Հոկտեմբեր 12, 2019 15:38 Asia/Yerevan

Ողջույն բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները » հաղորդաշարի այս շաբաթվա համարում կանդրադառնանք տարածաշրջանի կարևոր իրադարձություններին, այդ թվում ՀՀ վարչապետի հետ Իրանի դեսպանի հրաժեշտի հանդիպմանը, Երևանում WCIT 2019 միջազգային համաժողովի կայացմանը, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը և Ադրբեջանի վարչապետի հրաժարականին:

 

---------------------

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

ՀՀ վարչապետն իր գնահատանքն է հայտնել դեսպանի գործունեության ընթացքում հայ-իրանական հարաբերությունների զարգացման կապակցությամբ, ինչը դրսևորվել է երկկողմ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերով և Հայաստան-Իրան համագործակցության ամրապնդմամբ:

ՀՀ-ում Իրանի դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին գնահատականի համար և նշել, որ իր հետագա գործունեության ընթացքում շարունակելու է ջանքեր գործադրել Հայաստան-Իրան հարաբերությունների սերտացման ուղղությամբ: Նրա խոսքով՝ երկկողմ գործակցությունը կայուն զարգանում է, և դրան մեծապես նպաստել են ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Իրան և Իրանի նախագահի այցը Հայաստան, որոնց շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ աշխատանքը դինամիկ ընթանում է:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքի և անելիքների վերաբերյալ:

Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Սաջադին նաև հանդիպել է ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին:

--------------------

ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ հանդիպման ժամանակ, ընդգծել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ընկերությունների և ստարտափերի համար հատուկ պարկ կառուցելու մասին պայմանավորվածության իրականացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԻԻՀ նախագահի Հայաստան կատարած այցին, Ազարի Ջահրոմին  տեղեկացրել է երկու երկրի համագործակցության ծավալները կրկնապատկելու  Հասան Ռոհանիի կարգադրության մասին:

Նա ասել է.«Իրանը և Հայաստանը կարող են համագործակցել տվյալների տարանցման, ստարտափերի աջակցման և անդրսահմանային մասնագետ ուժերի ապահովման ոլորտներում»:

Ընդգծելով, որ Իրանը  կապի ոլորտում կարևոր գործընկեր է Հայաստանի համար, Արշակյանն ասել է.«Իրանի սահմանամերձ տարածքում գտնվող Մեղրի ազատ գոտին  կարող է նկատի առնվել, որպես հարմար միջավայր՝ Իրանի հետ համագործակցության և իրանական ընկերությունների համար հատուկ պարկ ստեղծելու համար»:

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը Հայաստանում մասնակցել է «WCIT 2019» տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին:

-------------------

«Սինոփսիս Հայաստանի» նախագահ Երվանդ Զորյանը խոսել է Հայաստանում WCIT 2019 միջազգային համաժողովի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խնդիրների մասին։

------------------

Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը եւ Սերգեյ Լավրովն Աշգաբադում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք այսօր լավ հնարավորություն ունենք Աշգաբադում ԱՊՀ ԱԳՆԽ-ի շրջանակում անցկացնել երկկողմ հանդիպում եւ տեսնել, թե ինչպես ենք մենք կատարում մեր ղեկավարների՝ ՌԴ նախագահի եւ Հայաստանի վարչապետի պայմանավորվածությունները»,-ասել Է Լավրովը հանդիպման սկզբում:

Նրա խոսքով՝ երկրների միջեւ շատ ինտենսիվ երկխոսություն Է ընթանում թե՛ առաջին դեմքերի, թե՛ արտաքին գործերի նախարարների, թե՛ արտաքին քաղաքական գերատեսչությունների աշխատակիցների մակարդակով՝ չխոսելով արդեն շատ ինտենսիվ տնտեսական փոխգործակցության մասին: «Այնպես որ մենք այսօր կկարողանանք պարզել՝ Էլի ինչ Է անհրաժեշտ անել, որպեսզի ամեն ինչ ընթանա առանց որեւէ խափանման»,-նշել Է Լավրովը:

«Անշուշտ, սա շատ լավ հնարավորություն Է՝ քննարկելու մեր գործակցությունը միջազգային կազմակերպություններում՝ ԵԱՀԿ-ում, Եվրախորհրդում, ՄԱԿ-ում եւ, իհարկե, հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն միավորումներում»,-հավելել Է ՌԴ ԱԳ նախարարը: Իր հերթին Զոհրաբ Մնացականյանը նույնպես նշել Է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ փոխգործակցության մեծ ինտենսիվությունը: Նրա խոսքով՝ երկու երկրների միջեւ «կարծիքների դրական փոխանակում Է ընթանում միջազգային օրակարգի, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերի շուրջ»:

----------------------

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2%-ով, մասնավորապես՝ արտահանման ծավալն ավելացել է 4.6%-ով, ներմուծումը՝ 0.7%-ով։

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող 2019 թվականի հունվար-օգոստոսի ցուցանիշները, որոնց համաձայն՝ 2019 թվականի առաջին կիսամյակում արտահանման գծով գրանցված անկումից հետո արտահանման աճի տեմպը շարունակում է վերականգնվել՝ հունվար-օգոստոսին գրանցելով 4.6% աճ։ Ընթացիկ տարվա օգոստոս ամսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ ևս արձանագրվել է արտահանման աճ՝ 13.5%։ 2019 թվականի հուլիսի նկատմամբ օգոստոսին արտահանման ծավալն ավելացել է 0.6%-ով։

2019 թվականի հունվար-օգոստոսին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեն ԱՊՀ երկրները՝ 30.5%, որից 27%-ը բաժին է ընկնում միայն Ռուսաստանին։ ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառության տեսակարար կշիռն ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ 21.8% է։ Այլ երկրների  շարքում ՀՀ խոշոր առևտրային գործընկերներից են Չինաստանը՝ 11.9%, Շվեյցարիան՝ 6.5%, Իրանը՝ 5%։

----------------------------------

Ադրբեջանի նախկին վարչապետ Նորուզ Մամեդովի պաշտոնաթողությունից հետո, Ադրբեջանի ազգային ժողովի պատգամավորները, նախագահի տնտեսական խորհրդական Ալի Ասադովին ընտրել են որպես երկրի նոր վարչապետ:

Բաքվի իշխանություններին կապված ԶԼՄ-ներում չի նշված 2018 թվականից վարչապատի պաշտոնը զբաղեցրած Նորուզ Մամեդովի հրաժարականի պատճառը:

Ալի Ասադովը նշանակվել է Ադրբեջանի  վարչապետ, չնայած որ նա այդ երկրի հասարակության մեջ հայտնի քաղաքագետ չէ: Վարչապետ ընտրվելուց հետո, Ալի Ասադովը բարձր է գնահատել խորհրդարանի վստահությունը  և ասել է.«Ամեն ինչ անելու եմ Իլհամ Ալիևի կառավարության նպատակները առաջ տանելու համար»:

Փաստորեն, Ալի Ասադովի հայտարարությունները պետք է համարել որպես Ադրբեջանի նախագահին և կառավարությանը նրա հավատարմությունը հայտնելու քայլ:

Փաստորեն պետք է ասել, քանի որ Ադրբեջանը ներգրավված է միջազգային խոշոր նախագծերում, ինչպիսիք են «Հյուսիս-հարավ»-ը, այդ երկրի արտաքին քաղաքականությունը որոշակի փոփոխությունների է ենթարկվում: Այս փոփոխությունները սովորաբար արտահայտվում են որոշ քաղաքական և տնտեսական պաշտոնատարների փոփոխությամբ:

Այդ պատճառով, Իլհամ Ալիևն Ալի Ասադովին, որը տնտեսական գործիչ է, փոխել է, դարձնելով քաղաքական գործիչ:

Երկրորդ հարցը Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության լուծման գործընթացն է և Երևանի կառավարության նոր դիրքորոշումն այս կապակցությամբ:

Փորձագետների կարծիքով, Նիկոլ Փաշինյանի ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո այս կապակցությամբ ՀՀ կառավարության դիրքորոշումը շատ չի փոխվել: Թվում է, թե ադրբեջանա-հայկական հակամարտությունը դադարեցնելը ժամանակատար է լինելու: Իլհամ Ալիևի կառավարությանը ոչ միայն  ունի փորձառու քաղաքագետի կարիք որպես վարչապետ, այլ նաև տնտեսագետների, որոնք կկարողանան կարգավորել Ադրբեջանի մասնակցությունը տարածաշրջանային և միջազգային խոշոր նախագծերին:

-----------------

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը տեղեկացրել է հյուսիս-հարավ ուղղությամբ էլեկտրաէներգիայի միջանցքի ստեղծման ուղղությամբ նախագիծ մշակելու շուրջ Թեհրան-Մոսկվա-Բաքու համագործակցության մասին:

«Էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցությունների ընդլայնման նպատակով օրակարգում ներառվել է ԻԻՀ-ի, Ռուսաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ էլեկտրաէներգիայի միջանցքի ստեղծման հնարավորության ուսումնասիրությունը»,-հայտարարել է Մուստաֆաևը:

Հիշեցնենք, որ Իրանի, Հայաստանի, Վրաստանի ու Ռուսաստանի մասնակցությամբ նույնպես էլեկտրաէներգիայի միջանցքի ստեղծման նախագիծ է քննարկվում, որին երկկողմ հանդիպումների ժամանակ անգամներ կարևորությամբ անդրադարձել են Իրանի ու Հայաստանի ղեկավարներն ու բարձրաստիճան պաշտոնատարները: