Մարտ 28, 2020 09:48 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում ինչպես միշտ կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Ընկերակցեք մեզ։


------------------

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովում՝ 1999 թվականին, որոշում է ընդունվել մարտի 21-ը տոնել որպես Պոեզիայի միջազգային օր:

«Պոեզիան կարող է պատասխան դառնալ ժամանակակից մարդու առջև ծառացած ամենասուր և ամենախոր հոգևոր խնդիրներին, սակայն դրա համար անհրաժեշտ է պոեզիայի վրա բևեռել հասարակության հնարավորին չափ լայն շերտերի ուշադրությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ:

Բանաստեղծ, թարգմանիչ, արձակագիր Գևորգ Թումանյանն ասաց, որ իր համար և՛ հեշտ, և՛ դժվար է խոսել պոեզիայի մասին: «Պոեզիան իմ գլխավոր կենսակերպն է, ապրելու, արարելու, Աստծուն հավատալու»,-նշեց նա:

Անդրադառնալով պոեզիայի երկրպագուներին՝ գրողը շեշտեց, որ իրենք այնքան էլ չեն փնթփնթում ընթերցողներ կա՞ն, թե՞ ոչ: Նրանք քիչ են, և դա բնական է, քանի որ բարձրագույն պոեզիան ընկալելը ոչ բոլորին է տրված: «Յուրաքաչյուր լավ ընթերցողի համար ամեն օրը պոեզիայի տոն է. երբ նա ձեռքը գիրք է վերցնում, համացանցի միջոցով կարդում, տողով ապրում»,-նշեց Թումանյանը:

Պոեզիայի միջազգային օրն առաջին անգամ նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը: Այս օրը հնարավորություն է ընձեռնվում փոքր հրատարակչություններին բարձրաձայնել իրենց մասին, քանի որ նաև նրանց ջանքերով են ընթերցողին հասնում ժամանակակից պոետների գործերը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում այս օրը զանգվածային լրատվամիջոցներում տարփողել պոեզիան՝ որպես ժամանակակից արվեստ, որը բաց է մարդկանց համար:

 

 

«Կառուցել կամուրջներ» ծրագրի շրջանակում Երևանում հոկտեմբերի 9-12-ը տեղի կունենա Ներառական արվեստի միջազգային փառատոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 9-ին կկազմակերպվի համերգային ծրագիր, իսկ 10-12-ին՝ թատերական լաբորատորիաներ:

Լաբորատորիաների շրջանակում Հայաստանի լավագույն արվեստագետներից շատերը  կվարեն մշակութային խմբակներ՝ թատերական արվեստ, ազգային և ժամանակակից պար, հայկական ազգային երգ, երգչախումբ, գործիքային երաժշտություն, թատերական դեկորացիայի պատրաստում, թատերական զգեստի պատրաստում, թատերական ռեկվիզիտի պատրաստում ուղղություններով։

Այս աշխատանքների արդյունքում կծնվի թատերական ներկայացում՝ Հովհաննես Թումանյանի «Խոսող ձուկը»  հեքիաթի հիման վրա գրված սցենարով։

 

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանն իր ազդեցությունն է թողնում նաև մշակութային կյանքի վրա: Առավել հասանելի դառնալու նպատակով աշխարհի լավագույն թանգարանները թվայնացնում են համաշխարհային գլուխգործոցները՝ դրանք հասանելի դարձնելով արվեստասերների լայն շրջանակին:

Թանգարաններն իրականացնում են 360 աստիճան տուրեր, տեսանյութերի, առցանց հեռարձակումների օգնությամբ ներկայացնում են ցուցահանդեսները, թեմատիկ գիտաժողովներն ու հատուկ ծրագրերը: Դրանց մեծ մասը հասանելի է Google Arts & Culture հարթակում:

«Արմենպրես»-ը ներկայացրել է աշխարհի հանրահայտ թանգարաններից մի քանիսը, որոնց տանիքների տակ գտնվող արվեստի յուրահատուկ նմուշներին հնարավոր է ծանոթանալ վիրտուալ տիրույթում:

Լուվրն աշխարհի խոշորագույն թանգարաններից է, որի գեղարվեստական ֆոնդի հիմքը եղել են թագավորական հավաքածուները, որոնք հետագայում համալրվել են մենաստանների, եկեղեցիների և ազգայնացված որոշ տոհմական հավաքածուներով, նաև Նապոլեոնի արշավանքների ավարով, բազմաթիվ նվիրաբերումներով: Ցուցադրված են Նիկոլա Պուսսենի, Ժորժ դը Լատուրի, Անտուան Վատտոյի, Ժակ Լուի Դավիդի,  Էժեն Դելակրուայի, Գյուստավ Կուրբեի և ուրիշների գործերից: Լուվրում են համաշխարհային արվեստի մի շարք գլուխգործոցներ՝ «Սամոթրակիական Նիկեն», «Միլոսյան Վեներան», Միքելանջելոյի «Ստրուկները», Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան» («Ջոկոնդա»), Ռեմբրանդtի «Բերսաբեն», նաև Ռաֆայելի, Տիցիանի, Վերոնեզեի, Ռուբենսի, Յան վան Էյքի և այլոց գործեր:

Օնլայն հարթակում հնարավոր է շրջել Լուվրի որոշ ցուցասրահներում:

Թանգարանը գրեթե ութ միլիոն ցուցանմուշ ունի: Հետաքրքիր նմուշների մի մասը կարելի է տեսնել օնլայն տիրույթում:

Աշխարհի հնագույն թանգարաններից մեկում՝  Ֆլորենցիայում գտնվող Ուֆիցի պատկերասրահում, վիրտուալ շրջայցի ընթացքում կարելի է տեսնել Բոտիչելիի «Վեներայի ծնունդը»:

Պատկերասրահի հավաքածուի հիմքում են Մեդիչիների տոհմին պատկանող արվեստի ստեղծագործությունները: Հետագայում այն համալրել են Ֆերդինանդո Առաջին և Ֆերդինանդո Երկրորդ կարդինալները, ովքեր Ուֆիցի են տեղափոխել Հռոմի իրենց դղյակների ու Լեոպոլդ կարդինալի ժառանգություն թողած արվեստի գործերը:

Վենետիկում գտնվող Արվեստի պատմության թանգարանի իտալական վերածննդի դարաշրջանի ոճով կառուցված շենքում պահվում են Ռաֆայելի, Բրեյգելի, Կարավաջոյի, Ռուբենսի և այլ հանճարեղ նկարիչների ստեղծագործություններ:

Ամստերդամում գործող Վան Գոգի թանգարանն ունի Վան Գոգի ամենամեծ հավաքածուն աշխարհում՝ 200 գեղանկար, 400 նկարներ, նկարչի 700 նամակներ:

Թանգարանը թույլ կտա ամբողջական պատկերացում կազմել հանճարեղ նկարչի ստեղծագործության և նրա ժամանակակիցների գործերի մասին:

Դալիի թատրոն-թանգարանում ներկայացված է Սալվադոր Դալիի աշխատանքների միասնական ամենամեծ և առավել բազմազան հավաքածուն: Ի լրումն Դալիի տասնամյակների ընթացքում ստեղծած նկարների` այստեղ են նաև նրա քանդակները, եռաչափ կոլաժներ, մեխանիկական սարքեր և նկարչի երևակայությամբ ծնված այլ հետաքրքիր նմուշներ:

Բեռլինի Ազգային հին պատկերասրահում ցուցադրվում են կլասիցիզմի և ռոմանտիզմի շրջանի գործեր: Ներառված են Մանեի, Մոնեի, Մաքս Լիբերմանի, Լովիս Կորինտի և այլ ականավորների գործեր:

Առավել արժեքավորներց են Յոհան Էրդման Հումելի «Շախմատային խաղ Բեռլինի Ֆոս պալատում», Կասպար Դավիդ Ֆրիդրիխի «Քահանան ծովի մոտ», Ադոլֆ ֆոն Մենցելի «Երկաթի վերամշակման գործարան», Յոհան Գոթֆրիդ Շադովի «Արքայադուստրեր» ստեղծագործությունները:

Աթենքի Հին Ակրոպոլիս թանգարանում են գտնվում հնագույն հունական մշակույթի մասունքներ, որոնք պեղումների ժամանակ հայտնաբերվել են Ակրոպոլիսի տարածքից. Ակրոպոլիսի հուշարձանների քարե արձաններ, բրոնզե գործիքներ, պեղված առարկաներ: Շինությունը գտնվում է Ակրոպոլիսի հարավարևելյան անկյունում։ 2007 թվականին թանգարանի հին շենքը փակվել է և տեղափոխվել է թանգարանի նոր շենք։

Սանկտ Պետերբուրգում գտնվող Էրմիտաժը մեծությամբ երկրորդ արվեստի թանգարանն է աշխարհում։

Էրմիտաժի բազմազան հավաքածուն ընդգրկում է ցուցանմուշներ քարե դարից մինչև մեր օրերը, իսկ դասական եվրոպական արվեստի հավաքածուով՝ Փարիզի Լուվր և Մադրիդի Պրադո  թանգարանների հետ մեկտեղ համարվում է աշխարհում լավագույններից։ Էրմիտաժում են ցուցադրվում  Լեոնարդո դա Վինչիի երկու կտավ և Միքելանջելոյի մեկ քանդակ։

Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուն ընդգրկում է գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստի առանձին գործեր: Ամբողջական են ներկայացված հատկապես 19-րդ դարի երկրորդ կեսի ռուսական գեղանկարչությունը, պերեդվիժնիկների, XIX դարի վերջի և XX դարի սկզբի ռուս նկարիչների լավագույն գործերը:  Ըստ արժանվույն ցուցադրված են խորհրդային արվեստի զարգացման բոլոր փուլերը։

Տրետյակովյան պատկերասրահում տեղ են գտել հայ նկարիչներից Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Մինաս Ավետիսյանի, Հովհաննես Զարդարյանի, Գրիգոր Խանջյանի և այլոց ստեղծագործությունները:

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանն  աշխարհի ամենախոշոր թանգարաններից է, որն առաջարկում է առցանց հարթակում ծանոթանալ ավելի քան 200 հազար ցուցանմուշի, որոնց շարքում են Վան Գոգի, Պիկասոյի և այլ մեծանուն նկարիչների աշխատանքներ:

 

 

Կաննի 73-րդ կինոփառատոնը, որը պետք է տեղի ունենար մայիսի 12-23-ը, նոր տիպի կորոնավիրուսի պատճառով չի կայանա մայիսին, ինչպես նախատեսված էր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Թվիթեր»-ի փառատոնի պաշտոնական էջը։

«Առողջապահության ոլորտում ճգնաժամի և զարգացող իրավիճակի պատճառով՝ Կաննի 73-րդ փառատոնը չի կարող անցկացվել մայիսի 12-23-ը»,- ասված է փառատոնի կազմակերպիչների հայտարարության մեջ։

Նրանք տեղեկացրել են, որ հետագա գործողությունների համար մի քանի տարբերակ են քննարկում։ Դրանցից ամենակարևորը փառատոնի հետաձգումն է մինչև հունիսի վերջ՝ հուլիսի սկիզբ։

 

 

The Hollywood Reporter-ի փորձագետների կարծիքով, կորոնավիրուսի պատճառով Հոլիվուդը կկորցնի շուրջ 20 միլիարդ դոլար։ Կինոթատրոնները ստիպված տեղափոխում են ֆիլմերի ցուցադրությունները։

Ներկա պահին ամերիկյան կինոինդուստրիան կորցրել է 7 միլիարդ դոլար  կինովարձույթների  վճարից։ Փորձագետները ենթադրում են, որ գարնան վերջին Հոլիվուդը կկորցնի արդեն 17 միլիարդ դոլար։

Մասնագետները վստահ են, որ Ջեյմս Բոնդի մասին «Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմի պրեմիերայի տեղափոխումը կինոընկերությանը կարող է բերել 30-50 միլիոն դոլարի կորուստ։

Եկամուտների նվազում կունենան նաև այն ընկերությունները, որոնք հետաձգել  են ֆիլմերի նկարահանումները։ Օրինակ, «Ջրահարսը»  ֆիլմի նկարահանումների ընդհատումը Disney ընկերության կարժենա օրական 300-350 հազար դոլար։

 

 

Օքսֆորդի համալսարանում գտնվող Կրայստչերչի Գեղարվեստի պատկերասրահից գողացել են 16-րդ և 17-րդ դարերով թվագրվող երեք կտավ։ Դրանց ընդհանուր գումարը գնահատվում է մի քանի միլիոն ֆունտ։

Նշվում է, որ թանգարանից գողացել են Անտոնիս վան Դեյքի «Հեծյալ զինվոր», Սալվատոր Ռոզի «Քարքարոտ լողափ» եւ Անիբալ Քարաչիի «Խմող տղան» կտավները։

Ներկա պահին հետաքննություն է ընթանում, որոնվում են գողերը։

 

 

Բրիտանացի քանդակագործ Անիշ Կապուրը հաջորդ տարի Վենետիկի բիենալեում առաջին անգամ կներկայացնի Vantablack՝ սև նյութով պատրաստված աշխատանքներ։ Ռիա նովոստին, հղում անելով ARTnet-ին, գրում է, որ Կապուրն Vantablack- ից պատրաստված արվեստի գործերի մենաշնորհ ունի, որոնք նա անվանում է  «տիեզերքի ամենասև նյութը»:

Vantablack-ից քանդակները առաջին անգամ ներկայացվելու են հանրությանը, չնայած արվեստագետն արդեն ցուցադրել է ժամանակաչափ, որը պատրաստել է շվեյցարական արտադրողի հետ միասին 2016-ի աշնանը: Դրա արժեքը 95 հազար դոլար էր:

Vantablack-ը կազմված է ածխային ուղղահայաց նանոխողովակներից, որը կլանում է գրեթե 100 տոկոս նրա վրա ընկնող ճառագայթումը ։ Համեմատության համար՝ ամենասև ածուխը կլանում է 96 տոկոս  լույս։

Երբ լոնդոնյան Surrey NanoSystems օդատիեզերական ընկերությունը 2014-ի հուլիսին հայտարարել էր, որ մանրադիտակային նանոխողովակներից «գերսև» գույն է ստացել, Կապուրը շատ էր հետաքրքրվել: Այդ տարվա սեպտեմբերին նա ձեռք է բերել Vantablack- ից արվեստի գործեր ստեղծելու բացառիկ իրավունքը: