Գեղարվեստական հաղորդում (197)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի:
------------------
Կոլումբիայում դեկտեմբերի 9-14-ը ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 14-րդ նստաշրջանին որոշում կայացվեց Հայաստանի ներկայացրած «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
Մինչ այդ, հայտը փորձագիտական քննություն էր անցել և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գնահատման մարմնի փորձագետների կողմից դրական գնահատականի արժանացել։
Բարձր գնահատելով «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ընդունումը՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ ազգային արժեքների հանրահռչակումը մեր առաջնահերթություններից է:
Նստաշրջանին մասնակցել են աշխարհի 138 երկրի 1411 ներկայացուցիչ, այդ թվում` կոնվենցիային միացած անդամ երկրների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիտորդներ, ինչպես նաև տարբեր երկրների լրատվամիջոցներ: Նստաշրջանին մասնակցելու նպատակով Կոլումբիա էր մեկնել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ք. Տեր-Ստեփանյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Ն. Կիլիչյանը։
Նստաշրջանի օրակարգի կարևորագույն հարցերից էին տարբեր երկրների կողմից գրանցման ներկայացված հայտերի քննարկումները: Ներկայացվել էր 54 հայտ, որից 6-ը անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության, 42-ը` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկերում ընդգրկելու, 3-ը՝ պաշտպանության լավագույն փորձի գրանցամատյանի առաջարկներ և 3 հայտ` ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնադրամի կողմից անդամ պետություններին տրամադրվող միջազգային աջակցություն ստանալու նպատակով:
Միջկառավարական կոմիտեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի գլխավոր մարմիններից է: Այն ստեղծվել է կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն, կազմված է 24 անդամ պետություններից: Կոմիտեի կարևոր գործառույթներից է կոնվենցիայով սահմանված ցանկերում գրանցվելու նպատակով անդամ պետությունների կողմից ներկայացված հայտերի առնչությամբ վերջնական որոշում կայացնելը: Հայաստանը Կոմիտեի անդամ է ընտրվել 2016-2020 թթ. ժամանակահատվածի համար:
Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006 թ. և մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցել է «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.) և «Քոչարի. ավանդական խմբապար» (2017 թ.) տարրերը:

Խաչատրյանի յոթերորդ միջազգային փառատոնը, որն անցկացվելու է դեկտեմբերի 14-21-ը Երևանում, մեծանուն կոմպոզիտորի անունը հանրահռչակելու ևս մի առիթ է: Փառատոնի շրջանակում տեղի կունենա հինգ համերգային ծրագիր` երեքը սիմֆոնիկ, իսկ երկուսը` կամերային:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնը մեկնարկել է Արամ Խաչատրյան համերգասրահում «Գրեմմի» մրցանակի դափնեկիր, ջութակահար Մաքսիմ Վենգերովի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ ելույթով:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ այն բոլոր նախաձեռնությունները, որոնք ուղղված են Խաչատրյանի անվան հանրայնացմանն ու միջազգայնացմանը չափազանց կարևոր են պետության մշակութային քաղաքականության համար:
«Հիշում եմ` մի քանի տարի առաջ քայլում էի օպերային թատրոնի հարակից տարածքում: Փառատոնի օրերն էին և Խաչատրյանի երաժշտությունն էր հնչում: Ես նկատեցի, որ երաժշտությանը համընթաց փոխվեց քայլելուս ձևը, փոխվեցին քաղաքի ու երկրի ընկալման սահմանները: Մենք պետք է մտածենք մեր կյանքը, քաղաքը, երկիրը, երաժշտական բովանդակությունը ճշմարիտ արժեքներով լցնելու մասին: Արամ Խաչատրյանն այն ստեղծագործողն է, որի միջոցով կարող ենք խոսել ազգային և միջազգային մշակույթի նույնականացման մասին»,-ընդգծեց Խզմալյանը:
Մաքսիմ Վենգերովն էլ շեշտեց, որ Խաչատրյանի երաժշտությունն ուղղակի հրաշք է: Անդրադառնալով Հայաստան այցին` նա ասաց, որ իրեն դուր է գալիս Հայաստանն իր ավանդույթներով: «Առաջին անգամ եմ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, որն ինձ հիացնում է: Ուրախ եմ նաև այն փաստի համար, որ այս տարի Սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ արտիստն եմ, և Խաչատրյանի փառատոնից բացի ելույթներ ենք ունենալու Մյունխենի, Զալցբուրգի, Լոնդոնի, Մոսկվայի, Պրահայի, Վիեննայի լավագույն համերգային դահլիճներում: Շատ եմ սիրում նվագախումբը, որում բարձրակարգ երաժիշտներ են ընդգրկված և միշտ ջերմ մթնոլորտ է»,-նկատեց ջութակահարն ու հավելեց, որ անհամբերությամբ է սպասում նաև հանդիսատեսի հետ հանդիպմանը:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն էլ տեղեկացրեց, որ բացման երեկոյին Վենգերովը կներկայացնի Մաքս Բրուխի Ջութակի թիվ 1 կոնցերտը‚ Մորիս Ռավելի «Գնչուհի» կոնցերտ-ռապսոդիան ջութակի և նվագախմբի համար։ Նվագախումբը կկատարի նաև Ջոն (Ջիվան) Տեր-Թադևոսյանի Թիվ 2 սիմֆոնիան՝ «Մարդու ճակատագիրը»։
Խաչատրյան յոթերորդ միջազգային փառատոնի շրջանակում հայտնի մենակատարների մասնակցությամբ համերգներ են անցկացվելու Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Արամ Խաչատրյան համերգասրահում,Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:

Հռոմի Սանտա Մարիա ին Տրանստևերե (Basilica di Santa Maria in Trastevere) տաճարում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել հոգևոր համերգ՝ նվիրված Կոմիտասի 150-ամյա հոբելյանին։
Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի սարկավագաց երգչախմբի համերգը, որը կազմակերպել էին Սուրբ Աթոռում և Իտալիայում ՀՀ դեսպանությունները, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի հետ համատեղ, անցկացվել է Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ կարդինալ Լեոնարդո Սանդրիի և Քրիստոնեական միասնության աջակցության քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Կուրտ Կոխի հովանու ներքո։
Համերգից առաջ համատեղ ելույթ են ունեցել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը և Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության հետևանքով Կոմիտասի ստեղծագործական կյանքի ընդհատմանը և բնորոշելով հանճարեղ վարդապետի գործերը՝ որպես հայկական հնագույն մշակութային ժառանգության շարունակություն և 20-րդ դարասկզբին Եվրոպայում ձևավորվող երաժշտական մշակույթ։ Համատեղ ելույթում նշվել է, որ հայ մեծանուն երգահանի ու հոգևորականի հոբելյանն ընդգրկված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019թթ. օրացույցում:
Հռոմի ամենահին եկեղեցիներից մեկում տեղի ունեցած կոմիտասյան հոբելյանական համերգին ներկա են եղել Սուրբ Աթոռում և Իտալիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, բարձրաստիճան հոգևորականներ, Սան Էջիդիոյի և հայ համայնքների մեծ թվով ներկայացուցիչներ։

Հայազգի սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Զաիլյանը առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա առաջադրվել է «Լավագույն ադապտացված սցենարի համար» անվանակարգում։
2019 թ-ին հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն Զաիլյանի սցենարով նկարահանել է «Իռլանդացին» ֆիլմը Netflix-ի պատվերով։ Ֆիլմը առաջադրվել է մի քանի անվանակարգում՝ այդ թվում որպես լավագույն ֆիլմ։ Ֆիլմում նկարահանվել են Ալ Պաչինոն, Ռոբերտ դե Նիրոն և այլոք։
Զաիլյանը ծնվել է Ֆրեզնոյում, Կալիֆորնիա: Նրա հայրը՝ Ջիմ Զաիլյանը, եղել է ռադիոլրագրող: Ավարտել է Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանը (1975):
Հեղինակ է «Բազեն և Ձնեմարդը» (1985), «Արթնացումներ» (1990), «Փնտրել Բոբի Ֆիշերին» (1993, նաև՝ ռեժիսոր), «Շինդլերի ցուցակը» (1994), «Անհնարին առաքելություն» (1996, նաև՝ ռեժիսոր), «Հաննիբալ» (2001), «Նյու Յորքի ավազակախմբերը» (2002), «Թարգմանիչը» (2005), «Թագավորի ողջ թիկնազորը» (2006) և այլ ֆիլմերի սցենարների։
1994 թ-ին արժանել է «Օսկար» մրցանակի «Շինդլերի ցուցակը» ֆիլմի սցենարի համար։ Նաև երեք անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Արթնացումներ» (1990), «Նյու Յորքի ավազակախմբերը» (2002) և «Թագավորի ողջ թիկնազորը» (2006) ֆիլմերի սցենարների համար։

Հայաստանի գրողների միության շենքում, «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակը» թեմային:
«Հայփոստ» ՓԲԸ-ի հաղորդմամբ, 120 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 60 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:
Նամականիշի վրա պատկերված է հայ հայտնի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս և հասարակական գործիչ Հրաչյա Հովհաննիսյանը (1919-1997թթ.)։ Նամականիշի խորապատկերին նաև ներկայացված են հատվածներ Հրաչյա Հովհաննիսյանի բանաստեղծություններից:
Նամականիշի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, Հրաչյա Հովհաննիսյան կրտսերը:

Միլանի Գիտության ու տեխնիկայի թանգարանում բացվել Է «Լեոնարդոյի նոր պատկերասրահները» մշտական ցուցահանդեսը: Այն աշխարհում խոշորագույն ցուցադրանքն Է, որը նվիրված Է Լեոնարդ դա Վինչիին՝ որպես ինժեների եւ բնության հետազոտողի:
Թանգարանի նոր բաժինը ներառում Է 170 աշխատանք (նրանցից ավելի քան 70-ը մոդելներ են) եւ 39 մուլտիմեդիական ինստալյացիաներ՝ ավելի քան 1300 քառակուսի մետր մակերեսի վրա: Ցուցահանդեսի պատրաստումը տեւել Է չորս տարի, դրան մասնակցել են Թուրինի թանգարանը, Միլանի հնագիտական ու պատմական թանգարանը, Փարիզում Ֆրանսիայի ինստիտուտը եւ 70-ից ավելի մշակութային հաստատություններ ամբողջ աշխարհից:
Ցուցահանդեսի բացումը զուգադիպում Է նշանավոր նկարչի եւ գյուտարարի մահվան 500-ամյակին: Նախագծի ղեկավարը Կլաուդիո Ջորջոնեն Է:
Ցուցահանդեսը թույլ Է տալիս ծանոթանալ գիտության ու արվեստի այն բնագավառներին, որոնց իրեն նվիրել Է Լեոնարդոն, եւ ցուցադրում Է մեքենաների ու մեխանիզմների նկատմամբ նրա հետաքրքրությունը Վերոկիոյի արհեստանոցում սովորելու ժամանակաշրջանում, նկարչության օգտագործումը որպես հետազոտության մեթոդ, ռազմաինժեներական նախագծերը, թռչող սարքերը եւ մտքերը աշխարհի ու տիեզերքի կառուցվածքի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: