Հունվար 01, 2020 17:11 Asia/Yerevan

Հայերեն ռադիոժամի հարգարժան ռադիոլսող բարեկամներ ցանկացած մարդ, իր կյանքի ընթացքում, հանդիպում է այնպիսի դժվարությունների, որոնք նա չի կարողանում ինքնուրույն հաղթահարել ու պետք է դիմի հոգեբանի: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք այդ մասին:

Ցանկացած մարդ, իր կյանքի ընթացքում, վաղ թե ուշ հանդիպում է այնպիսի դժվարությունների, որոնք նա չի կարողանում ինքնուրույն հաղթահարել: Դրանք կարող են լինել ինչպես անձնական կյանքում եղած դժվարություններ և անբաժան սիրուց ստացած տանջանքներ, այնպես էլ պրոբլեմներ ամուսնու, երեխաների, ղեկավարության կամ հարևանների հետ: Բոլորս էլ մարդ ենք, և բոլորս էլ բավարար չափով տարբեր ենք այն բանի համար, որ ժամանակ առ ժամանակ չգտնենք հպման կետեր իրար հետ: Նույնիսկ ամենամտերիմ մարդիկ կարող են օտարանալ, և այս դեպքերում Ձեզ անպայման անհրաժեշտ է մի մարդու օգնություն, ով խորությամբ կհասկանա Ձեր խնդիրը և կօգնի Ձեզ հետ վերադարձնել Ձեր երջանկությունը, հաջողությունը և սեփական անձի նկատմամբ համոզվածությունը:

Ով է հոգեբանը: Հոգեբանը մարդ է, որի մասնագիտությունը կայանում է նրանում, որ օգնի Ձեզ ելք գտնել ստեղծված բարդ կյանքի իրավիճակից հանելով դա Ձեզ համար փոքրագույն կորուստներով:

Աշխարհում ապրում են միլիարդավոր մարդիկ, և նրանցից յուրաքանչյուրը իր կյանքի ընդացքում ընդհարվում է, իր համար մեծ կամ փոքր նշանակություն ունեցող պրոբլեմների հետ ու արհեստավարժ հոգեբանի խնդիրը կայանում է նրանում, որ նա իմանա այդ բոլոր խնդիրների լուծումները:

Չնայած նրան, որ մենք սովոր չենք մեր խնդիրները վստահել օտար մարդու և զգուշությամբ ենք մոտենում քիչ ծանոթ մասնագիտություններին, պետք է հաշվի առնել, որ մարդը չի կարող ամեն ինչ իմանալ և կարողանալ անել՝ աշխարհում ամեն մարդու համար նախատեսված է իր, իրեն հատուկ տեղն ու դիրքը:

Հնարավոր չէ, որ աշխարհի բոլոր մարդիկ կարողանան հեշտությամբ և արդյունավետ լուծել իրենց բոլոր պրոբլեմները: Կասեմ ավելին՝ փորձելով ինքնուրույն գտնել լուծումը, մենք միշտ չէ, որ տեսնում ենք իրավիճակի ամբողջական պատկերը և օբյեկտիվ գնահատում մեր շուրջը կատարվածը: Հենց այդ պատճառով էլ մենք հաճախ դիմում ենք "խոհանոցային հոգեբանների"՝ ընկերների և բարեկամների օգնությանը: Այս դեպքում մենք հաշվի չենք առնում, որ մեր մտերիմները՝ շահագրգիռ անձեր են, ովքեր սովոր են մեզ տեսնել միայն որոշակի կողմից և որոշակի դերերի մեջ, հետևաբար նրանք նույնպես չեն կարող մեզ օբյեկտիվ գնահատել:

*** 

Ով է հոգեբանը։ Հոգեբանը մասնագետ է, ով ունակ է լսել՝ առանց գնահատելու, ունակ է հասկանալ՝ առանց մեղադրելու, ունակ է խնդիր լուծել՝ առանց քարոզելու և խորհուրդ տալու։ Սա՝ կատարյալ տարբերակում։ Սակայն մենք սուբյեկտային մտածողության դարաշրջանում, չենք կարողանում արմատավորել մեր ներսում մի հասկացողություն, որը կոչվում է «վստահություն»։ Հոգեբանի հետ աշխատանքը, նախևառաջ, վստահություն է։ Իսկ մենք ավելի շատ ունենք միմյանց վստահելու խնդիր։ Նույնիսկ այդ անվստահությունն ընտանեկան համակարգ է ներխուժել, իսկ դա ցավալի հարց է։ Ինչ վերաբերում է նրան, որ մի տեսակ են վերաբերվում հոգեբանի մոտ գնալուն, հավատացեք, որ որոշակի չափով, այդ՝ «Ես հոգեկան չեմ, որ գնամ հոգեբանի մոտ» արտահայտությունն ամբողջովին՝ չէ, բայց որաշակի առումով հետ է նահանջել։ Եթե մարդը չունի տեղեկացվածության պակաս և ունի ռեալ խնդիր, որն իրեն թույլ չի տալիս լիարժեք ապրել, նա անպայման կդիմի հոգեբանի։

Շատ հաճախ մենք հոգեբանին նույնացնում ենք հոգեբույժի հետ և մեր հասարակության մեջ առկա կարծրատիպերի ազդեցության հետևանքով սկսում ենք խուսափել հոգեբանին դիմելու մտքից. հոգեբանը բժիշկ չէ և, ի տարբերություն հոգեբույժի, դեղեր չի կիրառում իր աշխատանքի ընթացքում, այլ հոգեբանական զրույցի, հատուկ թեստերի միջոցով պարզում է մարդու ներաշխարհում առկա խնդիրները և մշակված  վարժությունների և առաջադրանքների միջոցով օգնում է հաղթահարելու դրանք:

Հոգեբույժը բժիշկ է, որը գործ ունի հոգեկան խանգարում (հիվանդություն) ունեցող մարդկանց հետ և դեղերի կիրառման միջոցով օգնում է նրանց՝ հնարավորինս վերականգնելու խաթարված առողջությունը կամ առնվազն կառավարելի դարձնելու վերջիններիս վարքը, որպեսզի կարողանան ապրել առանց վնասելու իրենց և շրջապատի մարդկանց:

 

Հոգեբանական խնդիրներ և հոգեկան խանգարումներ

Հոգեբանական խնդիրները մեր ներաշխարհում առաջացած այն մակերեսային փոփոխություններն են, որոնց հետևանքով սկսում է խաթարվել մեր բնականոն, հանգիստ կյանքը: Որպես վառ օրինակ՝ կարելի է բերել անհասկանալի վախերը, (ֆոբիաներ), տագնապային վիճակները և այլն:

Հոգեկան խանգարումները (հիվանդություններ) մարդու ներաշխարհում (հոգեկանում) առաջացած այն խորքային փոփոխություններն են, որոնց արդյունքում լրջորեն խախտվում է մարդու հոգեկան հավասարակշռությունը: Մարդն անկանխատեսելիորեն կարող է հայտնվել գերակտիվ կամ գերպասիվ վիճակներում, լրջորեն խախտվում է շփումը շրջապատի մարդկանց հետ:

Ինչու՞ և ո՞ր դեպքում դիմել հոգեբանի օգնությանը

Վերը նշվածի մեջ փորձեցինք որոշակիորեն հասկանալի տարանջատել հոգեբանական խնդիրները հոգեկան հիվանդություններից, բայց ոչ միշտ է այդ տարբերությունն ակնառու և այստեղ է, որ մեր և մեր շրջապատի մարդկանց բարեկեցությունից ելնելով՝ արժե օգտվել հոգեբանի աջակցությունից: Մենք տարիների ընթացքում սովորել ենք, որ երբ մեր կամ մեր մտերիմի կյանքում որևէ բան այն չէ և կանգնել ենք մեզ կամ այլ մարդկանց հասկանալու խնդրի առաջ, դիմենք գուշակի, «մոմ թափողի» կամ, լավագույն դեպքում՝ ընկերոջ խորհրդի օգնությանը: Թերևս հենց այստեղ ընդգծենք այն, որ ապրում ենք 21-րդ դարում, և արժե դուրս գալ այդ կաղապարային մտածողությունից, իսկ որևիցե դժվար իրավիճակի բախվելիս դիմենք հոգեբան-մասնագետի օգնությանը:

Ի՞նչ է հոգեբանական խորհրդատվությունը

Մենք հաճախ հոգեբանական խորհրդատվությունը նույնացում ենք հոգեբանի կողմից տրված խորհուրդի հետ և հոգեբանին այցելելով՝ ակնկալում, որ նա մեզ պետք է խորհուրդ տա, թե ինչպես լուծենք մեր առաջ ծառացած այս կամ այն խնդիրը: Իրականում պատասխանն այլ է. հոգեբանական խորհրդատվությունն այն գործընթացն է, որի ժամանակ հոգեբանը ոչ թե խորհուրդ է տալիս մեզ այս կամ այն խնդրի լուծման հարցում, այլ օգնում է հասկանալու և լուծելու մեր առաջ դրված խնդիրները.