Մի գավաթ անդորր(195․Ներելու օգուտները)
Բարի երեկո «Մի գավաթ անդորր» հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ։ Այսօր խոսելու ենք ներման օգուտների, և ներելու համար գործնական քայլեր ձեռնարկելու մասին։ Ընկերակցեք մեզ։
Ներումը շատ զգայուն թեմա է, քանի որ այն կապ ունի մարդկային զգացմունքների և կյանքի քաջածանոթ փորձառության հետ:
Կյանքի տարբեր պարագաներում և իրավիճակներում կարող եք հանդիպել նման օրինակների, որոնք կբերեն վիրավորանք, զայրույթ, ատելություն, դառնություն և այլն: Ահա նման զգացմունքներ պատճառող երևույթներից են՝
Վիրավորանք կամ կոշտ վերաբերմունք
Վստահված գաղտնիքի հրապարակում
Թիկունքից հարված սիրելի մարդու կողմից
Բաժանության պատճառով կորցրած զավակներ
Դիտավորյալ ֆիզիկական, զգացմունքային, մտավոր կամ այլ վիրավորանք
Այս ցանկը կարելի է շարունակել: Բայց կարևոր հարցն այն է, թե ինչպես ենք մենք արձագանքում ատելության, զայրույթի, վիրավորանքի և դառնության զգացմունքների պարագայում:
Ինչպես նախորդ նախորդ հաղորդման ընթացքում ասացինք ներումը մի կարողություն է, որն ազատում է միտքը և սիրտը անցյալի բոլոր վիրավորանքներից, ձախողումներից, ամոթից, հանցանքի զգացումից և այլն: Այն կօգնի հաղթահարել զայրույթը, վրդովմունքը կամ պատժելու ցանկությունը:Ներումը տալիս է հոգեկան հանգստություն ։
***
Ներումն ունի շատ առավելություններ.
Այն կարգավորում է արյան ճնշումը և նպաստում սրտանոթային կայուն աշխատանքին:
Այն բարելավում է հոգեկան բարեկեցությունը՝ նվազեցնելով դեպրեսիայի հավանականությունը՝ ընկերներից, ընտանիքի անդամներից և հարազատներից աջակցություն և փոխհամագործակցություն ստանալու միջոցով:
Այն ամրապնդում է մարդու հոգևոր զարգացումը, զարգացնում սոցիալական շփումը և հնարավորություն տալիս խելամտորեն կառավարել կոնֆլիկտները:
Այն թույլ է տալիս ձեռք բերել վերահսկողություն սեփական զգացմունքների հանդեպ՝ նվազեցնելով մեղքը, զայրույթը և թշնամանքը՝ կապված պատճառված վիրավորանքի հետ:
Այն նվազեցնում է սթրեսը և ավելացնում լավատեսությունը:
Այն բերում է հույս և մեծացնում ուրախության հաճախականությունը:
Այն ազդում է նաև մարդու վերաբերմունքի վրա՝ բերելով բարություն, գեղեցկություն, ջերմություն և սեր:
Այն տալիս է խաղաղություն և մխիթարություն, երբ, ներելով, հեռացնում եք նախանձն ու վիրավորանքը:
Ներումը տալիս է հնարավորություն՝ երևույթներն ու մարդկանց ճիշտ դատելու:
Այն տալիս է հնարավորություն պատասխանատվությամբ վերաբերվելու սեփական զգացմունքներին:
Ներումն իսկական սպեղանի է վերքին:
Ծանոթացանք ներման օգուտներին:
Այժմ տեսնենք, թե ներելու պրոցեսում ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել։ Հարցին պատասխանում է հոգեբանը․․․․
***
Հարգելի ունկնդիրներ այժմ կներկայացնենք մասնագետների ևս մի շարք խորհուրդներ ներել կարողանալու համար․
1․Գնահատեք Ձեզ և իրավիճակը
Շատ կարևոր է, որ Դուք ճիշտ գնահատեք Ձեր զգացմունքները և դրանք ճիշտ արտահայտեք մարդկանց հանդեպ: Ներելու համար պետք է ճիշտ գնահատել՝ արդյո՞ք տվյալ իրավիճակը կամ անձը իրոք քեզ ցավ է պատճառել, արդյո՞ք դա եղել է դիտավորյալ քայլ: Այսինքն պետք է կողքից դիտարկել հասցված վիրավորանքը՝ դրան գնահատական տալու համար:
2. Փորձեք լինել լավատես
Սա դժվար բան է, բայց ամեն բան պետք է անել՝ լավատես լինելու և դրական մոտեցում ունենալու համար: Հիշեք, որ ներումն ունի հոգեբանական ազդեցություն: Կյանքի հանդեպ լավատես մարդիկ ավելի հեշտ են ներում, և այդ լավատեսությունը վարակիչ ազդեցություն է թողնում դիմացինի վրա:
3. Գտեք խաղաղություն
Խաղաղությունը օգնում է ճիշտ կառավարել միտքը: Սա չի նշանակում հանդուրժել սխալ արարքները, այլ պարզապես չմեղադրել քեզ վիրավորողին և կյանքից դաս քաղելով՝ նոր կյանքի պատմություն սկսել: Երբ փորձում ես ներել, ներքուստ թուլացնում ես քո հոգեկան լարվածությունը և խաղաղվում ես: Ներելով՝ մենք չենք հանդուրժում սխալ արարքները, այլ փորձում ենք դիմացինին տալ ևս մեկ հնարավորություն՝ մտերիմ կամ ընկերային հարաբերություն ստեղծելու համար:
4. Ճանաչեք սեփական զգացմունքները
Պետք է գիտենալ, որ Ձեր վշտերի կամ մտահոգությունների պատճառը կարող են լինել Ձեզ հասցված վիրավորական մտքերը և զգացմունքները, քան թե նրանք, ովքեր ձեզ վիրավորել են: Մեզ ցավ է պատճառում արարքը, որը գրեթե միշտ կապվում է անձի հետ: Նույն անձը կարող է մեկ ուրիշ անգամ ուրախություն պատճառել: Ուրեմն մենք փորձում ենք ներել վիրավորական միտքն ու հույզը:
5. Հանգստացեք
Փորձեք մի քանի գործնական քայլերով թուլացնել լարվածությունը, դա կարող է լինել խորը շունչ քաշելը, ուրախ ամսագրեր կարդալը, ծիծաղելը: Սա կօգնի նվազեցնել կռվելու ցանկությունը:
6. Եղեք իրատես
Եղեք լավատես և իրատես: Փորձեք հնարավորինս կառավարել Ձեր հույզերը: Զգացմունքային մարդիկ սովորաբար ստացած ապրումները բազմապատկում են և իրենց երևակայությամբ ավելի բարդացնում: Իրատես լինելով՝ կարելի է ճիշտ ու արագ լուծում փնտրել ստացած վիրավորանքի կամ հարվածի համար: Փորձեք չբարդացնել իրավիճակը և ներելով՝ վերջ դրեք Ձեր սրտի մեջ եղած ցավին:
7. Կառուցողական դարձրեք Ձեր ջանքերը
Ատելությունը և շարունակական զայրույթը վատնում են Ձեր էներգիան և միջոցները: Փոխարենը ներդրեք Ձեր ջանքերն այն մեթոդների ու գործընթացների մեջ, որոնք կօգնեն՝ հասնելու նոր նպատակների: Այն նաև կօգնի, որպեսզի հաղթահարեք վիրավորանքն ու ցավը: Աշխատեք կատարել ուրախություն և երջանկություն պարգևող գործեր:
8. Ապրեք կյանքը
Ապրեք կյանքը, և ապրեք այն գեղեցիկ: Բաց մի թողեք ամեն լավ առիթ՝ Ձեր կյանքը գեղեցկացնելու համար: Ժամանակ անցկացրեք ընկերների, ընտանիքի անդամների, երեխաների և այլոց հետ: Կենտրոնացեք կյանքի գեղեցկության վրա, ոչ թե՝ վիրավորված ապրումների:
9. Փոխեք Ձեր կյանքի պատմությունը
Կյանքի վախերը կարելի է հաղթահարել՝ դրանց դեմ առ դեմ կանգնելով, դրական հարաբերություններ կառուցելով, քննարկելով, ինչպես նաև վատ հույզերի ու ապրումների մասին խոսելով մտերիմների ու ընկերների հետ:
10. Եղեք երջանիկ
Երջանկությունը կարևոր է, քանի որ այն բարեփոխում է Ձեր տրամադրությունը և ապագան դարձնում գեղեցիկ: Օրինակ՝ կարող եք.
- նոր ընկերներ ձեռք բերել,
- գնահատել Ձեր ունեցածն ու գոհանալ, թե որքան առավելություններ ունեք Դուք,
- շփվել երեխաների, ընկերների, կոլեգաների հետ
- բարի և անկեղծ մարդասիրություն դրսևորել մարդկանց հանդեպ
11. Մտածեք ապագայի մասին
Թող Ձեր ապագայի մտքերը լինեն ոգեշնչված, լինեն քաջալերող և առաջ տանող: Մի թողեք, որ Ձեր սրտի վրա բեռի նման լինի վիրավորանքը, ազատվեք այդ բեռից:
Վերջիվերջո ներումը բուժում է միտքը, սիրտը և մարմինը: