Գեղարվեստական հաղորդում (193)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի:
Նոյեմբերի 15-ին, Թեհրանի «Անդիշե» մշակույթի տանը, Իրանի թարգմանիչների ասոսացիայի նախաձեռնությամբ և «Խանե-յե քեթաբ» և «Հաֆթե-յե քեթաբ» հաստատությունների համագործակցությամբ, կայացավ Իրանի թարգմանիչների հինգերորդ տոնը, որում ընթերցասեր հասարակության կողմից իրանահայ հայտնի դերասան, ռեժիսոր և թարգմանիչ՝ Անդրանիկ Խեչումյանը ընտրվեց որպես երկրի սիրելի թարգմանիչ:
Այս պատվաբեր առիթով շնորհավորում ենք իրանահայ համայնքին ու մեր սիրելի թարգմանչին և նորանոր հաջողություններ մաղթում նրան:
Հիշեցնենք Անդրանիկ Խեչումյանը ցայժմ հայերենից պարսկերեն է թարգմանել մոտ չորս տասնյակ պիեսներ, պատմվածքներ և վեպեր, որոնցից մի քանիսը հասել են երկրորդ տպագրության:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնում տեղի է ունեցել Արմենուշ Առաքելյանի «Իմ չքնաղ երազ» գրքի շնորհանդեսը:
Շնորհանդեսին ներկա էին ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, գրող, արձակագիր, բանաստեղծ, կինոքննադատ, խմբագիր և անկախ հրատարակիչ Մոսթաֆա Զամանի-Նիան, մտավորականներ, հյուրեր:
Արմենուշ Առաքելյանն անդամակցել է Թեհրանի հայոց թեմի թեմական խորհրդին, ծավալել է բազմամյա մշակութային, գրական և հրատարակչական գործունեություն թեհրանահայ համայնքում, պարսկերեն է թարգմանել «Արտույտների ագարակը» վեպը:
Շնորհանդեսի ժամանակ Արմենուշ Առաքելյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանին՝ շեշտելով, որ Իրանագիտության ամբիոնը լավագույն միջավայրն է «Իմ չքնաղ երազ» գիրքը ներկայացնելու համար:
«Գիրքը լույս է տեսել Թեհրանում՝ պարսիկ ընթերցողին հայկական ժամանակակից բանաստեղծության, երգի ու երաժշտության հետ ծանոթացնելու նպատակով»,- ասաց գրքի հեղինակը:
Ըստ հեղինակի՝ հետաքրքրական է այն տեսակետը, որ թարգմանելիս մենք մեր պատմությունն ու մշակույթը հասանելի ենք դարձնում օտարազգի ընթերցողին՝ պարսիկ ընթերցողին, մինչդեռ իրականում այն երկկողմանի շահավետ գործընթաց է:
«Թարգմանելու գործընթացը լեզուն անսահմանափակ է դարձնում, այն վայելքի տեսակ է, երբ հավանածդ գործն ուզում ես կիսել օտարի հետ,- ելույթում ասաց Արմենուշ Առաքելյանը,- թարգմանության հիմքում օտարի հանդեպ հարգանքն է, սերը՝ հեղինակի և իր ստեղծածի հանդեպ, սերը՝ ընթերցողի և լսողի նկատմամբ, ի վերջո, թարգմանությունը նաև հարաբերություն է ժողովուրդների ու ազգերի միջև, որը նպաստում է նրանց մերձեցմանը»:
Գրքի ստեղծման նախապատմությունը ներկայացնելիս Արմենուշ Առաքելյանն ասաց, որ ինքը հղացավ գրքի գաղափարը՝ իրեն դուր եկած երգերն ու բանաստեղծությունները թարգմանելով պարսկերեն:
«Վերջին 20-25 տարիների ընթացքում Թեհրանի հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնում կատարված թարգմանությունների մեծ մասը շոշափում է հայոց պատմության և Հայոց մեծ եղեռնի թեմաները,- փաստեց Արմենուշ Առաքելյանը,- և պարսիկները հաճախ ցանկություն էին հայտնում, Հայոց ցեղասպանությունից զատ, ծանոթանալ նաև ժամանակակից հայ գրականության թեմաներին»:
Այսպիսի կարծիք հայտնողներից մեկն է եղել նաև հայ ժողովրդի բարեկամ, արձակագիր, բանաստեղծ, խմբագիր Մոսթաֆա Զամանի-Նիան, որը շուրջ երեսուն տարի համագործակցել է հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնի հետ՝ բծախնդրությամբ կատարելով լույս տեսած տասնյակ գրքերի և հոդվածների խմբագրման, սրբագրման և հրատարակման աշխատանքները:
«Գրքում տեղ գտած ստեղծագործություններն աչքի են ընկնում ոճի և մոտեցումների զանազանությամբ, սակայն բոլորն էլ շոշափում են սիրո թեման՝ ցույց տալով հեղինակներից յուրաքանչյուրի փիլիսոփայությունն այդ հարցի վերաբերյալ,- ասաց հեղինակը,- հաճելի է, որ կարդալով կամ լսելով հեղինակին՝ հանդիպում ես քեզ նմանին, հասկանում ու զգում նրան և համոզվում, որ անկախ ապրելու վայրից՝ բոլորիս հույզերն ու ապրումները նույնանման են»:
«Իմ չքնաղ երազ» գիրքը բաղկացած է 17 ժամանակակից սիրային երգերից, որոնք պատկանում են 9 հեղինակների:
Իրանագիտության ամբիոնի ուսանողներն ասմունքեցին գրքում տեղ գտած բանաստեղծություններից մի քանիսը:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև երգերի հեղինակ, երգչուհի Լիլիթ Բլեյանը՝ ներկայացնելով գրքում տեղ գտած իր երկու երգերը:

Իրանահայ գրողների միության նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին, Թեհրանի «Ռոստոմ» համալիրի սրահում տեղի ունեցած բանախոսական երեկոն՝ նվիրված էր ծագումով իրանահայ, հայրենի արձակագիր Աբիգ Ավագյանին:
Բանախոսության նյութը՝ «Աբիգ Ավագյան՝ անիրավվածների դիմակերտիչը» խորագրով ներկայացրեց իրանցի մտավորական, գրող, թարգմանիչ, հայ գրականությանը լավածանոթ՝ դոկտ. Ղավամեդդին Ռազավիզադեն: Բանախոսը ֆրանսերենից պարսկերենի է թարգմանել Հայոց Ցեղասպանության թեմայով ֆրանսահայ գրող՝ Վահե Քաչայի «Մի դաշույն այս պարտեզի մեջ» վեպը, իսկ վերջերս նաև՝ Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոման» վեպը, որի համար Թարգմանչաց տոնին Հայաստանի Գրողների միությունը նրան պարգևատրել է Նարեկացու անվան շքանշանով:
Դոկտ. Ռազավիզադեի կենսագրականն ու գրական գործունեությունը ներկայացրեց միության քարտուղարուհի Աշխեն Եղիայեանը, ապա ելույթ ունեցավ բանախոսը:
Նա հանգամանորեն ներկայացրեց Աբիգ Ավագյանի կենսագրականը, հատկապես Իրանում ապրած 27 տարիներն ու նրա գրական գործունեությունը: Նրա արձակի հիմնական թեման Իրանն է, անիրավված մարդկանց ապրումները, նրանց ընդվզումներն ու պայքարը տիրող անարդար իրավիճակի դեմ,- ասաց բանախոսը:
Բանախոսը Աբիգ Ավագյանի ստեղծագործությունից ընթերցեց նախ մի հատված «Բենդ գյուղի վերջին մարդը» պատմվածքից՝ Անդրանիկ Խեչումյանի թարգմանությամբ, ապա «Շահրե-Շադե» պատմվածքը իր թարգմանությամբ:
Նաեւ ներկայացրեց իր իսկ վերլուծությունը վերջնիս մասին: Երկու պատմվածքների թեմաները ընթանում էին Իրանի հարավային շրջաններում Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիների շուրջ, երբ խորհրդային եւ բրիտանական զորքերը ներխուժել էին Իրանի սահմաններից ներս, հյուսիսում խորհրդային ուժերն էին հաստատվել, իսկ հարավային շրջաններում՝ բրիտանական ուժերը: Բանախոսության ավարտին միության նախագահ՝ Գարուն Սարգսյանը բարձր գնահատելով դոկտ. Ռազավիզադեի գրական գործունեությունն ու խնամքով պատրաստած օրվա նյութը, շնորհակալագիր հանձնեց հարգարժան բանախոսին:
Աբիգ Ավագյանը ծնվել է 1919 թվականին, Թեհրանում: Հոր աշխատանքի բերումով նախնական կրթությունը ստացել է Ղոմի, ապա Ղազվինի դպրոցներում, Թեհրանում սովորել է տեղի ֆրանսիական դպրոցներում եւ ամերիկյան կոլեջում (այժմ ՝ Ալբորզ դպրոց): 1939-ին զորակոչվել է բանակ եւ որպես ռազմական օդաչության ուսանող ծառայել է մինչև 1941 թվականը: Օդանավի վթարի պատճառով վիրավորվել է և մեղադրվելով վարժողական օդանավի ոչնչացման համար, վտարվել է ծառայությունից: Այնուհետև, Իրանի հարավային շրջաններում ավելի քան 3 տարի աշխատել է ճանապարհաշինական ընկերությունում: 1946-ին ներգաղթել է հայրենիք: 1949-ին անդամակցել է Հայաստանի Գրողների միությանը: 1950-ին նրա անդրանիկ գիրքը՝ «Պատմվածքներ», հրատարակվել է «Հայպետհրատ»-ի կողմից Երևանում: 1957-ին ավարտել է Հայաստանի Գրողների միությանն առընթեր՝ Մոսկվայի գրական բարձրագույն դասընթացները: 1959-83 թթ. որպես խորհրդական աշխատել է Հայաստանի Գրողների միությունում:
Մահացել է 1983 թվականին Երևանոմ:

Անվանի բանաստեղծ Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Հայաստանի ազգային գրադարանում ցուցադրվեց գրողի` գրադարանի ֆոնդերում պահվող հարուստ ժառանգությունը՝ գրքեր, թարգմանություններ, ինքնագրերով գրքեր, ամսագրերում և թերթերում տպագրված հոդվածներ, լուսանկարներ:
Ներկայացվեցին նաև Գևորգ Էմինի որդու՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արտաշես Էմինի անձնական արխիվում պահվող եզակի ձեռագրեր:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն ասաց, որ վերջերս բանաստեղծի թոռան`Գևորգ Էմին Տերյանի հետ առիթ են ունեցել աշխատելու գրողի արխիվում, որտեղ ոչ միայն նրա հսկայածավալ ժառանգությունն է, այլև փաստաթղթեր, լուսանկարներ, նյութեր, որոնք պատկերացում են ստեղծում 30-ական թվականներից մինչև 80-90-ականների գրական ընթացքի մասին և կարևոր են այդ շրջանի հեղինակավոր մարդկանց ուսումնասիրման գործում:
«Արխիվի ուսումնասիրությունը էական է նաև այն պատճառով, որ ժամանակին հրատարակվեցին Գևորգ Էմինի որոշ գործեր, որոնք իբր գրվել են 30-ական թվականներին: Շատ գրականագետներ կարծիք էին հայտնում, որ դրանք կեղծված նյութեր են, քանի որ անհնար էր այդ շրջանում նման ստեղծագործություններ գրել: Արխիվում գտանք 30-ականների Էմինի ձեռագրերը»,-պատմեց գրականագետը:
Նիկողոսյանը շեշտեց, որ Գևորգ Էմինը հակասական, բարդ անհատականություն էր, այդ պատճառով նրա շուրջ տարբեր, երբեմն ոչ հենց այնպես բամբասանքներ էին պտտվում, վարկածներ, զազրախոսություններ, որոնք խանգարել են նրա ստեղծագործության ամբողջական ընկալմանը:
Արտաշես Էմինը, անդրադառնալով գրադարանին նվիրած գրականությանը, ասաց, որ քսան կամ երեսուն գիրք է նվիրել: «Օտարալեզու գրքերի երկրորդ օրինակները գտա տանը և կարծեցի` ավելի լավ է`դրանք այստեղ լինեն»,-շեշտեց նա:
Էմինը հիշեցրեց, որ հետխորհրդային շրջանում Գևորգ Էմինի գործերը Հայաստանում չէին հրատարակվում, ինչը գրողին շատ էր դառնացրել: «Այդ տարիներին Բեյրութում տպվեց «Շատ չեղավ, Աստված» գիրքը, որը ներկայացված է ցուցահանդեսում: Գրքում տեղ գտած բանաստեղծությունները Հայաստանում հայտնի չեն: Հոբելյանի կապակցությամբ նախատեսում ենք հրատարակել Գևորգ Էմինի ընտիր և անտիպ գործերի ժողովածուն»,-եզրափակեց գրողի ժառանգը:

Առաջին անգամ Հայաստանում՝ Երևանում, մեկ հարկի ներքո կգործի արվեստների կենտրոն ու թանգարան: Բոյաջյան արվեստների կենտրոնում և Հայկական գրաֆիկայի թանգարանի հավաքածուներում կներկայացվեն Վարդգես Բոյաջյանի «XX-րդ դարի գրաֆիկական արվեստի վարպետները» անհատական հավաքածուի հայկական բաժինը` աշխարհահռչակ արվեստագետների՝ Էդգար Շահինի, Ժան Գառզուի, Ժան Ժանսեմի մի քանի հարյուրից ավելի արվեստի գործեր՝ գծանկար, վիմագրություն, օֆորտ, նկարազարդ գրքեր: Արվեստի կենտրոնը բացվելու է նոյեմբերի 22-ին:
Հավաքորդ Վարդգես Բոյաջյանն ասում է, որ այդ հասցեում մշտապես գործելու է արվեստի կենտրոնն ու թանգարանը, իսկ ներկայացված աշխատանքների հեղինակները հայ մեծանուն արվեստագետներն են:
Վ. Բոյաջյանն ընդգծեց, որ այս կենտրոնն այս պահին աշխարհում հայ գրաֆիկայի միակ թանգարանն է ու ողջ հավաքածուն բերված է Եվրոպայից:
«Մեր ընտանեկան հավաքածուն է, հավաքված է Եվրոպայում: Բոլորը բնօրինակ գործեր են ու հազվագյուտ գրքեր»,- նշեց հավաքորդը:
Վ. Բոյաջյանն ասաց, որ արվեստի կենտրոնի երկրորդ հարկում մշտական թանգարանն է գործելու, առաջին՝ ժամանակավոր ցուցադրությունը, որտեղ աշխատանքներն անընդհատ փոխվելու են: ԲԱԿ-ում նաև գործելու է արտ-կաֆե «Գառզու», որտեղ արվեստասեր հանրությունը կարող է հանդիպել ու քննարկել մշակութային հարցեր, նախատեսում են կամերային երաժշտության համերգներ, գրական երեկոներ:
Նա նշեց, որ Հայաստանում ներկայացվում է իրենց հավաքածուի միայն մի մասը, ունեն նաև յուղաներկ գործեր, քանդակներ, հայ ժամանակակից արվեստագետների աշխատանքներ, որոնք ցանկանում են ներկայացնել Եվրոպայում:
«Հայ ժամանակակից արվեստագետների աշխատանքները տանում ենք Եվրոպա, 20-րդ դարի հայ մեծանուն արվեստագետների աշխատանքները բերում Հայաստան»,- նշեց հավաքորդը:
Վարդգես Բոյաջյանի խոսքով, հայ արվեստը, արվեստագետները գնահատված ու հարգված են Եվրոպայում:
«Սիրված է Էդգար Շահինի, Ժանսեմի, Շառլ Ադամյանի, Գառզուի, Վարդան Մախոխյանի, Արսեն Շաբանյանի, Արշիկ Գորկու արվեստը: Չկա այնպիսի վաճառք՝ աճուրդ կամ անհատական, որտեղ հայտնվեն նրանց աշխատանքներն ու չվաճառվեն»,- ասաց Վ. Բոյաջյանը:

Google որոնիչը մշակույթի ոլորտի նկատմամբ աճող հետաքրքրություն Է արձանագրում ամբողջ աշխարհում. ամսական ավելի քան 500 միլիոն հարցում Է ստացվում այդ թեմայով: Նոյեմբերի 14-ին այդ մասին հայտնել Է Emerging Markets-ի տարածաշրջանում Google-ի ռազմավարական ծրագրերի բաժնի ղեկավար Դոնա Ռազ Լեւին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ են մշակույթի հետ կապված հարցումները, ամսական 500 միլիոն: Հետաքրքրությունն աճում Է բացառիկ տեմպերով»,- ասել Է նա Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային համաժողովի ընթացքում՝ «Զանգվածային հաղորդակցություններ» սեկցիայում:
Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային համաժողովը տեղի Է ունեցել 2019 թվականի նոյեմբերի 14-ից մինչեւ 16-ը: Դրա հիմնական թեման Է «Մշակութային կոդերը գլոբալացման պայմաններում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: