Մի գավաթ անդորր(179. Խանդը և նախանձը)
Մի գավաթ անդորր հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ այսօր խոսելու ենք խանդի ու նախանձի մասին: Ընկերակցեք մեզ:
Խանդը բազմապլանային հարուստ հուզական վիճակ է: Այս դեպքում կա սեր, ատելություն, վախ: Լինում է նորմալ կամ էրոտիկ և ոչ նորմալ, որը կոչում են զառանցանք: Երկուսի հիմքում էլ ընկած է կասկածը, նաև սիրած էակին կորցնելու վախը:
Առավել շատ դրսևորվում է այն մարդկանց մոտ, ովքեր ձգտում են ինքնահաստատման, դեռ չեն կայացել ու այդ փուլում հանդիպել են մի էակի, որից կախված է իրենց ինքնահաստատումը: Սիրած էակին կորցնելու վախը բերում է խանդի դրսևորման:
Ինքնահաստատված մարդիկ հարուստ գիտելիքներ ունեն: Նրանց մոտ խանդի դրսևորումներ չկան կամ շուտ չեն արտահայտվում, իսկ թերարժեքության, նաև գերարժեքության բարդույթ ունեցողներն ավելի շատ են խանդում: Խանդը դրսևորվում է հավասարապես թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ: Պարզապես կան դրսևորման տարբերություններ. կինը կարող է չարտահայտել խանդը, իսկ տղամարդկանց մոտ դրսևորումները տարբեր են:
Եվ, ի վերջո, պետք է հիշել, որ շատ հարաբերություններ խախտվում են, և շատ ամուսնալուծություններ լինում են հենց խանդ կոչվածի պատճառով:
Կան մարդիկ, որոնք համարում են, որ եթե խանդի զգացմունք չկա, ապա չկա նաև սիրո զգացմունք, բայց դա միշտ չէ որ այդպես է:Եթե կարճ բնութագրենք խանդը, ապա դա սեփականության իրավունք է ուրիշ էակի նկատմամբ իր բազմաթիվ դառը հետևանքներով:
Խանդում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Այդպիսի ընտանիքում ամուսիններից մեկի համար ընտանեկան կյանքը դառնում է դժոխք: Օրինակ, եթե կինը 5 րոպե ուշանում է աշխատանքից, խոսում է հեռախոսով. գնում է նոր զգեստ կամ հարդարում է մազերը նորաձև և այլն, դա կարող է խանդի և անվերջ հարցաքննումների պատճառ դառնալ:
Ուիլյամ Շեքսպիրն ասել է.« Խանդը հրեշ է, որ ինքն է իրեն թե՛ սկիզբ դնում, թե՛ ծնում»:
Ոչ հիմնավորված խանդը հանդիպում է անվստահ, կասկածամիտ, կպչուն մտքերով, ինքնավերլուծական բնավորությամբ և որոշ դեպքերում հիստերիկ անձնավորությունների մոտ: Ինչքան էլ ամուսինը այդպիսի անձնավորությանը շատ ուշադրություն դարձնի, միևնույնն է նրանց համար դա քիչ է, նրանք միշտ ուզում են գտնվել ուշադրության կենտրոնում, և միշտ թվում է, թե ոտնահարվում է նրանց ինքնասիրությունը: Այդպիսի վերաբերմունքը իհարկե փոփոխում է ընտանեկան հարաբերությունները բացասական իմաստով: Զուգնըկերոջը վաղ թե ուշ ձանձրացնում են մշտական արդարացումները չկատարված գործողությունների համար, և դա կարող է հանգեցնել բաժանության:Ինչպես Ուիլյամ Շեքսպիրն է ասել.-«Տարվելով խանդոտ կասկածամտությամբ՝ կարելի է վիրավորել նաև միանգամայն անմեղ մարդուն»:
17-րդ դարի ֆրանսիացի քաղաքական գործիչ և փիլիսոփա Ֆրանսուա դը Լարոշֆուկոն, ասել է. «Խանդի մեջ մեկ բաժինը սեր է, իննսունինը բաժինը` ինքնասիրություն»:
Իսկ ինչ վերաբերում է նախանձին: Ասում են՝ նախանձը բնածին է, ծնունդ է առնում մարդու գիտակցական կյանքից եւ շարունակում է ապրել նրա հետ: Սակայն մեզանից ոմանք կարողանում են ինքնատիրապետել եւ չցուցադրել այն, ոմանք իրենց մատնում են դեմքի արտահայտության (միմիկայի) միջոցով: Նախանձը առաջանում է թերարժեքության զգացումի հենքի վրա, առաջին հերթին վնասում սեփական անձի նկատմամբ հարգանքին: Նախանձը, խանդը, ատելությունն ու վրեժխնդրությունը իրականություններ են, որոնց հետ մարդկությունը պայքարի մեջ է հարյուրամյակներ շարունակ: Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ գոյություն ունի նախանձի մի քանի տեսակ՝ դեպրեսիվ նախանձ, թշնամական նախանձ եւ հիացմունքային նախանձ: Առաջինի դեպքում նախանձն առաջանում է այլոց երջանկության պատճառով եւ ուղեկցվում է դեպրեսիվ մտքերով, ինչպիսիք են՝ «երբեք չեմ կարող (չեմ ունենա) եւ այլն»: Երկրորդի ժամանակ նկատվում են ավելի ագրեսիվ բնույթ ունեցող արտահայտություններ կամ մտքեր, շեշտադրվում է թերարժեքության բարդույթը: Նախանձի երրորդ ձեւը մարդիկ անվանում են «բարի նախանձ», որը այնքան էլ բարի չէ, սակայն վերոհիշյալ տարբերակներից ամենաընդունելին է: Այս դեպքում հաճախ օգտագործվում են՝ «արժանի է, շատ է աշխատել (երանի նրան)» այսօրինակ արտահայտություններ: Վերջին տարիների հետազոտությունները բացահայտել են տխուր իրականություն, երբ մարդիկ կարող են նախանձել մոտիկ, նույնիսկ մտերիմ մարդկանց: Նախանձը վտանգավոր է մի պարզ պատճառով, որ այն կարող է առաջ բերել բացասական մտքեր, որոնք էլ կնպաստեն մարդու ամբողջ օրգանիզմի քայքայմանը:
***
Խանդը կարող ենք ասել, որ կարծես պահանջ է տիրանալու մեկին, որի հետ գոյություն ունի հուզական կապ: Այն առաջանում է հատկապես այն ժամանակ, երբ առաջանում է ուժեղ, իռացիոնալ կորցնելու վախ նույն այդ մարդու նկատմամբ: Զգացողություն է առաջանում, որ ինչ որ մեկը վերցնում է մի բան, որը հանդիսանում է իր իրավունքը կամ առավելությունը:
Խանդի հետևանքով կարող է առաջանալ զայրույթ, չարություն, վիրավորվածություն, և մարդը կարող է գործել նույնիսկ ոչ գիտակցված:
Շատ մեկնաբանություններում սերը և խանդը միահյուսվում են: Այսինքն սիրո արտահայտման ձև դառնում է խանդը: Մինչդեռ հոգեբաններն այդպես չեն կարծում:
***
Խանդի մեջ կարևոր է առանձնացնել անձնային բաղատրատարրերը՝ ցածր ինքնագնահատականը, թերարժեքության զգացողությունը, չավարտված անձնային նույնականացման գործընթացը: Եթե ամբողջացնենք խանդի պրոբլեմները կարող ենք դուրս բերել նաև տարբաբնույթ դրդապատճառներ և զգացողություններ: Խանդոտ մարդը երբեմն արտահայտում է իր անգիտակցական ցանկությունը և իր ցանկությունը վերագրում է ուրիշներին, այսինքն այն ինչը կաներ կամ անում է նույն ինքը: Արդյունքում սկսում է կորցնել վստահությունը և փչացնում ու տառապանք է պատճառում հարաբերություններին: Խանդի վերլուծությունը բազմանշանակ է և խանդը որպես հույզ, որը դրսևորվում է տարբեր վարքային ձևերով միշտ երկրորդային է ու հետևանք է անձի մի շարք ներքին հոգեբանական խնդիրների: Ինչու չէ այն երբեմն նաև կախվածություն է ներքին վստահության ամրապնդման, այլ մարդուց ուշադրության արժանանալու, սեփական ես – ը զգալու միայն այլ մարդու միջոցով, հեղինակության հաստատման և այլն: Անձի զարգացման և ինքնակայացման համար առավել խանգարող և վտանգավոր է կպչուն կամ հիվանդագին խանդը, որը երկու ձևով է դրսևորվում:
Շատ կարևոր է հիշել, որ խանդը քայքայիչ հույզ է և այն կարող է փչացնել ներդաշնակ հարաբերությունները: Վստահությունը ներքին ուժերին և ներքին հնարավորություններին ամենակարևոր հատկանիշն է հոգեկան բավարարվածության համար: Պետք է կարողանալ հասնել սեփական անձի ուշադրության և սիրո պահանջմունքի բավարարմանը տարբեր ճանապարհներով: Շատ կարևոր է ներքին վերլուծությունը և հիմնական դրդապատճառների դուրս բերումը, որը ձեզ մոտ առաջացրել է խանդի զգացողություն և վարքային դրսևորումներ: Եթե առաջանում են դժվարություններ և ինքնուրույն չեք կարողանում ձերբազատվել տանջող ապրումներից և քայքայիչ հույզերից ձեզ կարող են օգնել հոգեբան մասնագետները:
***
Սիրելի ունկնդիրներ եթե կա սեր և լիարժեք ամուսնական ներդաշնակություն, ապա այդտեղ չեն կարող արմատավորվել խանդը և անվստահությունը: Ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ: