Մի գավաթ անդորր(176․Ինչպես գումար խնայել․2)
Մի գավաթ անդորր հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ այսօր կշարունակենք նախորդ շաբաթ սկսած մեր զրույցը գումար խնայելու մասին։ Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք հոգեբան Իրինա Ծատուրյանի խորհուրդներն այս կապակցությամբ։ Ընկերակցեք մեզ։
Դուք որոշել եք գումար խնայել։ Ֆինանսական փորձագետները խորհուրդ են տալիս ստեղծել «անվտանգության բարձիկ», որը պետք է բավականացնի նվազագույնը 6 ամիս։ Երբեք չեք կարող իմանալ, թե ինչ կարող է պատահել վաղը, իսկ խնայողական հաշվում առկա գումարը թույլ կտա լինել ավելի ինքնավստահ և հանգիստ նայել դեպի ապագան։ Պարզապես պետք է հիշել. կարևոր է ոչ թե այն, թե որքան ենք մենք վաստակում, այլ այն, թե ինչպես ենք տնօրինում գումարը։
Յուրաքանչյուր մարդ ունի գումար խնայելու իր ռազմավարությունը, սակայն երբեք ուշ չէ ծանոթանալ մեկ այլ մարդու հաջող փորձին` ավելի արագ, ավելի շատ խնայելու համար։ Այստեղ մենք կներկայացնենք հինգ խորհուրդներ գումար խնայելու համար։
Ռազմավարություն 1.
Եվ այսպես, ստանալով աշխատավարձ` դուք վճարում եք ամսական հաշիվները, գնում եք սննդամթերք, անհրաժեշտության դեպքում հագուստ և կոշիկ, ինչ–որ գումար ծախսվում է ժամանցի վրա, մնացած գումարը փոխանցում եք բանկի հաշվեհամարին։ Իմանալով, որ գումար ունեք` կարող եք սկսել ավելի շատ ծախսել և աննկատ կերպով կծախսեք բոլոր միջոցները, որոնք նախատեսված էին խնայելու համար։ Բացի այդ, դժվար է կուտակման հարցում կոնկրետ նպատակ դնել, չէ՞ որ դուք երբեք չեք կարող հաստատ ասել, թե որքան կմնա բոլոր ծախսերից հետո։ Դրա փոխարեն կարելի է փորձել այլ միջոց։
Խորհուրդ. աշխատավարձը ստանալուց հետո ամենաառաջինը պետք է համալրել կուտակային հաշիվը։ Դարձրեք դա կանոն և ընդունեք այն որպես վճարումների պարտադիր ու ամենակարևոր մաս մի պայմանով, որ ձեր գումարը կբավարարի մնացած բոլոր պարտադիր վճարումները կատարելու համար։ Կիրառեք բանկային քարտից կուտակային հաշիվ ավտոմատ փոխանցման ֆունկցիան։ Եթե դուք պարզապես գործարկեք նման ավտոմատ ֆունկցիա և մոռանաք դրա մասին, ապա որոշ ժամանակ անց կուտակված միջոցների չափը ձեզ շատ կզարմացնի։
Ռազմավարություն 2.
Դուք արդեն սովորել եք կանոնավոր կերպով գումար խնայել, և դա հիանալի է։ Սակայն այստեղ կան նաև բացասական կողմեր. շատ մեծ է կուտակումներից օգտվելու և դրանք անսպասելի, սակայն շատ ցանկալի գնման համար օգտագործելու գայթակղությունը (եթե ձեռքի գումարը վերջացել է)։ Եվ, ամենայն հավանականությամբ, դուք դա կանեք, քանի որ հաշվեհամարից գումար հանելը շատ հեշտ է, անգամ պետք չէ բանկ գնալ, բավական է միայն օգտվել բանկոմատից։
Խորհուրդ. բանկում բացեք դեպոզիտ 6 ամսով կամ 1 տարով։ Այդպես դուք հաստատ չեք ծախսի կուտակման համար նախատեսված գումարը։ Բայց ողջ գումարը մի դրեք դեպոզիտ հաշվի վրա։ Որոշ գումար թողեք սովորական կուտակային հաշվի վրա արտակարգ իրավիճակների համար։
Ռազմավարություն 3.
Եթե դուք ունեք միայն մեկ կուտակային հաշիվ, թվում է, թե գումարը կուտակվում է արագ, և դրանք ամեն ինչին կբավականացնեն։ Եթե դուք կուտակում եք մեկ նպատակի համար, օրինակ բնակարան գնելու կամ արձակուրդ մեկնելու նպատակով, ապա ամեն ինչ նորմալ է։ Սակայն եթե դուք ունեք մի քանի նպատակ, բանկային մեկ հաշիվը դժվարացնում է հաշվարկները, և ձեզ համար ավելի դժվար է հասկանալ, թե ինչին կբավականացնի գումարը։
Խորհուրդ. ավելի լավ է բացել մի քանի հաշիվ, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված կլինի մեկ նպատակի համար, օրինակ «տան համար», «արձակուրդի համար», «երեխայի կրթության համար»։ Այդ դեպքում ավելի հեշտ կլինի հաշվարկել սեփական ֆինանսներն ու տեսնել իրական պատկերը։ Ավելի լավ կլինի, եթե այդ բոլոր հաշիվները լինեն տարբեր հուսալի բանկերում։
Ռազմավարություն 4.
Որոշ մարդիկ միշտ գումար չեն խնայում, այլ միանգամից «հետ են դնում» մեծ գումարներ, երբ նման հնարավորություն է ընձեռվում (պարգևավճար, շահում և այլն)։ Սակայն քանի որ նման դեպքեր հազվադեպ են, իսկ մարդը ստիպված է սեփական կարիքները հոգալու համար գումար վերցնել կուտակված միջոցներից, նրա մոտ առաջանում է անհարմարավետության զգացում և հիասթափություն։ Ընդ որում այդ զգացումներն այնքան տհաճ են, որ գումար կուտակելու ցանկություն ընդհանրապես չես ունենում։
Խորհուրդ. գումար կուտակելու գլխավոր գաղտնիքը կանոնավոր խնայելն է։ Սահմանեք կոնկրետ գումար, որը հարկավոր է կուտակել ամեն ամիս։ Եթե կարող եք այն ավելացնել, ապա շատ լավ է, սակայն արեք դա կանոնավոր կերպով։
Ռազմավարություն 5.
Չնայած խնայողություններ ունենալու անհրաժեշտությանը, չարժե կառչել այդ հարցին և հրաժարվել կյանքի բոլոր հաճույքներից, քանի որ գումարի կուտակումը չպետք է դառնա ինքնանպատակ։ Հենց փոքր ուրախություններն ու հաճույքներն են օգնում մեզ լինել երջանիկ և պահպանել հոգեկան առողջությունը։
Խորհուրդ. եթե դուք ամիս չեք ունեցել, որի ժամանակ գումար եք կարողացել ավելացնել «անվտանգության բարձիկի» մեջ, ապա հետաձգեք մնացած բոլոր վճարումներն ու հաճույքները մինչև չկարողանաք անել դա։ Եթե ձեր վեց ամսական «անվտանգության բարձիկը» կուտակված լինի, կարելի է մտածել ռազմավարությունը փոխելու մասին։ Քանի որ ոչ մեծ կանխիկ խնայողությունները քիչ գումար են բերում, պետք է մտածել լավ տոկոսներով ավելի երկարաժամկետ ներդրումների մասին։
Գումար խնայելու գործընթացը պահանջում է կարգապահություն և ջանասիրություն։ Ստեղծագործ մոտեցում ցուցաբերեք այդ գործընթացի նկատմամբ, և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։
Եթերում հոգեբան Իրինա Ծատուրյանն է։
****
Մասնագետների մի քանի խորհուրդներով ամփոփենք մեր այսօրվա զրույցը։
. Խնայեք ձեր շահույթի 25%-ը և գերշահույթի 50%-ը առանձին հաշվի վրա: Հետագայում ներդրեք այդ գումարները: Բանկերը կոպեկներ են վճարում ձեզ և ձեր գումարը փրկում են միայն արժեզրկումից:
Սիրեք փողը: Մեր խնդիրն այն է, որ մենք վատ ենք վերաբերվում փողին: Հոգ տարեք նրա մասին: Ոչ ոք չի ասում, որ պետք է հրաժարվել հաճույքներից, բայց ամեն ինչ պետք է խելամիտ սահմաններում լինի:
. Երազանքները չպետք է մանր լինեն: Մտածեք գլոբալ: Երազեք մեծ հաջողության մասին: Մեծ երազանքները բաժանեք ոչ մեծ նպատակների: Հետևողականորեն հասեք այդ ոչ մեծ նպատակներին, որոնք կտանեն ձեզ դեպի ձեր մեծ երազանքը:
. Ինքնավստահ եղեք: Վստահ եղեք ձեր հաջողության մեջ, անգամ եթե գործերն այնքան էլ լավ չեն գնում:
Մի վախեցեք խնդիրներից: Սովորեք ուրախանալ խնդիրների ու անհաջողությունների համար: Մեծ նպատակները մեծ դժվարություններ ու մեծ խնդիրներ են ծնում, բայց այդ խնդիրները հաղթահարելով՝ մենք ուժեղ ենք դառնում:
Ընկածը, վեր կենալով, դառնում է ավելի ուժեղ: Հիշեք այս մասին ամենադժվար իրավիճակներում:
Ֆինանսական ազատության կարելի է հասնել՝ միայն ֆինանսական սահմանափակումների միջով անցնելով: Ֆինանսական բարօրություն անհնար է ունենալ առանց սեփական ծախսերը որոշելու ու պլանավորելու:
. Եթե դուք որոշել եք ինչ-որ բան անել, բայց չեք սկսել դա անել մոտակա 72 ժամվա ընթացքում, ապա 85% դեպքերում դուք դա այդպես էլ չեք անի:
Սովորեք ճիշտ վերաբերվել ձեր գումարին հենց հիմա:
. Ինքնավստահությունն ու դրական մտածողությունը ֆինանսական հաջողության կարևոր բաղկացուցիչներն են: Հաջողության նոթատետր ունեցեք: Գրի առեք այնտեղ 5 բան, որը դուք այդ օրը լավ եք արել: Եթե այդքան բան չկա մեկ օրվա ընթացքում, պարզապես գրեք, թե ինչով է ձեզ դուր եկել այդ օրը:
. Մտածեք ձեր առողջության մասին: Հաջողությունն անհնար է առանց լավ առողջության:
. Դուք միշտ պետք է ունենաք ֆինանսական պահուստային ֆոնդ առնվազն 6 ամսվա կյանքի համար: Դուք կարող եք կորցնել աշխատանքը, եկամուտները, աշխատունակությունը, ինչ-որ տեղից գումար վերցնելու հանարավորությունը:
. Լավ եկամուտների համար պետք են լավ գիտելիքներ: Փորձեք անդադար սովորել, կարդալ, ընդլայնել աշխարհայացքը: