ասպետներ» թիվ 106 դպրոցի համատեղ ջանքերով կներկայացվի «Վարդանանք» պատմավեպը՝ գրական թատրոնի ժանրում:
Ներկայացումն իրականացվում է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանի նախագծով և սցենարով, «Վարդանանց ասպետներ» թիվ 106 դպրոցի մանկավարժներ Գոհար Բաղդագուլյանի, Ներսես Մարգարյանի բեմադրությամբ և տնօրեն Մարինե Վարդանյանի ղեկավարությամբ:
«Սա դասական ստեղծագործության նորօրյա մեկնաբանություն է, որն ածանցված է Դերենիկ Դեմիրճյանի գրական հենքից և խիստ հավատարիմ է գրողի տեքստին ու ոճին: Նախագծի նպատակն է այսօրվա կյանքի արագ ռիթմին համընթաց՝ ճանաչելի և սիրելի դարձնել ստվարածավալ դասական երկը, խթանել այն մարդկանց հետաքրքրությունը, որոնք հակված են առավել խորությամբ առնչվել դասական գրականության հետ»,- ասել է Կարինե Ռաֆայելյանը։

Անվանի հայ լուսանկարիչ, լրագրող Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը բացվելու է Նյու Յորքում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Ցուցահանդեսում ներկայացվելու է Գյուլերի լուսանկարների այն շարքը, որտեղ պատկերված է 1950-ական թվականների Ստամբուլը:
Հայտնի է, որ Նյու Յորքից հետո ցուցահանդեսի հաջորդ կանգառը լինելու է Հռոմը:
Թուրքիայի նախագահականի նախաձեռնությամբ, Արա Գյուլերի թանգարանի, արխիվի և ուսումնասիրությունների կենտրոնի համագործակցության շրջանակներում արվեստագետի ստեղծագործությունները ցուցադրվում են աշխարհի կարևոր քաղաքներում: Լոնդոնից, Փարիզից և Կիոտոյից հետո չորրորդ կանգառը Նյու Յորքն է:

Փարիզում 96 տարեկանում մահացել է հայկական ծագումով ֆրանսիացի հայտնի դերասան Շառլ Ժերարը՝ Շառլ Աճեմյան (Նուբար Աճեմյան)։
Շառլ Ժերարը ծնվել է Մարսելում։ 1957 թվականից ի վեր նկարահանվել է շուրջ 50 ֆիլմերում։
Նկարահանվել է Ռ. Պոտիեյի «Ճակատագիր» ֆիլմում։ Նրան հռչակ և ճանաչում է բերել «Փամփուշտը տակառում» ֆիլմը։ Խաղացել է դերասաններ Ժան Պոլ Բելմոնդոյի, Պիեռ Ռիշարի, Լինո Վենտուրայի և այլոց հետ, աշխատել ֆրանսիական կինոյի հայտնի ռեժիսորների Կլոդ Զադինի, Ֆրանսիս Վեբերի, Կլոդ Լելուշի, Անրի Վեռնոյի հետ։ 1970 թվականին ռեժիսոր Լելուշը նրան հրավիրել է նկարահանվելու «Անպիտանը» ֆիլմում և նրանց ընկերությունը հանգեցրել է այն բանին, որ Ժերարը նկարահանվել է Լելուշի 18 ֆիլմերում։
Որպես ռեժիսոր նկարահանել է «Թշնամին խավարում», «Մարդկանց օրենքը», «Մաֆիային դավաճանած մարդը» ֆիլմերը։