Մայիս 03, 2020 20:01 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ «Մի գավաթ անդորր» հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ։ Այսօր որոշել ենք խոսել մի այնպիսի թեմայի շուրջ, որը մեր կարծիքով պետք է հետաքրքրի բոլորիդ: Անշուշտ բոլորի հետ պատահած կլինի մի իրավիճակ, երբ ամեն գնով ինչ-որ բանի ցանկանում եք հասնել, ներդնում եք բավական ջանք և արդյունքում անհայտ պատճառներով մնում եք նույն տեղում։Այո, այսօր մեր զրույցի թեման Հարմարավետության գոտին է։ Հաղորդման ընթացքում դուք կլսենք հոգեբան Իրինա Ծատուրյանի խորհուրդներն այդ կապակցությամբ։ Ընկերակցեք մեզ։

Նախևառաջ եկեք հասկանանք՝ ի՞նչ է նշանակում հարմարավետության գոտի: Հարմարավետության գոտին գտնվում է մեր ուղեղում և շրջապատված է դարպասներով, որոնց ցուցանակները ցույց են տալիս, թե որ կողմ շարժվենք՝ «Գնա այնտեղ, այնտեղ լավ կլինի» կամ «Այդտեղ մի գնա, ինչի՞դ է պետք»:

Հարմարավետության գոտին սովորությունների, մտքերի և գործողությունների շղթա է, որոնք մեզ ծանոթ են, հարազատ, և մենք սովորել եք ապրել դրանց հետ:

Հարմարավետության գոտին երաշխավորում է որոշակի կայունություն և արդեն իսկ ծանոթ գործողություններ կատարելու մեջ հաջողություն: Սակայն միայն հարմարավետության գոտու սահմաններում ապրելու փորձը կարող է լուրջ սահմանափակող գործոն լինել:

 

Այս գոտում մենք չենք ուզում որևէ բան փոխել: Մենք հարմարավետ ենք զգում, քանի որ այստեղ մենք մեր «ափսեում» ենք, մեր գիտելիքների կարողությունների շրջանակներում:

Այստեղ չկա վտանգ, հաղթանակ: Բայց միևնույն ժամանակ այն ամենավտանգավոր երևույթներից է, որ կարող է լինել:

Մեծ թվով մարդիկ, ովքեր ցանկացել են մնալ հարմարավետության գոտում, ձգտել են անվտանգության, իրենց կյանքը վերջացրել են հեռուստացույցի առջև, միայնակ:

Շատերը հարմարավետության գոտին շփոթում են կենցաղային հարմարավետության հետ. նրանց թվում է, թե հարմարավետության գոտի նշանակում է ունենալ մեքենա, տուն, շքեղություններ, անձնական օգնական և այլն: Թվում է, թե դա մոտավորապես այսպիսի զգացողությունն է. «Ես ունեմ այն ամենը, ինչ ուզում եմ, և կարող եմ թույլ տալ ինձ ապրել իմ ցանկացած ձևով»: Բնական է, որ այսպիսի պատկերացումների ֆոնին փոփոխությունները սարսափելի ու «անհարմարավետ» կթվան:

Իրականում հարմարավետության գոտուց մենք փորձում ենք դուրս գալ ամեն անգամ, երբ ստիպված ենք որևէ նոր բան անել: Եվ վախենալով ու հետ քաշվելով՝ մենք կորցնում ենք մեզ ընձեռնված հնարավորություններ: Օրինակ, գրասենյակային մի աշխատող կարող էր կրկնակի աշխատավարձ ստանալ ու դառնալ բաժնի ղեկավար, եթե չվախենար իր մեջ զարգացնել ղեկավարման կարողություններ, կամ ուսանողը կկարողանար մասնակցել հրաշալի փոխանակման ծրագրի, եթե ամեն օր ժամանակ հատկացներ անգլերենի իմացությունը բարելավելուն և չվախենար անգլերեն բանավոր շփումից:

Եթե այս բոլոր մարդիկ դուրս չեն գալիս իրենց հարմարավետության գոտիներից, ապա մնում են որպես սովորական գրասենյակային աշխատող, միայնակ երիտասարդ կամ ուսանող, ով բաց է թողնում իրեն ընձեռնված հրաշալի հնարավորությունը:

Հարմարավետության գոտին առաձգական է, այն կարող է ինչպես ընդլայնվել, այնպես էլ նեղանալ և կրճատվել: Եթե դուք զբաղվում եք ինչ-որ նոր գործունեությամբ, գոտին ընդլայնվում է: Սակայն, եթե դուք գիտակցաբար չեք ընդլայնում այդ գոտին, այն հետզհետե ժամանակի ընթացքում նեղանում է: Առանց ջանքերի այն պահպանել ֆիքսված դիրքում անհնար է: Եթե մարդ չի թիավարում, ապա խորտակվում է: Եթե մարդ չի  զարգանում, բնականաբար  հետընթաց է ապրում:

Ապրող օրգանիզմը, որը դադարում է սովորելուց, մահանում է: Երբ մենք մնում ենք մեր հարմարավետության գոտում, մենք դադարում ենք սովորել:

Եթերում է հոգեբան Իրինա Ծատուրյանը․․․

Հարմարավետության գոտու հիմքում են՝ կայուն սովորությունները, համոզմունքները, վարքագծի  ու  մտածողության կարծրատիպերը:

Յուրաքանչյուր ոք պետք է անընդհատ մտածի, որ ուզում է ապրել ավելի լավ, ուզում է նոր բան սովորել և պետք է ստիպի ինքն իրեն դա անել: Առաջին հերթին անհրաժեշտ է ներքին մոտիվացիա` ներկա հարմարավետության գոտուց դուրս գալու, սեփական կյանքի և գիտելիքների մակարդակը բարձրացնելու համար: Եթե մարդն ունի նման մոտիվացիա, ապա վստահությամբ կարելի է ասել, որ կհասնի հաջողության:

Որպեսզի կյանքը հետաքրքիր լինի ձեզ համար, այլ ոչ թե տարածվի ճահճի նման, հարկավոր է շարժում, զարգացում և, որքան էլ սարսափելի թվա, փոփոխություններ: Հավատացեք, բոլորովին դժվար չէ մի օր անել ինչ-որ բան այլ կերպ, ոչ այնպես, ինչպես արել եք միշտ:

Ամենադժվարն առաջին քայլն է: Եթե անում եք ինչ-որ բան առաջին անգամ, շատ բնական է, որ ձեզ այնքան էլ հարմարավետ չզգաք: Սովորաբար մարդիկ, իրենց անհարամար զգալով, մեկ քայլ հետ են անում, փախչում են այդ անհրամավետության զգացողությունից, մարդկանց քննադատությունից, դժվարություններից, ծաղրանքի ենթարկվելուց: Մարդիկ հետքայլ են անում և վերջ. չկա ապագա, և նրանց հնարավորություններն այդպես էլ չիրականացած կմնան: Հիշեք, չկա զարգացում առանց անհարամավետության:

Եվ ուրեմն, ինչ անել, որպեսզի հարմարավետության գոտուց դուրս գալ առանց կորուստների և շարժվել դեպի սպասվող հաջողությունը: Երաժաշտական կարճ դադարից հետո, կներկայացնենք հոգեբանների խորհուրդները։

---

Հարմարավետության գոտուց դուրս գալու համար հոգեբանները խորհուրդ են տալիս․

1. Սկսել փոքրիկ բաներից. պարտադիր չէ կյանքը կտրուկ փոփոխել: Գտնել ամենահեշտ բանը, որից կարելի է սկսել: Իսկ հետո կավելանա նաև վճռականությունը: Սկսեք շրջապատից: Ինչպե՞ս այն կարելի է փոխել: Ավելացնել ինչ-որ մեկին, իսկ գուցե պակասեցնե՞լ: Կամ գուցե կա նոր միջավայրում հայտնվելո՞ւ հնարավորություն: Կարելի է փոփոխություններ անել աշխատասեղանի վրա կամ տեղափոխել տան կահույքը:

2. Հաճույք ստացեք այդ փոփոխություններից, գովեք ինքներդ ձեզ և ոչ թե արդյունքի համար, այլ կատարած գործողության: Պետք է առաջ շարժվել փոքրիկ քայլերով և ամեն քայլից հետո խրախուսել ինքներդ ձեզ: Դուք առաջ եք շարժվում, և դա ամենակարևոր բանն է: Դուք դուրս եք գալիս հարմարավետության գոտուց:

3. Հիշեք ձեր նպատակի մասին, ինչո՞ւ եք դա անում, ինչո՞ւ է դա կարևոր ձեզ համար: Գուցե դրանից կշահի ձեր ընտանիքը, կամ ձեր գործերն ավելի լավ կգնան, գուցե դուք կսկսեք զբաղվել այն գործով, որն իսկապես սիրում եք, որևէ նոր բան կսկսեք անել, ձեր կյանքը կդառնա ավելի վառ ու հետաքրքիր: Հիշեք, թե հանուն ինչի եք ցանկանում հաղթահարել այդ անհարմարավետությունը:

4. Ձեզ համար խրախուսական մրցանակներ պատրաստեք, կլինի դա համեղ ուտելիքը, արժանի հանգիստը կամ ինչ-որ իրադարձության մասնակցելը:

Մեր բոլոր երազանքները, ցանկությունները, հաջողությունը, ամեն ինչ մեր հարմարավետության գոտուց դուրս է: Դուրս եկեք այնտեղից, և կբացահայտեք նոր կարողություններ ձեր մեջ և նոր հնարավորություններ՝ ձեր կյանքում:

Ինչպես Նիլ Ուոլշն է ասում«Կյանքը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է  հարմարավետության գոտին»։