Գեղարվեստական հաղորդում (186)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի:
------------------
Իրանահայ վաստակավոր եւ հանրահայտ Գրիգոր Յաղուբյանի (Յաղուբի) ամբողջական կտավների 2-րդ ցուցահանդեսը եւ նույն պաստառներին համապատասխան գունագեղ ալբոմի շնորհանդեսը տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ին Թեհրանի «Նիավարան» մշակութային համալիրի կենտրոնական ցուցասրահում:
Միջոցառմանը ներկա էին մեծ թվով գեղարվեստասեր այցելուներ եւ այդ բնագավառի երեւելի ներկայացուցիչներ, որոնց թվում իրանահայ ավագ արվեստագետ՝ վերամշակող-գեղանկարիչ Սեդրակ Նազարյանը:
Միջոցառման բացումը կատարեց համալիրի պատասխանատուն, այնուհետեւ հրավիրեց վաստակավոր արվեստաբան Նեմաթոլլահ Քեյքավուսիին՝ օրվա առթիվ արտահայտվելու:
Պրն. Քեյքավուսին իր հակիրճ բանախոսության ընթացքում դրվատանքի խոսքերով անդրադարձավ վերջին տասնամյակներում ստեղծագործած իրանահայ նկարիչներ՝ Սիրաք Մելքոնյանի, Հարություն Մինասյանի, Մարքո Գրիգորյանի, Էդման Այվազյանի, Միշա Շահբազյանի, Սեդրակ Նազարյանի, Վարդան Վարդանյանի, Երվանդ Նահապետյանի, Անդրե Սեւրուգինի (Դարվիշ) եւ մի շարք այլ արվեստագետ գեղանկարիչների մշակութային ներդրումների վերաբերյալ, նշելով, որ՝ նրանք ծառայել են հայերի եւ իրանական հայրենիքի գեղարվեստի վերելքի գործին, եւ ուրախություն հայտնեց, որ Գրիգոր Յաղուբյանի ցուցահանդեսը հարմար առիթ է ստեղծել հիշելու եւ մեծարելու այդ արվեստի գործիչներին: Բանախոսը անդրադարձավ նաեւ իրանահայության մասնակցությանը` երկրի մշակութային եւ գիտամշակութային բնագավառներում եւ երախտագիտություն հայտնեց:
Այնուհետեւ հրավիրվեց Գրիգոր Յաղուբյանը, ով իր հերթին արտահայտվեց օրվա առթիվ եւ իր շնորհակալությունը հայտնեց մշակութային համալիրի պատասխանատուներին:
Այնուհետև տեղի ունեցավ Գրիգոր Յաղուբյանի գործերից տպագրված շքեղ ալբոմի շնորհանդեսը:
Գրիգոր Յաղուբյանի պաստառները դիտելիս այցելուին թվում է թե նավարկում է եւ ընկղմվել է գույների ծովում, հոգեպես վերանալով դեպի տիեզերքի անհունություն, նրա անծայրածիր սահմաններում առկա գերբնական հոլովույթները դիտելու, ջերմությունը զգալու եւ մարդկային հոգեպարար մտորումներով ըմբռնելու տեղում առկա երեւույթները, որոնք մինչ այդ պահը բացարձակապես աննկատ էին մնացել իր մտապատկերում, որոնք ներթափանցում են նրա հոգու խորքերը գեղարվեստագետի վրձնի զորությամբ, արվեստագետ, որը միշտ մի քայլ ավելի առաջ է շրջապատից եւ տեսնում է այն բոլորը, որոնց տեսնելուց ու զգալուց մինչ այդ հեռու էր եղել այցելուն…
Այսպիսով փաստվում է արվեստի եւ արվեստագետի կարողականությունն ազդեցիկ կերպով ներթափանցելու մարդու ներաշխարհ, որը արվեստի բոլոր տարատեսակ բնագավառների ընդհանրական հատկությունն է, որը դրսեւորվում է ստեղծագործող շնորհալի վարպետների կողմից:

Կոմիտաս վարդապետի եւ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առիթով՝ Թեհրանի հայոց թեմում իրականացել են միջոցառումներ: Այդ շրջագծում սեպտեմբերի 26-ին, որը համընկնում էր Կոմիտաս վարդապետի ծննդյան օրվան, երկու հոբելյարներին նվիրվել էր համերգային երեկո, նախաձեռնությամբ՝ Հ. Մ. «Արարատ» կազմակերպության Արվեստից միության, որը իրականացրեց «Արարատ» երգչախումբը, խմբավարությամբ՝ Արփի Սիմրոջյանի եւ Ալին Թաշճյանի դաշնամուրային կատարումներով: «Արարատ» մարզավանի «Մաջնունյան» սրահում իրականացված համերգին, հնչեցին երգեր Կոմիտասից, Թումանյանի գրչին պատկանող ստեղծագործություններից կտորներ, նաեւ հայկական ժողովրդական երգեր: Երկժամյա համերգին, որի ընթացքում որոշ կտորներ ներկաների բուռն ծափողջույնների բերումով կրկնվում էին, Արվեստից միության անունից ներկաներին ողջունեց եւ այդ ընթացքում երգերի ու հեղինակների մասին բացատրություններ փոխանցեց Էմիլ Սեթխանյանը: Վերջում Հ.Մ.Ա.Կ-ի կենտր. վարչության նախագահ Հարմիկ Զովելյանը գնահատանք հայտնեց երգչախմբին:

Կոմիտաս վարդապետի թողած հարուստ մշակութային ժառանգությունը հանրահռչակելու նպատակով Կոմիտասի ծննդյան օրը` սեպտեմբերի 26-ին, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը:
Փառատոնի բացման համերգային երեկոյին ելույթ ունեցան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, սոպրանո Կարինե Բաբաջանյանը, «Գեղարդ» երգեցիկ խումբը, տենոր Շտեֆան Ֆինկեն, Երևանի պետական կամերային երգչախումբը, բարիտոն Լուկա Բրունոն, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, դաշնակահար Տակահիրո Ակիբան և Հայաստանի պետական կամերային երգչախումբը:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանն ասաց, որ թանգարան-ինստիտուտը կազմավորման օրից անցկացնում է այս փառատոնը, որը տարիների ընթացքում դարձել է գիտաժողով-փառատոն: «Այն ունի իր բարեկամներն աշխարհի տարբեր երկրներում, որոնք միջոցառման շրջանակում հյուրընկալվում են մեզ մոտ: Այս տարի գիտաժողով-փառատոնն առանձնակի շեշտվածություն ունի՝ կապված վարդապետի 150-ամյա հոբելյանի հետ, որն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո: Վստահ եմ, որ բազում գեղեցիկ պահեր ենք ապրելու առաջիկա համերգների ընթացքում»,-նշեց նա:
Գիտաժողով-փառատոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանի խոսքով՝ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է, ինչը նշանակում է, որ 19-րդ դարի կեսին սկիզբ առած կոմպոզիտորական արվեստն իր եվրոպական ավանդույթներով սկսեց ազգայնացվել և Կոմիտասի ժառանգությամբ վերածվեց ազգային մշակույթի օրգանական ճյուղի:
«Կոմիտասին հաջողվեց ստեղծել երաժշտական մտածողության մի ձև, որն անչափ տիպական էր հայ ժողովրդին, բայց այդ մտածողությամբ հայ ժողովուրդը չէր ստեղծել իր երաժշտական մշակույթը: Նա մարդ էր, որը մի ամբողջ ժողովրդի համար ստեղծել է մտածողության յուրահատուկ տեսակ»,-շեշտեց Նավոյանը:
Այս տարի գիտաժողով-փառատոնի շրջանակներում նախատեսվում են միջոցառումներ Գերմանիայում:
«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի հիմնական նպատակներից մեկը Վարդապետի ժառանգության միջոցով հայ երաժշտական մշակույթի հանրահռչակումն է եվրոպական մշակութային տարածքում և XIX դարավերջի ու XX դարասկզբի եվրոպական մշակույթի տարածումը հայկական միջավայրում: Այն հիմնվել է 2014 թվականին ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ: Նախորդ չորս տարիներին գիտաժողով-փառատոնն անցկացվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կողմից՝ ներգրավելով միջազգային հեղինակություն ունեցող երաժիշտների և գիտնականների:
Հայաստանում մշակութային տուրիզմը զարգացնելու նպատակով անցկացվելու է «Սիլք Նոութ» փառատոնը, որի շրջանակում Երևանում ելույթ են ունենալու համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին փառատոնի նախաձեռնողները:
«Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը շեշտեց, որ մշակութային տուրիզմը Հայաստանում բավականին հեռանկարային ուղղություն է` հաշվի առնելով երկրի պատմամշակութային արժեքները, գործոններ, որոնք Հայաստանը գրավիչ են դարձնում:
«Մեր երկրում զբոսաշրջության զարգացման հետ կապված բացը կարող ենք լրացնել մասսայական միջոցառումների, փառատոների միջոցով»,-ասաց նա ու հավելեց, որ նման նախաձեռնությունների շրջանակում անհրաժեշտ է ներգրավել հանրահայտ երաժիշտների, խմբերի, որոնց սիրում է աշխարհը:
«Սիլք Նոութ» փառատոնի տնօրեն Արազ Բաղդասարյանն էլ ընդգծեց, որ փառատոնը ճանաչված ստեղծագործողների շնորհիվ հնարավորություն կտա Հայաստանի վրա հրավիրել միջազգային մամուլի ուշադրությունը և, երաժիշտների գործոնն օգտագործելով, մեր երկիր բերել բազմաթիվ զբոսաշրջիկների: «Փառատոնն իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան թե’ լուսային, թե’ տեխնիկական սպասարկման առումով: Ամբողջ տեխնիկան բերվելու է արտասահմանից, սպասարկող անձնակազմը Եվրոպայից է»,-տեղեկացրեց Բաղդասարյանը:
Նա ասաց, որ արդեն իսկ կան պայմանավորվածություններ, և փառատոնի ընթացքում Հայաստան են գալու զբոսաշրջիկներ Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, եվրոպական երկրներից: «Հրավիրյալ խմբերը փառատոնի և Հայաստանի մասին տեղեկություններ են տարածում իրենց պաշտոնական էջերում, որոնց հետևում են միլիոնավոր մարդիկ»,-եզրափակեց փառատոնի տնօրենը:
«Սիլք Նոութ»-ի շրջանակում նոյեմբերի 6-ին տեղի կունենա «Գրեմմի» մրցանակի դափնեկիր և «Բրիտս» մրցանակի առաջադրված աշխարհահռչակ «Jamiraquai» խմբի համերգը, նոյեմբերի 8-ին տեղի կունենա էլեկտրոնային երաժշտության միջազգային հարթակում աշխարհահռչակ բենդերից մեկի՝ «Parov Stelar»-ի համերգը: Խումբը «Amadeus Austrian Music Awards»-ի հաղթող է, իսկ նոյեմբերի 10-ին Հայաստանում հանդես կգա կիթառահար Էլ Դի Մեոլան, որն արժանացել է բազմաթիվ բարձրագույն պարգևների, համարվում է աշխարհի երեք ամենահայտնի կիթառի վարպետներից մեկը։
Բոլոր համերգային ծրագրերը տեղի կունենան Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Համերգներից ստացած ամբողջ հասույթն ուղղվելու է մարզերում մշակութային օջախների արդիականացմանը։
Փառատոնը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և «Մշակութային տուրիզմի զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վերաբացվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայր Վեհարանը ։
Նորաշեն վեհարանը 500-ից ավելի նմուշներով ինքնատիպ թանգարան է:
Հայրապետական նստավայրի արվեստի հավաքածուի մեջ տարբեր երկրներ և գեղարվեստական դպրոցներ ներկայացնող նմուշներ են: Դրանց մեծ մասը մեր մշակութային ժառանգության, մեծամասամբ գեղանկարչության գլուխգործոցներ են:

Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցում տեղի ունեցավ բանաստեղծուհու արձանի բացումը: Հեղինակը Լևոն Թոքմաջյանն է: Լրագրողների հետ զրույցում քանդակագործն ասաց, որ Ս. Կապուտիկյանի մարմար քանդակն իր նվերն է դպրոցին բանաստեղծուհու 100-ամյակի առիթով։
«Ես մտածեցի, որ Սիլվայի կերպարը պետք է ստեղծեմ այնպես, ինչպես առաջին անգամ իրեն հանդիպել եմ՝ ծիծաղը երեսին, ժպտերես, իր բարի վերաբերմունքով։ ինձ շատ դժվար էր վերականգնել այդ զգացողությունը։ Հեշտ կլիներ վերցնել մի լուսանկար, բայց իմ խնդիրը դա չէր, այլ վերարտադրել իմ հիշողությունը։ Ինչքան ինձ հնարավորություն եղավ,... ինձ հաջողվել է։ Ինձ շատ օգնեցին իր տուն-թանգարանի աշխատողները»,- ասաց Լ. Թոքմաջյանը։
Նրան թվում է, որ Սիլվա Կապուտիկյանն որպես աղավնի այսօր ծվարել է իր անունը կրող դպրոցի բակում։
«Սա է արվեստագետի երջանկությունը»,- ասաց նա։
Լ. Թոքմաջյանը նշեց, որ բավականին երկար է աշխատել արձանի վրա, քանի փնտրտուքի մեջ է եղել, արել է, քանդել, «չէր ստացվում այն Սիլվան, որ ուզում էի»։
Նշենք, որ այս տարվա ընթացքում Հայաստանում անցկացվում են մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ:

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Փարիզում կայացել է «Շառլի հայացքը» ֆիլմի նախնական պրեմիերան, որը նվիրված է ֆրանսահայ մեծանուն շանսոնյեին: Ֆիլմը նկարահանվել է երգչի կողմից տարիներ շարունակ նկարած սեփական արխիվի հիման վրա։
«Elysées – Biarritz» կինոթատրոնում ֆիլմի առաջին դիտողներն Ազնավուրի հարազատներն ու ընկերներն են եղել:
Շառլ Ազնավուրի կողմից նկարված կադրերն ուղեկցվում են Ազնավուրի լավագույն երգերով։
«1948 թվականին ֆրանսիական շանսոնի թագուհի Էդիթ Պիաֆը նվիրեց Շառլին իր կյանքի առաջին տեսախցիկը, որից Ազնավուրն էլ երբեք չբաժանվեց։ 1980-ականների սկզբին, երբ նկարահանված նյութն արդեն կազմում էր տասնյակ ժամեր, ստեղծվեց յուրահատուկ օրագիր»,-ասել է ֆիլմի ռեժիսոր Մարկ դի Դոմինիկոն։
Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը կյանքից հեռացավ 2018թ.-ի հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում, Ֆրանսիայի իր տանը: