Մարտ 02, 2020 21:48 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում ինչպես միշտ կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի:

Մարտիրոս Սարյանի 140-ամյա հոբելյանի կապակցությամբ, որը նշվեց փետրվարի 28-ին, հիմնանորոգվել է նկարչի «Կոստանդնուպոլսի շները» կտավը, որը վնասվել էր դեռ Սարյանի կենդանության օրոք:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:

«Այս կտավի վերականգնումը Սարյանի ծննդյան մեծ նվերն է: Կտավը վնասվել է Սարյանի արվեստանոցում, երբ ջեռուցման համակարգի խողովակները պայթել են, և եռացած ջուրը լցվել է տեմպերայով արված մի շարք ստեղծագործությունների վրա: Հովանավորների աջակցությամբ կարողացանք հիմնանորոգել կտավը: Սարյանի իսկական ծննդյան օրը`փետրվարի 29-ին, որը չորս տարին մեկ է լինում, մենք կտավը կներկայացնենք արվեստասեր հանրությանը»,-ընդգծեց Ռուզան Սարյանը:

Նա տեղեկացրեց, որ, ավանդույթի համաձայն, փետրվարի 28-ին ծաղիկներ են խոնարհելու նկարչի անվան պուրակում` Սարյանի արձանի մոտ, այցելելու են Սարյանի շիրիմին:

«Նույն օրը Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի կունենա «Հուշեր Սարյանի մասին» ժողովածուի շնորհանդեսը: Սարյանի մասին  գրել են Տիգրան Մանսուրյանը, Ռոբերտ Էլիբեկյանը, Ավիկ Իսահակյանը և այլք: Փառք Աստծո, նրանցից շատերը մեզ հետ են և ներկա կլինեն շնորհանդեսին»,-պատմեց տուն-թանգարանի տնօրենը:

Անդրադառնալով Մարտիրոս Սարյանի մեծությանը՝ նկարչի տուն-թանգարանի տնօրենն ասաց, որ ամեն անգամ, երբ ընդունում են տարբեր երկրներից պատվիրակությունների, ևս մեկ անգամ համոզվում են, որ Սարյանը մեր հայրենիքի մեծագույն նկարիչն է:

«Օրերս հյուրեր ունեինք Մոլդովայի ազգային ժողովից: Նրանք շրջում էին տուն-թանգարանում, խորասուզված դիտում կտավները: Սկզբում բավականին սառն էին, հետո  նրանց սառնությունը հալվեց ու բարձր տրամադրությամբ հեռացան: Ըստ իս` պատճառը Սարյանի կտավների դրական էներգետիկան էր, որը հորդում է, և անտարբեր չի թողնում այցելուներին»,-նշեց նա:

Ռուզան Սարյանը հիշեցրեց, որ Մարտիրոս Սարյանն աշխատում էր տարբեր ոճերում, ոլորտներում` գեղանկարչություն, գրքարվեստ, թատրոն և այլն:

Սարյանի տուն-թանգարանը և Հայաստանի ազգային պատկերասրահը Մարտի 20-ին համատեղ  պատրաստում են հրաշալի ցուցահանդես, որում ներկայացվելու են Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի սարյանական ձևավորման էսքիզները:

 

 

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը՝ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի միության նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո, ձեռնամուխ է եղել կինոոլորտի պրոֆեսիոնալ գիլդիաների ձևավորմանը: Ստեղծվել են նախաձեռնող խմբեր, որոնք ձևավորել են կինոպրոդյուսերների, կինոռեժիսորների, կինոսցենարիստների, կինոօպերատորների, կինոդերասանների, կինոնկարիչների, կինոգետների և կինոլրագրողների և այլ պրոֆեսիոնալ գիլդիաները:

Այս ընթացքում իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ, ստեղծվել են գիլդիաների աշխատանքները կարգավորող կանոնակարգեր, կայացել են մի շարք հանդիպումներ, որոնք նպատակ են ունեցել ստեղծել կինոոլորտի ու կինոարտադրության բոլորի կողմից ընդունելի «խաղի կանոններ»:

Կինեմատոգրաֆիստների միությունից հայտնում են, որ այս աշխատանքները շարունակական բնույթ են կրելու, որի նպատակն է հզորացնել պրոֆեսիոնալ գիլդիաները, ստեղծել անկախ միավորներ, որոնք զգալի դեր և նշանակություն կունենան կինոյի զարգացման գործում:

Օրերս Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում կայացել է գիլդիաների ղեկավարների հավաք, որի ընթացքում որոշում է կայացվել  ապրիլի 16-ին, հայկական կինոյի օրը, որի մասին Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է համապատասխան որոշում, նշել հավուր պատշաճի՝ անցկացնելով նաև պրոֆեսիոնալ գիլդիաների առաջին մրցանակաբաշխությունը:

 

 

Կյանքի 59-րդ տարում մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել պատմաբան Վահե Լորենցը:

«Խոսքեր չեմ գտնում ասելու․․․ Եղբայր, Ընկեր, Հայ․․․ Մա՛րդ․․․

Դառը, շատ դառը կորուստ․․․ գիտության համար, ազգի՛ համար, մարդկությա՛ն համար․․․Ճանաչածս ամենալուսավոր, ամենաազնիվ, ամենաանաչառ մարդկանցից մեկը․․․»,- գրել է Լորենցը:

Հուշարձանագետի մահվան լուրը տարածել է նաև «Հայ կինոյի վերածնունդ» կազմակերպությունը: 

«Մահացել է հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք Սամվել Կարապետյանը։ Գիտությանը և մշակույթին նվիրյալ անհատականություն, որի թողած ուսումնասիրություններով ժառանգությունը դեռ սերունդներ է կրթելու։ Իր գործին նվիրյալ եզակի տեսակով ազնիվ մարդ և մասնագետ։ Ցավակցում ենք Կարապետյանների ընտանիքին և նրա մտերիմներին»,- ասված է կազմակերպության «Ֆեյսբուք»-ի էջում։

Սամվել Կարապետյանը ծնվել է 1961 թ. հուլիսի 30-ին։ Արմատներով Արճեշ գավառի Բերդաղ գյուղից է։ 1978թ. ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։ Սկսած 1975 թվականից ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978 թվականից սկսած լուսանկարում, չափում և նկարագրում է հայկական հուշարձանները ամբողջ Պատմական Հայաստանի տարածքով։ Երեք տասնամյակի ընթացքում հետազոտում և ցուցակագրում է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։

 

ԱՄՆ մայրաքաղաքում փետրվարի 29-ից մինչև մարտի 14-ը Հայկական մշակույթի օրեր կանցկացվեն «Հայոց ոդիսական. նռան գույներ» խորագրով:

ինչպես հաղորդում է The Armenian Mirror-Spectator պարբերականը, հայկական մշակույթին նվիրված օրերին մի քանի միջոցառումներ կանցկացվեն, որոնք կմեկնարկեն Վաշինգտոն «Ֆրիր» պատկերասրահում «Սերգեյ Փարաջանովի օրեր» ցուցադրությամբ:

Հաջորդ օրը նույն պատկերասրահում կը հնչի Արամ Խաչատրյանի երաժշտությունը: Գլխավոր միջոցառումը նախատեսված է մարտի 4-ին Վաշինգտոնի մայր տաճարում: Post Classical Ensemble դասական երաժշտության համույթը կներկայացնի «Հայոց ոդիսական» խորագրով մեգա-համերգը՝ դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի եւ համաշխարհային ճանաչում ունեցող թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մասնակցությամբ:

Միջոցառումը նվիրված է լինելու Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին:

 

Նոր ուսումնասիրությունը բացահայտել է, որ Մխիթարյան միաբանության վանքում գործող թանգարանում պահվող թուրը, որը թյուրիմացաբար համարել են միջնադարյան, իրականում աշխարհի ամենահին թրերից մեկն է՝ 5000-ամյա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։

Նոր ուսումնասիրության համաձայն, Վենետիկի Սուրբ Ղազար կղզու թանգարանում պահվող թրերից մեկը աշխարհի ամենահին թուրն է՝ մոտ 5000 տարեկան: Հազվագյուտ թուրը, որը նման չէ աշխարհի ամենահին զենքերին, պատրաստվել է 3000 տարի առաջ եւ եկել է Թուրքիայի արեւելքից: Այնուամենայնիվ թուրը պահվում է որպես միջնադարյան հավաքածուի մաս: Միայն այն ժամանակ, երբ տեղի դոկտորի ուսանող եւ հնագույն սպառազինությունների փորձագետը նկատել է թուրը, այն հանվել է հետագա վերլուծության համար` նշելու իր ծագման ամսաթիվը: Թուրը կարող էր լինել արարողակարգային օբյեկտ կամ հարձակողական զենք, որոնք օգտագործվում են մարտական գործողություններում: Մեկ այլ վարկած էլ այն է, որ այն թաղման արարողության մաս էր կազմում:

Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանից Վիկտորիա Դալ Արմելլինան այդ թուրը տեսել է միջնադարյան իրերով շրջապատված փոքրիկ կաբինետում՝ Վենետիկյան ծովածոցում գտնվող Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան վանքում: Դա նման է Թուրքիայի ժամանակակից Արեւելքի Արսլանտեպե արքայական պալատում հայտնաբերվածներին, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այդ թուրը 5000 տարի առաջվա է եւ կարող է համարվել աշխարհի ամենահին թրերից մեկը: Բայց ի տարբերություն Արսլանտեպեի որոշ նմուշների, այս թուրը զարդարված չէ եւ չունի տեսանելի մակագրություններ, զարդանախշեր կամ առանձնահատկություններ: Արսլանտեպեի թրերի հետ խիստ նմանությունը, ինչպես նաեւ տեղեկությունները դրա մետաղական կազմի վերաբերյալ, փորձագետներին թույլ են տվել որոշել, որ թուրը թվագրվում է մ.թ.ա. 4-րդ դարի վերջին եւ 3-րդ դարի սկզբին: Արսլանտեպեի թրերը համարվում են աշխարհի ամենահին տիպի թրերից: Սուրբ Ղազար կղզու թուրը, պարզվում է, պատրաստված է արսենային բրոնզից, որը օգտագործվել է մինչեւ բրոնզի տարածումը:

Այս տեսակի թուր հայտնաբերվել է Արեւելյան Անատոլիայի համեմատաբար փոքր շրջանում՝ Եփրատի եւ Սեւ ծովի հարավային ափի բարձր ընթացքի միջեւ:

Ենթադրվում է, որ թուրը Վենետիկ է բերվել 19-րդ դարի երկրորդ կեսին Թուրքիայի Տրապիզոնից: Սա ենթադրվում է թրի հետ առկա թղթից: Թերթի վրա գրված հայերեն գրությունը հայտնում է 1915 թվականին Վենետիկում մահացած հայտնի բանաստեղծ եւ գրող Հայր Ղեւոնդ Ալիշանին նվիրատվության մասին: Ղեւոնդ Ալիշանը ծնվել է Կոստանդնուպոլսում՝ ներկայիս Ստամբուլում, եւ իր մահից առաջ ուղեւորվել է Վենետիկ: Հետագա ուսումնասիրություններ են կատարվում զենքի վերաբերյալ, որի պատմությունը մինչ այժմ խորհրդավոր է։

 

 

Ուֆիցցի պատկերասրահի գիտական կոմիտեն ամբողջական կազմով հրաժարական է տվել: Այս քայլով բողոքում են Վերածննդի իտալացի նկարիչ Ռաֆայելի «Լև 10-րդի դիմանկարը կարդինալներ Ջուլիո Մեդիչիի և Լուիջի Ռոսսիի հետ» կտավը Հռոմի ցուցահանդես տանելու դեմ:

Ցուցահանդեսը նվիրված է Ռաֆայելի մահվան 500-րդ տարելիցին: Կոմիտեի անդամները կտրուկ դեմ են արտահայտվել գլուխգործոցը Հռոմ տանելուն, քանի որ կտավն ընդգրկված է արվեստի 24 ստեղծագործությունների ցանկում, որոնք որևէ պարագայում չեն կարող դուրս բերվել Ուֆիցցի պատկերասրահից:

Պատկերասրահի տնօրենը չի կիսում փորձագետների կարծիքը: Էյկե Շմիդտի խոսքով, դիմանկարը հատուկ վերականգնվել է հոբելյանի նախաշեմին և գտնվում է գերազանց վիճակում:

Ռաֆայելի մահվան 500-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը կբացվի մարտի 5-ին՝ Հռոմի Սկուդերիե դել Քվիրինալե պատկերասրահում:

 

 

Լուվրում Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդեսը, որը նվիրված Էր նկարչի եւ գյուտարարի մահվան 500-ամյակին, գրեթե 1,1 միլիոն մարդ Է այցելել: Դա գերազանցել Է թանգարանի նախորդ բոլոր ռեկորդները: Այդ մասին հայտնել Է Artnet-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հիանալի Է, որ Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչն իր մահվանից 500 տարի անց շարունակում Է այդպես հիացնել լայն հանրությանը»,-հայտարարել Է Լուվրի նախագահ եւ տնօրեն Ժան-Լյուկ Մարտինեսը: Հրատարակության տեղեկատվությամբ՝ օրական դա Վինչիի աշխատանքները դիտելու Է եկել ավելի քան 10 հազար մարդ:

Ցուցահանդեսում ներկայացված Է 160 աշխատանք, ներառյալ ինը գեղանկարչական կտավ եւ 80 նկար, ինչպես նաեւ Լեոնարդո դա Վինչիի աշակերտների աշխատանքները: «Մոնա Լիզան» մնացել Է Լուվրի իր մշտական տեղում: Ցուցադրության համար աշխատանքներ Էին հավաքել ամբողջ աշխարհից: Մինչ այդ Լուվրում առավել մեծ ժողովրդականություն վայելած ժամանակավոր ցուցադրանքը եղել Է ֆրանսիացի գեղանկարիչ Էժեն Դելակրուայի աշխատանքների ստուգատեսը: 2018 թվականին այն ունեցել Է 540 հազար այցելու, հաղորդել Էր ՌԻԱ Նովոստին:

 

 

Իտալացի հայտնի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի վերարտադրությունը, որը հավաքված է Ռուբիկի խորանարդներով, Փարիզում վաճառվել է 480,2 հազար եվրոյով:

Articurial աճուրդի տունը հայտնել է, որ գործը վաճառվել է նախնական արժեքից 4 անգամ թանկ: Գնորդի մասին տեղեկատվություն չի հարապարակվում:

Ռուբիկի խորանարդներով«Մոնա Լիզան» 2005 թվականին հավաքել է ֆրանսիացի անանուն նկարիչը՝ «Զավթիչ» կեղծանունով: Կտավը վերարտադրելու համար նա օգտագործել է 330 խորանարդ: