Փետրվար 25, 2020 03:35 Asia/Yerevan

Մի գավաթ անդորր հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ այսօր խոսելու ենք Ներելու մասին: Այս հաղորդման ընթացքում նաև կներկայացնենք Հոգեբան Իրինա Ծատուրյանի խորհուրդները ներելու մասին: Ընկերակցեք մեզ:

Աշխարհը, երկրները, ընտանիքները լցված կլինեին թշնամանքով ու ատելությամբ, եթե չլիներ միմյանց ներելը: Ասում են` նա, ով առաջինն է ներողություն խնդրում, ամենաքաջն է, նա, ով առաջինն է ներում, ամենաուժեղն է, իսկ նա, ով առաջինն է մոռանում, ամենաերջանիկն է։

Որևէ մեկին ներելը կարող է դժվար փորձառություն լինել մեզ համար։ Իսկ ինչո՞ւ պետք է ներել։

Իրականում ներումը ոչ միայն այլոց համար է, այլև այն մեծապես նպաստում է մեր հոգևոր աճին։ Սերն ու ներումը չեն կարող տարանջատվել:

Ինչն է հաճախ մեզ դժվար՝ ներողություն խնդրե՞լը, թե՞ ներել կարողանալը: Բարդ հարց է: Մեղքերի քավությունը հոգեկան ուժ է պահանջում: Սակայն ամեն մարդ չի կարողանում անցնել վիրավորանքի, ցավի, հուսահատության վրայով: Կենսական փորձը մեզ հուշում է, որ այնուամենայնիվ ներելն ավելի բարդ է:

Այժմ տեսնենք թե Ի՞նչ է ներումը:

Այն մի կարողություն է, որն ազատում է միտքը և սիրտը անցյալի բոլոր վիրավորանքներից, ձախողումներից, ամոթից, հանցանքի զգացումից և այլն: Այն օգնում է հաղթահարել զայրույթը, վրդովմունքը կամ պատժելու ցանկությունը:

Ներումը, ըստ գիտնականների, կամավոր գործընթաց է, որն առաջնորդվում է ներելու որոշմամբ: Նա, ով կայացնում է ներելու որոշում, թողնում է, որ բացասական զգացմունքները հեռանան, և սա շատ կարևոր է՝ միջանձնային հարաբերությունները կարգավորելու համար:

Բացասական զգացմունքները հեռացնելը շատ կարևոր է միջանձնային առողջ հարաբերությունների զարգացման և վերականգման համար: Իրականում, եթե անկեղծ լինենք, ներելն այնքան էլ հեշտ գործ չէ, նամանավանդ այն պարագայում, երբ քեզ վիրավորողն արժանի չէ:

Շատ հաճախ այն ցավալի հետևանքներ է ունենում, որովհետև մարդիկ վիրավորում են, իսկ դու փորձում ես ներել, սակայն կրկին ես արժանանում վիրավորանքի: Նման դեպքում միշտ չէ, որ առաջինը մտածում ես ներելու մասին:

Մանկության տարիներին ծնողները մեզ սովորեցրել են ներողություն խնդրել, խոստովանել վատ արարքները: Բայց ներելու մասին խոսք չի գնացել:
Երեխաների հոգեկան աշխարհը թույլ է տալիս նրանց հեշտությամբ ներել մանր վիրավորանքները, վիճել, հետո նորից հաշտվել: Այդ տարիքում շատ քչերի մոտ է հիշաչարություն նկատվում: Սակայն ներողություն խնդրելը շատերի համար մեծ խնդիր է: Երբ երեխային ստիպում են ներողություն խնդրել, նա համառում է, կամակորություններ անում, չի կարողանում արտասանել «ներիր» բառը: Ժամանակի հետ ներողություն խնդրելն ավելի հեշտանում է, չէ՞ որ ներիր բառն ասելով ամեն բան հարթվում է ու ներվում: Կարևոր չէ, անկեղծ է ասված ներողությունը, թե ոչ:

****
Ծնողները չպետք է մոռանան, որ երեխան առաջին հերթին պետք է զգա, որ մեղավոր է, որ սխալ քայլ է արել, հետո նոր ներողություն խնդրի: Մայրիկների և հայրիկների համար ավելի հեշտ է «ներեք ինձ» արտահայտությունը լսելը ու հարցի վրա վերջակետ դնելը: Մեծանալով մարդը հարմար իրավիճակներում հեշտությամբ սկսում է օգտվել ներիր բառից, որում անկեղծության նշույլ անգամ չի լինում:
Մի տարակարծություն կա՝ մարդը կատարել է արարքը, սակայն ներողություն չի խնդրել (մտերիմները դժգոհ են): Սակայն ապագայում նա այդ սխալը չի կատարում: Մեկ ուրիշը ակտիվ ու զգացմունքային ներողություն է խնդրում (բոլորը գոհ են), նրան ներում են: Սակայն որոշ ժամանակ անց նա նույն սխալներն է իրեն թույլ տալիս: Ամեն մարդ չէ, որ իսկապես զղջում է արածի համար:


Իսկ այժմ ասեք՝ ո՞ւմ են մանկության տարիներին սովորեցրել ներել նեղացնողներին: Ո՞ւմ մայրն է բացատրել, որ պետք է հասկանալ ու ներել: Ընդունել, որ մեզ ակամայից են վիրավորել, ոչ միտումնավոր: Մայրերը հակված են կանգնել սիրած բալիկի կողքին ու մեղադրել հակառակորդին: Նրանք չեն ասում՝ ներիր այն տղային, նա չհասկանալով է քեզ նեղացրել: Այսպես էլ մենք մանկության տարիներին չենք սովորում ներել մանր վիրավորանքները, իսկ երբ մեծանում ենք՝ մեծերը:

Ինքներդ Ձեզ անկեղծ պատասխանեք՝ հաճա՞խ եք ներում ուրիշներին: Խոսքը գնում է ոչ մանրուքների մասին՝ մոռացել է շնորհավորել ծննդյան օրվա կապակցությամբ: Ավելի լուրջ քայլերի համար՝ դավաճանել է, փող է գողացել, տնօրենի մոտ ստորացրել է: Չափազանց անտանելի է, երբ քեզ մտերիմ մարդը դավաճանում է, ցավեցնում, նեղացնում: Մենք սկսում ենք կորցնել մեր հավատը մարդկանց, լավի, ճշմարտության հանդեպ, մեր աշխարհը քանդվում է: Ինչպե՞ս ուժ գտնել նման իրավիճակում ներելու և ապագայում ապրելու համար: Չէ՞ որ մեր ինքնասիրությունը, հպարտությունը հուշում են՝ «պինդ եղիր, մի´ ներիր, երբեք մի´ մոռացիր»:

*****

Ներել ու ազատվել:Պետք է դա անել թեկուզ ինքդ քեզ համար: Հոգուց հանել վիրավորանքի բեռը, ջնջել հիշողությունից կյանքի տհաճ պահերը: Ինչո՞ւ ինքներս մեզ նյարդային խանգարման հասցնենք: Սովորելով «դուռը փակել» և շարունակելով ապրել՝ դուք Ձեզ կազատեք անկոչ հիվանդություններից և անվերջ անհանգստություններից: Անկասկած, հիշողության մեջ կմնան հիշողություններն այն մասին, թե ինչն է ցավ պատճառել: Սակայն դա չի նշանակում, որ չի կարելի ներել: Համաձայնե´ք, սխալ  է քսան տարի պահել վիրավորանքը և թույլ տալ, որ հոգուդ մեջ ապրի: Չէ՞ որ դուք եք տառապելու, ոչ թե Ձեզ նեղացնողը:

Արդյո՞ք հնարավոր է սովորել ներել: Նայեք իրավիճակին վերևից՝ որպես անկախ դիտորդ: Նման բան արդեն շատերի հետ է եղել: Այս աշխարհում դավաճանությունը, մատնությունը, վիրավորանքը նորություն չեն: Դուք չեք կոտրվել, անցածից օգտակար դասեր եք քաղել: Քայլում եք առաջ, հետևում թողնելով բոլոր ստոր մարդկանց:

Եվ մի կարևոր կետ էլ կա՝ ներել կարողանում է միայն նա, ով չի նեղացնում ուրիշներին:

Մի´ ցավեցրեք ուրիշներին, վրեժխնդիր մի´ եղեք: Կյանքն այնպես է ստեղծված, որ յուրաքանչյուրը վերջիվերջո ստանում է այն, ինչին ձգտել է իր արարքներով…

Հոգեբանները, ուսումնասիրելով ներման ֆենոմենը, հանգել են այն եզրակացության, որ մարդը ներելով 

նախևառաջ ազատվում է բացասական հույզերից և 

խթանում իր մեջ դրական վերաբերմունքը դիմացինի նկատմամբ: 

Բոլորս ենք զգացել այն հոգու խաղաղությունն ու ներդաշնակությունը, երբ ներել ենք դիմացինին:Ներման օգուտների մասին կխոսենք հաջորդ շաբաթ։