Գեղարվեստական հաղորդում (222)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային լուրերին: Ընկերակցեք մեզ:
Լատվիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, կազմակերպմամբ և աջակցությամբ հունիսի 11-ին ամերիկյան հանրահայտ Delos ընկերության կողմից թողարկվել է Կոմիտաս վարդապետի «Սուրբ Պատարագի» համերգային ամբողջական տարբերակի ձայնասկավառակը՝ ի նշանավորումն մեծ կոմպոզիտորի և հոգևորականի 150-ամյակի։
«Պատարագի» ձայնագրությանը նախորդել էր 2019թ․ սեպտեմբերի 20-ին Ռիգայի ամենահին՝ Սբ. Հովհաննես եկեղեցում դիրիժոր Սիգվարդս Կլյավայի ղեկավարությամբ Լատվիայի Ռադիո երգչախումբի և հայազգի մենակատարներ Հովհաննես Ներսիսյանի ու Արմեն Բադալյանի կողմից համերգի կատարումը, որից հետո նույն եկեղեցում տեղի է ունեցել ձայնագրությունը։
Ձայնասկավառակի թողարկումը եզակի է այն առումով, որ առաջին անգամ խառը օտարազգի ներկայացուցիչներից բաղկացած խումբը, Լատվիայի ռադիոյի երգչախումբը, կատարել, իսկ հետո նաև ձայնագրել է Կոմիտասի «Պատարագի» համերգային ամբողջական տարբերակը։
Նախագծի նախապատրաստական աշխատանքները տևել են շուրջ երեք տարի, որի ընթացքում Լատվիայի ռադիոյի երգչախումբը 2017 և 2018 թվականներին Լատվիայում ՀՀ դեսպանության կազմակերպած համերգներին կատարել է հատվածներ Կոմիտասի ստեղծագործություններից։ Այնուհետև կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանին հաջողվել է փոխադրել ի սկզբանե միայն արական երգչախմբի համար նախատեսված կոմիտասյան գլուխգործոցը, և ձայնասկավառակի թողարկումն էլ ավելի կբարձրացնի համաշխարհային երաժշտական հանրության հետաքրքրությունը Կոմիտասի նկատմամբ։ Երգչախմբի հետ աշխատել են ֆրանսիահայ կոմիտասագետ Մկրտիչ Մկրտչյանը և լատվիացի հայագետ Վալդա Սալմինյան։
80 րոպե տևողությամբ ձայնասկավառակին կից գրքույկում ներկայացված են Կոմիտասի կյանքն ու ստեղծագործական ուղին` Կոմիտասի ինքնակենսագրությունը։ Գրքույկում ներկայացված Կոմիտասի ֆոտոնկարները տրամադրվել են Երևանի Կոմիտասի թանգարանի կողմից։
Գրքույկում տեղ են գտել նաև Պատարագի ամբողջական հայերեն տեքտսը` լատինատառ տառադարձումը, անգլերեն թարգմանությունը, ինչպես նաև դրվագներ մենակատարների, դիրիժոր Ս․ Կլյավայի և Լատվիայի Ռադիոյի երգչախմբի ստեղծագործական ուղին։
Ձայնասկավառակի վաճառքը հասանելի է հուլիսի 10-ից։

Օրերս ավարտվեց 2020 թ. մայիսի 11-ից Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկնարկած Արևմտահայ գրականությանը նվիրված միամսյակը: Ծրագիրն անցկացվել է ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության ենթակայության ներքո գտնվող գրադարաններում:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ միամսայակի շրջանակներում նախատեսված միջոցառումներն անց են կացվել առցանց հարթակում՝ գրադարանի ֆեյսբուքյան էջում: Առցանց հրապարակումների միջոցով ընթերցասեր հետևորդներին ներկայացվեց հետաքրքիր և ուսուցողական միջոցառումների շարքը:
Ընդգծենք, որ դեռևս 2010 թ. փետրվարին արևմտահայերենը մտցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի վտանգված լեզուների էլեկտրոնային ատլասի» մեջ` ստանալով վտանգվածության առկա մակարդակներից «հաստատապես վտանգված» կարգավիճակը:
Կարևորելով արևմտահայերենը վերակենդանացնելու առաքելությունը, Խնկո Ապոր անվան գրադարանն իր ընթերցողներին ներկայացրեց արևմտահայ լեզվի ստեղծման, արևմտահայ գրականության ձևավորման ու զարգացման նախապատոմությունը: Այս ամենն ուղեկցվեց գրադարանի աշխատակիցների և ակտիվ ընթերցողների կողմից պատրաստված տեսահոլովակներով: Ներկայացվեց արևմտահայ բանաստեղծների, արձակագիրների կենսագրությունը, գրական ժառանգությունը:
Որպես արևմտահայ լեզվի կրող և այդ լեզվի պահպանության ջատագովներ միջոցառմանը մասնակցեց սփյուռքում բնակվող հայ հանրությունը: Ընթերցումների շարքը նվիրված էր Սիամանթոյի, Միսաք Մեծարենցի, Ռուբեն Սևակի, Դանիել Վարուժանի, Պետրոս Դուրյանի և Զահրատի ստեղծագործություններին:
Արևմտահայ գրականության միամսյակի շրջանակներում կազմակերպվեցին նաև առցանց վիկտորինաներ, ցուցադրվեցին արևմտահայերեն տեքստերի հիման վրա գրված երգերի տեսահոլովակներ, արևմտահայերեն մուլտֆիլմեր
Գրադարանի՝ ավանդական դարձած հեքիաթի ընթերցման ժամին երեխաները հնարավորություն ունեցան ունկնդրել արևմտահայերեն հեքիաթներ:
Առցանց միջոցառումներին ընթերցողների մասնակցությունը ևս մեկ անգամ հաստատում է Արևմտահայ գրականության քարոզչությանն ու ընթերցանության խթանմանը նպաստելու անհրաժեշտությունը։

Այս տարի «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնական համերգները նախատեսված էին աշնանը։
Փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանն այս փաստը «բախտավորություն» համարեց, քանի որ ստիպված չէին համավարակի պատճառով հետաձգել արդեն ծրագրած համերգները։ Միայն մայիսի 12-ին նախատեսված դաշնակահար Իվո Պոգորելիչի համերգն է տեղափոխվել հաջորդ տարի։ Սեպտեմբերի 12-ին Հայաստանում ելույթ էր ունենալու աշխարհահռչակ դիրիժոր սըր Ջոն Էլիոտ Գարդիները Մոնտեվերդի երգչախմբի և իր նվագախմբի հետ։
Աշնանը նախատեսված է աշխարհահռչակ տենոր Ռոլանդո Վիլյասոնի, 11 Գրեմմի մրցանակակիր «Էմերսոն» լարային քառյակի համերգները, սեպտեմբերին Հայաստան է գալու հայկական ծագումով հանրահայտ դիրիժոր Պիտեր Ունջյանը, ելույթ է ունենալու Երևանում և Գյումրիում։
«Այս և մյուս պրոեկտներն ուժի մեջ են, նաև մեր փառատոնի 20-ամյակի հոբելյանական երեկոն»,- ասաց նա։
Փառատոնի գլխավոր մենեջերի խոսքով, հետևում են կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակին։
«Փառահեղ համերգներ ունենք աշնանը, ցանկալի է, որ տեղի ունենան։ Հույս ունենք, որ բաց կլինեն համերգասրահները, գուցե ինչ-որ սահմանափակումներով ու փառատոնը կկայանա։ Մարդիկ շատ են գրում, զանգում, հարցում։ Կարծում եմ՝ աշնանը այդ համերգներով կհագեցնենք մշակութային ծարավը»,- ասաց Սոնա Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, եթե հանկարծ համերգները չկայանան, ամեն դեպքում ձևեր կգտնեն ու արդեն հաջորդ տարի կկայանան։
Նա տեղեկացրեց, որ այս տարվա գարնանը Իռլանդիայում պետք է կայանար Եվրոպայի փառատոնային ասոցիացիայի գագաթաժողովը։
«Ամեն տարի մի փառատոն է հյուրընկալում։ Այս տարի պետք է դրոշը փոխանցվեր Հայաստանին, որովհետև հաջորդ տարի մեզ մոտ է տեղի ունենալու գագաթաժողովը։ Դա մեր տարիների աշխատանքի արդյունքն է, 2013 թվականից սկսած աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի այդ գագաթաժողովը ու միջազգային արվեստի համաժողովը տեղի ունենա Երևանում։ Այդ գագաթաժողովը տեղափոխվել է նոյեմբերի վերջ։ Կարծում եմ՝ կգնանք, կմասնացենք ու այդ պատվավոր դրոշը կբերենք Հայաստան, որը մի տարի կմնա այստեղ։ Շատ երկրներում քաղաքապետերի, մշակույթի նախարարների մակարդակով է արվում, որովհետև Եվրամիության պաշտոնյաներ են գալիս, Եվրոպայի գրեթե բոլոր առաջատար փառատոների ղեկավարներ, գործարարներ, լրատվամիջոցներ,- ասաց Ս. Հովհաննիսյանը։
Նա հայտնել է, որ եղել են այլ թեկնածու փառատոներ, քանի որ ցանկացած երկրի համար ցանկալի է իր մոտ կազմակերպել այդ միջոցառումը։
«Հայաստանի համար անչափ մեծ գովազդ է լինելու, 400-500 հոգի կգան Հայաստան։ Մեր երկրի համար մշակութային տուրիզմի, Եվրոպայում ճանաչելիությունը մեծացնելու առումով կարևոր իրադարձություն է»,- ասաց նա։
Սոնա Հովհաննիսյանի խոսքով, առաջին անգամ է Հայաստանում նման ծավալի միջոցառում կազմակեպվելու, երբ Եվրոպայի ողջ մշակութային վերնախավը գալու է մեր երկիր։

Հայկական մասնակցությամբ՝ Հայաստանի Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ ստեղծված ևս մեկ ֆիլմ՝ կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը, Կաննի վիրտուալ կինոշուկայում (հունիս, 2020) առաջին անգամ կներկայացվի գնորդներին և փառատոնի ծրագրավորողներին` ֆիլմի Ֆրանսիական վաճառքի գործակալ MPM Premium-ի միջոցով: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության ֆեյսբուքյան էջից։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի ազգային կինոկենտրոնի մասնակցությամբ ստեղծված ևս մեկ ֆիլմ՝ Նորա Մարտիրոսյանի «Երբ քամին հանդարտվի» ֆիլմը ընդգրկվել է Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ծրագրի «Առաջին լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։ Ֆիլմը Հայաստանի Ազգային կինոկենտրոնի մասնակցությամբ Հայաստան, Ֆրանսիա, Բելգիա համատեղ կինոարտադրություն է։
«Դրախտի դարպասը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան կայացել է 2019-ի հոկտեմբերին:

Իսպանիայի RTVE առաջին ալիքով կկայանա հայկական պատմական «Ուրարտու. մոռացված թագավարություն» ֆիլմի պրեմիերան: Այս մասին հայտարարել է ֆիլմի պրոդյուսեր, «HAYASA» մշակութային-կրթական կենտրոնի տնօրեն և հիմնադիր Տիգրան Մանասյանը։
Ռեժիսոր Վագա Վարդանյանի ֆիլմը ներկայացնում է երկրի վրա ամենահին պետություններից մեկի պատմությունը։ Աստվածաշնչում Ուրարտուն հիշատակվում է որպես Արարատի երկիր։
Մանասյանը պատասխանելով հարցին, թե ե՞րբ կկայանա ֆիլմի պրեմիերան Հայաստանում կամ Ռուսաստանում, ասել է, որ Երևանում ցուցադրությունը նախատեսված է Երևանի օրը։ Այն տեղի կունենա կինոթատրոններից մեկում, բայց կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարող է փոխել ծրագրերն ու պրեմիերան կարող է կայանալ երկրում զանգվածային միջոցառումներ թույլ տալուց հետո։
Նա նշել է, որ ֆիլմի ստեղծողներն աշխատում են այն ուղղությամբ, որպեսզի այն ցուցադրվի աշխարհի բոլոր մասերում։ Մասնավորապես, բանակցություններ են տարվում ԱՄՆ-ում, Ճապոնիայում, եվրոպական երկրներում պրեմիերաների շուրջ։

Թուրքիայում օսմանյան շրջանի գեղանկարչության մեջ մեծ ավանդ ունեցող հայ գեղանկարիչներին նվիրված 2-րդ ցուցահանդեսն է բացվել: Ստամբուլի «Canvas Art Investments» սրահում 2019-ի դեկտեմբերի 20-ից 2020-ի հունվարի 20-ը անցկացված «Armenian Painters In the Ottoman Empire» (Օսմանյան կայսրության հայ գեղանկարիչները) ցուցահանդեսը կբացվի նաև Անկարայում: Այն բաց կլինի այցելուների համար հունիսի 12-ից օգոստոսի 30-ը։
Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Superhaber» լրատվական կայքը և հիշեցնում, որ հայերը կայսրությունում մեծ հռչակ են վայելել հատկապես ճարտարապետության ու գեղանկարչության ոլորտում հեղինակած գործերով:
«Նրանք հեղինակել են ստեղծագործական ձիրք ու վարպետություն պահանջող մի շարք գործեր՝ պալատների զարդարանքներից մինչև թատրոնների դեկորներ, Բոսֆորի նեղուցի ափամերձ հրաշալի շինություններից մինչև առաջին մեջլիսի պատգամավորների վկայականների ձևավորում»,- ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ թուրքական գեղանկարչության մեջ շրջադարձային կետը ևս հնարավոր է եղել հայ նկարիչների շնորհիվ. «Կտավի վրա յուղաներկով նկարելու տեխնոլոգիայում արևմտյան մտածողությամբ օսմանյան գեղանկարչության առաջին գործերը հեղինակել են հայ գեղանկարիչները»:
Ցուցահանդեսում ներկայացվող ուշագրավ կտավներից են բեշիքթաշցի Ջիվանյանի «Ստամբուլ», Սամաթյացի Սիմոն Յազըջըյանի «Գուշակ կինը» (1882թ.) և տրապիզոնցի Բուզանդ Գոջամանյանի «Էշերը» կտավները: