Գեղարվեստական հաղորդում (221)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային լուրերին:Ընկերակցեք մեզ։
Հայաստանի ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանները, որոնք մայիսի 9-ից խափանվել էին, վերականգնվել են և հասանելի են 24 ժամ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը:
«Նախորդ ասուլիսին կարևոր շեշտադրումներ արեցինք: Նշեցինք, որ բոլոր նյութերը, ծրագրային ֆայլերը, թվայնացված գրականության, գրքերի և մամուլի ամբողջ բազան Ազգային գրադարանում առանձին կրիչներով պահված են եղել: Երկրորդ կարևոր շեշտադրումն այն էր, որ մենք, սերվերների արտաքին տեսքից դատելով, կարող էինք ասել, որ դրանք բավականին հուսալի վիճակում են, որովհետև դրանց կոշտ սկավառակները փորձաքննությունից հետո հանել էինք, բացել և տեսել, որ ոչ մի պլատա վնասված չէ: Դա մեզ հնարավորություն էր տալիս եզրակացնելու, որ հնարավորությունը փոքր է, որ այդ սերվերները հնարավոր չլինի գործարկել»,- ասաց նա:
Սարիբեկյանը հիշեցրեց, որ հավաստիացրել են՝ երկու, երեք շաբաթ հետո ամբողջ արխիվը վերականգնված կլինի, և շտեմարանները նորից կգործեն:
Սարիբեկյանի խոսքով՝ հենց սկզբից չեն բացառել, որ խափանման պատճառը կարող է նախապես ծրագրված լինել: Դեպքի առթիվ դեռ փորձաքննություն է իրականացվում և դեռ չի հերքվել մարդկային դիտավորության, միջամտության գործոնը:
«Մեզ մոտ ծառայողական քննություն է անցնում, և գրադարանի բոլոր աշխատակիցները, որոնք դեպքի օրն այցելել են Ազգային գրադարան, զեկուցագրեր են ներկայացնում: Ես իմ վերջնական դիրքորոշումը ծառայողական քննության և փորձաքննության ավարտից հետո կհանձնեմ»,-ընդգծեց գրադարանի տնօրենը:
Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ բովանդակային առումով ոչ մի կորուստ չունեն, սերվերները մանրակրկիտ մաքրվել են: «Այս ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների մի ամբողջ համայնք ձևավորվեց մեր գրադարանի շուրջ, որը պատրաստակամություն է հայտնել մեզ աջակցել նաև հետագայում: Նրանք այս օրերին մանրակրկիտ մաքրել են սերվերները, թեստավորել են և պատրաստի շահագործման համար հանձնել են գրադարանին: Մեր ամենամեծ կորուստն օդորակիչն է, երկու մոնիտոր, երկու ստեղնաշար, ինտերնետի փոխարկիչ: Սերվերային սարքավորումների հոսանքի անխափան սնուցման սարքը բավականին լավ վիճակում է: Սերվեները շահագործելու համար բոլոր սարքավորումները պահպանված են»,-եզրափակեց Հրաչյա Սարիբեկյանը:
Հայաստանի Ազգային գրադարանի ընթերցողները մայիսի 9-ից չէին կարողանում մուտք գործել գրադարանի կայք, որից անվճար հնարավոր է օգտվել բոլոր օրերին: Հետևորդների մտահոգությանն ի պատասխան Հայաստանի Ազգային գրադարանը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում տեղեկացրել էր, որ գրադարանի առցանց էլեկտրոնային շտեմարանները ժամանակավորապես անհասանելի են տեխնիկական խնդիրների պատճառով, և մասնագետներն աշխատում են սեղմ ժամկետում վերականգնել: Այնուամենայնիվ, համացանցում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ գրադարանի թվայնացված ամբողջ արխիվը ոչնչացել է հրդեհի հետևանքով, արխիվ, որի ստեղծման վրա տասնյակ տարիներ աշխատել են բազմաթիվ մասնագետներ: Բայց, բարեբախտաբար, ամեն ինչ անհամեմատ բարեհաջող է ավարտվել:
Ի դեպ, Հայաստանի ազգային գրադարանը նոր կայք է ստեղծել, որի ձևավորումն իրականացրել է Torus design ընկերությունը:
Անդրադառնալով գրադարանի թվայնացված նյութին՝ Սարիբեկյանը տեղեկացրեց, որ կրկնապատճենել են գրադարանի թվայնացված բազան, որը պահելու են երկու տարբեր տեղում:
Մտածում են նոր սերվերներ ձեռք բերել թվայնացված ինֆորմացիան նաև դրանցում պահելու համար: «Անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի հին սերվերների հայելային պատճենում անել: Դեռ քննարկում ենք նաև թվայնացված նյութերն ամպային տիրույթ տեղափոխելու հարցը»,- ընդգծեց գրադարանի տնօրենն ու հավելեց, որ իրենց աջակցում է Եվրոպական ազգային գրադարանների ասոցիացիան, որն Ազգային գրադարանի համար դրամաշնորհ է որոնում սերվերային ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:

Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ քամին հանդարտվի» (Si Le Vent Tombe/ Should The Wind Fall)՝ Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ընտրության «Առաջին լիամետրաժ ֆիլմ» (The First Features) անվանակարգում ընտրված ֆիլմը հետանկախության շրջանի առաջին ֆիլմն է, որը Կաննում ներկայացվել է Հայաստանից, ինչն աննախադեպ և ուրախալի իրադարձություն է հայկական ժամանակակից կինոյի համար։ Ֆիլմի նկարահանումների գերակշիռ մասը արվել է Հայաստանում և ԼՂ-ում։
«Ֆիլմը համատեղ կինոարտադրություն է Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի հետ։ Ֆիլմի վրա աշխատել են երեք երկրների պրոդյուսերական ընկերությունները:
Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ։
Հայաստանում կինոյի պատասխանատուների և կինոարտադրողների շնորհիվ, համատեղ արտադրությունը դանդաղ բայց հաստատուն քայլերով գնում է առաջ, արդեն երևում են կինոինդուստրիայի գրանցած առաջին հաղթական ու ապագայի խոստումնալից ծիլերը։
Կինոնկարի հաջողությունը մեծապես պայմանավորված է ֆիլմի ռեժիսորի և աշխատանքային թիմի երկար տարիների շարունակական ու համառ աշխատանքով։
«Սա իմ առաջին լիամետրաժ ֆիլմն է , որը կարող է հավակնել «Ոսկե տեսախցիկ » մրցանակին։ Այս տարի Թիերի Ֆրեմոն ընտրված ֆիլմերը չի բաժանել մրցութայինի և ոչ մրցութայինի․ դրանք ներկայացված են մեկ ընդհանուր ցուցակով։ Թեև ժյուրին չի աշխատելու, բայց Կաննի փառատոնի պատասխանատուները աջակցելու են այդ ֆիլմերի ցուցադրություններին ամբողջ աշխարհում, կազմակերպելու են մամուլի ասուլիսներ և այլն։ Ինչ վերաբերում է «Եթե քամին վրա հասնի» ֆիլմին, ապա Թիերի Ֆրեմոն ասուլիսի ժամանակ ասել է, որ այն իրենց շատ է դուր եկել։ Այս պահին մենք ունենք դեռ ACid-ի ծրագիրը, որը մեկնարկելու է սեպտեմբերին։ Այն նախատեսում է լայնածավալ ցուցադրություններ, մամուլի ասուլիսներ, հանդիպումներ և այլ այնպիսի միջոցառումներ, որոնք կնպաստեն կինոնկարի տարածմանն ու դիտրիբյուցիային»,- այս մասին ասել է Նորա Մարտիրոսյանը։
Ֆիլմում իրենց մասնակցությունն են ունեցել հայ և ֆրանսիացի դերասաններ՝ Նարինե Գրիգորյանը, Դավիթ Հակոբյանը, Արման Նավասարդյանը և Գրեգոր Քոլինը։

Հայաստանում կինոարտադրող 3 կազմակերպություններում 2015թ-ից թողարկվող 57 ֆիլմերից 2019թ. ավարտվել է 43-ի արտադրությունը: Այդ կազմակերպություններում շարունակվում է 14 ֆիլմերի արտադրությունը, որոնց ավարտը նախատեսված է 2020թ.:
2019 թվականին ավարտված ֆիլմերի թվում կան լիամետրաժ, փաստավավերագրական, կարճամետրաժ, անիմացիոն ֆիլմեր։ 43 ֆիլմի արտադրության ծախսերի համար հատկացվել է 1 140 448.4 հազար դրամ, միայն 2019-ին՝ 750 975.4 հազար։
Անավարտ ֆիլմերի համար 2019-ին անհրաժեշտ է եղել 144 391.0 հազար դրամ։

Թուրքիայում առաջին անգամ հայկական թանգարան է բացվել: «Մուսա լեռ» անունը կրող թանգարանը գտնվում է Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանից 4 կմ հեռավորության վրա գտնվող Թուրքիայի միակ հայկական գյուղում` Վաքըֆլըում: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Վաքըֆլը գյուղի հայ առաքելական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Ջեմ Չափարը թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտնել է, որ այս թանգարանում ներկայացված ցուցանմուշները պատկերում են ոչ միայն հայկական մշակույթը, այլև արտացոլում այդ տարածաշրջանում բնակվող մյուս ժողովուրդների մշակութային հետքերը։
Չափարը նշել է, որ իր կնոջ՝ Լորա Չափարի հետ միասին երկար աշխատանքներ են տարել թանգարանի հավաքածուի ձևավորման, ինչպես նաև թանգարանային ծրագիրն ավարտին հասցնելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ մի շարք երկրներից և Թուրքիայի տարբեր շրջաններից ցուցանմուշներ են գտել և տեղափոխել Վաքըֆլը, սակայն հավաքածուի առյուծի բաժինը ձեռք է բերվել Վաքըֆլըի գյուղացիներից։
Նա թանգարանը նմանեցրել է մի ֆիլմի, որտեղ ներկայացվում է Վաքըֆլըի լեզուն, մշակույթը, կրոնը և ճաշատեսակները։
Կորոնավիրուսի պատճառով պաշտոնական բացման արարողություն տեղի չի ունեցել, սակայն համավարակը հաղթահարելուց հետո թանգարանը բաց է լինելու զբոսաշրջիկների, այցելուների համար։
Հայկական «Մուսա լեռան» թանգարանում ցուցադրված են ազգային տարազներ, պատմական իրեր, զարդեր, ինչպես նաև մուսալեռցիների հայտնի հարիսայի մեծ կաթսաները։

Հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Նեապոլի ծոցը» կտավը դարձել է Sotheby's աճուրդի տանը ռուսական կերպարվեստի գործերի վաճառքի թոփ-լոտը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, 1878 թվականին ստեղծված կտավը վաճառվել է մոտ 2,3 միլիոն ֆունտով՝ 2,9 միլիոն դոլար, իսկ վերջնական շահույթը կազմել է 5,62 միլիոն ֆունտ՝ 7,1 միլիոն դոլար:
Նախնական արժեքը գերազանցվել է ավելի քան երկու անգամ: Այվազովսկու մեկ այլ կտավ՝ 1868 թվականին ստեղծված «Լուսնային գիշերով անցնող նավը» ևս վաճառվել է նախնական գնից էապես թանկ: Այն վաճառվել է 435 հազար ֆունտով՝ 548 հազար դոլարով, մինչդեռ այն գնահատվել էր 150-200 հազար ֆունտ՝ 190-250 հազար դոլար:

Կալիֆորնիայում արդեն հաջորդ շաբաթ կվերականգնվի կինոֆիլմերի ու սերիալների նկարահանումները։ Նահանգապետարանից հայտնել են, որ նման հնարավորություն կարող է լինել հունիսի 12-ից։
Los Angeles Times-ի հաղորդմամբ, կինոնկարների, երաժշտական հաղորդումների արտադրություն կարող է սկսվել միայն թույլտվությունից հետո, որը կտրվի առողջապահական համակարգի կողմից։
Որպեսզի վարակման տարածման վտանգ չլինի, դերասանական կազմը և նկարահանող խումբը, կինոինդուստրայի այլ աշխատողներ պետք է խստիվ հետևեն անվտանգության կանոններին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակը երկրում վերջացել է։ Նա կոչ է արել նահանգապետներին չհետաձգել քաղաքացիների անցումը սովորական կյանքին։

Վատիկանի թանգարաններում, որտեղ պահվում են Հռոմի պապերի արվեստի իրերի հավաքածուները, նաև Միքելանջելոյի ու Ռաֆայելի որմնանկարները, նախօրեից բացել են իրենց դռներն ավելի քան երկու ամիս կարանտինից հետո, որը մտցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, թանգարանների տնօրենը հայտնել է, որ առաջին օրվա համար 1600 մարդ պատվիրել է տոմսեր, հիմնականում տեղի բնակիչներ։
Նշվում է, որ նախկինում Վատիկանում առավելագույն տուրիստական հոսքը մեկ օրում կազմել է 29 հազար։
Այցելուները պետք է հետևեն անվտանգության նոր կանոններին. պարտադիր ամրագրել տոմսը, ամեն 15 րոպեն մեկ թույլ է տրվում 10 այցելուի մուտք թանգարան, պետք է կրեն դիմակներ, պահեն սոցիալական հեռավարություն, մուտքերի մոտ ջերմաչափում են այցելուներին։