Գեղարվեստական հաղորդում (219)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Աշխարհում Covid-19-ի տարածման ֆոնին երկրներից շատերը թուլացնում են սահմանափակումները։ Վերսկսվում է մշակութային կյանքը,պայմանով, որ բոլորը հետևեն սոցիալական հեռավարության սկզբունքին։ Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային լուրերին: Ընկերակցեք մեզ։
Մաշտոցի անվան հին ձեռագրատունը՝ Մատենադարանն իր գիտական գործունեությունը չի դադարեցրել անգամ արտակարգ դրության ընթացքում, թեև, ինչպես նշում է Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, Մատենադարանի թանգարանային հատվածը փակ է շուրջ երկու ամիս:
Իհարկե, նույն ժամանակահատվածում չի գործում նաև Մատենադարանի ընթերցասրահը: Գիտաշխատողներն այս օրերին տնից են աշխատում: Ինչ վերաբերում է Մատենադարանի հրատարակչական գործունեությանը, ապա, Մատենադարանի տնօրենի խոսքով, փորձել են չդադարեցնել և չուշացնել այս տարի նախատեսված գրքերի հրատարակումը:
«Բարեբախտաբար տպարանները, հրատարակչությունները աշխատում են, և սա մեզ հնարավորություն է տալիս գոնե հրատարակչական աշխատանքները, մենագրությունները, ժողովածուները, պարբերականը, մեր տարբեր գրքերը, որ նախատեսված էին այս տարի հրատարակել, էդ գործը լիարժեք առաջ տանել», - ասաց Մատենադարանի տնօրենը:
Վահան Տեր-Ղևոնդյանը նշեց. «Քանի որ այսօր հանրությունը զրկված է այցելելու, ցուցադրությունները տեսնելու հնարավորությունից, մենք 2-3 օրը մեկ մեր ֆեյսբուքյան էջում դնում ենք որևէ հետաքրքիր ինֆորմացիա ձեռագրերի հետ կապված: Ասեմ, որ բավականին հետևորդներ ունենք»:

Թանգարանների միջազգային տոնի կապակցությամբ, որը նշվում է մայիսի 18-ին, Հայաստանի ավելի քան 60 թանգարան վիրտուալ հարթակում հանդես եկավ բազմաբովանդակ նախաձեռնություններով:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը շատ ուրախալի համարեց այն փաստը, որ թանգարանների առաջարկած ծրագրերը նաև ներառական են, քանի որ այս տարի տոնն անցկացվում է «Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն» խորագրով:
«Թանգարանները վիրտուալ այցելուներին հրավիրում են մասնակիցը դառնալ իրենց ծրագրերի իրականացմանը: Դա շատ կարևոր է թե՛ կրթական, թե՛ ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման առումով: Պատկերացնում եմ, թե որքան դժվար է թանգարանների աշխատակիցների համար առանց այլցելուների ապրելր, չնայած նրանք ամեն ինչ անում են օնլայն տիրույթի հետևորդների համար: Այդ մասին է վկայում այն հարուստ ծրագրային ցանկը, որը թանգարանները ներկայացնում են»,-ասաց փոխնախարարը:
Նա խոստովանեց, որ սրտատրոփ սպասում են, թե երբ պարետը հնարավորություն կտա թանգարաններում այցելություններ կազմակերպել, քանի որ ոչ միայն թանգարանների աշխատակիցներն են կարոտել այցելուներին, այլև այցելուներն են կարոտել թանգարանները:
«Շատ հետաքրքիր, առողջ մրցակցային հարաբերություններ են ստեղծվել թանգարանների միջև: Առցանց աշխատանքի ընթացքում դրսևորվում են յուրաքանչյուր թանգարանի պոտենցիալը, ստեղծարար միտքը: Աշխատում են թափանցիկ, և ամեն րոպե կարող ես տեսնել, թե ինչ է արվում: Այսպես մենք հասկանում ենք, թե որտեղ կա երևակայություն, որտեղ է այն մի քիչ կաղում: Ըստ այդմ՝ մենք կհասկանանք, թե որտեղ ինչ ունենք անելու և ինչով ենք կարող օգնել այս կամ այն աշխատակազմին՝ նրանց առավել ակտիվացնելու, լավ աշխատելու շարժառիթները մեծացնելու համար»,-շեշտեց Նարինե Խաչատուրյանը՝ շնորհավորելով բոլորին մասնագիտական տոնի կապակցությամբ:
Փոխնախարարը թանգարանների աշխատակիցներին մաղթեց ջերմեռանդ աշխատանք, նոր մտահղացումներ և ամենակարևորը՝ համբերություն:
Թանգարանների միջազգային օրը հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM - The International Council of Museums) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին ԻԿՕՄ-ի 11-րդ գլխավոր կոնֆերանսի ընթացքում՝ ռուսաստանյան պատվիրակության առաջարկությամբ։
1992 թվականից սկսած ամեն տարի Թանգարանային միջազգային օրն ունենում է մի թեմա, և ԻԿOՄ-ը հրապարակում է տվյալ թեմայի հետ կապված միջոցառումները։

ՀՀ հանրային խորհուրդը կքննարկի «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու՝ Ազնավուր հիմնադրամի և շանսոնյեի որդու՝ Նիկոլա Ազնավուրի առաջարկը։
«Նման առաջարկությամբ նրանք դիմել են ՀՀ կառավարությանը։ Ազնավուրի հիմնադրամը տեղեկացրել է, որ նախաձեռնության հեղինակը Շառլ Ազնավուրի երկրպագուներն են։ Այդ խնդրի կապակցությամբ դիրքորոշում հայտնելու համար ՀՀ կառավարությունը դիմել է նաև ՀՀ Հանրային խորհրդին։ Ի նկատի ունենալով արտակարգ դրության պայմաններում ՀԽ-ի ու նրա համապատասխան հանձնաժողովների կողմից նիստերի հրավիրման դժվարություններն ու անհնարինությունը, հարկադրված կլինենք այս և մյուս խնդիրների քննարկումն ու եզրակացությունների հաստատումը կատարել էլեկտրոնային կամ հեռավար եղանակներով»,- նշում են ՀԽ-ից։
Հանրային խորհրդի բոլոր անդամներին ուղարկվել է ՀՀ կառավարությունից ստացված փաթեթը, սակայն ոչ պակաս կարևոր է նաև հանրության տեսակետը սոցիալական ցանցերի օգնությամբ, ինչի նպատակով առաջարկությունը տեղադրվել է ՀԽ «Ֆեյսբուք»-ի էջում։

Ըստ համերգային 18 կազմակերպություններից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, 2019թ. hանրապետության համերգային դահլիճներում կազմակերպված 706 համերգի ներկա է եղել 238.9 հազ. մարդ:
18 համերգային կազմակերպություններից 12-ը Երևանում են, երեքական՝ Լոռիում և Շիրակում։
706 համերգից 543 -ը կայացել է Երևանում, 88 -ը՝ Լոռիում, 75 -ը՝ Շիրակում։
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, համերգներից ստացված հասույթը կազմել է 153.2 մլն. դրամ: Միջին հաշվով մեկ համերգի մուտքի վճարումներից հասույթը կազմել է 216.9 հազ. դրամ:
Ընդհանուր առմամբ, Հայաստանում 2019-ին կայացած 706 համերգից միայն 95-ն է եղել գյուղական վայրերում։
Ըստ աղբյուրի, արտերկրում կազմակերպված 38 համերգ-հյուրախաղերից 13-ը տեղի է ունեցել Եվրոպայում, 5-ը` ԱՊՀ երկրներում, 8-ը` Իրանում, 7-ը` Վրաստանում, 5-ը՝ Չինաստանում։

2020 թվականին Կաննի կինոփառատոնը չի կայանալու։ Այս մասին գրում է Variety –ը՝ հղում անելով կազմկոմիտեի ներկայացուցչին։ Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի առնվազն մինչև հուլիսի 10-ը։ Սա նշանակում է, որ փառատոնի անցկացումը բավականին բարդ կլինի նույնիսկ աշնանը։
«Առողջության համաշխարհային ճգնաժամի այս պահին մեր մտքերը COVID-19- ի զոհերի հետ են։ Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում նրանց, ովքեր պայքարում են այս հիվանդության դեմ»,- հայտարարել են միջոցառման կազմակերպիչները։
Կինեմատոգրաֆիստական ամենամյա փառատոնի կազմակերպիչներն անմիաջապես հայտարարել էին, որ փառատոնն առ-ցանց չեն անցկացնի։ Մրցույթի համար ընտրված ֆիլմերը կներկայացվեն այլ փառատոների: Դրանց թվում է Վենետիկի փառատոնը: Հունիսի սկզբին կներկայացվի ֆիլմերի ցանկը:
Կաննի փառատոնը պետք է կայանար մայիսի 12-23-ը։ Մարտին կազմկոմիտեն փառատոնը տեղափոխել էր հունիսի վերջ։ Բայց այդ ժամանակ նշել էին, որ այս որոշումը նախնական է։

Վատիկանի թանգարանները բացվել են մայիսի 18-ին: Թանգարանները փակվել էին մարտի 9-ից և այցելել հնարավոր էր միայն առցանց՝ վիրտուալ տուրերի օգնությամբ:
Իտալիայի մշակութային ժառանգության և տուրիզմի նախարարության կազմած ուղեցույցի համաձայն, նախատեսված է տոմսերի նախնական պատվիրում, սոցիալական տարածության պահպանում: Վատիկանի թանգարաններում կլինեն թերմոսքաներներ այցելուների ջերմությունը չափելու համար, վերջիններս պարտավոր են դիմակներ կրել:

Թանգարանների հաջողակ լինելու առկա չափանիշները, որոնք հիմնված են այցելուների ու եկամուտի չափի վրա, ցույց տվեցին իրենց սնանկությունը համավարակի շրջանում: kulturomania.ru-ի հաղորդմամբ, նման կարծիք է հայտնել Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին:
«Մեզ մոտ արդեն շատ տարիներ խոսակցություն է այն մասին, որ մշակույթի նախարարության և հասարակության սահմանած նորմատիվների էական մասը, օրինակ, որ թանգարանի հաջողությունը մարդկանց մեծ քանակությունն է, ճիշտ չէ: Սխալ է նաև այն, որ հաջողության չափանիշ է թանգարանի եկամուտը: Մենք անընդհատ ասում էինք, որ դա չի կարելի անկյունաքար համարել, որ կան այլ չափորոշիչներ և դրանք ավելի կարևոր են: Բայց ոչ ոք չէր ուզում լսել: Հիմա լսեցին, շնորհիվ մի շարք հանգամանքների՝ ճակատագիրն այդպես որոշեց»,-ասել է Պիոտրովսկին:
Նրա խոսքով, երբ մարդիկ մտածում են եկամուտների մասին, նրանք դադարում են մտածել ավելի բարձր բաների մասին, իսկ թանգարանները հենց դրա համար են: Պիոտրովսկին նշել է, որ թանգարանների աշխատանքի հարկադիր դադարը ստիպել է այլ կերպ նայել դրանց աշխատանքի գնահատականի չափորոշիչներին և հասկանալ, որ թանգարանները պետք է ապրեն, այլ ոչ թե գումար վաստակեն:
Բրիտանիան մշակել է սահմանափակիչ միջոցառումները հանելու էտապային միջոցառումներ, որը ներառում է նաև պատկերասրահների, աճուրդային տների և ոչ մեծ թանգարանների բացումը 2020 թ. հունիսի 1-ից, որն արդեն երկրորդ փուլն է։ Այս մասին գրում artguide.com կայքը։
Առաջին էտապում, որն արդեն իրականացվում է, աշխատանքի են վերադառնում նրանք, ովքեր հաճախորդների հետ չեն աշխատում։

Հունիսի 1-ից բացվում են փոքր և միջին արտ-հարթակները պայմանով, որ պետք է հետևեն սոցիալական հեռավարության սկզբունքին։ Մեծ թանգարաններն ու արտ-հաստատությունները կարող է բացվեն հուլիսի 4-ից ոչ շուտ, երբ սկսվի երրորդ էտապը։
94 տարեկան հասակում մահացել է ֆրանսիական կինոյի և թատորնի դերասան Միշել Պիկոլին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Միշել Պիկկոլին մահացավ մայիսի 12-ին ինսուլտի պատճառով», - ասված է դերասանի ընկեր և Կաննի կինոփառատոնի նախկին ռեժիսոր Գիլես Ջեկոբի հայտարարության մեջ:
Միշել Պիկոլին ծնվել է 1925-ի դեկտեմբերի 27-ին: Իր կարիերայի ընթացքում նա խաղացել է ավելի քան երկու հարյուր գեղարվեստական կինոնկարներում, բազմիցս պարգևատրվել է ֆրանսիական գլխավոր կինոմրցանակով: