Գեղարվեստական հաղորդում (217)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի շրջանակում դադարեցվել են բոլոր հասարակական աշխատանքները, ներառյալ գեղարվեստական միջոցառումները: Այդուհանդերձ մշակութային կյանքը շարունակվում է: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային լուրերին: Ընկերակցեք մեզ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկել է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման և սահմանափակումների պայմաններում կազմակերպությունների գործունեության վերականգնման հավանական տարբերակները:
Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 5-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
«Ստեղծված իրավիճակում մենք փորձում ենք լուծումներ գտնել և կազմակերպել խմբային, կոլեկտիվ արվեստի տեսակների՝ երգչախմբերի, նվագախմբերի, թատերախմբերի, պարային խմբերի հնարավոր գործունեությունը, քանի որ բնականոն հունին վերադառնալու անորոշությունը վտանգ է նաև մասնագիտական առումով: Սովորաբար խոսում ենք ֆիզիկական վտանգների մասին, սակայն կան նաև պրոֆեսիոնալ ռիսկեր, և եթե իրավիճակը շարունակի մնալ նույնը, թեկուզ առաջիկա երկու ամիսներին, ապա մենք հետագայում լուրջ խնդիրներ ենք ունենալու այս խմբերը նորմալ որակի և մակարդակի բերելու տեսանկյունից: Դրա համար մենք քննարկում ենք, թե որոնք են անվտանգության տեսակետից հաղորդակցման լավագույն տարբերակները մշակույթի ասպարեզում»,- տեղեկացրել է նախարարի տեղակալը:
Քննարկման ընթացքում առաջարկություններ են հնչել՝ փորձերը կազմակերպել տվյալ կառույցներին պատկանող բացօթյա, սակայն փակ մուտքերով տարածքներում՝ կանխելու վարակի տարածման հնարավորությունը, պահպանել անվտանգության բոլոր նորմերը, ապահովել աշխատակիցներին տրանսպորտային միջոցներով՝ համապատասխան ֆինանսական փոփոխություններ կատարելու միջոցով /քանի որ տրանսպորտը դեռևս չի աշխատում/: Քննարկվել է նաև փոքր խմբերով փորձեր անելու տարբերակը:
Նախարարի տեղակալ Արա Խզմալյանի տեղեկացմամբ՝ այս բոլոր առաջարկությունները կներկայացվեն և կքննարկվեն նաև պարետատան հետ:

Փոքրիկների և մեծահասակների առօրյան լցնելու նպատակով Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը շուտով վիրտուալ տիրույթում ներկայացնելու է «Երգերդ տիկնիկային ներկայացումներում» և «Տիկնիկների ձևերը» հաղորդաշարերը: Թատրոնը նաև շարունակելու է ցուցադրել հետաքրքիր ներկայացումներ, որոնք արժանացել են ինչպես տեղի, այնպես էլ՝ օտար հանդիսատեսի բարձր գնահատականին:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ասաց, որ «Երգերդ տիկնիկային ներկայացումներում» հաղորդաշարը մոտավորապես 12 թողարկում կունենա, իսկ «Տիկնիկների ձևերը» հաղորդաշարը՝ 8:
«Մանկական բեմադրություններում բազմաթիվ երգեր են հնչում, որոնք ներկայացնելու ենք առաջին հաղորդաշարով: Գուցե դա երգահանների, բանաստեղծների համար նոր ստեղծագործություններ գրելու ազդակ հանդիսանա, քանի որ մենք այնքան էլ հարուստ չենք մանկական երգերով: Ընդգծեմ, որ մեր թատրոնում տիկնիկների բոլոր ձևերն են կիրառվում, ուստի երկրորդ հաղորդաշարում պատմություններով, ցուցադրություններով ու վիզուալ նյութերով կներկայացնենք տիկնիկները, իսկ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն աջակցելու է մեզ բարձրորակ տեսագրությունների հարցում»,-պատմեց Բաբայանը:
Նրա խոսքով՝ թատրոնը պետք է ընտրի ոչ թե ներկայացումները փոխարինելու մոտեցումը, այլ ձևաչափ, որը հնարավոր չէ իրականացնել թատրոնում, բայց հնարավոր է առցանց տարբերակով: «Գուցե այն ժամանակ, երբ թատրոնը սկսի ամբողջ ծանրաբեռնվածությամբ աշխատել, մեր հիմնական գործին գումարվեն կրթամշակութային բնույթի վիրտուալ ծրագրերը»,-շեշտեց Բաբայանը:
Անդրադառնալով առցանց ներկայացումներին՝ տնօրենն ասաց, որ Տիկնիկային թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում ներկայացումների ցուցադրությունները շարունակվում են: Թատերասերները հնարավորություն ունեն դիտել բեմադրություններ, որոնք այլևս խաղացանկում չեն:
Մինչ այժմ ցուցադրվել են մի շարք ներկայացումներ, այդ թվում՝ նաև «Թմկաբերդի առումը», որը Ֆրանսիայում կայացած թատերական փառատոնում առաջին մրցանակի է արժանացել: Իսկ մայիսի 6-ին ներկայացվելու է Նարինե Գրիգորյանի «Հովնան» բեմադրությունը, այնուհետև՝ Զառա Անտոնյանի «The Best of Shakespeare»-ը:
Ռուբեն Բաբայանը կարծում է, որ, անկախ ամեն ինչից, թատրոնները պետք է շարունակեն իրենց գործունեությունը: «Մեր թատրոնը երեք փուլով է գնալու. առաջինը բեմադրական աշխատանքներն են, որոնք կանգ են առել, նկատի ունեմ դեկորացիներ, տիկնիկներ և այլ բաներ պատրաստելը, երկրորդը՝ ներկայացումները, փորձերը վերականգնելը: Խաղացանկում ավելի քան 40 ներկայացում կա, և այս երկու, երեք ամսվա դադարը հնարավորություն չի տալիս միանգամից վերսկսել ցուցադրությունները: Երրորդը կարևոր փուլերից է: Պետք է հասկանալ, թե ինչպես ենք սկսելու խաղալ ներկայացումները, ինչպես ենք ապահովելու մարդկանց անվտանգնությունը թատրոնում: Հնարավոր է՝ 300 տեղ ունեցող դահլիճում վաճառենք միայն 60 տոմս, որ երեխաներն ու նրանց ծնողները միմյանցից հեռու նստեն: Ամենադժվար պայմաններում անգամ մշակույթը պետք է անի իր գործը, որովհետև, եթե մենք սպասենք բարենպաստ պայմանների, ապա այնքան էլ չենք արդարացնի մեր կոչումը»,- եզրափակեց Ռուբեն Բաբայանը:

Արտակարգ դրության օրերին շատ մարդիկ իրենց ժամանակն անցկացրել են գիրքը ձեռքին։ Շատերն են ի վերջո ընթերցել այն գիրքը, որն արդեն բավական երկար ժամանակ սկսել էին, բայց չէին ավարտել կամ ցանկացել էին սկսել, սակայն ժամանակ չէին ունեցել։
«Էդիթ Պրինտ» հրատարակչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռոզա Գրիգորյանը նշել է, որ կարանտինային օրերին աննախադեպ մեծ թվով նամակներ են ստացել հրատարակչության թե՛ ֆեյսբուքյան, թե՛ ինստագրամյան էջերին: Օրեր են եղել, որ մոտավորապես 60-80 հաճախորդի հետ են շփվել: Նրա գնահատմամբ, աննախադեպ էր նաև զանգերի թիվը:
«Կարանտինային օրերին իրականացրել ենք անվճար առաքումներ Հայաստանի ամբողջ տարածքով և անգամ զեղչել էինք մեր ամբողջ տեսականին՝ հատուկ գրքասերների համար: Սահմանել էինք 15 տոկոս զեղչ մեր գրքերի համար»,- նշեց նա։
Ռ. Գրիգորյանի խոսքով, ընթերցողները գնել են թե՛ բիզնես, թե՛ մոտիվացիոն, թե՛ գեղարվեստական գրքեր։
Նրա ներկայացմամբ, հաշվի առնելով իրենց ֆեյսբուքյան էջին գրված նամակների վիճակագրությունը և պատվերների թիվը, այդ օրերին ամենաշատը գնում էին Էրիխ Մարիա Ռեմարկի, Ջոն Գրինի, Դավիթ Սամվելյանի գրքերը, Ագաթա Քրիստիի դետեկտիվները, Ֆիլ Նայթի «Կոշկավաճառը», Քըրք Քըրքորյանի մասին պատմող Ուիլյամ Ռեմփելի «Խաղացողը», Գալուստ Գյուլբենկյանի մասին Ջոնաթան Քոնլինի «Պարոն հինգ տոկոսը», Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը», Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները», Ալան Դիբի «1-էջանոց մարքեթինգային պլանը», մանուկների համար գրականություն և այլն:
Նա նշեց, որ հայ հեղինակներից ամենապահանջվածը շարունակում էր մնալ Դավիթ Սամվելյանն իր մի քանի գրքով: Կարանտինային օրերին լույս է տեսել նրա «Զգուշացեք, դռները չեն փակվում» ստեղծագործությունը՝ ոգեշնչված իրավիճակով:
«Առաքումներից գոհ ենք, բայց քանի որ գրախանութները փակ են եղել, վաճառք ենք կորցրել»,- ասաց Ռոզա Գրիգորյանը։

Թուրքական «Hürriyet» թերթի կայքի սյունակագիր Բահար Չուհադարն անդրադարձել է պոլսահայ նշանավոր գրող, թարգմանիչ, հրապարակախոս, գրականագետ Զաբել Եսայանի կենսագրության մոտիվներով Ստամբուլում բեմադրվող «Զաբել» ներկայացմանը։
«Բողազիչիի կատարողական արվեստների ընկերակցության կողմից 1-ին անգամ 2017-ին բեմադրված «Զապելը» մեզ հրավիրում է ճամփորդության հայ մտավորական, գրող, կանանց իրավունքների պաշտպան Զաբել Եսայանի կյանքի ուղիով»,- գրում է հեղինակն ու ավելացնում, որ Զաբելն այն բազմաթիվ հայ մտավորականներից է, որոնց անունները չեն բարձրաձայնվում՝ չնայած ժամանակակից Թուրքիայի բոլոր ոլորտներում ունեցած նրանց անգնահատելի ավանդին։
Այս համատեքստում Չուհադարը հիշեցրել է նաև, որ այսօր կարծես գաղտնի է պահվում թուրքական թատրոնի հիմքերը հայ թատերական գործիչների կողմից դրվելու պատմությունը։
Կրկին գալով ներկայացմանը՝ նա նշում է, որ սցենարի հեղինակներ Այսել Յըլդըրըմը և Դույգու Դալյանօղլուն կարողացել են ցույց տալ, որ պայքարի ոգին Զաբելի գիտակցության մեջ դրսևորվել է դեռ մանուկ հասակում։
«Ներկայացման մեջ մենք 1878թ. ռուս-թուրքական պատերազմի տարում Ստամբուլի Սկյութար թաղամասում ծնված Զաբելի կյանքի հյուրն ենք լինում՝ նրա ծնվելուց մինչև քայլ առ քայլ մտավորական ու իրավապաշտպան դառնալը»,- գրում է հեղինակն ու ավելացնում, որ ներկայացումը հանդիսատեսին է փոխանցում Զաբելի կյանքի դրվագները Ստամբուլից մինչև Փարիզ, մինչև Ադանա ու Երևան՝ նրա ստեղծագործություններով, գործունեությամբ, մտքերով ու ակտիվ քաղաքական դիրքորոշումներով։
«Սա կանացի ներկայացում է ոչ միայն նրանով, որ բեմ է տեղափոխվում մեր պատմության հզոր կին գործիչներից մեկի կյանքը, այլ նրանով, որ բոլոր դերասաններն ու ետնաբեմում աշխատած անձնակազմի մեծամասնությունը կանայք են»,- նշում է Չուհուդարը։
Զաբել Եսայանը ծնվել է 1878թ. Ստամբուլում: Սովորել է Սորբոնի համալսարանի գրականության և փիլիսոփայութայն ֆակուլտետում:
Եսայանը 1908թ. վերադարձել է Կ. Պոլիս, Ադանայի ջարդերի կապակցությամբ ստեղծված պատվիրակության կազմում 1909-ին մեկնել Կիլիկիա, «Ազատամարտ» թերթում տպագրել հոդվածներ աղետի մասին։ 1915-ին կարողացել է խույս տալ ձերբակալությունից և ապաստանել Թիֆլիսում: 1918թ. Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում կազմակերպել է հայ տարագիրների, որբերի հավաքման ու տեղավորման գործը։
1933-ին հաստատվել է Խորհրդային Հայաստանում։ 1936-ին գրողների միությունում իր ելույթին հաջորդում է այդ տարիներին զանգվածային դարձած չարագուշակ երևույթը՝ չսպասված ժամին դռան թակոցը, ապա՝ ձերբակալությունը։ Բաքվի բանտից գրողի գրած նամակները խոսուն են՝ նույն տոկուն, խիզախ կեցվածքով։ Նրա կյանքի դրամատիկական ավարտը՝ ողբերգական մահվան հանգամանքները մինչ այժմ անհայտ են: 1937թ. ստալինյան բռնաճնշումների ընթացքում ձերբակալվեց և Սիբիր աքսորվելով` մահացավ 1942 կամ 1943թ., անհայտ պայմաններում:

1915թ․ ապրիլի 24-ին ձերբակալված և մահվան ուղարկված արևմտահայ մեծանուն գրողներից մեկի՝ Դանիել Վարուժանի ստեղծագործությունները թարգմանվել են թուրքերեն։
Ստամբուլի հայկական «Արաս» հրատարակչությունը Օհաննես Շաշկալի թարգմանությամբ հրատարակել է «Հացին երգը» ժողովածուն։ Այս մասին գրում է ermenihaber-ը
Անդրադառնալով Վարուժանի ստեղծագործությանն ու ժողովածուի թարգմանությանը՝ թուրքական «Gazete Duvar» թերթը գրում է․ «Հացի երգիչը» ապրուստի հիմնական աղբյուր հանդիսացող գյուղական կյանքը ծայրաստիճան մանրամասն, աշխույժ և կրքոտ լեզվով վերածել է բանաստեղծության։
«Հացին երգը» միանգամայն կարելի է ընկալել «ձոն աշխատանքին» և «ժողովրդի հացը» իմաստներով»։

Գերմանիայում թանգարանները հավաքում է արտեֆակտեր, որոնք կապված են կորոնավիրուսի հետ։ Թանգարանի հավաքածուում լինելու են համավարակի հետ կապված փաստաթղթեր, լուսանկարներ և օբյեկտներ։
Համավարակով պայմանավորված ճգնաժամը ցանկանում են պատմության համար փաստաթղթավորել Վոլֆսբուրգի քաղաքային թանգարանն ու Հաննովերի մշակույթի պատմության թանգարանը։
Թանգարանները ձեռք են բերում բժշկական դիմակներ, որոնք երբեմն իրենցից ներկայացնում են դեկորատիվ կիրառական արվեստի նմուշներ, այլ առարկաներ, որոնք կապված են 21-րդ դարի ամենադրամատիկ իրադարաձություններից մեկի հետ։
Թանգարանների կայքերում հրապարաված է խնդրանք՝ տրամադրել ներկա պահի համար կարևոր առարկաներ։