Գեղարվեստական հաղորդում (216)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի շրջանակում դադարեցվել են բոլոր հասարակական աշխատանքները, ներառյալ գեղարվեստական միջոցառումները: Այդուհանդերձ մշակութային կյանքը շարունակվում է: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային լուրերին: Ընկերակցեք մեզ։
Իրանահայ դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը օրերս հայտնել է, որ կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ երաժշտություն է ստեղծել: Կոմպոզիտորն այն նկարագրել է որպես «աբստրակտ» արվեստ՝ առանց մեղեդու:
Ինչպես հայտնում է IRNA գործակալությունն, օնլայն հարցազրույցի շրջանակում Ճգնավորյանն ասել է, որ որոշ հույզեր իրապես աբստրակտ են:
Նա հորդորել է մարդկանց միավորվել արվեստի միջոցով:
Ճգնավորյանը շեշտել է, որ երկիրը վերակառուցելու առաջին և ամենակարևոր միջոցը մշակույթն է, որը պայծառ ապագա է խոստանում:

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2020-ին տեղի կունենա նոյեմբերի 1-8-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է զետեղված փառատոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
«Փառատոնի թիմն այս օրերին ձեռնպահ մնաց հապշտապ հայտարարություններ անելուց՝ կապված հուլիսի 12-19ը «Ոսկե ծիրան»-ի անցկացման հետ, քանի որ թե՛ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, թե՛ իր բազմաթիվ հայաստանյան և օտարերկրյա գործընկերների, թե՛ գործընկեր փառատոնների հետ քննարկվում էին տարբեր սցենարներ՝ առցանց փառատոնից մինչև հետաձգում հաջորդ տարի»,-ասվում է գրառման մեջ:
Երկարատև քննարկումների արդյունքում «Ոսկե ծիրանի» թիմն այս պահին նպատակահարմար է համարել փառատոնն անցկացնել 2020 թվականի նոյեմբերի 1-8-ը: Այլ սցենարներ ևս կան, բայց այս պահին հաստատված է նոյեմբերի 1-8 ժամկետը:
«Հուսանք՝ ամեն ինչ լավ կլինի: Այս անգամ մենք հուլիսին չենք հանդիպի, բայց հույս ունենք, որ նոյեմբերին կիրականացնենք «Ոսկե ծիրան» տոնը»,-նշվում է հաղորդագրությունում:

Հրանտ Դինք եղբոր՝ Խոսրովի դստեր՝ ռեժիսոր Լուսին Դինքի «Սարոյանի երկիրը» ֆիլմն արդեն հասանելի է համացանցում։ 2013թ․ Թուրքիայում ստեղծված փաստագեղարվեստական այս ֆիլմը պատմում է անվանի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի հայրենիքի կարոտի, դեպի հայրենի Բիթլիս կատարած ուղևորության և այդ հողերում նախկինում եղած իրադարձությունների մասին։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
20-րդ դարի համաշխարհային գրականության մեջ իր զգալի ներդրումն ունեցած Սարոյանը փորձում է գտնել «Որտե՞ղ է մարդու երկիրը» հարցի պատասխանը։
Սարոյանը ծնվել է 1908թ․՝ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում վերաբնակեցված հայ գաղթականների ընտանիքում։ Նա իրեն միշտ ներկայացրել է որպես Բիթլիսից սերող ամերիկահայ։ Սարոյանը 1964թ․ այցելել է Թուրքիա՝ իր հայրենի Բիթլիս քաղաք։
«Սարոյանի երկիրը» ֆիլմը սկսվում է 1900-ականների սկզբին մեծ գրողի ընտանիքի գաղթի պատմությամբ։ Ապա ներկայացվում է նրա այցը Թուրքիա՝ դեպի Էրզրում, Աղրը, Վան և հայրենի Բիթլիս։
Ֆիլմում օգտագործվել են ինչպես Սարոյանի ընկերների վկայությունները, այնպես էլ նրա ստեղծագործությունները, մոր և հոր պատմած պատմությունների հիման վրա գրի առնված հուշագրությունները, որոնցում արտացոլված է հայրենիքի նկատմամբ կարոտը, խանդավառությունը սերը, վիշտը, հույսն ու հուսահատությունը։
Սարոյանի մայրը նրան միշտ ասել է, որ մարդիկ Բիթլիսում երեք լեզվով են խոսել․ «Քրդերենը` սրտի, թուրքերենը` երաժշտության, հայերենը ցավի ու վշտի լեզու է»։
Բիթլիս կատարած այցի ընթացքում, սակայն, Սարոյանը համոզվում է, որ Բիթլիսում մարդիկ արդեն խոսում են միայն քրդերեն ու թուրքերեն։ Իր հայրենի Բիթլիսը նա միշտ պատկերացրել է որպես մի երկիր, որտեղ «երեք ազգ համատեղ են ապրում», մինչդեռ Բիթլիս գալով՝ Սարոյանը հայերեն խոսող գեթ մի մարդու չի հանդիպում ․․․

ՀՀ ժողովրդական արտիստ կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին 96-րդ տարեդարձի առթիվ, երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի, երկարամյա անբասիր աշխատանքով Երևանի մշակութային զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և հայկական մշակույթի զարգացմանն ուղղված բեղմնավոր գործունեության համար կշնորհվի «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միաձայն որոշումը կայացվեց Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ընթացքում։
Երևանի ավագանու Մշակույթի, կրթության, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն։ «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լուսինե Գևորգյանը նշեց, որ Երևանի ավագանու անդամները սեփական նախաձեռնությամբ համավարակի օրերին այցելել են տարեց արվեստագետներին։ «Ավագանու անդամներն այցելել են մեր արվեստագետներին, տարել էին պարենային արկղեր, որպեսզի նրանք մնան տանը և չվտանգեն իրենց առողջությունն ու չհիվանդանան»,- նշեց Գևորգյանը։
Վլադիլեն Ալեքսանդրի Բալյանը ծնվել է 1924 թ. ապրիլի 25-ին Երևանում: Սովորել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական և խմբավարական ֆակուլտետներում: 1952-1954 թթ. եղել է Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենը: Եղել է Հայաստանի Ռադիոյի երաժշտական հաղորդումների առաջին գլխավոր խմբագիրը: 1955-61 թթ. ղեկավարել է Հայաստանի խորեոգրաֆիկ ուսումնարանը: 1964-65 թթ. եղել է Հայֆիլհարմոնիայի տնօրենը: 1966 թ. ստեղծել է Ալ.Սպենդիարյանի տուն-թանգարանը և մինչ 1972 թ. եղել դրա տնօրենը: 1981թվականից եղել է Հայաստանի ժողովրդական գործիքների համույթի ղեկավարը: Ստեղծագործել է տարբեր ժանրերում` սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային: Հեղինակել է բազմաթիվ երգեր: Հայաստանի կոմպոզիտորների, ժուռնալիստների, Մոսկվայի Հայերի միությունների անդամ է: «Հայաստան-Լիբանան» կազմակերպության նախագահն է: Պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: Արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, 2011 թվականին՝ ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը:

Ամերիկյան կինոակադեմիան որոշել է, որ 2021 թվականին «Օսկարի» կարող են առաջադրվել ֆիլմերը, որոնք չեն ցուցադրվել կինոթատրոններում: Նախկինում միայն առցանց ցուցադրված ֆիլմերը չէին կարող հավակնել մրցանակի:
Կինոակադեմիան ընդգծել է, որ նորամուծությունը վերաբերելու է միայն «Օսկարի» 93-րդ մրցանակաբաշխությանը: Նման որոշում է կայացվել կապված աշխարհում կորոնավիրուսով պայմանավորված ինքնամեկուսացման ռեժիմի և կինոթատրոնների փակման հետ:
Փոփոխություններ են մտցվել նաև որոշ այլ կանոններում: Լավագույն ձայն և ձայնային մոնտաժի մրցանակները միավորվել են մեկում:
Օսկարի մրցանակաբաշխությունը կկայանա 2021 թվականի փետրվարի 28-ին:

Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի գոյության ընթացքում առաջին անգամ «Ոսկե գլոբուս» արձանիկը կտրվի միայն այն ֆիլմերին, որոնք ներկայացվել են առցանց։ Նման որոշում է ընդունվել կորոնավիրուսի համավարակի և ամբողջ աշխարհում կինոթատրոնների փակ լինելու պատճառով։
Կինոմրցանակաբաշխության կազմակերպիչները նշում են, որ այս որոշումը չի տարածվի հաջորդ արարողությունների վրա։
Նախկինում «Ոսկե գլոբուսի» մրցանակի առաջադրվելու համար անհրաժեշտ էր, որպեսզի ֆիլմերը ցուցադրված լինեին կինոթատրոններում։ Պաշտոնական ցուցադրությանը պետք է ներկա լինեին արտասահմանյան լրագրողների ասոցիացիայից անդամներ։
Նոր կանոններով, մրցանակաբաշխությանը մասնակցելու համար բոլոր ցուցադրությունները պետք է անցկացվեն առցանց։ «Ոսկե գլոբուս»-ի ժյուրին կընտրի դափնեկիրներին՝ դուրս չգալով տնից։
«Ոսկե գլոբուս» մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարվա հունվար ամսին և որոշվում է Հոլիվուդում բնակվող մոտավորապես 90 միջազգային լրագրողների քվեարկության արդյունքում։
Համարվում է 3-րդ հեղինակավոր մրցանակը «Օսկար»-ից ու «Գրեմմի»-ից հետո։

Յութուբում անցկացվեու է We Are One («Մենք միասնական ենք») առցանց փառատոն, որին մասնակցելու են 20 միջազգային կիոնափառատոներից, այդ թվում Կանն, Վենետիկ, Բեռլին, Սանդենս և այլն համադրողներ: Առցանց-ֆորումը լինելու է անվճար։
Ցանցային փառատոնը չի փոխարինելու հետաձգված կինոփառատոներին։ Դրա ծրագրում ընդգրկվել են խաղարկային և վավերագրական ֆիլմեր, որոնք ցուցադրվել են կինոփառատոներում նախորդ տարի։ Պրեմիերաների մասին որևէ բան չի հաղորդվում։
Բոլոր ֆիլմերը կարելի է անվճար դիտել We Are One-ի պաշտոնական Յութուբ ալիում։ Փառատոնն անցկացվելու է մայիսի 29-ից հունիսի 7-ը։ Ցուցադրությունների ժամանակացույցն ավելի ուշ կհրապարակվի։
Ապրիլի 27-ից Amazon-ով մեկնարկել է նմանատիպ ծրագիր SXSW-ից և Prime Video-ից, բայց այն հասանելի է միայն ամերիկացի օգտատերերին։
Կորոնավիրուսի համավարակի պատճատով բազմաթիվ կինոփառատոներ են հետաձգվել։

Բրիտանական թանգարանը թարմացրել է տվյալների առցանց շտեմարանը. այժմ այն թույլ է տալիս մարդկանց մոլորակի ցակացած վայրից տեսնել թանգարանի 4,5 միլիոն ցուցանմուշ։ artguide.com-ը գրում է, որ տվյալների նոր շտեմարանի բացումը արագացվել է, որպեսզի կորոնավիրուսի համավարակի պատճառով տանը մեկուսացած մարդիկ կարողանան ծանոթանալ աշխարհի ամենամեծ հավաքածուներից մեկին։
Նոր ներկայացրած ցուցանմուշներից 280 հազարը պատկերներ են և 85 հազարը օբյեկտների նկարագրություն, որոնք առաջին անգամ են հրատարակվել: Տվյալների շտեմարանն ընդգրկում է վերջին տարիներին թանգարանի կողմից ձեռք բերված ձեռքբերումները, այդ թվում ՝ Դեմիան Հերսթի 73 աշխատանք:
Սա 2007 թվականից ի վեր առցանց հավաքածուի ամենամեծ թարմացումն է, այժմ այն ամբողջությամբ հարմարեցված է բջջային սարքերի և պլանշետների համար։ Այժմ այլևս կարիք չկա, որպեսզի մուտք գործելու համար օգտատերերը գրանցվեն, ինչն ավելի հարմար է դարձնում դրանք օգտագործել ոչ առևտրային նպատակներով և սոցիալական ցանցերում:

Միլանում «Լա Սկալա» օպերային թատրոնը բացվելու է սեպտեմբերին։ Այդ մասին հայտնել է իտալական Corriere della Sera թերթը։
Թատրոնում առաջին ստեղծագործությունների թվում հնչելու է նաև Ջուզեպպե Վերդի «Ռեքվիեմն» ու Լյուդվիգ վան Բեթհովենի «Իններորդ սիմֆոնիան»։ Նշվում է, որ «Ռեքվիեմը» նախատեսվում է նվիրել կորոնավիրուսի զոհերին, իսկ «Իններորդ սիմֆոնիան»՝ COVID-19-ի դեմ հաղթանակին։
Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնը, ինչպես մշակութային օջախների մեծ մասը, փակվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։