Ապրիլ 07, 2020 07:30 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Ինչպես տեղյակ եք աշխարհը շարունակում է պայքարել կորոնավիրուսի պանդեմիայի դեմ։Ճգնաժամին դիմակայելու շրջանակում դադարեցվել են բոլոր հասարակական աշխատանքները, ի շարս դրանց նաև գեղարվեստական միջոցառումները: Այդուհանդերձ մշակութային կյանքը շարունակվում է և այդ կապակցությամբ լուրերին է հատկացված լինելու  մեր հաղորդման մեծ մասը: Ընկերակցեք մեզ։

------------------

Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն ապրիլ ամսին թատերասերներին կներկայացնի չորս ներկայացում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բեմադրությունների տեսագրությունները հնարավոր կլինի դիտել թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

Ապրիլի 6-ին ցուցադրվելու է «Արծվաբույն» ներկայացումը, ապրիլի 13-ին՝ «Տրամվայ ցանկություն»-ը: Ապրիլի 20-ին հանդիսատեսը վիրտուալ հարթակում կարող է դիտել «Մուսա լեռան 40 օրը» հերոսապատումը, իսկ ապրիլի 27-ին՝«Ռիչարդ Երրորդը տեղի չի ունենա կամ դրվագներ Մեյերխոլդի կյանքից» բեմադրությունը:

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մեկ ամիս ժամկետով՝ մարտի 16-ի 18։30-ից մինչև ապրիլի 14-ի 17։00-ն, հայտարարվել է արտակարգ դրություն։ Հետաձգվել կամ չեղարկվել են բազմաթիվ զանգվածային միջոցառումներ: Մշակութային հաստատությունները որոշ ժամանակով դադարեցրել են իրենց գործունեությունը: Դրանցից շատերը արվեստասերների հետ կապը փորձում են պահպանել վիրտուալ հարթակում:

 

 

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը իր ֆոնդերում պահվող հայտնի և անհայտ լուսանկարների հիման վրա խաղ-մրցույթ է անցկացնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Քայլ առ քայլ» խաղ-մրցույթի կանոններն են ակտիվ մասնակցել առաջիկա 1 շաբաթում անցկացվող խաղին՝ մուտք գործելով տրված հղումով https://puzzel.org/en/slidingpuzzle/play, հավաքել գլուխկոտրուկը հնարավորինս արագ և ճիշտ կիսվել արդյունքով մեկնաբանությունների հատվածում:

Ամենալավ արդյունքներ ցուցաբերած մասնակիցները Գրականության և արվեստի թանգարանի կողմից կստանան անակնկալ նվեր:

 

 

Շաբաթական երկու օր մեկուսացված և ինքնամեկուսացված քաղաքացիների համար ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ կառավարությունը:

«Պաշտոնական լուրերը ոչ պաշտոնական երաժշտությամբ ընդհատենք։

Կառավարության էջն ինքնամեկուսացած եւ մեկուսացած քաղաքացիների առօրյան հետաքրքիր դարձնելու նոր տարբերակ է առաջարկում։ Շաբաթական երկու օր Ձեզ համար ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից։

#ՏանըՄնա և վայելի՛ր աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի կատարումները»,- նշված է գրառման մեջ։

 

 

Ութսունութ տարեկանում կյանքից հեռացել է նկարիչ, ճարտարապետ Էդման Այվազյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդագրություն է զետեղվել Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Ցավով հայտնում ենք, որ 88 տարեկան հասակում կյանքից հեռացել է նկարիչ, ճարտարապետ Էդման Այվազյանը: Նա Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի այցելուների կողմից ամենասիրված ցուցանմուշներից մեկի՝ Արամ Խաչատրյանի դիմանկարի հեղինակն է»,-ասված է գրառման մեջ:

Անդրադառնալով շրջանառվող ուրերին, թե Էդման Այվազյանը մահացել է կորոնավիրուսից, թանգարանից տրամադրել են հետևյալ պարզաբանումը․

«Մեզ հասած տեղեկություններից հայտնի է, որ վարպետը շուրջ 1 ամիս անցկացրել է հիվանդանոցում, տարբեր առողջական խնդիրներով, վերջին օրերին վարակվել է նաև նշված հիվանդությամբ։ Սակայն հստակ չենք կարող ասել, թե ինչն է դարձել մահվան հիմնական պատճառը։ Շնորհակալ ենք, որ հետևում եք մեր թանգարանի հրապարակումներին»։

Էդման Այվազյանը Ծովանկարիչների թագավորական միության, Լոնդոնի գեղանկարիչների թագավորական ինստիտուտի անդամ էր: Նա ծնվել է Թեհրանում։ 1939-1948 թվականներին սովորել է Թեհրանի Թամադոն միջնակարգ դպրոցում, 1964-1966 թվականներին՝ Հռոմի գեղարվեստի ակադեմիայում:

1958 թվականին Իրանի կողմից մասնակցել է Վենետիկի բիենալեին և արժանացել Արվեստի և մշակույթի նախարարության առաջին մրցանակին։ 1960-1974 թվականներին աշխատել է ճարտարապետության բնագավառում (Գաջերե հյուրանոց, Թովմասյան դպրոց)։ Ստեղծել է Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցու տաճարի պատկերները։

1973 թվականին տեղափոխվել է Լոնդոն: 1980 թվականին գծագրել է Աբդուլազիզ թագավորի անվան օդանավակայանի Մեծ մզկիթի ինտերիերը:

Էդման Այվազյանն անդրադարձել է «Սասունցի Դավիթ» էպոսին, նկարազարդել է  Հովհաննես Թումանյանի երկերը, ստեղծել դիմանկարներ, ծովանկարներ։ Այվազյանի ստեղծագործությունները գտնվում են տարբեր եկեղեցիներում, թանգարաններում՝ Լազար պատկերասրահ, Արամ Խաչարտյանի տուն-թանգարան…

2015 թվականին նկարիչը պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով:

 

Իրանական ծագմամբ կանադացի ռեժիսոր Մոստաֆա Քեշվարին նկարահանել է «Կորոնա» դրաման՝ առաջին ֆիլմը COVID-19-ի մասին: Ֆիլմն արդեն մոնտաժված է, իսկ կինեմատոգրաֆիստներն այն առաջարկում են առցանց-կինոթատրոններին:

Իզվեստիան գրում է, որ ֆիլմի տևողությունը 63 րոպե է: Թրեյլերն արդեն հասանելի է համացանցում: Գործողությունները կատարվում են վերելակում, որտեղ համաճարակի ժամանակ միաժամանակ արգելափակվում են 6 հարևաններ: 7-րդը նրանց անծանոթ չինուհի է, և մյուսները կասկածում են, որ նա վարակակիր է: Նրանք վախենում են վարակվել և աղջկա նկատմամբ ագրեսիա են ցուցաբերում: Ֆիլմում նաև բարձրացվում է ռասիզմի թեման:

Քեշվարիի խոսքով, ֆիլմի գաղափարը ծագել է, երբ վերելակում լուրեր է կարդացել չինացի տուրիստների մասին, որոնք ենթարկվել էին տեղաբնակների հարձակմանը:

Նկարահանումներն իրականացվել են փետրվարին Վանկուվերում: Այն ժամանակ Քեշվարի դեռ չգիտեր, որ կորոնավիրուսը համավարակ կդառնա և հետաքրքրվում էր ռասսայական խտրականության խնդրով:

 

 

 Բրիտանիայում  մեկ շաբաթում՝ կորոնավիրուսի տարածման պայմաններում, 35 տոկոսով ավելացել է  տպագիր գրքի վաճառքը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, հիմնականում ավելացել են դասական և ժամանակակից վեպերի վաճառքը։

COVID-19 վարակի տարածման վտանգից ելնելով՝  Waterstones խոշոր գրախանութային ցանցը հայտարարել է մարտի 22-ից իր խանութների փակման մասին։ Դրանից հետ, ցանցի առցանց խանութներում վաճառքն աճել է մեկ երրորդով:

Waterstones-ի տվյալներով, դասական ստեղծագործություններից մեծ տարածում ունեն Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն», «Սերը ժանտախտի օրերին», Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբի» վեպերը։

Բրիտանացի ընթերցողների շրջանում ժամանակակից վեպերից առաջատարներն են Հիլարի Մանթելի «Հայելի և լույս», Դևիդ Ֆոստեր Ուոլասի «Անվերջ կատակ»  և այլ վեպեր։

 

 

Իսկ այժմ վերադառնանք մշակույթի և արվեստի ոլորտին վերաբերող լուրերին:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը գրողի ծննդյան 125-ամյակին ընդառաջ կազմակերպում է գրական-ստեղծագործական մրցույթ, որի հաղթողը կարժանանա մեծն բանաստեղծի ձուլածո մեդալին և կստանա դրամական պարգև:

«Արմենպրես»-ի հաորդմամբ՝ «Բանք չափաւ» խորագրով գրական-ստեղծագործական մրցույթը տեղի կունենա մինչև 2022 թվականը՝ երեք փուլով:

Մրցույթի մասնակիցները նախապես ներկայացնում են իրենց ստեղծագործությունները՝ պոեզիա` յոթ բանաստեղծություն, փոքր արձակ`երկու նովել, մեկ պատմվածք, երկու էսսե:

Մրցույթի ժյուրիի կազմում են բանաստեղծ, գրականագետ Հենրիկ Էդոյանը, բանաստեղծ Հակոբ Մովսեսը, խմբագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը և բանաստեղծ, գրականագետ Անահիտ Ասատրյանը:

Մրցույթին կարող են մասնակցել բոլորը՝ առանց տարիքային սահմանափակման:

Յուրաքանչյուր մրցափուլից հետո ընտրվելու է մեկ հաղթող: Վերջին մրցափուլը կկայանա դեկտեմբեր ամսին:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել [email protected] հասցեով մինչև սույն թվականի ապրիլի 15-ը:

 

 

«Տուրստատ» տուրիստական պորտալը կազմել է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում այցելությունների և վիրտուալ շրջայցերի, առցանց շրջայցերի և ցուցահանդեսների համար պատմության և մշակույթի լավագույն թանգարանների վարկանշային աղյուսակը։

ԱՊՀ-ում պատմության և մշակույթի թանգարանների առաջին տասնյակում է ընդգրկված նաև Հայաստանի պատմության թանգարանը Երևանում, ինչպես նաև՝ Մոսկվայում պետական պատմական թանգարանը, Մինսկում Բելառուսի ազգային պատմական թանգարանը և «Նեսվիժ» ազգային  պատմամշակութային թանգարան-արգելոցը, Նուր-Սուլթանում Ղազախստանի ազգային թանգարանը, Բաքվում Ադրբեջանի  պատմության ազգային թանգարանը, Ուզբեկաստանի, Մոլդովայի, Տաջիկստանի պատմության ազգային թանգարանները։

Վարկանիշը կազմվել է թանգարանների ժողովրդականության վերլուծության և թանգարանների վիրտուալ շրջայցերի առաջարկների հիման վրա:

 

 

Կյանքի 87-րդ տարում մահացել է անվանի լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հայաստանի կոմպոզիտորների միության «Ֆեյսբուք»-ի էջը՝ հավելելով, որ 2014 թվականին Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից Պենդերեցկուն շնորհվել էր միության պատվավոր անդամի կոչում:

Լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին ծնվել է 1933 թվականին: Հայտնի է, որ նրա նախնիները եղել են լեհեր, ուկրաինացիներ, գերմանացիներ և հայեր: Պենդերեցկին իր հայկական արմատների մասին խոսել է «Արմենպրես»-ին տրված բացառիկ հարցազրույցում։ Հայաստան այցի ժամանակ նա հայտարարել է, որ երջանիկ է վերադառնալ տուն: Քշիշտոֆ Պենդերեցկին երեք անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի: Բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր է: Պատվավոր դոկտորի և պրոֆեսորի կոչումներ է ստացել բազմաթիվ հաստատություններից: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2013-ի նոյեմբերին Քշիշտոֆ Պենդերեցկին հոբելյանի կապակցությամբ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

2018 թվականին աշխարհի տարբեր երկրներում անցկացվել են Պենդերեցկու 85-ամյա հոբելյանին նվիրված փառատոներ, համերգաշարեր։ Լեհ մեծ կոմպոզիտորի հոբելյանական տարվա միջոցառումները մեկնարկել են փետրվարին Հայաստանից, որտեղ «Պենդերեցկու օրերը Հայաստանում» համերգաշրջանի ընթացքում հնչել են Պենդերեցկու ստեղծագործությունները, շատերը՝ Հայաստանում առաջին անգամ։ Համերգաշրջանն իր ներկայությամբ պատվել էր ինքը՝ կոմպոզիտորը։