Հոկտեմբեր 23, 2019 09:24 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր գործընկերը:

 

Հոկտեմբերի 18-ին Թեհրանի «Աթաշզադ» պատկերասրահում, բացումը կատարվեց յուրօրինակ ցուցահանդեսի՝ «Մեկ այլ շրջանակ» խորագրով, որին իրանցի այլ արվեստագետների կողքին իրենց լուսանկարչական եւ գեղանկարչական գործերով հանդես էին եկել երեք իրանահայ արվեստագետներ:

Գեղանկարչական աշխատանքներով մասնակցել էին Թալին Զատիկյանը, Լինետ Աղաջանյանը, իսկ լուսանկարչական գործերով Անդրե Գալստյանը:

Յուրաքանչյուր արվեստագետ հանդես էր եկել առավելագույնը հինգ աշխատանքով: Մասնակիցները նախապես իրենց գործերը հանձնել են իրավարար կազմին, որի հաստատումը ստանալուց հետո, հանրության դատին են հանձնել:

Ներկայացված գործերի թեման ազատ էր եւ յուրաքանչյուր արվեստագետ իր ցանկացած թեմայով էր հանդես եկել: Բացման հանդիսությանը ներկա էին նաեւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսը շարունակվեց մինչեւ չորեքշաբթի՝ հոկտեմբերի 23-ը:

 

Սրբոց Թարգմանչաց եւ Հայ Մշակույթին նվիրված գեղանկարչական ցուցահանդես էր կազմակերպվել թվականիս հոկտեմբերի 18-ին, Թեհրանի Հ. Ուս. «Չհարմահալ» միության հարկի ներքո:

Միության Գրական-գեղարվեստական միավորի նախաձեռնությամբ կազմակերպված գեղանկարչական ցուցահանդեսին իրենց մասնակցությունն էին բերել 12 արվեստագետներ, որոնցից ավագն էր Արտաշես Հովասափյանը:

Ցուցահանդեսին ներկայացված էին 75 գործեր, որոնք շոշափում էին զանազան թեմաներ: Ցուցահանդեսի ավարտին մասնակից արվեստագետներից յուրաքանչյուրը ներկայացրեց եւ լուսաբանական բացատրություն տվեց իր աշխատանքի եւ իր աշխատանքային ժանրի մասին:

 

Կոմիտասի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ հոկտեմբերի 18-ին Հայաստանի պետական կամերային երգչախումբը Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի սրահում հանդես եկավ լայնամասշտաբ համերգային ծրագրով: Երգչախումբը երեկոյին ներկայացրեց Կոմիտասի հարուստ ու բազմաժանր երաժշտական ժառանգությունը:

«Ամեն անգամ, երբ խոսում ենք մեծն Կոմիտասի մասին, փաստում ենք, որ քիչ ենք նրան ներկայացնում երկրագնդով մեկ: Կոմիտասը մեր ակադեմիական երաժշտության մեծերից է, հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը: Նրա երաժշտությունն ունի առանձնահատկություններ, որոնք հնարավոր չէ գտնել այլ ազգերի երաժշտարվեստում: Այդ մեղեդիները լսելով` օտարները մշտապես մեծ հիացմունք են ապրում: Մենք երջանիկ ենք, որ կարողանում ենք աշխարհում ներկայացնել զարմանահրաշ կոմպոզիտորին»,-լրագրողների հետ զրույցում նշեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը:

Նա շեշտեց, որ այսօր մեր երկիրը չի կարող հնարավորություններ ստեղծել, որ երգչախումբը տարվա երեք ամիսը շրջագայի և Կոմիտասի գործերը հնչեցնի տարբեր երկրներում: «Այս համերգը նույնպես շատ ողջունելի է: Հրաշալի է, որ մենք կարող ենք Փարիզի հեղինակավոր սրահում Կոմիտաս կատարել»,-ասաց Մլքեյանը:

Անդրադառնալով համերգի բովանդակությանը` գեղարվեստական ղեկավարն ընդգծեց, որ երգացանկում ներառել են Կոմիտասի խմբերգերի բոլոր ժանրերը` քնարական, սիրային, աշխատանքային, ողբերգ, ծիսական, հոգևոր և այլն: Ընդգրկել են նաև Կոմիտասի մեներգեցողությունը, դաշնամուրային գործեր:

Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանի խոսքով` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի սրահում ելույթն աննախադեպ ու պատվաբեր իրադարձություն է մեր մշակութային կյանքում: Նա նշեց, որ այս համերգային ծրագրի նախադրյալները հավանաբար ստեղծվել են դեռ տասը տարի առաջ, երբ երգչախումբը Փարիզում ներկայացել է Կոմիտասի 140-ամյակին նվիրված ծրագրերով:

«Հրավիրվել էին դասախոսներ Սորբոնի համալսարանից, որոնք Կոմիտասի կյանքի և գործունեության մասին բավականին շատ տեղեկություններ ունեին: Դա ապացուցում է, որ Կոմիտասը համաշխարհային մեծության կոմպոզիտոր է: Օտարները նրան ճանաչում են, խոնարհվում են նրա առաջ»,-շեշտեց տնօրենը:

Համերգին որպես մենակատարներ հանդես են եկել դաշնակահարուհի Նվարդ Ալոյանը, սոպրանո Սոֆյա Սայադյանը, տենորներ Ռազմիկ Բաղդասարյանը և Վրեժ Ղարիբյանը, բաս Արմեն Գրիգորյանը, բարիտոններ Հովհաննես Գրիգորյանն ու Մավր Մկրտչյանը, մեցցո սոպրանո Աշխեն Թադևոսյանը:

Վարդապետի հոբելյանի կապակցությամբ հոկտեմբերի 20-ին կոլեկտիվի մասնակցությամբ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում անցկացվեց հոգևոր երաժշտության համերգ:

 

 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայանում է նոր մեգանախագծով. նոյեմբերի 1-9 Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը։

Նախաձեռնության շրջանակում աշխարհի տարբեր ծայրերից Երևան կժամանեն մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները՝ Ցիգան Չենը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսեյ Շորը, Գեորգս Պելեցիսը, Ալեքսանդր Չայկովսկին և Կառլ Ջենկինսը, նրանց կմիանա նաև մեր մեծանուն մաեստրո Տիգրան Մանսուրյանը։ Այս կոմպոզիտորներն այսօր ստեղծում են դասական արվեստը, նրանք դասական երաժշտության մերօրյա հերոսներն են:

Սա աշխարհում առաջին փառատոնն է, որը բացառիկ հնարավորություն է ընձեռում մեկ տեղում տեսնելու բազմաթիվ աշխարհահռչակ կոմպոզիտորների մի ամբողջ աստղաբույլ: Փառատոնային համերգներից յուրաքանչյուրը կնվիրվի կոմպոզիտորներից մեկին, որի ընթացքում կներկայացվեն հեղինակների ստեղծագործությունները։ Կոմպոզիտորների գործերը կկատարեն աշխարհում մեծ հռչակ ունեցող մենակատարներ:

Երեկո կնվիրվի նաև վրացի մեծ կոմպոզիտոր Գիա Կանչելիի հիշատակին, ով մեկ ամիս առաջ հրաժեշտ տվեց կյանքին։ Մաեստրո Կանչելին նույնպես հրավիրված էր մասնակցելու «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին, ցավոք, մենք չենք վայելի կոմպոզիտորի ֆիզիկական ներկայությունը, սակայն նրա երաժշտությունը կթևածի՝ ապրեցնելով մեծ կոմպոզիտորի հիշատակը։

Համերգային ծրագրերը կներկայացնեն Հայաստանի պետական սիմֆոնիկ և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերը՝ դիրիժորներ Սերգեյ Սմբատյանի, Էդուարդ Թոփչյանի,  Կառլ Ջենկինսի և Քշիշտոֆ Պենդերեցկու ղեկավարությամբ։

Այս մեծամասշտաբ և յուրօրինակ ծրագրի նպատակն է հանդիսատեսին հնարավորություն տալ հանդիպելու մեր ժամանակի լեգենդներին և կենդանի կատարմամբ վայելելու նրանց երաժշտությունը:

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Եվրոպայի աջակցության մշակութային հիմնադրամը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

 

 

Պորտուգալահայ գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գրքի հայերեն և ռուսերեն տարբերակները ներկայացվեցին ընթերցասերների ուշադրությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի, որը լույս է ընծայել Էդիթ պրինտ հրատարակչությունը, շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 15-ին:

«Ջոնաթան Քոնլին 2012 թվականին ստանձնեց այս գիրքը գրելու նախաձեռնությունը: Այդ գործընթացը  տևեց յոթ տարի, և գիրքը նվիրվեց Գյուլբենկյանի 150-ամյակին:

Հեղինակն օգտվել է ավելի քան 35 աղբյուրից: Քոնլին մուտք է գործել բանկերի, Օսմանյան կայսրության արխիվներ, օգտվել է Գյուլբենկյանի անձնական նամակագրությունից, փաստագրական տարբեր նյութերից»,-նշեց Էդիթ պրինտ հրատարակչության հիմնադիր նախագահ Մկրտիչ Կարապետյանը:

Նա ընդգծեց, որ գիրքը ոչ միայն Գալուստ Գյուլբենկյանի կենսագրականն է, այլև ներկայացնում է մի ամբողջ ժամանակաշրջան: «Գրքի միջոցով կարող ենք ծանոթանալ Օսմանյան կայսրությունում ապրող հայերի կենսաձևին, տեղեկություններ քաղել այդ ժամանակաշրջանի եվրոպական դիվանագիտության և այլնի վերաբերյալ»,-պատմեց Կարապետյանը:

Ջոնաթան Քոնլինի այս գիրքը բացահայտում է Գյուլբենկյանի հարուստ կենսագրությունը: Գիրքը ստեղծվել է Գյուլբենկյանի արխիվի ուսումնասիրությունների հիման վրա:

Ամբողջ կյանքում Գյուլբենկյանը միտումնավոր խուսափում էր մամուլից այն աստիճան, որ այսօր նրանք, ում ծանոթ է այդ անունը, հաճախ շփոթում են գաղտնասեր Գալուստին իր հանրաճանաչության ձգտող որդու՝ Նուբարի հետ: Գալուստի գաղտնասիրությունը հետագայում դժվարացրել էր անգամ իր ընտանիքի, կրթության կամ կարիերայի վերաբերյալ հիմնական փաստերը հիմնավորելը։

Չի եղել նավթարդյունաբերության ողջ պատմության մեջ որևէ մեկ այլ գործարար, որ այսքան ուժեղ ազդեցություն ունենար։

 

 

Հոկտեմբերի 23-24-ին Մաշտոցյան Մատենադարանի գիտական մասնաշենքի նիստերի դահլիճում տեղի կունանա «Նարեկացիական ընթերցումներ» 5-րդ միջազգային գիտաժողովը: Ամենամյա գիտաժողովին մասնակցելու են նարեկացիագիտության ասպարեզում առաջատար մասնագետներ:

Գիտաժողովի ավարտին կլինի գրքի շնորհանդես՝ Արուսյակ Թամրազյանի «Գրիգոր Նարեկացուն վերագրվող «Մեկնութիւն «Ո՞վ է դա»-ի երկը», ինչպես նաև ֆիլմի ցուցադրություն՝ ռեժոսոր Հովիկ Հախվերդյանի «Նարեկացի որոնելիս»-ը:

 

Image Caption

 

Հայաստանի Հանրապետությունն ազգային տաղավարով կներկայանա 2020 թ. Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի հետ կապված աշխատանքները համակարգող է նշանակվել Թինա Շաքարյանը:

Նախարարության հաղորդմամբ, Հայաստանյան տաղավարի համադրողի և ճարտարապետ(ներ)ի ընտրության համար նախարարությունը կհայտարարի բաց մրցույթ:

 

Սան-Ֆրանցիսկոյի գեղարվեստական պատկերասրահից գողացել են Սալվադոր Դալիի «Այրվող ընձուղտը» կտավը: Համցանցում հրապարակվել են տեսախցիկների ձայնագրությունները, որտեղ երևում է, որ գողին հաջողվում է նկարը տանել 32 վայրկյանում:

Այդ կտավը ստեղծվել է 1966-67 թվականներին: Նկարի արժեքը 20 հազար դոլար է: Գողին ու հանցակցին փնտրում են:

 

 

Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի հանձնումն ավստրիացի գրող, բանաստեղծ և դրամատուրգ Պետեր Հանդկեին հասարակության դժգոհությունն է հարուցել: Մշակույթի մեջ ներդրման համար նա 740 հազար եվրո է ստացել, դիպլոմ և շքանշան:

Շվեդական ակադեմիայի այս որոշումը քաղաքական և հասարակական գործիչների շրջանում բուռն դժգոհություն է առաջացրել: Քննադատության պատճառն այն է, որ Հանդկեն բացահայտ սատարել է սերբական կողմին 90-ականների Հարավսլավիայի պատերազմի ժամանակ և մոտ է եղել Սերբիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշեվիչի հետ: Նոբելյան կոմիտեի որոշումը քննադատողների մեջ է Ալբանիայի արտգործնախարար Գենտ Սաքայը, որը «ցեղասպանություն ժխտողի» մրցանակի հանձնումն անվանել է ամոթալի: Քննադատել է նաև Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչին՝ հայտարարելով, որ ակադեմիայի որոշումը «վիթխարի ցավ է պատճառել անթիվ զոհերին»: Ինքը՝ Հանդկեն նշել է, որ տպավորված է իր հաղթանակով և ակադեմիայի որոշումը շատ համարձակ է որակել: