Ապրիլ 06, 2020 08:36 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ հարգարժան ունկնդիրներ։ Ներկայացնում ենք Մի գավաթ անդորր հաղորդաշարի հերթական թողարկումը։Հարգելի բարեկամ մեզանից յուրաքանչյուրն իր կյանքում գոնե մեկ անգամ բախվել է անքնության նշանների հետ, երբ շուռումուռ ես գալիս անկողնում, մկանները լարված են, մտքերը' խառնված, մեկ շոգ է, մեկ՝ ցուրտ, մեկ ցանկանում ես ջուր խմել կամ որևէ այլ բան, իսկ քնելն անհնար է:

Ոմանց մոտ այդ նշաններն ի հայտ են գալիս հազվադեպ, ոմանց մոտ էլ' հաճախ: Մեկը չի կարողանում քնել՝ չիմանալով դրա պատճառը, մյուսն առույգ է՝ մտածելով ինչ-որ գործերի և դժվարությունների մասին: Այսօր խոսելու ենք հենց այդ մասին։ Եթերում դուք ունկնդրելու եք հոգեբան Տաթև Նահապետյանի  խորհուրդներն այս թեմայի շուրջ։ Մնացեք մեզ հետ։Խոսափողի մոտ Արտույտ Զոհրաբյանն է։

***

Ըստ վիճակագրության աշխարհում յուրաքանչյուր հինգերորդ մարդ տառապում է քնի խանգարման ինչ-որ տեսակով և համարյա կեսի մոտ այն ընդունում է քրոնիկ բնույթ: Անքնությամբ ավելի շատ տառապում են մտավոր աշխատանքով զբաղվողները, նրանք՝ ում աշխատանքային գործունեությունը կապված է բարձր պատասխանատվության հետ, ինչպես նաև տարեց մարդիկ: Անքնությունը հիվանդություն չէ, այլ հիվանդության ախտանիշ, այդ իսկ պատճառով անքնությունից ազատվելու համար նախ և առաջ հարկավոր է պարզել դրա առաջացման պատճառները։ Անքնության առաջացման հիմնական պատճառներից է անհանգստությունը, որն ակտիվացնում է նյարդային համակարգը, ինչն էլ խաթարում է քնի բնականոն ընթացքը։ Դա կարող է պայմանավորված լինել որևէ կարևոր և պատասխանատու իրադարձությամբ: Յուրաքանչյուրն իր կյանքում գոնե մեկ անգամ չի կարողացել քնել քննությունից, հարսանիքից, նոր աշխատանքային առաջին օրվանից կամ այլ կարևոր իրադարձությունից առաջ: Ինչ-որ չափով դա նորմալ է, սակայն, երբ մարդը մեկ շաբաթ կամ ավել չի կարողանում հանգիստ քնել, այդ դեպքում հարկավոր է հասկանալ, թե ինչն է կանգնած այդ ապրումների հետևում: Հաճախ անքնությամբ են տառապում նրանք, ովքեր դժվարանում են ներքուստ որևէ վճռական որոշում կայացնել:Այդպիսի մարդկանց տանջում են մտածմունքները, տագնապները, վախերը, նրանք ներքուստ ամեն ինչ ծանր ու թեթև են անում' հաճախակի զբաղվելով ինքնավերլուծությամբ: Անքնության պատճառ կարող են հանդիսանալ նաև չարտահայտված ուժեղ զգացմունքներն ու ապրումները' վիրավորվածությունը, վախի, խանդի, մեղքի զգացումը և այլն: Օրինակ, Ձեզ հանդիմանել է պետը բոլորի ներկայությամբ, իսկ Դուք լռել եք, սակայն ներքուստ շատ եք ընկճվել, և Ձեր պետը Ձեզ համար դարձել է ատելի: Այդ իսկ պատճառով, պառկելով քնելու, Դուք մտովի վերապրում եք այդ իրավիճակն այնպես, որ Ձեր ապրումներն այնուամենայնիվ ելք գտնեն, և դա էլ իր հերթին բերում է անքնության: Գոյություն ունեն անքնության հոգեբանական նաև այլ պատճառներ, որոնք կարելի է վերլուծել հոգեբանի օգնությամբ, ինչն էլ կօգնի Ձեզ հաղթահարել այն պահերը, որոնք դարձել են Ձեր հոգեկան անհավասարակշռության և անքնության պատճառը: Անքնության ամենագլոբալ պատճառը խնդիրները լուծելու անկարողությունն է, ինչը հաճախ հանգեցնում է անցանկալի հետևանքների' տրամադրության անկման, տագնապայնության, դյուրագրգռվածության, ճնշվածության, աշխատունակության նվազման, շրջապատի նկատմամբ  հետաքրքրության անկման և այլն: Անքնությունը կարող է պայմանավորված լինել ոչ միայն հոգեբանական խնդիրներով, այլ նաև նյարդային, սիրտ-անոթային համակարգի և այլ հիվանդություններով, ուստի, տառապելով քրոնիկական անքնությամբ, բացի հոգեբանից և հոգեթերապևտից, հարկավոր է խորհրդակցել նաև բժշկի հետ:

****

 Անքնությունն ուժեղանում է, երբ մարդ լարված մտածում է այն մասին, թե ինչպիսի տհաճ հետևանքների է հանգեցնելու վատ քնելը հաջորդ օրվա ընթացքում։ Նա իր ողջ ուշադրությունը կենտրոնացնում է նրա վրա, թե երբ է քնելու, մտածում է, որ արդեն գիշերվա կեսն է, բայց ինքը դեռ չի քնել։ Այդ բոլոր ապրումներն առաջացնում են տագնապի զգացողություն։ Եվ այսպես. ինչպե՞ս դուրս գալ այդ իրավիճակից։ Պատասխանը շատ պարզ է. մի կենտրոնացեք քնելու վրա, փորձեք մտածել ձեզ համար հաճելի բաների մասին։ Այդ ամենը կնպաստի նրան, որ դուք կդադարեք հրահանգներ տալ ձեր գիտակցությանը, լարվածությունը կանցնի, և օրգանիզմն ինքն իրեն քուն կմտնի։ Հիշե՛ք, որ ոչ ոք չի մահացել անբավարար քնից: Անքնության համար անհանգստանալը ավելի շատ է վնասում, քան քնի բացակայությունը: Քնելն խթանում  է նաև մկանների թուլացումը, քանի դեռ մարդու մկանները լարված են, հնարավոր չէ քնել։

Եթերում  է հոգեբան Տաթև Նահապետյանը․․․․

****

Մարդն իր կյանքի մոտ մեկ երրորդն անց է կացնում քնած վիճակում։  Նորմալ եւ  լիարժեք քնի շնորհիվ է, որ մարդը կարողանում է կառավարելի ու հագեցած դարձնել իր արթուն  կյանքը։ Շատ քչերը կարող են պնդել, որ գոնե մեկ անգամ չեն տառապել անքնությունից ու դրա հետեւանքով  օրն անցկացրել անտրամադիր, դժգոհ եւ անտանելի գլխացավով։

Անքնության պատաճառները խիստ տարբեր են, եւ սխալ է խնդիրը լուծել,օրինակ, քնաբերներ խմելով։ Քնաբերները նպաստում  են միայն մակերեսային քնելուն, մարդը չի անցնում քնի խորքային  փուլերին, այդ իսկ պատճառով նա իրեն չի  զգում լիարժեք հանգստացած եւ ուժերը վերականգնած։

Անքնությունը հիվանդություն չէ, այլ հիվանդության ախտանիշ, այդ իսկ պատճառով անքնությունից ազատվելու համար պետք է  պարզել դրա առաջացման պատճառները։

Անքնություն առաջացնող հիմնական գործոններից է սթրեսը, որն ակտիվացնում է նյարդային համակարգը, ինչն էլ խաթարում է քնի բնականոն ընթացքը։
Նյարդային համակարգի գրգռված լինելու հետեւանքով անձը չի կարողանում թուլացնել օրգանիզմը, լիցքաթափվել եւ հանգստանալ։ Ներքին լարվածությունից օրգանիզմում բարձրանում է արյան ճնշումը, նյութափոխանակությունն ակտիվանում է, իսկ քնելը դառնում անհասանելի երազանք։ Անքնության պատճառներն են նաեւ  նեւրոզը, դեպրեսիան, քնի ռեժիմի խանգարումները, ալկոհոլի, սուրճի, թմրադեղերի չարաշահումը, ծերացումը, քանի որ տարիքի հետ քնելը դառնում է ավելի մակերեսային, քնելուց առաջ ակտիվ ֆիզիկական վարժություններ կատարելը, ճոխ ընթրիքը եւ այլն։ Քնելը  հանգիստ գործընթաց է, իսկ մարսողական պրոցեսը աշխատանք է։ Հնարավոր է, որ լավ ուտելուց հետո կարողանանք քնել, սակայն մեր ստամոքսը կշարունակի աշխատել, որպեսզի մարսի սնունդը եւ, հետեւաբար, նյարդային  ազդակներ կգնան ուղեղ ու կակտիվացնեն համապատասխան կենտրոնները։ Այս ամենի հետեւանքով քնելը  կլինի մակերսային։ Ծխողները ճիշտ կանեն քնից առաջ գլանակը փոխարինեն կանաչ խնձորով կամ երեսուն րոպեանոց զբոսանքով։


Անքնության պատճառ կարող են լինել տարբեր հիվանդությունները, օրինակ` լյարդի, երիկամների, աղիների քրոնիկ հիվանդությունները կամ վահանաձեւ գեղձի գերգործունեությունը։ Անքնության պատճառներից է նաեւ օրգանիզմում երկաթի եւ պղնձի անբավարարությունը։ Այս խնդիրը հեշտությամբ կարելի է լուծել սննդի միջոցով. հարկավոր է ուտել նուռ, ծիրան կամ ծիրանաչիր, դեղձ, դդում, հնդկաձավար, ձկնեղեն, մաղադանոս կամ տավարի լյարդ։ Երբեմն անքնության պատճառ է դառնում արյան ցածր ճնշումը։ Նման դեպքերում կարելի է ոտքերն ընկղմել տաք ջրի մեջ (38-40 աստիճան) եւ անմիջապես պառկել քնելու։
Սովորաբար ուժերը վերականգնելու համար 7-8 ժամը լիովին բավարար է, սակայն տարբեր մարդկանց մոտ քնելու պահանջը տարբեր է, օր.` Ա. Էյնշտեյնը քնում էր ավելի քան 10 ժամ, իսկ Վ. Հյուգոն եւ Ու. Չերչիլը  երբեք չեն քնել  5 ժամից ավել։ Քնեք այնքան, որքան դրա կարիքն ունեք։ Մեր օրգանիզմը միշտ մեզ տեղեկացնում է, թե ինչ է իրեն անհրաժեշտ։ Պարզապես պետք է ուշադրի լսել դրա ձայնին։

***

Ի՞նչ է պետք անել քնելուց առաջ

  • Սահմանափակել հեղուկի քանակը․
  • Խուսափել ակտիվ գործունեության ձեւերից, ցանկալի է քնելուց առաջ լիցքաթափվել կարդալու միջոցով, երաժշտություն լսելով, տաք լոգանք ընդունելով  քնելուց մեկ ժամ առաջ․
  • Ցանկալի է պառկել քնելու ամենօր միեւնույն ժամին, եթե իհարկե ձեր քունը տանում է․
  • Անկողնում պառկած մի ստիպեք ձեզ քնել, քանի որ դուք  ակտիվացնում եք ձեր օրգանիզմը, որն էլ կխոչըդոտի քնելուն․
  • Ապահովեք սենյակում հնարավորին հարմարավետ պայմաններ` անջատեք լույսը, մեկուսացրեք ձայները, համեմատաբար ավելի ցածր ջերմաստիճան ունեցող սենյակում քնելը ավելի հաճելի է եւ օգտակար․
  • Մի պառկեք անկողնում արթուն վիճակում կես ժամից ավելի։