Հոկտեմբեր 16, 2019 13:46 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր աշխատակիցը:

 

Հոկտեմբեի 12-ը Իրանում նշվեց մեծանուն բանաստեղծ-միստիկ Հաֆեզի մեծարման օրը:

ԽաջեՇամսեդդին Մուհամմեդ Բեն Բահաեդդին ՀաֆեզՇիրազին1 4-րդ դարի  աշխարհահռչակ բանաստեղծներից է:

Վաղ հասակում նա անգիր սովորել է Ղուրանը, որի համար էլ ստացել է Հաֆեզ անունը, որը հետագայում օգտագործել է որպես իր մականուն:

Հաֆեզը հիմնականում ստեղծագործել է լիրիկական պոեզիայի կամ գազելի  գրական ժանրերում: Նա հեղինակել է 500 գազելներ,մի շարք ռուբաիներ ու կասիդաներ:

Հաֆեզ Շիրազիի ստեղծագործությունները թարգմանվել են  աշխարհի բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ հայերենով:

Գերմանացի բանաստեղծներ ու մտավորականներ՝  Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն և Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշեն իրենց ստեղծագործություններում մեծ սիրով են հիշել Հաֆեզին և ներշնչվել են նրա բանաստեղծություններից:

Խաջե Շամսեդդին Մուհամմեդ Բեն Բահաեդդին Հաֆեզ Շիրազին վախճանվել է 65 տարեկան հասակում:

Հաֆեզ Շիրազին աշխարհի բոլոր մարդկանց հետ խոսում է  խաղաղության, բարեկամության, համբերության ու սիրո մասին:

 

 

Թարգմանչաց տոնի շրջանակում հոկտեմբերի 12-ին Օշականում տեղի ունեցավ Հայաստանի գրողների միության ամենամյա «Կանթեղ» մրցանակաբաշխությունը: Ներկաները սկզբում ծաղիկներ խոնարհեցին Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին, այնուհետև տեղի ունեցավ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

 «Կանթեղ»-ի արժանացան Ռուսաստանից Նինա Գաբրիելյանը, Լեհաստանից ԿալինաԻզաբելաԶիոլան, Վրաստանից ՄաղվալաԳոնաշվիլին, Ուկրաինայից ՕլեքսանդրԲոժկոն, Հայաստանից Թադևոս Խաչատրյանը, Գրիգոր Ջանիկյանը և Ջուլիետ Ղազարյանը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ միության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ առաջին անգամ «Թարգմանչաց տոնը» նշվում է որպես միջազգային տոն: Հայաստանը հյուրընկալել է ոլորտի տասը արտասահմանյան ներկայացուցչի, որոնք հայ գրականության ինքնատիպ նմուշները թարգմանել են իրենց լեզվով` նպաստելով մեր գրականության հանրահռչակմանը:

Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդիառումը» պոեմը լեհերեն թարգմանածԿալինաԻզաբելաԶիոլան նշեց, որ թարգմանությունն իրականացրել է հեղինակի 150-ամյակի կապակցությամբ: «Ինձ համար դա բավականին հետաքրքիր աշխատանք էր: Հայ գրողների ստեղծագործություններում շատ է հայրենասիրությունը, սերը, իսկ ինձ համար սերը դեպի տունը, հայրենիքը, սերը դեպի բնությունը, երկիրը, մարդը ամենկարևորն է»,-ասաց նա:

Ալբերտ Քամյուի, ՍամուելԲեկետի և այլ հանրահայտ գրողների ստեղծագործությունները հայերեն թարգմանած արձակագիր Գրիգոր Ջանիկյանըկարևորեց այն փաստը, որ մենք թարգմանել ենք համաշխարհային գրականության հսկաների լավագույն գործերը:  «Այլ հարց է, որ պարտք ունենք օտար ժողովուրդների հանդեպ. Թումանյանին, Վարուժանին, Չարենցին պետք է հասցնենք աշխարհի մեծություններին, որպեսզի նրանց էլ կարդան այնպես, ինչպես ընթերցում են Գյոթեի, Հոմերոսի և այլոց գործերը: Ցավում եմ, որ ըստ արժանվույն չենք կարողանում հայ գրականությունը ներկայացնել արտերկրում»,-շեշտեց Ջանիկյանը:

Մրցանակաբաշխությանը ՀԳՄ մեդալներ տրվեցին Իրանից ՂավամեդդինՌազավիզադեին, Կանադայից Ալան Ուայթհորնին, Վրաստանից ԲաղաթերԱրաբուլին:

Նարեկացու անվան հուշամեդալի արժանացան Վրաստանից Մանանա Գոգիաշվիլին, Իրանից Վարանդը, Գերմանիայից ՎահիդՆադիրը, Արցախից Վարդան Հակոբյանը և Հայաստանից Ալբերտ Նալբանդյանը:

Թարգմանչաց տոնը Հայաստանի Հանրապետությունում սահմանված պետական տոն է՝ նվիրված հայ գրերի գյուտին, թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին: Հայ առաքելական եկեղեցին, Աստվածաշունչն առաջինը հայերեն թարգմանողներինդեռևս վաղ միջնադարում դասել է եկեղեցու սրբերի շարքը և սահմանել հատուկ՝ Սրբոց թարգմանչաց տոն:

 

 

Կոմիտասի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայաստանի Հանրային ռադիոն ձայնագրել է կոմպոզիտորի ստեղծագործությունների 180 կատարում, 9 ժամ երաժշտություն, որն օգտագործվում է Հանրային ռադիոյի եթերում: Որպես արված աշխատանքի ծաղկաքաղ՝ Հանրայինը թողարկել է «Կոմիտաս 150 տարի / րոպե» բացառիկ եռասկավառակ ալբոմը:

Ձայնասկավառակի շնորհանդեսը  տեղի ունեցավ հոկտեմբերի 11-ին Հանրային ռադիոյի բակում: Միջոցառմանը ելույթ ունեցան ալբոմիձայնագրությանը մասնակցած կատարողներն ու համույթները:

«Այս տարվա ընթացքում վերաբացված «Ռադիո» ձայնագրման ստուդիայում ձայնագրել ենք Կոմիտասի ստեղծագործությունները եթերում օգտագործելու, դրանք այլ ձևաչափերով տարածելու համար: Ինըժամյա երաժշտությունից 150 րոպեն ընդգրկել ենք այս ձայնապնակում»,-պատմեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը:

Նախագծի գեղարվեստական խորհրդատու Վահան Արծրունին, անդրադառնալով նախաձեռնության կարևորությանը, ասաց, որ իրենք Կոմիտասի գործերը ներկայացրել են ոչ միայն բնագրային տեսքով, այլև բոլոր ստեղծագործական դրսևորումներով, որոնք տասնամյակների ընթացքում եղել են:

«Այս նախագիծը  ոչ միայն ակադեմիական երաժշտության դաշտն է ներառում, այլև ազգային, կամերային, երգչախմբային, մեներգային, ֆյուժն: Ցանկացած դրսևորում, որը կա կոմիտասյան երաժշտության մեջ, սկավառակում կարող ենք լսել»,-ընդգծեց Արծրունին:

«Ձայնապնակի վրա պատկերված է Կոմիտասը: Ընդգծել ենք նրա քաղաքացիական խրոխտ, հզոր կերպարը: Երբ բացում ենք եռասկավառակը,  մի սկավառակի վրա տեսնում ենք եկեղեցին, մյուսի վրա կռունկը, երրորդի վրա` ծիրանի ծառը: Յուրաքանչյուր սկավառակ սկսում է վերոնշյալ ստեղծագործություններով: Երբ սկավառակները հանում եք պատյանից, տեսնում ենք Կոմիտասի ստորագրությունը»,-ներկայացրեց նախագծի պրոդյուսեր Էդգար Ամիրխանյանը:

Նա շեշտեց, որ սկավառակը բաժանվելու է բոլոր երաժշտական դպրոցներին, մշակութային կրթօջախներին, գրադարաններին: Այն չի վաճառվելու:

 

 

Հովհաննես Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 11-ին Մատենադարանում մեկնարկեց «Արևելք-Արևմուտք. Հովհ. Թումանյանը և հեքիաթի թարգմանության արվեստը» խորագրով գիտաժողովը:

Գիտաժողովը նվիրված է Թումանյանի թարգմանական հեքիաթների ուսումնասիրությանը և համաշխարհային թարգմանական հեքիաթագիտության համատեքստում վերջինիս համարժեք գնահատմանը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկին Նունե Սարգսյանը ողջույնի խոսքով հանդես գալով համաժողովի բացմանն ու լրագրողների հետ զրույցում՝ շեշտեց, որ Թումանյանն ուներ փոքրիկներին հասկանալու տաղանդը: «Նա և՛ փոխադրել է, և՛ հորինել: Թումանյանի գրած մանկական գրքերը մատչելի են նաև մեծահասակների համար: Մենք հաճույքով ենք կարդում «Քաջ Նազարը», նրան գտնում ենք մեր կյանքում, մեր շուրջը, տարբեր երկրներում, մեր մոլորակի վրա, այնինչ այս հեքիաթը գրված է երեխաների համար: Թումանյանի հանճարը հենց դրանում է. նա ստեղծել է մանկական գրականություն, որը բավարարում է նաև մեծահասակներին»,-ասաց Նունե Սարգսյանը:

Խոսելով  Թումանյանի հեքիաթների սարսափելի կերպարների մասին` նախագահի տիկինը հիշեցրեց, որ և՛ Գրիմ եղբայրների, և՛ Շառլ Պերոյի գործերում կան վախ առաջացնող հերոսներ: «Ենթադրում եմ, որ այդ կերպարներին հեքիաթներում ընդգրկելը ևս դաստիարակչական բնույթ ունի: Դա կոփելու, երեխաներին կյանքին պատրաստելու ձև է, որովհետև աշխարհում կան նաև վատ մարդիկ, թշնամիներ»,-շեշտեց տիկին Սարգսյանը:

Նրա խոսքով` երեխաները հատուկ «ազգ» են, նրանք հասարակության հետաքրքիր խավն են, որ ունեն իրենց ուրույն լեզուն, հարաբերությունները, սպասումները:

«Դժվար է նրանց համար գրքեր գրելը: Հաճախ ասում են, որ մանկագիրները մտածում են ինչպես փոքրիկները, այդ իսկ պատճառով գրում են նրանց համար: Այդպես չէ: Մենք ուզում ենք պարզել ու հասկանալ, թե ինչ են մեզանից սպասում երեխաներն ու փորձում ենք խոսել նրանց լեզվով: Ես բախտավոր եմ, որ ինձ հաջողվել է  մի քանի պատմություն ստեղծել, որոնք դուր են եկել փոքրիկներին: Ինձ համար մեծ ուրախություն էր, երբ իմացա, որ գրադարաններում իմ գրքերը մաշվել են: Դա ամենամեծ հաճոյախոսությունն է մանկագրի համար»,-ընդգծեց Նունե Սարգսյանը:

Հովհաննես Թումանյանի թանգարանի հեքիաթագիտության բաժնի ղեկավար Ալվարդ Ջիվանյանն էլ  տեղեկացրեց, որ ուղիղ տասը տարի առաջ թանգարանում բացվել է իրենց բաժինը: «Սա թվով տասներորդ գիտաժողովն է, որը նվիրվում է բացառապես հեքիաթի ուսումնասիրությանը»,-ասաց Ջիվանյանը ու հավելեց՝ շատ լավ է, որ այս օրերին Հայաստանում նշվում է նաև Թարգմանչաց տոնը:

Գիտաժողովին, որն անցկացվեցմինչև հոկտեմբերի 13-ը, զեկույցներով հանդես եկան հյուրեր Իտալիայից, Անգլիայից, Ճապոնիայից, Ռուսաստանից և Վրաստանից:

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը 2017 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում»։

Գիտաժողովի շրջանակում հոկտեմբերի 12-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում բացվել է «Թուղթ ու թիթեղ կամ Մանկության պահնորդները» խորագրով ցուցահանդեսը:

 

 

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 24-29-ը: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

Այս տարի կինոփառատոնը ստացել է ավելի քան 350 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր՝ աշխարհի տարբեր երկրներից, որոնցից ընտրված 100-ից ավելին կմրցեն փառատոնի հինգ հիմնական անվանակարգերում:

Ներկայացված են լայնամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից և այլ երկրներից:

Արտերկրի ու Հայաստանի պրոֆեսիոնալ մասնագետներից կազմված ժյուրին կդիտարկի դրանք և փառատոնի ավարտին մրցանակներ կհանձնի տարբեր անվանակարգերում:

Փառատոնի շրջանակում կիրականացվի հատուկ ծրագիր՝ նվիրված նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովի 95-րդ և հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արման Մանարյանի 90-րդ հոբելյաններին:

Նախատեսվում են վարպետության դասեր, սեմինարներ:

 

 

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան գրականության Նոբելյան մրցանակը շնորհել Է միանգամից երկու տարվա համար: 2018 թվականի համար պարգեւի Է արժանացել լեհ գրող Օլգա Տոկարչուկը «երեւակայության համար, որը հանրագիտարանային կրքով սահմանների հատումը ներկայացնում Է որպես կյանքի ձեւ» ձեւակերպմամբ:

2019 թվականի համար մրցանակն ստացել Է ավստրացի գրող եւ դրամատուրգ Պետեր Հանդտկեն «կարեւոր աշխատանքի համար, որը լեզվաբանական հանճարեղությամբ հետազոտել Է մարդկային գոյության սահմաններն ու առանձնահատկությունները»:

2018 թվականի մայիսին Շվեդիայի ակադեմիան հայտարարել Էր 2018 թվականին գրականության Նոբելյան մրցանակ չհանձնելու եւ դրա հանձնումը 2019 թվական տեղափոխելու որոշման մասին:

Պատճառը դարձել Է խոշոր սկանդալը, որի կենտրոնում հայտնվել Է լուսանկարիչ եւ մշակույթի ազդեցիկ գործիչ Ժան ԿլոդԱռնոն՝ ակադեմիայն անդամ ԿատարինաՖրոստենսոնի ամուսինը: Առնոն երկար տարիներ ակտիվորեն մասնակցել է գրականության Նոբելյան կոմիտեի գործունեությանը: Բայց 2018 թվականին նրան մեղադրել են դափնեկիրների անունները ժամկետից շուտ լրագրողներին հայտնելու մեջ, բացի այդ, նա Շվեդիայի վերաքննիչ դատարանի առջեւ Է կանգնել սեռական ոտնձգությունների մեղադրանքով: Սկանդալի պատճառով կոմիտեից հեռացել են Ֆրոստենսոնը եւ Շվեդիայի ակադեմիայի քարտուղար Սառա Դանիուսը: