Մի գավաթ անդորր․ (196.Ինչպե՞ս պատասխանել անտակտ հարցերին)
Բարև Ձեզ «Մի գավաթ անդորր» հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ։ Այսօր խոսելու ենք այն մասին, թե ինչպես կարելի է պատասխանել, արձագանքել անտակտ ու անտեղի հարցերին։Իհարկե այս հարցում իր մասնագիտական խորհուրդներով Ձեզ կօգնի հոգեբան Իրինա Ծատուրյանը։ Ընկերակցեք մեզ։Խոսափողի մոտ Արտույտ Զոհրաբյանն է։
***
Կան շատ հետաքրքրասեր մարդիկ: Նրանք հաճախ անտակտ հարցեր են տալիս զրուցակցին։ Նման մարդիկ բոլորի ներկայությամբ կարող են խիստ անձնական հարցեր տալ, քննարկել որևէ մեկի կյանքը և այլն։ Երբեմն թվում է, թե նման մարդկանց բնավորության մեջ գերակայում են նախանձն ու չարակամությունը: Մինչդեռ հաճախ անտակտությունը ոչ թե վերոնշյալ հատկությունների դրսևորումն է, այլ` անկրթության: Նման մարդիկ հաճախ հետաքրքրասիրության տենդի մեջ կորցնում են տակտի տարրական զգացումը հարցնելով ՝«Երբ եք ամուսանանալու»,«Երբ եք պլանավորում երեխա ունենալ»,ինչու երեխա չեք ունենում , ‹‹Ինչքա՞ն է աշխատավարձդ›› և այլն։ Ինչպե՞ս պատասխանել այդ մարդկանց անտակտ հարցերին, որ միևնույն ժամանակ և շատ կոպիտ չլինի, բայց և ձեր սիրտն էլ թեթևանա:
Երաժշտական կարճ դադարից հետո կներկայացնենք մի շարք անտակտ հարցերին պատասխանելու եղանակներ։Շարունակեք մնալ մեզ հետ։
---
Նախ խոսենք «Երբ եք ամուսանանալու» հարցի մասին։Այս հարցը տալիս են բոլորին անխտիր և բոլորովին էլ կարևոր չէ, թե որքան ժամանակ եք հանդիպում: Թևաթափ չլինեք, քանի որ այս հարցը դեռ շատ եք լսելու: Բարեկամներն, ամենայն հավանականությամբ, փորձում են մտերմիկ զրույց սկսել, բայց չգիտեն` ինչ հարմար թեմա ընտրել: Տատիկն էլ անհանգստանում է ընտանեկան բարեկեցության համար: Եթե ինչ-որ մեկը նպատակասլաց ու համառորեն բարձրացնում է այդ հարցը, մի բարկացեք, ուղղակի ժպտացեք ու պատասխանեք․ «Դուք այդ մասին առաջինը կիմանաք»:
Կամ կարող եք ասել՝ ես դեռ չեմ հանդիպել իմ ասպետին, կամ՝ ոչ ոք դեռեւս ինձ չի արել առաջարկություն, որից չէի կարող հրաժարվել:
«Երբ եք պլանավորում երեխա ունենալ»։ Այս հարցն էլ հաճախ է տրվում նրանց, ովքեր երեխա չունեն։
Սա հարված է ամենացավոտ տեղին, հատկապես երբ երեխա ունենալու տարիների փորձերն ապարդյուն են անցել: Նման հարց տվող մարդկանց հասկացրեք, որ նրանք անցնում են Ձեր անձնական սահմանները, կարող եք ուղղակի կատակել: «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»:կամ ասել՝ շնորհակալություն, որ ինձ հիշեցրիր այդ մասին, վաղուց էի որոշել դիմել քեզ, որ օգնես քո խորհուրդներով։
Իսկ ինչ վերաբերում է « երկրորդ երեխային երբ եք ունենալու» հարցին։
Առաջնեկի լույս աշխարհ գալուց անմիջապես հետո պատրաստեք այս հարցի պատասխանը․ «Երկրորդ երեխա դեռ չենք ուզում»:
«Որքա՞ն ժամանակ է, որ ճանաչում եք միմյանց»
2 շաբաթ, 6 ամիս, 5 տարի … ի՞նչ տարբերություն։ Եթե հարցի մեջ քննադատության նոտաներ են հնչում, արագ հակադարձեք, – «Թվում է` ամբողջ կյանքս ճանաչում եմ նրան»: Սա կարճ, ու կոնկրետ պատասխան է, որը կօգնի դիմացինին հասկանալ, որ ներխուժել է Ձեր անձնական տարածք:
Առաջարկում ենք այժմ ունկնդրել հոգեբան Իրինա Ծատուրյանի օգտակար խորհուրդները։
---
Ինչպես նկատեցիք հոգեբանը նշում է, որ ամեն դեպքում պետք է նման մարդկանց անպայման պատասխանել: Նա խորհուրդ է տալիս մեղմության չգնալ, համապատասխան պատասխան տալ, հարկ եղած դեպքում նույնիսկ խզել հարաբերությունները տվյալ մարդկանց հետ:
Հոգեբանի կարծիքով հարաբերությունները վիրավորանքից հետո շարունակելը կնշանակի վիրավորողին ավելի ուժեղ վիրավորելու մեծ հնարավորություն տալ:
Շարունակենք անտակտ հարցերի շարանը՝
«Նա (աղջիկը/տղան) չի՞ պատրաստվում նորմալ աշխատանքի տեղավորվել»
«Նորմալ աշխատանքի» վերաբերյալ յուրաքանչյուրն իր պատկերացումներն ունի: Ձեզ համար, օրինակ, վաճառողը լավ գործ է, բայց դիմացինի համար` անհեռանկարային տարբերակ: Էլ չենք խոսում համացանցում փող վաստակելու հնարավորության մասին, որն ավագ սերնդի համար ընդհանրապես անհասկանալի է: Կարելի է ուղղակի պատասխանել․ «Ես կփոխանցեմ նրան (աղջկան/տղային), որ դուք այդքան սրտացավ եք ու անհանգստանում եք նրա համար»:
Հիշեցնենք,որ փոքր-ինչ մեղմ եղեք շատ մոտ մարդականց ու հարազատների հետ:
Հարցնում են «Դեռ վարձո՞վ եք ապրում։ Ե՞րբ եք ձեր սեփականը գնելու»
Մարդիկ գուցե չգիտեն, որ Դուք շատ հետևողականորեն գումար եք խնայում Ձեր սեփական բնակարանը, տունը գնելու համար, կամ գուցե ձեզ դուր է գալիս այն բնակարանը, որը վարձում եք: Կարող եք հենց այդպես էլ պատասխանել, կամ ` մի փոքր հեգնանքով․ «Ընտանեկան բյուջեն կազմելիս անպայման քեզ կկանչենք»։
«Ինչու՞ միասին չեք գալիս ընտանեկան հավաքույթներին»
Այս հարցում թաքնված քննադատություն է հնչում Ձեր զուգընկերոջ հասցեին: Բարեկամները կարծում են, թե Ձեր ընկերոջ համար տհաճ է ներկա գտնվել ընտանեկան հավաքույթներին: Եթե հակակրանք իրոք չկա, ուղղակի պատասխանեք․ «Շատ էր ուզում գալ, բայց, ցավոք, աշխատանքը թույլ չտվեց»:
Հարցնում են. «Քանի՞ տարեկան ես»: Պատասխաններ՝ ա) դեռ 100 չկամ, բ) քեզնից մեծ եմ, թե քանի տարով՝ որոշիր ինքդ:
Մյուս հարց՝«Այդ ինչքա՜ն ես գիրացել: Չե՞ս ուզում նիհարել: Մի լավ նոր դիետա գիտեմ, ասեմ, փորձիր»: Պատասխաններ՝ ա) հազիվ թե քո դիետան ինձ օգնի, ես լսել եմ, որ այն չի ներգործում բոլոր մարդկանց վրա, բ) ինչո՞ւ չէ, կփորձեմ, ես էլ եմ զգում, որ վերջերս շատ եմ գիրացել։
Վերջին հարց՝«Ինչքա՞ն աշխատավարձ ես ստանում»: Այս հարցը տալիս են ամենից շատ, քանի որ ուրիշի ֆինանսական բարեկեցության հարցերը միշտ հետաքրքրում են շրջապատողներին: Պատասխաններ՝ ա) ես համեստ մարդ եմ, եւ առայժմ այդ գումարը ինձ բավականացնում է: Կամ հարցին պատասխանում եք հարցով՝ ասլեով «Իսկ դո՞ւ ինչքան ես վաստակում»: Կասկածում եմ, որ ձեր զրուցակիցը ճիշտ կպատասխանի Ձեր հարցին, սակայն պատասխանը լսելուց հետո՝ համեմատելով ձեր եկամուտները նրա ասածի հետ, պատասխանեք՝ «Մի փոքր ավելի քիչ, քան դու» կամ «Մի փոքր քեզնից շատ»:
***
Իհարկե, ցանկացած անտակտ հարցի համար կարելի է գտնել համարժեք եւ քաղաքավարի այլ պատասխաններ: Այո, կան դեպքեր, երբ հոգեբանական այսպիսի պատասխանների փոխարեն պարզապես կարելի է ասել. ինձ հանգիստ թողեք։Ես չեմ ցանկանում դա քեզ հետ քննարկել:
Հոգեբանները խորհուրդ են տալիս թույլ չտալ ոչ մեկի ազդել սեփական տրամադրության ու հոգեբանության վրա:
Ոչ ոք չի ցանկանում շփվել անտակտ ու արտահայտությունների մեջ անզգույշ մարդու հետ: Ցավոք, նմանները փոքր թիվ չեն կազմում: Ուստի, կամա թե ակամա, ստիպված ենք լինում ոչ միայն շփվել, այլև կյանքի տարբեր ոլորտներում գործ ունենալ նրանց հետ: Խուսափել այս տիպի մարդկանցից, հնարավոր չէ, պարզապես պետք է զգույշ լինել, նրանց հետ առնչվելու դեպքում չկորցնել հոգեկան հավասարակշռությունը:
Ինչ լավ կլիներ եթե բոլոր մարդիկ փորձեին լինել նրբանկատ։ Քանի որ նրբանկատությունն այն ունակությունն է, որը մարդուն հնարավորություն է տալիս մյուսների հետ վարվել այնպես, որ չվիրավորի նրանց զգացմունքները։ Եղեք առողջ ու երջանիկ։