Գեղարվեստական հաղորդում (190)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի:
Իրանական «Քոհան սազ» երաժշտական խումբը վերջերս շահել է Երևանում կայացած Երաժշտական միջազգային փառատոնի մրցանակը:
Խմբի ղեկավար Քամբիզ Մոֆփահիի ընդգծմամբ «Քոհան Սազ» երաժշտական խումբը հիմնադրվել է 2014 թվականին թառի առանցքայնությամբ և մինչև այժմ ելույթներով հանդես է եկել Թեհրանի տարբեր սրահներում:
Խումբը շահել է հոկտեմբերի 4-ից 9-ը Երևանում կայացած երաժշտական միջազգային փառատոնի «Լավագույն երաժշտություն» անվանակարգի մրցանակը:
Փառատոնին Իրանից բացի մասնակցել էին երաժշտական խմբեր Էստոնիայից, Վրաստանից, Ռուսաստանից և Հայաստանից:

«Սիլվա Կապուտիկյան. Միայնակ մեծություն» գրքում զետեղվել են բանաստեղծություններ հեղինակի «Մեծ սիրո մասին», «Հարազատներին», «Իմ Հայաստանը», «Մտորումներ» շարքերից: Կապուտիկյանի լավագույն գործերը ներկայացվել են հայերենով և ռուսերենով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 24-ին:
«Ներառել եմ այն ստեղծագործությունները, որոնք շատ եմ հավանում, բայց գիրքը կարող էր ավելի ծավալուն ստացվել, եթե սահմանափակումներ չլինեին: Կապուտիկյանի գործերը թարգմանել են այնպիսի պոետներ, ինչպիսիք են Ալիգերը, Ախմադուլինան և այլք: Նրանք կարողացել են հասկանալ Սիլվայի բանաստեղծությունն ու ռուսերենով հաղորդել դրանց ոճն ու մեղեդին»,-նշեց գրքի կազմող, «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի նախագահ Աիդա Հարությունյանը:
Նրա խոսքով` Կապուտիկյանը մեծ պոետ է: «Կապուտիկյանի բառերը, տողերը հոգուց են բխում»,-շեշտեց Հարությունյանը:
Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանն էլ ընդգծեց, որ Կապուտիկյանը շատ բանիմաց էր, իմաստուն: «Կապուտիկյանը ճանապարհորդում էր այն երկրներով, որտեղ հայաշատ համայնքներ կան, նա կապ էր պահպանում հայերի հետ, հայրենասիրություն քարոզում արտերկրում»,-նշեց Դեմիրճյանը:
Շնորհանդեսին բանաստեղծի ստեղծագործություններն ընթերցեցին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանողները, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասաններ Սամվել Խաչատրյանն ու Լիլիա Մկրտչյանը:

Երևանում հոկտեմբերի 24-ին մեկնարկեց «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնը: Հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին նշել է, որ այս տարի կինոփառատոնը ստացել է ավելի քան 350 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ՝ աշխարհի տարբեր երկրներից, որոնցից ընտրված 100-ից ավելին կմրցեն տարբեր անվանակարգերում: Ժյուրիի կազմում ընդգրկված են արտերկրի ու Հայաստանի պրոֆեսիոնալ մասնագետները:
«Մեկ շաբաթ մեզ սպասվում է հետաքրքրիր ծրագիր հետաքրքիր ֆիլմերով: Այս տարիների ընթացքում անիմացիոն ֆիլմերի, պատկերապատման ոլորտում դրական տեղաշարժեր են նկատվում, տեսնում ենք, որ նոր նախագծեր, նոր նախաձեռնություններ են ի հայտ գալիս: Ունենք սերունդ, որը լուրջ ասելիք ունի, ինչը կարևոր է: Մեր խնդիրն է հնարավորություն տալ տաղանդավոր, ասելիք ունեցող սերնդին»,-ասաց Վրեժ Քասունին:
Փառատոնին ներկայացվելու են լայնամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից և այլ երկրներից: Կինոփառատոնի ֆիլմերի համակարգող, կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը նշեց, որ շեշտը դրվել է ոչ թե քանակի, այլ որակի վրա: Ֆիլմերը միջազգային հարթակներից են, երկուսը՝ մասնակցել են Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» մրցութային ծրագրին:
«Փառատոնում ներկայացվելու են բավական թարմ ֆիլմեր, որոնք անդրադառնում են տարբեր թեմաների, խնդիրների: Վստահեցնում ենք, որակն ապահովված է լինելու: Ուզում եմ ընդգծել, որ կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում ներկայացված են նաև մեր տեղացի հայ երիտասարդ անիմատորների աշխատանքները, ինչը կարևոր է»,-ասաց Դիանա Մարտիրոսյանը:
Փառատոնի շրջանակում իրականացվեց հատուկ ծրագիր՝ նվիրված նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովի 95-րդ և հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արման Մանարյանի 90-րդ հոբելյաններին:
Երևանում Գյոթե կենտրոնի ղեկավար, մշակույթի փորձագետ Նաթիա Միքելաձե-Բախսոլիանին նշեց, որ ակտիվորեն աշխատում են «ՌեԱնիմանիա» փառատոնի հետ: Նա վստահեցրեց, որ համագործակցությունը շարունակելու են՝ շեշտելով աջակցությունը:
Փառատոնի շրջանակներում, ինչպես և նախորդ տարիներին, անցկացվեցին վարպետության դասեր, սեմինարներ: ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան հետ համագործակցությամբ ժամանել էր «Վան Գոգի կրքերը» ֆիլմի ռեժիսոր, օսկարակիր Հյու Վելշմանը, ով վարպետության դաս անցկացրեց հոկտեմբերի 26-ին: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցությամբ Հայաստան են ժամանել պատկերապատման գրքի հեղինակ, նկարիչ և անիմատոր Դեշ Շոուն, և գեղանկարիչ, անիմացիոն ֆիլմի գեղարվեստական ռեժիսոր-ղեկավար Գևորգ Մուրադը: Վերջինիս ցուցահանդեսին կներկայացվեն նրա համահեղինակային կարճամետրաժ «Չորս գործողություն Սիրիայի համար» (2019) ֆիլմի գեղարվեստական ձևավորումները և կտավները: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ Հայաստան է ժամանել European Animation Awards-ի գործադիր տնօրեն, հայտնի պրոդյուսեր Ժան Պոլ Քոմինը (Ֆրանսիա), որը նույնպես վարպետության դաս կանցկացնի:

Աստվածաբան, իրավաբան Նարեկ Վան Աշուղաթոյանի` արևմտահայոց ձեռագործի անձնական հավաքածուն ներառում է Վանի, Ուրհայի, Մարաշի, ինչպես նաև հայերի կողմից ժամանակին լայնորեն օգտագործվող այլ կարի տեսակներով հարուստ ասեղնագործական բացառիկ ցուցանմուշներ: Աշխատանքները` սրբիչներ, սավաններ և այլ կենցաղային իրեր, որոնք ստեղծվել են 1650-1915 թվականներն ընկած ժամանակահատվածում, ներկայացված են «Փրկեալ ձեռագործ հայոց» ցուցահանդեսում: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 23-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:
Լրագրողների հետ զրույցում Նարեկ Վան Աշուղաթոյանը պատմեց, որ ասեղնագործ բացառիկ նմուշները մեկտեղելու հետաքրքրության առիթներից մեկը եղել է այն, որ իր տանը հայտնաբերել է հայկական ձեռագործի մի քանի պատառիկ: Դրանք իր պապից` նկարիչ Հովհաննես Շարամբեյանից ժառանգած գործեր են:
«Երբ ձեռքս առա դժվար ուղի անցած նմուշները, որոշեցի ուսումնասիրել ու հասկանալ, թե ինչպես են դրանք մատուցվում միջազգային աճուրդներում: Պարզվեց`առհասարակ հայկական բառը չի նշվում: Այդ աշխատանքները ներկայացվում են, որպես օսմանական, թուրքական, երբեմն` հունական: Ցանկացա գնել դրանք տարբեր վաճառասրահներից, մասնավոր հավաքածուներից, բերել Հայաստան և ցուցադրել այստեղ»,-նշեց Նարեկ Վան Աշուղաթոյանը:
Նա շեշտեց, որ հրատարակել են գիրք, որում զետեղվել է ցուցանմուշների մի մասը, մյուս մասը ցուցահանդեսում է ներկայացված:
«Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունենք առանց որևէ մեկին հաշվետու լինելու ասել, որ ցուցադրում ենք մեր նախնիների ժառանգությունը, և շատ կարևոր է, որ հանրությունը դա իմանա»,-շեշտեց նա:
Ազգագրագետ Հրազդան Թոքմաջյանն անդրադարձավ մերօրյա ձեռագործ աշխատանքներին և ընդգծեց, որ վերջին տասը տարվա ընթացքում ասեղնագործության նկատմամբ վերաբերմունքը շոշափելիորեն փոխվել է. ձեռագործ աշխատանքների նկատմամբ մեծ հետաքրքրության առաջացմանը նպաստել են դրանց մասին հրատարակված գրքերը, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների`մշակութային միությունների, հիմնադրամների գործունեությունը: «Այսօր Հայաստանի ամբողջ տարածքում ասեղնագործության դասընթացներ կան: Ասեղնագործությունը կիրառում են տարազներ, տարբեր հագուստներ կարելիս: Ժամանակակից ասեղնագործության ցուցադրություններ են իրականացնում, հագուստի ցուցադրություններում են օգտագործում ավանդական ասեղնագործությունը»,-նշեց ազգագրագետը:
Նրա խոսքով` աշխարհը փոխվում է, ժամանակները փոխվում են, նոր հետաքրքիր երևույթները կյանքում շատանում են և երբեմն թվում է, թե հին ավանդական զբաղմունքները կարող են մոռացվել: «Բարեբախտաբար, ասեղնագործությունը շարունակում է ապրել ու զարգանալ»,-եզրափակեց Թոքմաջյանը:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 23-ը:

Ֆրանկֆուրտի գրքի ամենամյա միջազգային փառատոնում, որն անցկացվել է հոկտեմբերի 16-20-ը, Հայաստանը ներկայացել է առանձին տաղավարով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայկական տաղավարում ցուցադրվել են հայ դասական և ժամանակակից գրողների բազմաժանր ստեղծագործություններ, Հայաստանի և հայոց պատմության վերաբերյալ հայ և օտարազգի հեղինակների աշխատանքներ՝ հայերեն, գերմաներեն:
Առանձին միջոցառմամբ տոնավաճառի այցելուներին ներկայացվել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «4plus» վավերագրական լուսանկարչական կենտրոնի հեղինակած «Բացիկներ Արցախից» լուսանկարների շարքը: Ցուցադրությանը ներկա է եղել նաև կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը:
Ֆրանկֆուրտյան գրքի տոնավաճառի հայկական տաղավար է այցելել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Դեսպանը հանդիպել է հայ հրատարակիչների հետ, քննարկվել են հնարավոր համագործակցության հեռանկարներ:
Ամեն տարի հոկտեմբերին անցկացվող Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառն ամենախոշորն է Գերմանիայում: Դեռևս 17-րդ դարում սկիզբ առած այս ավանդույթն ամեն տարի հնարավորություն է ընձեռում շուրջ 300.000 այցելուների ծանոթանալ աշխարհի ավելի քան 100 երկրներից շուրջ 7300 հրատարակչությունների ներկայացրած գրականությանը, մասնակցելու քննարկումներին հեղինակների և հրատարակչությունների ղեկավարների հետ:

Հրատարակվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հայերեն ձեռագրերի Մայր ցուցակի մատենաշարի տասներորդ հատորը, որի մեջ նկարագրված ձեռագրերի քանակը 400 է՝ համար 3001-3400:
Հատորում շարունակվում է «Գէորգեան հաւաքածուի» կամ «Նոր ժողովածուի» ձեռագրերի ներկայացումը, որոնք ընդգրկում են 13-19 դդ.: Հատորում ընդգրկված ձեռագրերը ունեն միջնադարի և նոր ժամանակների գրեթե բոլոր ասպարեզներին վերաբերող նյութեր՝ աստվածաբանական-դավանաբանական-ծիսական և պատմագրական բազմաթիվ երկերի օրինակներ: Հատորը հարուստ է նաև միջնադարյան չափածոյի տարաբնույթ միավորներով:

Իտալացի հանրահայտ նկարիչ Լեոնարդ դա Վինչիի 500-ամյակին նվիրված ցուցահանդեսում, որը բացվելու է Լուվրում, չի ներկայացվելու նրա ամենահայտնի կտավը՝ «Ջոկոնդան» կամ «Մոնա Լիզան»։
Ցուցահանդեսի այցելուները կարող են տեսնել նկարն իր սովորական վայրում, որ նույնպես գտնվում է Լուվրում։
Կազմակերիչները պատմել են, որ որոշել են «Մոնա Լիզան» չներառել ցուցադրությունում գործնական պատճառներով։ Դա Վինչիին նվիված ցուցահանդեսը բացվելու է Նապոլեոն դահլիճում, իսկ այդտեղ կարող է 7000 մարդ օրական այցելել, մինչդեռ «Մոնա Լիզան» դիտելու համար ամեն օր 30 հազար մարդ է այցելում թանգարան։
«Եթե մենք այդ սրահ տեղափոխեինք «Մոնա Լիզան», ուղղակի հնարավոր չէր լինի այցելել ցուցահանդես», -ասում են կազմակերպիչները։
Լեոնարդո Դա Վինչին կտավը ստեղծել է 1503-1505 թվականներին։ Համարվում է, որ նկարում Լիզա Գերադինան է՝ Ֆլորենցիայից մետաքսի առևտրական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կինը։
Ի դեպ, Իտալացի հայտնի նկարիչ Լեոնարդ դա Վինչիի «Մոնա Լիզա» կամ «Ջոկոնդա» կտավը փչանում է: Այս մասին պատմել են թանգարանի մասնագետները: Նրանք նշել են, որ նկարն այլևս չեն տեղափոխելու այլ երկրներ, քանի որ այն դարձել է շատ փխրուն և Լուվրը սահմանափակելու է դրա շարժը:
«Տեղափոխման ժամանակ այն կարող է մասերի բաժանվել».- ասել է մասնագետը:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, թանգարանների մասնագետներն ասել են, որ ներկա պահին «Մոնա Լիզայի» ճակատին ճաք կա: