Գեղարվեստական հաղորդում (192)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի:
------------------
Սպահանի «Գոզար» գալերիայում ցուցադրության է հանվել Հայաստանի եւ Իրանի թվով 19 գեղանկարիչ-գրաֆիստների աշխատանքների՝ «Ընդհանուր պատում» անունը կրող համատեղ ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի ունեցավ ուրբաթ, նոյեմբերի 8-ին:
Ալի Անսարին ցուցահանդեսի կազմակերպման մասին տեղեկացնելով յիշեցրել է, որ ցուցահանդեսը սեպտեմբերին Թեհրանի «Դենա» գալերիայի «Ընդհանուր պատում» ցուցահանդեսի կրկնությունն է, որին ներկա էր նաև Հայաստանից ժամանած արվեստագետ գեղանկարիչ Արարատ Մինասյանը:
Հատկանշական է, որ ցուցահանդեսը շարունակվելու է մինչև նոյեմբերի 22-ը:

Հովհաննես Թումանյանի և Լևոն Շանթի 150-ամյա հոբելյանների կապակցությամբ Թումանյանի թանգարանը հրատարակել է Թումանյանի մանկական ստեղծագործությունների արևմտահայերեն փոխադրությամբ գիրքը: Շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 8-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում:
Արևմտահայերենի փոխադրումն իրականացրել է Լևոն Շանթը Կ.Պոլսի հայ մանուկներին Թումանյանի աշխարհն էլ ավելի ճանաչելի ու հասկանալի դարձնելու նպատակով:
«Ժամանակին Հովհաննես Թումանյանին ու Լևոն Շանթին հրավիրել են կազմել տարրական դասարանների համար նախատեսված «Լուսաբեր» դասագիրքը: Սկզբում այն հրատարակվել է արևելահայության համար, բայց այնքան հաջողված էր, որ Լևոն Շանթը դասագիրքը փոխադրեց արևմտահայերեն: Մեր թանգարանում դասագրքի տարբեր հրատարակություններ են պահվում. այն բավականին երկար կյանք է ունեցել: Այս գրքի հիմքում այն բոլոր դասագրքերն են, որոնք հրատարակվել են մինչև Թումանյանի մահը»,-պատմեց թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը:
Գիրքը, որում տեղ են գտել Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունները, բալլադներն ու լեգենդները, պատմվածքները, նկարազարդել են արտասահմանում ապրող հայ մանուկները, նրանց աջակցել են Հայաստանում ապրող երեխաները:
Հրատարակման համար ֆինանսական օգնություն է ցուցաբերել Արմինե Կարապետյանը: Թանգարանը նրան նվիրեց «Հովհաննես Թումանյան 150» հուշամեդալը:
Արմինե Կարապետյանն ասաց, որ ծնվել է Իրանում` հայրենասեր ու կրթված ընտանիքում: «Հայրս գրող էր, իսկ մայրս` ուսուցչուհի: Թումանյանը մեր ամենասիրելի հեղինակներից է, և մենք մեծացել ենք նրա հեքիաթներով»,-նշեց նա:
Գիրքը կազմել է Անի Եղիազարյանը, խմբագրել է Նարինե Խաչատրյանը, սրբագրել` Քնարիկ Աբրահամյանը, ձևավորումն իրականացրել է Մանե Խաչատրյանը:

Հայաստանում նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 2-ը Եվրոպական ֆիլմերի փառատոն կանցկացվի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում, ինչպես նաև Գյումրիում, Դիլիջանում և Վանաձորում կցուցադրվեն հանրահայտ և մրցանակակիր եվրոպական ֆիլմեր:
Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:

Նոյեմբերի 6-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սանտա-Մոնիկա քաղաքում բացվեց ամենամյա ամերիկյան կինոշուկան (American Film Market): Կազմակերպիչների հաշվարկով, այս տարի Սանտա-Մոնիկա կգա ավելի քան 7 հազար մասնակից աշխարհի ավելի քան 70 երկրից: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, շաբաթվա ընթացքում իրենց արտադրանքն աշխարհի խոշորագույն կինոշուկայում կներկայացնեն նաև մոսկովյան 15 կինոընկերություն և ստուդիա:
«Մարս Մեդիա» ընկերությունը ներկայացնելու է ռեժիսոր Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պարը» ֆիլմը: Այն կենսագրական ֆիլմ է հայազգի մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին, որը ստեղծվել է Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությամբ, երկու երկրներում էկրաններ է բարձրանալու 2019 թվականի դեկտեմբերին:
Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է կոմպոզիտորը ստեղծել իր ամենահայտնի երաժշտական ստեղծագործությունը ընդամենը 8 ժամում: Ֆիլմում իրադարձությունները տեղի են ունենում 1942 թվականին Մոլոտով (Պերմ) քաղաքում։ Գլխավոր դերակատարն է Համբարձում Կաբանյանը։ Ֆիլմը նկարահանվել է Ռուսաստանում և Հայաստանում, այդ թվում՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և Խոր Վիրապ վանքում։ «Սուսերով պարն» արդեն վաճառվել է Ճապոնիային, Թաիլանդին, Լատինական Ամերիկայի երկրներին:
«Իմ երաժշտական ընտանիքում մի անհնազանդ ու աղմկոտ զավակ կա՝ «Սուսերով պարը» «Գայանե» բալետից: Ազնվությամբ, եթե ես իմանայի, որ այն այդպիսի հանրաճանաչություն ձեռք կբերի և արմունկներով հետ կմղի մյուս ստեղծագործություններին, ապա երբեք այն չէի գրի: Արտասահմանում ինձ գովազդում են որպես «պարոն Սեյբրդանս» (անգլերեն sabre՝ սուսեր և dance՝ պար բառերից): Դա, նույնիսկ, բարկացնում է ինձ: Ես այն անարդարացի եմ համարում ...»,- ասել է Արամ Խաչատրյանը:
«Գայանե» բալետի առաջին բեմադրությունը եղել է 1942 թվականի դեկտեմբերի 9-ին Պերմում:
««Սուսերով պարը» կոմպոզիտորի խոստովանմամբ, հանկարծակի է ծնվել: «Գայանե»-ի պարտիտուրի ստեղծումից հետո սկսվեցին փորձերը: Թատրոնի տնօրենը իր մոտ կանչեց Խաչատրյանին՝ ասելով, որ վերջին գործողության մեջ հարկավոր է պար ավելացնել: Կոմպոզիտորն այն դժկամորեն արեց, քանի որ բալետն ավարտված էր համարում: Այդուհանդերձ, այդ միտքը ստիպեց նրան մտածել:
«Պարը պետք է արագ, մարտական լինի, - հիշում էր Խաչատրյանը։ - Ձեռքերս անհամբերությամբ ակորդ վերցրեցին, և ես սկսեցի մաս-մաս նվագել այն, ինչպես օստինատային, կրկնվող դարձվածք: Կտրուկ շարժում էր անհրաժեշտ. ես վերցրեցի վերևի ձգվող տոնը: Ինչ-որ բան ինձ «բռնեց». ահա, կրկնենք ուրիշ տոնայնության մեջ: Սկիզբը դրված է: Այժմ կոնտրաստ է անհրաժեշտ... Բալետի երրորդ պատկերում երգային թեմա, լիրիկական պատկեր ունեմ: Մարտական սկիզբը ես միացրի այդ թեմային՝ այն սաքսաֆոնն է կատարում, ապա վերադարձա սկզբին, սակայն արդեն նոր որակով: Սկսեցի աշխատել ցերեկվա ժամը 3-ին, իսկ մոտավորապես գիշերվա 2-ին ամեն ինչ պատրաստ էր: Առավոտյան ժամը 11-ին պարը հնչեց փորձի ժամանակ: երեկոյան այն բեմադրվեց, իսկ հաջորդ օրն արդեն գլխավոր փորձն էր ... »»,-պատմում է կոմպոզիտորը:
«Գայանե» բալետի երաժշտության համար Արամ Խաչատրյանը արժանացել է Ստալինյան առաջին կարգի մրցանակի:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի օրերս Լիոն կատարած այցի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2020 թվականի հոկտեմբերին՝ Լիոնի «Լյումիեր եղբայրներ» միջազգային կինոփառատոնի օրերին ներկայացնելու «Կինոյի տաճար» ամբոջական ծրագիրը։
Կինոկենտրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Լյումիեր եղբայրների թանգարանում կայանալիք «Կինոյի տաճար» միջոցառուման ծրագիրը ներառում է․Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած, վերկանգնված կադրերի ինստալացիա, Վարպետի երեք ֆիլմերի («Հակոբ Հովնաթանյան», «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» և «Կիևյան որմնանկարներ» )՝ Եռաֆիլմի ցուցադրությունը, Ս․Փարաջանովի տուն-թանգարանի ցուցանմուշների ցուցադրում, ինչպես նաև ֆորում-քննարկում՝ նվիրված Ս․Փարաջանովի ժառանգությանը։
Աղբյուրը հայտնում է, որ այցի ընթացքում քննարկվել են հայ կինոյի ժառանգության պահպանմանը և հանրահռչակմանը վերաբերող կարևոր խնդիրներ, այդ թվում՝ հայկական կինոժառանգության վերականգնման, թվայնացման, պահպանության հարցերը։
Անդրադարձ է եղել Թուլուզի ֆիլմադրանում պահպանվող Համո Բեկնազարյանի «Պեպո» գեղարվեստական խաղարկային ֆիլմի երկու տարբեր ժապավենների շուրջ, որոնք ուսումնասիրել են տեղի մասնագետները: Ֆրանսիական կողմի խորհրդով և հայկական կողմի համաձայնությամբ մշակվել է մեկ ամբողջական թվայնացված և վերականգնված ֆիլմ ստեղծելու գաղափարը: Ներկայումս Թուլուզի ֆիլմադարանի հետ քննարկումները դեռ շարունակվում են և 2020թ․-ին ակնկալվում է այնտեղ թվայնացնել և վերականգնել «Պեպոն»:
Ֆրանսիական կողմը մինչև նոյեմբերի վերջ Հայաստանի ազգային կինոնենտրոն կուղարկի հայ-ֆրանսիական կրթական համատեղ ծրագրի առաջին առաջարկը։ Ավելի ուշ, կողմերը կհանդիպեն Երևանում և կքննարկեն առաջարկներն ու գործընթացը։

Անգլիացի մեծանուն դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի «Չափն ընդդեմ չափի» պիեսի հիմա վրա բեմադրված համանուն ներկայացմամբ ավարտվեց Երևանի 14-րդ Շեքսպիրյան փառատոնը։
Կարո Բալյանի բեմադրությունը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում խաղացին Ա. Ս. Պուշկինի անվան Օրսկի դրամատիկական թատրոնի դերասանները:
Դերասանուհի Տատյանա Իվլևան, որը ներկայացման մեջ հանդես եկավ միաժամանակ երկու կերպարով՝ Ֆրանցիսկայի և միանձնուհու, զրույցում նշել է, որ երկրորդ անգամ է այցելում Հայաստան։ «Առաջին անգամ «Հայ ֆեստ-2018» փառատոնի հրավերով էինք այստեղ՝ «Անհավանական սեր» ներկայացմամբ։ Ներկայացումը ցուցադրվեց նաև Գորիսում՝ «Գորիսը ԱՊՀ՝ 2018 թվականի մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում։ Հայաստանից տպավորված հեռացանք։ Այս անգամ էլ մեծ ոգևորությամբ վերադարձանք՝ Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Կարո Բալյանի բեմադրած «Չափն ընդդեմ չափի» ներկայացմամբ, որի առաջնախաղը վերջերս էր կայացել մեր թատրոնում»,-պատմեց նա:
Նա ընդգծեց, որ Բալյանի հետ աշխատանքն իրենց թատերախմբին շատ դուր է եկել։
«Այս ներկայացումը Օրսկում շատ լավ ընդունելության արժանացավ։Առաջանախաղից առաջ հուզվում էինք, մի քիչ էլ վախենում, բայց, բարեբախտաբար, ամեն ինչ լավ անցավ»,-նշեց Տատյանա Իվլևան:
Փառատոնն անցկացվեց նոյեմբերի 1-5-ը: Այն հյուրընկալեց վեց երկրից ժամանած ավելի քան 90 մասնակցի և հյուրերի` հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնների տնօրենների Լեհաստանից, Իտալիայից, Ղազախստանից, Իրանից և Ռուսաստանից: Երևանյան 7 բեմահարթակում ցուցադրվեց տասը ներկայացում:

Christie’s աճուրդային տունը Լոնդոնում վաճառքի կհանի հանրահայտ նկարիչների գործերը «Ռուսական արվեստի գլուխգործոցներ» խորագրով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆքս»-ը, Լոնդոնի աճուրդի գլխավոր նկարները նոյեմբեր 8-10-ը ցուցադրվել են Մոսկվայում: Դրանց թվում է նաև հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու«Իսկիայի մայրամուտը» կտավը` ստեղծված 1873 թվականին:
Այվազովսկու կտավը գնահատվում է 300-500 հազար ֆունտ սթերլինգ:
Նոյեմբերի 25-ի աճուրդի ամենաթանկ լոտը լինելու է Նիկոլայ Ֆեշինի «Մանիկյուր անող կինը», որը գնահատված է 2-ից 3 մլն ֆունտ:

Բեռլինյան պատի 5 հատված կվաճառեն Բրյուսելի արվեստի տոնավաճառում: Այն կանցկացվի 2020 թվականի հունվարի 26-ից փետրվարի 2-ը:
Բարեգործական վաճառքը կկայանա տոնավաճառի ոչ կոմերցիոն նախագածի շրջանակներում: Գումարը կուղղվի օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարին, սահմանափակ կարողություններով մարդկանց հետ աշխատանքին և գեղարվեստական ժառանգության պահպանմանը: Յուրաքանչյուր կտորի քաշը 3,6 տոննա է, բարձրությունը՝ 3,8 մետր, լայնությունը՝ 1,2 մետր:
2019 թվականի նոյեմբերի 9-ին լրանում է Բեռլինյան պատի փլուզման 30 ամյակը: