Գեղարվեստական հաղորդում (220)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Աշխարհում Covid-19-ի տարածման ֆոնին երկրներից շատերը թուլացնում են սահմանափակումները։ Վերսկսվում է մշակութային կյանքը,պայմանով, որ բոլորը հետևեն սոցիալական հեռավարության սկզբունքին։ Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային լուրերին: Ընկերակցեք մեզ։
------------------
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները, մայիսի 29-ից սկսած, կներկայանան «Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ» առցանց համերգաշարով:
Երաժիշտները երեքից ութ հոգանոց կամերային անսամբլներով կներկայացնեն դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, հակիրճ կպատմեն հնչող գործերի, կոմպոզիտորների մասին, կլինեն հետաքրքիր հյուրեր և յուրահատուկ անակնկալներ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց նվագախմբի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Դալլաքյանը, «Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ» համերգաշարը կհեռարձակվի նվագախմբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: «Յուրաքանչյուր հեռարձակումից առաջ կլինեն մրցույթներ, որոնց երեք հաղթողները բացառիկ հնարավորություն կստանան Արամ Խաչատրյան համերգասրահում կենդանի հնչողությամբ վայելելու հաջորդ ուրբաթօրյա համերգը»,-շեշտեց Աստղիկը:
Նա տեղեկացեց, որ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հունիսի 1-ին Հանրային հեռուստաընկերության եթերով ուղիղ միացմամբ ՀԱՖՆ-ի երաժիշտները կներկայացնեն Սերգեյ Պրոկոֆևի «Պետյան և Գայլը» սիմֆոնիկ հեքիաթը: «Հեքիաթասացը սիրված դերասան Հրանտ Թոխատյանն է: Սիմֆոնիկ հեքիաթը փոխադրվել է փոքր կամերային կազմի համար: Այն կներկայացնեն ֆիլհարմոնիկի յոթ երաժիշտներ: Այժմ նվագախմբի «Ֆեյսբուք»-ի էջում կարող եք դիտել նաև հետաքրքիր մի ծրագիր, որը շատ սիրվեց մեր լսարանի կողմից: Այն կրում է «Մենամարտ արվեստում» խորագիրը: Տեսանյութի մասնակիցները քննարկում են երաժշտության և գրականության բախումներին, հակասություններին վերաբերող հարցեր»,-պատմեց Դալլաքյանը:
Նրա խոսքով՝ Մոցարտի «Ռեքվիեմ»-ի շուրջ «մենամարտել» են արձակագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը և ՀԱՖՆ ջութակահար Արամ Ասատրյանը, «մենամարտեր» են սպասվում ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի պրոֆեսոր Ալվարդ Ջիվանյանի և ՀԱՖՆ ջութակահար Արտաշես Մելիքյանի, բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ Գայանե Հակոբյաի և ՀԱՖՆ ֆլեյտահար Արման Աբրահամյանի ու գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի և ՀԱՖՆ ֆլեյտահար Նարեկ Ավագյանի միջև:
Դալլաքյանը տեղեկացրեց, որ ՀԱՖՆ տնօրեն Ռուզաննա Սիրունյանի համոզմամբ՝ երաժիշտներին այլևս հնարավոր չէ անգործ վիճակում պահել: Սիրունյանը կարծում է, որ բոլորը ցանկանում են նվագել, աշխատել իրենց կոլեգաների հետ: Նա նշել է, որ ‹‹Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ›› ծրագիրի շրջանակում պահպանում են պարետատան սահմանած բորլոր կանոնները. ջերմաչափում է անցնում համերգասրահ մտնող յուրաքանչյուր անձ: Համերգասրահի մուտքի մոտ առկա են դիմակներ, ձեռնոցներ և ախտահանող նյութեր: Տարածքը պարբերաբար ախտահանվում է, փորձերին ներկա երաժիշտների թիվը չի հասնում նույնիսկ թույլատրելի տաս անձը:
Իսկ ՀԱՖՆ գեղարվեստակ ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ամենամեծ մտահոգությունն այս օրերին նվագախմբի մարզավիճակն է: Նրան անհանգստացնում է այն փաստը, որ մոտ հարյուր անձից բաղկացած պրոֆեսիոնալ նվագախումբն առանց ամենօրյա լուրջ փորձերի կորցնում է կատարողական այն բարձր մակարդակը, որին հասել են տասնյակ տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Նա մեծ հույսեր ունի, որ մոտ ապագայում ՀԱՖՆ-ը թույլտվություն կստանա վերսկսել նվագախմբի գոնե քառասունից հիսուն հոգանոց փորձերը՝ պահպանելով բոլոր սանիտարահիգիենիկ կանոնները:

Հունիսի 6-15-ին, ինչպես և նախապես որոշված է եղել, Երևանում կանցկացվի Խաչատրյանի 16-րդ միջազգային մրցույթը։ Այն կանցկացվի ջութակ մասնագիտությամբ։
«Այս տարի պայմանավորված կորոնավիրուսով, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում առժամանակ մշակութային միջոցառումները հետաձգվել են, կասեցվել։ Մտահղացում եղավ, որ եթե այս պահին ելք չգտնենք, գուցե հետո հնարամտությունը նոր գաղափարների չբերի։ Քաջություն հավաքեցինք ու որոշեցինք մրցույթն անցկացնել առցանց, ինչը չափազանց մեծ մարտահրավեր է. մրցույթը շատ կենդանի միջոցառում է, ճակատագրական էլեմենտ կա, բաց փորձել ենք առավելագույնը մոտեցնել իրականին՝ առցանց հարթակում ստեղծելով վիրտուալ տիրույթ։ Մեր կարծիքով՝ պետք է ստացվի»,- ասել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մամուլի քարտուղար Սարգիս Նալղռանյանը։
Խաչատրյանի միջազգային մրցույթը բաղկացած է նախընտրական լսումներից և 3 փուլից՝ 1-ին փուլ, 2-րդ փուլ (կիսաեզրափակիչ), 3-րդ փուլ (եզրափակիչ): Կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերում մասնակիցների պարտադիր կատարման ծրագրում ներառված են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Նա նշեց, որ նախընտրական փուլի ժամանակ մասնակիցները պետք է ուղարկեն իրենց ընտրական տեսանյութերը, որի հիման վրա կատարվելու է ընտրություն։ Առավելագույն միավոր ստացած 24 ջութակահարներն արդեն կմասնակցեն բուն մրցույթին։
Նախապես հայտարարված էր, որ մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2020թ. մարտի 20-ը, սակայն վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի 25-ը։
Սարգիս Նալղռանյանն ասաց, որ մասնակիցների թիվը գնալով ավելանում է, դեռ վաղ է հայտարարել, թե քանի հոգի կմասնակցի մրցույթին և մասնակից երկրների աշխարհագրության մասին։ Մրցույթի ժյուրին ղեկավարում է հայտնի ջութակահար Էդուարդ Թադևոսյանը։
Մրցույթի բացման օրը պատահական ընտրված չէ. այդ օրն աշխարհահռչակ կոմպոզիտորի Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Մրցույթի մեկնարկը կտրվի Կոմիտասի անվան պանթեոն այցով. մրցույթի ժյուրին ու կազմակերպիչները հարգանքի տուրք կմատուցեն կոմպոզիտորի հիշատակին։
Մրցույթի ողջ ընթացքը ցուցադրվելու է առցանց՝ Խաչատրյանի միջազգային մրցույթը պաշտոնական կայքում։

Հայաստանի ազգային պատկերասրահը, որը մեկուսացման շրջանում մշտապես պահպանել է կապը արվեստասերների հետ մի շարք հետաքրքիր նախաձեռնություններով, այս անգամ ներկայացնում է առցանց մարտահրավերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կրթական, ճանաչողական ծրագրի շրջանակում ստեղծագործող արվեստասերները պաշտպանիչ դիմակների վրա պատկերում են պատկերասրահի հավաքածուի իրենց սիրած գործերը, լուսանկարում են դիմակներն ու ուղարկում պատկերասրահ:
Զրույցում ՀԱՊ գիտակրթական բաժնի պատասխանատու Անի Նազարյանն ասաց, որ թանգարանների առջև այսօր միանգամայն այլ մարտահրավերներ են ծառացել, և ամբողջ աշխարհում գրեթե բոլոր թանգարանները համաճարակի պատճառով փակ են, ուստի այցելուի հետ կապը պահպանելու նոր ձևաչափերն են անհրաժեշտ:
Մասնակիցների մեծ մասը երեխաներ են, որոնք դիմակների վրա պատկերել են դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ և այլն:
Անի Նազարյանի համոզմամբ՝ այս նախաձեռնության կարևոր կողմն այն է, որ արվեստասերները կարողանում են ոչ միայն ինֆորմացիա ստանալ ցուցանմուշների մասին, այլև թանգարանի առցանց ծրագրերի մի մասը դառնալ:
Մասնակիցներն իրենց ստեղծագործությունների լուսանկարները կարող են ուղարկել մինչև մայիսի 28-ը, որից հետո բոլորը կտեղադրվեն պատկերասրահի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում և մինչև հունիսի 1-ը առավել հավանումների արժանացած նկարի հեղինակը կստանա հատուկ նվեր-մրցանակ ՀԱՊ-ի կողմից։

Գործարար-բարեգործ, «նավթի արքա» Ալեքսանդր Մանթաշյանցի մասին պատմող «Կովկասի արքան» գիրքը թարգմանվել է հայերեն:
Արմեն Գասպարյանի գիրքը, որը մայիսի 22-ից հասանելի է հայ ընթերցողների համար, լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Բնագիրը ռուսերեն է: Գրքի հայերեն տարբերակը ներկայացվում է ժամանակակից գրող Դավիթ Սամվելյանի թարգմանությամբ և խմբագրությամբ:
«Մեծանուն բարերարներ Քըրք Քըրքորյանին և Գալուստ Գյուլբենկյանին նվիրված գրքերի հրատարակումից հետո հաջորդ բարերարը, որին անդրադառնում ենք, Ալեքսանդր Մանթաշյանցն է: Վերջինս իր ժամանակաշրջանի ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ 1899 թվականին Մանթաշյանցը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին»,-նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:
Ալեքսանդր Մանթաշյանցը եղել է բարեգործ-գործարար, որի հետ հաշվի են նստել ժամանակի հզորները՝ բարոն Էդմոն դը Ռոտշիլդը, Ալֆրեդ Նոբելը, Գալուստ Գյուլբենկյանը և մյուսները:

Կինոարվեստների ակադեմիան քննարկում է «Օսկար» 93-րդ մրցանակաբաշխության տեղափոխումը. այն ծրագրված է 2021 թվականի փետրվարին: kommersant.ru-ի հաղորդմամբ, գրել է Variety-ն՝ հղում անելով մի քանի աղբյուրների։
Նշվում է, որ նոր ամսաթիվը դեռ հայտնի չէ:
Մեկ այլ աղբյուր պնդում է, որ այս պահին ամսաթիվը փոխված չէ: Հեռարձակումը ծրագրված է 2021 թվականի փետրվարի 28-ին: Մինչև այդ համավարակի ֆոնին փոխվել էին ֆիլմերի ընտրության կանոնները: 2021 թվականին կընտրվեն նաև այն ֆիլմերը, որոնք չեն ցուցադրվել կինոթատրոններում և ցուցադրվել են առցանց:

Վենետիկի ճարտարապետական 17-րդ բիենալեն կայանալու է 2021 թվականի մայիսի 22-ից նոյեմբերի 21-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ բիենալեն պետք է բացվի 2020 թվականի օգոստոսի 29-ին։
artguide.com-ի հաղորդմամբ, համապատասխանաբար, Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ բիենալեն, որը պետք է կայանար 2021 թվականին, տեղափոխվել է 2022 թվական՝ ապրիլի 23-ից նոյեմբերի 27-ը։
Ճարտարապետական բիենալեն մինչև 2021 թվականը հետաձգելու մասին որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ գիտակցվել է այն փաստը, որ մնացած ժամանակում անհնար է կազմակերպել ցուցահանդես օբյեկտիվ խոչընդոտների պատճառով՝ կապված կորոնավիրուսային հավավարակի հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի Հանրապետությունն ազգային տաղավարով կներկայանա 2020 թ. Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին։

Միջազգային փորձագետների խումբը պարզել է, որ Էդվարդ Մունկի «Ճիչ» նկարի վիճակի վատացման պատճառը դիտողների շնչառությունն է։
artguide.com-ի հաղորդմամբ, հետազոտողները պարզել են, որ կադմիումային դեղին ներկով տուփի մեջ, որն օգտագործել է Մունկը, խառնված են եղել նաև քլորիդներ: Այդպիսի ներկը կարող է գունազրկվել ու թափվել անգամ ցածր խոնավության դեպքում: Մեծաթիվ այցելուների շնչառությունը բերել է նրան, որ ներկը խամրել է։
Նկարի հետագա քայքայումը կանխելու համար Օսլոյի Մունկի թանգարանը պետք է ձեռնարկի շրջակա միջավայրի վերահսկողության լրացուցիչ միջոցառումներ. կամ պետք է ուշադիր վերահսկել թանգարանում առկա հարաբերական խոնավությունը, կամ այցելուներին «առանձնացնի» նկարից, որպեսզի մարդկանց շնչառությունը չհասնի նկարի մակերեսին։

Sotheby's աճուրդային տունը մայիս-հունիսին անցկացնելու է ռուսական արվեստի երկու աճուրդ. կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջին անգամ դրանք անցկացվելու են առցանց։
Մայիսի 26-ից հունիսի 2-ն անցկացվելու է «Ռուսական գեղանկարչության» աճուրդ, ներկայացված է լինելու նաև հայազգի հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Նեապոլյան ծոց» կտավը, որը գնահատվել է 800 հազար ֆունտ ստերլինգից մինչև 1,2 միլիոն ֆունտ ստերլինգ։
Հունիսի 9-17-ին կայանալու է «Ռուսական դեկորատիվ-կիրառական արվեստի» աճուրդ, ներկայացվելու է ավելի քան 200 լոտ։