Գեղարվեստական հաղորդում (202)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում ինչպես միշտ կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի:
------------------
Իրանի «Ֆաջր» թատերական միջազգային 38-րդ փառատոնի շրջանակներում մեծարվելու է նաև իրանահայ թարգմանիչ, բեմադրիչ ու թատերական գործիչ Անդրանիկ Խեչումյանը:
Հունվարի 30-ից, փետրվարի 10-ը Թեհրանում անցկացվող Իրանի «Ֆաջր» թատերական միջազգային 38-րդ փառատոնի շրջանակներում մեծարվելու են Իրանի թատրոնի չորս հանրահայտ գործիչներ, որոնց շարքին է գտնվում նաև իրանահայ թարգմանիչ, բեմադրիչ ու թատերական գործիչ Անդրանիկ Խեչումյանը:
Անդրանիկ Խեչումյանը ծնվել է Թեհրանում: 1974-75 թվականներին մասնակցել է Թեհրանի համալսարանի կազմակերպած թատերական դասընթացներին: Հայկական դպրոցներում և ընկերություններում զբաղվել է դերասանական և ռեժիսորական գործով: Մեկ տարի մասնակցել է Համիդ Սամանդարյանի թատերական դասերին: 2000թ. Հայաստանում բեմադրել է «Ապակե գազանանոց» պիեսը պարսկերենով, 2001թ.՝ Քերմանիի «Ուսաբեռ» ներկայացումը հայերենով: 2004-05թթ բեմադրել է Մոհամմադ Ռահմանյանի «Ժաննա դ՛Արկը կրակի մեջ» և Էզաթալլահ Մեհրավարանի «Համլետի դերասանը» պիեսները, որոնք ներկայացրել է նաև «Արմմոնո» միջազգային փառատոնի ժամանակ: Որպես թատրոնի ռեժիսոր երկար տարիներ զբաղվել է թատերական խնդիրներով, հայկական թատերական խմբեր է տարել Թեհրան կամ Իրանի այլ քաղաքներ՝ փառատոների: Թարգմանություններ է կատարել հայերենից պարսկերեն և հակառակը: Թարգմանել է Ժիրայր Անանյանի «Ես եմ, եկել եմ», Գուրգեն Խանջյանի «Դատավարություն», Սամվել Կոսյանի «Գուցե փրկվենք», Գևորգ Դարֆիի «Սիրավաշը և Սուդաբեն», Ռահմաթ Ամինիի «Ճենապակե ամուսինը», Ֆարհադ Նազերզադե Քերմանիի «Ուսաբեռը», Աբաս Ջահանգիրյանի «Համուն և Դարիա», Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիները 1914-1919. անձնական հիշատակներ», «Թաղականին կնիկը», «Ընկեր Փանջունի» և այլ երկեր: Անդամակցում է Հայաստանի թատերական գործիչների միությանը և Իրանի թատերական տան ռեժիսորների և դրամատուրգների կենտրոնին: Արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մեդալի, Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալի, ՀԳՄ «Կանթեղ» մրցանակի, Իրանում կազմակերպվող կրոնական փոքրամասնությունների Գրքի շաբաթվա 16-րդ շրջանի պատվոգրի, 2006թ.՝ Իրանի «Թատրոնի տուն» կենտրոնի Պատվո շքանշանի, 2012թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:

Արդեն շուրջ մեկ ամիս Թեհրանի «Շահրզադ» թատերասրահում բեմադրվում է իրանահայ երիտասարդ Էրվին Գալստյանի դերակատարությամբ՝ «Ծննդյան խաղը» դրաման, որի ժամանակ հանդիսատեսին ներկայացվում է գենդերով պայմանավորված սոցիալական տարբերությունների և հասարակության կողմից նրանց վերագրված դերերի բաժանումների, այլընտրանքային մետեցման ցուցաբերման ստեղծագործական բեմադրությունը:
Բեմադրության ընթացքում ներկայացված նոր մոտեցումները և ռեժիսորի ներմուծած կատակերգական հնարքները, դերասանական, մասնավորապես՝ իրանահայ երիտասարդ Էրվին Գալստյանի էմոցիոնալ խաղով և անսպասելի հանգուցալուծումներով, հանդիսատեսին ստիպում են դիտարկել և մտածել այն ուղիների մասին, որոնցով իրականացվում է գենդերային սոցիալականացումը և այն բաղադրիչների մասին, որոնք ազդում են այդ գործընթացի վրայ:
Նշենք,որ իրանահայ երիտասարդ Էրվին Գալստյանի դերակատարմամբ «Ծննդյան խաղը» ներկայացումը շարունակվելու է մինչև ուրբաթ՝ յունւարի 31-ը:

Հայաստանի գրողների միությունը և ՀՀ պաշտպանության նախարարությունը Բանակի օրվան ընդառաջ տարբեր անվանակարգերում մրցանակներ հանձնեցին մի քանի գրողի և իրենց գործունեությամբ հայկական բանակին ծառայություններ մատուցած անձանց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփվեցին հունվարի 24-ին ՀԳՄ դահլիճում:
Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ արդեն վեցերորդ տարին է, ինչ անցկացվում է մրցանակաբաշխությունը, և մրցանակների հավակնում են ոչ միայն գրողներ, այլև բանակում ծառայող, իրավական և գործունեության այլ ոլորտներում բանակին ծառայություններ մատուցող մարդիկ:
«Պոեզիա» անվանակարգում առաջին մրցանակին արժանացավ Արևշատ Ավագյանը, երկրորդ մրցանակին՝ Գագիկ Խաչատրյանը, երրորդ մրցանակին՝ Սուսաննա Հովհաննիսյանը և Ժաննա Աբրահամյանը:
«Գեղարվեստական արձակ» անվանակարգում առաջին մրցանակը հանձնվեց Ժաննա Հակոբյանին, երկրորդ մրցանակը՝ Դավիթ Ավետիսյանին, իսկ երրորդ մրցանակը` Նանեին:
Վազգեն Սարգսյանի անվան մրցանակին արժանացավ Սամվել Բեգլարյանը։ Հրապարակագրության, գրաքննադատության ժանրի մրցանակը տրվեց Գայանե Պողոսյանին:
Հայոց բանակին նվիրված գրական անթոլոգիաների, գրական-տեսական աշխատությունների մրցանակը հանձնվեց Արմեն Ավանեսյանին:
Հայոց բանակում և մարտական դիրքերում մարտնչած ստեղծագործողների գրական մրցանակը տրվեց զինծառայող, ապրիլյան մարտերի մասնակից Վան Նովիկովին և սահմանապահ զինվոր Արմեն Բարխուդարյանին:
Հանձնաժողովի հատուկ մրցանակներին արժանացան Մաքսիմ Հովհաննիսյանը, Սոկրատ Խանյանը:

Ականավոր բանաստեղծ, գրող, գրականագետ Պարույր Սևակը, որի ստեղծած անթիվ ու անհամար գործերը գերել և գերում են տարբեր սերունդների ներկայացուցիչների, հունվարի 24-ին կդառնար 96 տարեկան: Պարույր Սևակի տուն-թանգարանն ավանդույթի համաձայն նշեց գրողի ծննդյան տոնը` կազմակերպելով տարբեր միջոցառումներ:
Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանի ընդգծմամբ օրվա կապակցությամբ ծաղիկներ են խոնարհվել գրողի շիրիմին, այնուհետև Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները և «Ռոտոնդա» մանկապատանեկան ներառական թատերախումբը հանդես են եկել ելույթներով, թատերական ներկայացմամբ:
Անդրադառնալով տուն-թանգարանի գործունեությանը` Սևակ Ղազարյանը շեշտեց, որ ընդամենը մեկ տարի է, ինչ ստանձնել է տնօրենի պարտականությունները, և այդ ընթացքում որոշ փոփոխություններ են իրականացրել:
«2019 թվականին կտրուկ ավելացել է մեր թանգարան այցելողների թիվը: Ընդհանուր առմամբ՝ թանգարանն ունեցել է 14085 այցելու: Սա աննախադեպ ցուցանիշ է թանգարանի` գրեթե 40-ամյա գործունեության համար: Անգամ Երևանի կենտրոնում կան թանգարաններ, որոնք այդ ցուցանիշը չունեն: Կարծում եմ`այցելուների քանակի աճը պայմանավորված է նաև նրանով, որ ակտիվ ենք նաև վիրտուալ սոցիալական հարթակում: Ամբողջացրել ենք տուն-թանգարանի մատուցած ծառայությունների փաթեթը»,-պատմեց տուն-թանգարանի տնօրենը:
Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայումս Զանգակատուն) գյուղում։ Սևակ կեղծանունն առաջարկել է նրան Ռուբեն Զարյանը` ի հիշատակ եղեռնի զոհ Ռուբեն Սևակի: Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից, և նույն տարիքից էլ հաճախել է դպրոց: Տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձել պոեզիայում։ Այնուհետև ընդունվել է ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Որոշ ժամանակ անց «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվել են Սևակի երեք բանաստեղծությունները` Պարույր Սևակ ստորագրությամբ։ Ստեղծագործելուն զուգահեռ` աշխատել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում: Եղել է նաև Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։

Լոնդոնում գրանցված բրիտանական «Kino Klassika»կազմակերպությունը համակարգում է սովետական, ռուսական և անդրկովկասյան ֆիլմերի կինո-սեզոնները։ Համագործակցելով հեղինակավոր Բրիտանական կինոյի ինստիտուտի հետ՝ երաժշտական (մյուզիքլ) ֆիլմերի ցուցադրության մեծամասշտաբ ծրագրի շրջանակներում, 2020 թվականի հունվարի 21-ին՝ Լոնդոնում, «Cine Lumiere» կինոթատրոնում ցուցադրվել է հայկական կինոժառանգության լավագույն նմուշներից մեկը՝ Արման Մանարյանի «Կարինեն» (1969թ․)՝ առաջին հայկական մյուզիքլը։
«Cine Lumiere » կինոթատրոնը, որը գործում է Ֆրանսիայի ինստիտուտի ենթակայությամբ, հայտնի է ինչպես արտհաուս (arthouse) և անկախ, այնպես էլ համաշխարհային կինեմատոգրաֆի դասական ֆիլմերի ցուցադրություններով:
Արման Մանարյանը ծնվել է 1929 թվականին, Թեհրանում, 1946 թվականին հայրենադարձվել է Հայաստան: Սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա Երևանի պետական կոնսերվատորիայում: Այնուհետև ուսումը շարունակել է Համամիութենական կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում: 1961 թվականին նկարահանել է «Տժվժիկ» կարճամետրաժ ֆիլմը, ապա՝ «Կարինե» (1967 թ.), «Մորգանի խնամին» (1970 թ.), «Հեղնար աղբյուր» (1971 թ.), «Վերադարձ» (1972 թ.), «Սպիտակ ափեր» (1975 թ.), «Եվս հինգ օր» (1978 թ.), «Կապիտան Առաքել» (1985 թ.), «Ընկեր Փանջունի» (1992 թ.) խաղարկային ֆիլմերը: Գրել է մի քանի ֆիլմերի սցենարներ: Արման Մանարյանի հեղինակմամբ ստեղծվել են «Հայելու հեքիաթը» (1984 թ.), «Տգետը» (1995 թ.) անիմացիոն ֆիլմերը, ինչպես նաև «Սասնա ծռեր» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը (2001-2010 թթ.): Արման Մանարյանը նկարահանելով «Կարինեն» ճանապարհ է հարթել ազգային երաժշտական կինոյի համար։

Այս տարի լրանում է Նյու Յորքի Հանրային գրադարանի 125-ամյակը, եւ այս իրադարձությունը նշելու համար գրադարանի աշխատակիցները որոշել են գրքերի թոփ տասնյակը, որոնք 1895 թվականից սկսած ընթերցողների շրջանում ամենահանրահայտն էին:
Ամեն տարի գրադարան է այցելում 16 մլն մարդ, այնպես որ՝ խնդիրը բացառիկ աշխատատար էր: Գրադարանի աշխատակիցները վերլուծել են մի շարք առանցքային գործոններ, այդ թվում պատվերի ձեւակերպման ցուցանիշները, տպաքանակի մասին տվյալները, հանրաճանաչությունը, տպագրության տեւողությունը եւ գրադարանի կատալոգում մնալու ժամանակը:
«Այս ցուցակի գրքերը փոխանցվել են սերնդից սերունդ եւ այսօր նույնքան արդիական են, որքան այն օրը, երբ առաջին անգամ հայտնվել են»,- ասել է գրադարանի նախագահ Էնթոնի Մարքսը:
Ցուցակում առաջին տեղը գրավել է երեխաների համար նկարազարդ The Snowy Day՝ «Ձյունե օր» գիրքը:
«Ձյունե օր»-ը գրադարանի կատալոգում է 1962 թվականից մինչեւ հիմա համարվում է այս հաստատության ամենահանրաճանաչ գրքերից մեկը: 125 տարում այն ընթերցելու համար վերցրել են 485 583 անգամ:
Առաջին տասնյակի բոլոր գրքերը 50 տարեկանից պակաս չեն: Բացառություն է կազմում միայն բրիտանացի գրող Ջոան Ռոուլիգի «Հարրի Փոթերը եւ փիլիսոփայական քարը» գիրքը, որը գրվել է 1998 թվականին:
Նյու Յորքի Հանրային գրադարանի ամենահանրաճանաչ գրքերի տասնյակում են Էզրա Ջեք Քիթսի «Ձյունե օր»-ը, Դոկտոր Սյուզի «Լայնեզր գլխարկով կատուն», Ջորջ Օրուելի «1984»-ը, Մորիս Սենդակի «Այնտեղ, որտեղ բնակվում են հրեշները», Հարփեր Լիի «Սպանել ծաղրասարյակին»-ը, Էլվին Բրուքս Ուայթի «Շառլոտայի սարդոստայնը», Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայտի»-ն, Դեյլ Քարնեգիի «Ինչպես ընկերներ գտնել եւ մարդկանց վրա ազդեցություն ունենալ»-ը, Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերը եւ փիլիսոփայական քարը» և Էրիկ Կառլի «Անչափ քաղցած թրթուրը»:

Վիկտոր Հյուգոյի ձեռքով գրված բանաստեղծությունը պատահաբար հայտնաբերել են Ֆրանսիայի արեւելքում գրողի անունը կրող քոլեջում, հայտնում է Le Figaro-ն:
«Մենք ցանկանում էինք կարգավորել արխիվը եւ փաստաթղթերը՝ թեկուզ եւ ոչ ամենակարեւորները»,- ասել է ուսումնական հաստատության տնօրեն Ժան-Ժակ Ֆիտոն: Աշխատակիցներն արդյունքում պահարաններից մեկում արխիվային փաստաթղթերի եւ հաշվապահական հաշիվների միջեւ հայտնաբոերել են Վիկտոր Հյուգոյի ակնհայտ ստորագրությամբ «բոլորի կողմից մոռացված» արժեքավոր ձեռագիրը: Դա տեղի է ունեցել Ամանորի նախօրեին գլխավոր մաքրության ժամանակ:
Ձեռագիրը գրեթե 150 տարեկան է, բայց լավ է պահպանվել: Հայտնաբերելուց հետո այն տեղադրել են ապակու տակ, եւ հիմա զարդարում է տնօրենի աշխատասենյակի պատերից մեկը:
Բանաստեղծությունը կոչվում է «Թշվառ երեխաներ»: Թանկարժեք տեքստը, որը կազմված է երկու քառյակից, քոլեջը ձեռք է բերել 1951 թվականին: Դարձերեսին դրա հայտնվելու պատմությունն է:
Այսպես՝ 1868 թվականին հեղինակը այն նվիրել է վիճակախաղին՝ հօգուտ գրողի հայրենի քաղաք Բեզանսոնի աղքատ երեխաների: Վիճակախաղում շահողի որդուց այն գնել է բուկինիստը եւ 1951 թվականի մայիսին 6 հազար ֆրանկով վերավաճառել Վիկտոր Հյուգոյի անվան վարժարանի ղեկավարությանը: