Գեղարվեստական հաղորդում (224)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային լուրերին:
Իրանցի արձակագիր Ռեզա Ամիրխանիի «Նրա ես-ը» վեպի թարգմանության և տպագրման իրավունքը հանձնվել է հայաստանյան հրատարակչությանը:
«Դայերե Մինա» գրական գործակալությունը, որը ներկայացնում է վեպի հեղինակ Ռեզա Ամիրխանիի շահերը «Նրա ես-ը» վեպը հայերենի թարգմանելու և Հայաստանում տպագրելու իրավունքը վաճառել է Հայաստանի «Դարակ» հրատարակչությանը:
«Դարակ» հրատարակչությունը մի քանի տարի է ինչ իրականացնում է միջազգային գրականության թարգմանության ծրագիր, որի շրջանակներում մինչ այսօր հրատարակել է Մարկուս Զուսակի «Գրքի գողը», Պաոլա Հաուքինզի «Աղջիկը գնացքումը», Մայքըլ Կանինգհամի «Ժամերը» և Ջոլին Բարնզի «Ֆլոբերի Թութակը»:
Ռեզա Ամիրխանիի «Նրա ես-ը» սիրային վեպ է որը պատմում է 1930-ական թվականներին Ալի Ֆաթահի և Մահթաբի հարաբերությունների մասին: Վեպում ներկայացվում է 1930-ական թվականներին Իրանում տիրող իրավիճակն ու դրան զուգահեռ փիլիսոփայական ու միստիկական թեմաներ:
«Նրա ես-ը» վեպի մինչ այժմ վերահրատարակվել է 50 անգամ և թարգմանվել է արաբերեն, ռուսերեն ու թուրքերեն լեզուներով:

Բելառուսի Հանրապետությունում անցկացված «Աշխարհի երեխաները բարեկամներ են» խորագրով մանկական նկարի 7-րդ միջազգային առցանց մրցույթի 14-16 տարեկանների խմբում Հայաստանը ներկայացրած մասնակիցը՝ Անժելա Պապիկյանը, գրավել է առաջին հորիզոնականը: Նա Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի մանրանկարչության խմբակի սան է. այն ղեկավարում է մանրանկարիչ Վարդևար Շամամյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց կենտրոնի գեղարվեստական մասի վարիչ Աննման Մինասյանը:
«Մրցույթին մասնակցելու համար հատուկ հարվեր էինք ստացել, ու, Անժելայից բացի, ևս 14 սան՝ կիրառական արվեստի տարբեր ճյուղեր ներկայացնող, մասնակցել են այդ մրցույթին, բայց լավագույնը ճանաչվել է Անժելայի աշխատանքը»,- նշեց Աննման Մինասյանը:
Մրցույթին մասնակցել են աշխարհի 27 երկրների 4500 պատանի նկարիչներ։ Մրցույթի ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել հունիսի 1-ին՝ Բելառուսի Հանրապետության Գեղարվեստի ազգային թանգարանում:

Ֆրանսահայ հանրահայտ դերասան և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը հունիսի 23-ին արժանացել է «Մոլիեր» ֆրանսիական թատերական մրցանակի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մոլիեր» թատերական 32-րդ մրցանակաբաշխությանը Աբգարյանին մրցանակ են հանձնել «Դյու Սոլեյ» թատրոնում ներկայացված «Էլեկտրան՝ գետնախորշերից» («Électre des bas-fonds») բեմադրության համար: Թատերական մրցանակները շնորհվել են «Հանրային թատրոնի լավագույն պիես», «Լավագույն բեմադրություն» և «Լավագույն ֆրանսախոս դրամատուրգ» գլխավոր անվանակարգերում:
1987-ից շնորհվող «Մոլիեր» թատերական մրցանակը համարվում է ֆրանսիական թատերական բարձրագույն մրցանակը: Մրցանակն անվանված է ի պատիվ 17-րդ դարի աշխարհահռչակ ֆրանսիացի կատակերգակ և դրամատուրգ Մոլիերի:
Սիմոն Աբգարյանը ծնվել է 1962 թվականի մարտի 5-ին Փարիզում՝ հայի և ֆրանսուհու ընտանիքում: Դպրոցում սովորել է ֆրանսերեն և հայերեն: Ինը տարեկանում մեկնել է Բեյրութ, որտեղ սովորել է պարել «Լոռի» պարային համույթում: 1977-ին հայրը մեկնել է պատերազմ, և 15-ամյա Սիմոնը մոր հետ վերադարձել է Փարիզ, որից հետո տեղափոխվել Նյու Յորք և շարունակել պարել: Նա սովորել է Փարիզի դերասանական արվեստի միջազգային դպրոցում: 1985 թվականին վերադարձել է Փարիզ և 8 տարի համագործակցել «Դյու Սոլեյ» թատրոնի տնօրեն Արինե Մնոչկինի հետ: Խաղացել է հունական կատակերգություններում: 1993 թվականին կնոջ` դերասանուհի և ռեժիսոր Կատրին Շաուբի հետ Փարիզում հիմնել է «T.E.R.A.» թատրոնը, որտեղ բեմադրել է դասական և ժամանակակից ներկայացումներ: 2009-ին կերտել է Միսակ Մանուշյանի դերը «Հանցագործների բանակը» ֆիլմում: Նկարահանվել է նաև «Արարատ», «Ճշմարտություն Չարլիի մասին», «Արամ», «Այո» , «Կազինո Ռոյալ», «Պերսեպոլիս», «Օձը», «Թարգմանություն», «Շիվա», «Անժելիկա, հրեշտակների մարկիզուհին», «Սպի», «Խենթ պատմություն» և այլ ֆիլմերում: Կատարել է մի շարք ֆիլմերի կրկնօրինակումներ, հանդես եկել բազմաթիվ հեռուստանախագծերում: 2001 թվականին «Հրեշը լուսնի վրա» ներկայացման համար ֆրանսիական թատրոնի կողմից արժանացել է մրցանակի:

«Boston Globe» հրատարակության պրոդյուսեր և լրագրող Անուշ Էլբակյանը միանգամից արժանացել է երկու «Էմմի» մրցանակի։ Նա ֆեյսբուքյան էջում գրել է այդ մասին ու հայտնել, որ մրցանակները ստացել է Քեյփ Քոդում կլիմայի փոփոխության վերաբերյալ վավերագրական ֆիլմի համար։
«Անուշ Էլբակյանը այսօր արժանացավ միանգամից երկու EMMY AWARD-«Էմմի» մրցանակի: Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիայի կողմից շնորհվող EMMY AWARD- բարձրագույն մրցանակը,Անուշի համար արդեն թվով հինգերորդ է։ Ու թող Մեր հաղթանակները շատ լինեն»,- ֆեյսբուքյան էջում գրել է Անուշ Էլբակյանի հայրը՝ ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր, նկարիչ, գրող Արթուր Էլբակյանը։
Հիշեցնենք, որ 2019-ին Անուշը երեք «Էմմի» մրցանակի էր արժանացել «Losing Laura»-ի համար (մարդկային ճակատագրեր- հետաքննություն): Նա տարբեր տարիներին ևս արժանացել է տարբեր հեղինակավոր մրցանակների, այդ թվում Էլբակյանը մասնակցել էր «Բոստոն Գլոբի» Բոստոնյան մարաթոնի ահաբեկչությունների և հետևանքների լուսաբանմանը, ինչի համար թիմի հետ միասին արժանացել էր Պուլիցերյան մրցանակի։

Screenrant պարբերականը մի ցանկ է կազմել, որում ընդգրկվել են համաշխարհային կինոյի վրա ամենաշատ ազդեցություն թողած տասը ֆիլմերը։
Screenrant ամերիկյան պարբերականը գրում է, որ ի տարբերություն Արևմուտքում տարածված կարծիքի` խորհրդային ֆիլմերը բազում պարգևներ են ստացել ու եվրոպական ֆիլմերի պես ազդել են համաշխարհային կինոյի վրա։
Ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ներառվել է Խորհրդային Միության ամենաազդեցիկ ֆիլմերի ցանկում։
«Ամբողջ ֆիլմը հայերեն է և համարվում է հայ բանաստեղծ Սայաթ-Նովայի կյանքի գեղարվեստական մեկնաբանությունը։ Ֆիլմը բացառիկ է, քանի որ խիստ եզակի աշխարհ է ստեղծում», - նշվում է հոդվածում։
Screenrant-ը գրում է նաև, որ սա Փարաջանովի ամենահայտնի ֆիլմն է։
Ցանկում ներառվել են նաև «Սեր և աղավնիներ», «Ստալկեր», «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», «Պոտյոմկին զրահանավը», «Թռչում են կռունկները», «Ադամանդե ձեռքը», «Պատերազմ և խաղաղություն», «Մոսկվան արցունքներին չի հավատում», «Կինոապարատով մարդը» և «Գնա և տես» ֆիլմերը։

Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ի և ֆրանսիական «La Huit Production» ընկերության համատեղ արտադրության «Կանանց գյուղը» վավերագրական ֆիլմը (ռեժիսոր Թամարա Ստեփանյան) La Scam 2020-ի շրջանակներում արժանացել է մրցանակի՝ ստանալով կազմակերպության կողմից շնորհված 30 աստղերից մեկը:
Աստղեր ստացած ֆիլմերը, իրենց հեղինակների մասնակցությամբ, հանդիսականին կներկայացվեն Festival Les Étoiles վավերագրական ֆիլմերի փառատոնի ժամանակ նոյեմբերի 7-8-ին Forum des images ֆորումին։
Ավելի վաղ kinoashkharh.am-ի հետ զրույցում Թամարա Ստեփանյանը ֆիլմի մասին ասել է.
««Կանանց գյուղը» կինոնկարը պատմում է Գեղարքունիքի Լիճք գյուղի կանանց մասին, որտեղ տղամարդիկ տարվա մեծ մասը լինում են «խոպանում»՝ Ռուսաստանում, իսկ կինը այդ ընթացքում դառնում է տան տղամարդը: Որքան էլ Հայաստանում տիրապետող է նահապետական մտածողությունը, սակայն շատ գյուղերում տղամարդիկ գրեթե չկան՝ բացակա են: Սա աբսուրդ է ինձ համար: Ես ուզում էի հասկանալ՝ ինչպե՞ս է այդ ընտանիքը գոյատևում, ինչպես է ապրում իր ամեն օրը: Դրա համար որոշեցի ֆիլմ նկարել տարվա բոլոր եղանակներին:
Կինոնկարը սկսվում է ամառվա տեսարաններով, երբ ամեն ինչ դեռ շատ թեթև է, եղանակը՝ արևոտ, երեխաները խաղում են, կանայք՝ աշխատում: Իսկ ահա աշնանը սկսվում են սթրեսային իրավիճակները․կանայք ամեն վայրկյան սպասում են իրենց ամուսիններին, որովհետև չգիտեն, թե ե՞րբ են գալու, և առհասարակ, գալո՞ւ են․․․։
Շատ հետաքրքիր է այն պահը, երբ վերադառնում են ամուսինները: Աչքիս առաջ իմ այդքան լավ ճանաչած կանայք միանգամից վերափոխվում են, դառնում առավել կանացի, սկսում գիտակցել, որ կին են: Ֆիլմը դառնում է կանանց ապրումների, ուրախության, տխրության մասին պատմող վավերագրական հուզիչ պատում»։

Լուվրի տնօրեն Ժան-Լյուկ Մարտինեսը հայտարարել է, որ թանգարանը պատրաստվում է վերափոխվել և հրաժարվել իր «վախեցնող էլիտար կերպարից»:
Artguide.com-ի հաղորդմամբ, 2023/2024 թթ. Օլիմպիական խաղերին ընդառաջ Լուվրը խոստանում է լրջորեն վերանայել իր հավաքածուներն ու ցուցահանդեսները։ Այդ վերանայումների նպատակը պետք է լինի «մշակութային ժողովրդավարացումը»՝ հավաքածուները պետք է լինեն ավելի հասանելի և ճանաչելի։
Մարտինեսը կարծում է, որ Փարիզի կենտրոնում նախկին թագավորական պալատը կարող է «վախեցնել» հասարակության որոշակի շերտին, և թանգարանը պետք է նրանց վստահեցնի, որ հավաքածուն նախատեսված է բոլորի համար։
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինի սկզբից թանգարանի կայքի այցելուները տասն անգամ ավելացել են, այժմ որոշված է ամբողջությամբ վերանայել պաշտոնական կայքի բովանդակությունը և ողջ հավաքածուն հասանելի դարձնել առ-ցանց։
Կարանտինից հետո Լուվրի վերաբացումը նախատեսված է հուլիսի 6-ին։ Սահմանափակումների պատճառով Լուվրի ֆինանսական կորուստներն այս պահին գնահատվում են 40 միլիոն եվրո։ Մարտինեսը կանխատեսում է կորուստներ նաև առաջիկայում, քանի որ տուրիստական հոսքերի նվազման պատճառով թանգարանի այցելուները պակասել են։ Այդ իսկ պատճառով հիմնական ջանքերն ուղղված կլինեն ավելի շատ ֆրանսիացի այցելուների ներգրավմանը։

«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության կազմակերպիչները հայտնել են այն մասին, որ միջոցառումը տեղափոխվելու է 2021 թվականի փետրվարի 28։ Ամեն տարի այն տեղի է ունենում հունվարի սկզբին: Նման որոշման պատճառն է կորոնավիրուսի համավարակը։
«Ոսկե գլոբուս» մրցանակին այս տարի կարող են հավակնել այն ֆիլմերը, որոնք հենց առաջին անգամ կցուցադրվեն մրցանակաբաշխության ժամանակ։ Նման որոշում է ընդունվել համավարակի պատճառով, քանի որ կինոթատրոնների մեծ մասն այս տարի չեն աշխատում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Օսկար» մրցանակաբաշխությունը նույնպես տեղափոխվել է. 2021 թ. փետրվարի 28-ի փոխարեն կկայանա ապրիլի 25-ին։
«Ոսկե գլոբուս» ամերիկյան կինոմրցանակը սահմանվել է Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի կողմից 1944 թվականին։ «Ոսկե գլոբուս» մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարվա հունվար ամսին և որոշվում է Հոլիվուդում բնակվող մոտավորապես 90 միջազգային լրագրողների քվեարկության արդյունքում։ Համարվում է 3-րդ հեղինակավոր մրցանակը «Օսկար»-ից ու «Գրեմմի»-ից հետո։

Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիան Google Arts & Culture հարթակի հետ համատեղ ակադեմիական հավաքածուից համացանց է տեղադրել ավելի քան 200 օբյեկետ։ artguide.com-ի հաղորդմամբ, ներկայացված աշխատանքների թվում է նաև Վերածննդի հայտնի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի երկու աշակերտի կողմից արված Լեոնարդոյի «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարի կրկնօրինակը։
Որմնանկարը ժամանակի ընթացքում շատ է վնասվել, իսկ կրկնօրինակը շատ լավ է պահպանվել։ Բացի այդ, աշակերտները նկարում լրացուցիչ դետալ են ավելացրել։
Ներկայացված աշխատանքները կարելի է մեծացնել և մանրամասն ուսումնասիրել: Ժամանակակից մի քանի նկարիչների աշխատանքները կարելի է դիտել ավելացված իրականության մեջ։