Գեղարվեստական հաղորդում (225)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային լուրերին: Ընկերակցեք մեզ։
Հայաստանի ազգային գրադարանն արտակարգ դրության պայմաններում վիրտուալ տիրույթում իրականացրել է քսանից ավելի միջոցառումների շարքեր՝ ամեն շաբաթ ներկայացնելով նորանոր նախաձեռնություններ: Այս շաբաթ գրադարանը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում մեկնարկել է «Հայ գրատպության առաջնեկները» շարքը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի վարիչ Սյուզան Չիչակյանն ասաց, որ շարքը նախաձեռնել է Հայաստանի ազգային գրադարանի մատենագիտության և գրադարանագիտության բաժինը: «Հայ գրատպության առաջնեկները» շարքի շրջանակում նախ և առաջ ներկայացրել ենք տպագիր առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը», այնուհետև կներկայացնենք առաջին տպագիր Աստվածաշունչը, տպագիր մաթեմատիկայի դասագիրքը և մի շարք այլ գրքեր, որոնք արժեք ունեն: Ներկայացվում են կարճ պատմություններ տվյալ գրքի ստեղծողի, ստեղծման մասին, դրա հետ կապված փաստեր, պատմություններ և այլն: Զետեղվելու են նաև տեսանյութեր, որոնք ավելի հետաքրքիր կդարձնեն ծանոթությունը նյութի հետ»,-պատմեց նա:
Գրադարանի վերոնշյալ բաժինը նախաձեռնելու է նաև «Հայտնի և անհայտ գրքեր» շարքը: Առաջիկայում գրադարանն անդրադառնալու է աշխարհի գրադարաններին, որտեղ հետաքրքիր կլինի այցելել: Այս նախաձեռնության հեղինակը գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժինն է: Բաժինը շարունակում է նաև կինոցուցադրություններ կազմակերպել, առցանց ընթերցանություններ, անդրադառնալ գրքերի համալրումներին:
«Ակտիվ են նաև մեր գրադարանավարները՝ իրենց «Խորհուրդ են տալիս գրադարանավարները» շարքով: Գրադարանի արվեստի բաժինն էլ իրականացնում է «Ոչ մի շաբաթ առանց արվեստի» ծրագիրը, իսկ ամբողջ աշխատանքը կազմակերպում ու համակարգում է մեր բաժինը»,- հայտնեց Սյուզան Չիչակյանն ու հավելեց, որ առցանց աշխատանքի ընթացքում գրադարանի հետևորդների քանակն ավելացել է 2 200-ով:

Հայաստանի ազգային գրադարանը նոր դիզայնով կայք է ստեղծել, որն արդեն գործարկվել է:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի վարիչ Սյուզան Չիչակյանը:
«Կայքն ունի ժամանակակից, գեղեցիկ դիզայն, ճկուն որոնողական համակարգ: Այն եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: nla.am կայքում ներառել ենք նաև «Նորություններ» բաժինը, որում տեղ կգտնեն գրական, գրադարանային կյանքին վերաբերող տարատեսակ նյութեր, հրապարակումներ մեր հյուրերի, նոր գրքերի համալրումների մասին»,-ներկայացրեց Չիչակյանը:
Նա ընդգծեց, որ նորություններ են ներկայացնելու ոչ միայն Ազգային, այլև այլ գրադարանների մասին:
«Կայքում ներկայացնելու ենք նաև ամեն ամսվա ամենաընթերցված գրքերի տասնյակը: Դա հնարավորություն կտա տեսնել, թե գրադարանում ինչ գրքեր են կարդում, ինչը կնպաստի գրքի հանրահռչակմանը: Դա մեր գրադարանի կարևորագույն գործառույթներից է»,-եզրափակեց Սյուզան Չիչակյանը:

Մշակույթի ոլորտի տարբեր ներկայացուցիչներ՝ դերասաններ, ռեժիսորներ, բեմանկարիչներ, կոմպոզիտորներ և պարզապես թատերասերներ համացանցում հրապարակել են լուսանկարների բազմաժանր ու հետաքրքիր շարք, որով կոչ են անում հասարակությանը կորոնավիրուսի դեմ պայքարում միանալ իրենց և պահպանել անվտանգության բոլոր կանոնները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լուսանկարներն ունեն #կրիր_դիմակ_փրկիր_մշակույթը, #ներկայացում_եմ_ուզում, #մենք_մի_ընտանիք_ենք հեշթեգերը:
Տիկնիկային թատրոնի ռեժիսոր Սամսոն Մովսեսյանն ասել է, որ մշակույթի գործիչները պետք է փորձեն չհուսահատվել և տրամադրության անկում չունենալ: «Պետք է փորձել բարձր պահել նաև ժողովրդի տրամադրությունը, իսկ դրա համար մենք չպետք է վհատվենք: Այս նախաձեռնությամբ փորձեցինք ոլորտի ներկայացուցիչներին հիշեցնել, թե ինչու են ընտրել այս կամ այն մասնագիտությունը և միասին փորձել աշխատելու որևէ ելք գտնել»,- նշեց Մովսեսյանն ու հավելեց, որ եթե պահպանենք հակահամաճարակային կանոնները, մեծ կլինի շուտով աշխատանքի վերադառնալու հույսը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է կրել դիմակ նաև մշակույթը փրկելու համար, որովհետև որքան երկար ենք խախտում անվտանգության կանոնները, այնքան շատ ենք վնասում նաև մշակութային ոլորտին:
Անդրադառնալով նոր ներկայացումներին՝ ռեժիսորը տեղեկացրեց, որ պարետատան թույլտվությամբ սկսել են Չեխովի «Երեք քույր» ներկայացման փորձերը: «Մեկուսացման սկզբնական շրջանում օնլայն մի քանի նախագիծ իրականացրինք, բայց դրանք արդյունավետ էին, երբ բոլորը տանն էին, իսկ հիմա չեմ կարծում, որ առցանց ծրագրերն ակտուալ են, քանի որ մարդիկ դրսում են:
Հիմա լուրջ մշակութային իրադարձությունների պակաս կա, և պետք է անենք հնարավորը աշխատանքի բնականոն ընթացքին վերադառնալու համար»,-նշեց Մովսեսյանը:

Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը համաշխարհային WORLD FOLK VISION հեղինակավոր մրցույթ-փառատոնում հաղթանակ է գրանցել՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մարիաննան գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Համաշխարհային WORLD FOLK VISION մրցույթ-փառատոնում գրանցեցինք հաղթանակ: Առաջին հորիզոնականով պատվավոր ԳԼԽԱՎՈՐ մրցանակ:
Խորին շնորհակալությունս բոլորին»,- գրել է քանոնահարուհին:
Օնլայն հարթակում անցկացվող այս մրցույթին մասնակցելիս Մարիաննան ներկայացրել էր ազգային նվագարան քանոնը՝ կատարելով Սայաթ-Նովայի «Էշխեմեդ» ստեղծագործությունը: Ընտրությունը տևել էր մեկ ամիս: Մրցույթին մասնակցել էր 115 երկրի ներկայացուցիչ, բայց կիսաեզրափակիչ փուլ էր անցել 180-ը` 60 երկրից: Նրանց թվում են եղել նվագախմբեր, երգչախմբեր, անհատ կատարողներ:
Մարիաննա Գևորգյանը սովորել և գերազանցությամբ է ավարտել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, հանրապետական, միջազգային մրցույթ-փառատոնների ոսկե մեդալակիր է: Աշխատում է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան «Տաղարան» հնագույն երաժտության համույթում (գեղարվեստական ղեկավար՝ Ս. Երկանյան):

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում առցանց զրույց-քննարկում է անցկացվել Կաննի 73-րդ կինոփառատոնի մասնակից «Երբ որ քամին հանդարտվի» (Si Le Vent Tombe) ֆիլմի մտահղացման, արտադրական, հետարտադրական և փառատոնային ճանապարհի մասին:
Հանդիպմանը մասնակցել են ֆիլմի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանը և պրոդյուսեր Անի Որսկանյանը: Հանդիպումը վարել է «Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը:
Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանը, անդրադառնալով «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմին, ընդգծել է, որ 11 տարի առաջ ԼՂ այցելելուց հետո որոշեց աշխարհին պատմել հայկական երկրորդ հանրապետության մասին։
«Ուզում էի նկարահանել մի ֆիլմ, որը պատմելու է Ղարաբաղի մասին, չէի ուզում նկարել վավերագրական կինոնկար։ Ոզում էի, որ ֆիլմն ավելի շատ գեղարվեստական կերպով ներկայացնի ԼՂ-ում առկա աբսուրդային վիճակը»,-նշել է Նորա Մարտիրոսյանը՝ հավելելով, որ բազում հիմնադրամներ, որոնց դիմել է ֆինանսավորման համար, ցանկացել են, որ նա իր սցենարի այլ տարբերակներ գրի, այլ անկյունից ցույց տա Արցախը և այլն, իրենց սխեմաներն ու մոդելներն են առաջարկել։ Ռեժիսորը փաստում է՝ 9 տարվա ընթացքում 10-15 տարբեր սցենարներ է գրել, սակայն այսօրվա ֆիլմը շատ նման է նրան, ինչ ուզում էր ասել ամենասկզբում, և դա իր ամենամեծ հաղթանակն է։
«Ես չեմ փորձում ֆիլմով ասել՝ ով է ճիշտ, ով` սխալ, փորձում եմ փաստեր ներկայացնել։ Ոչ մի կարծիք չեմ հայտնում, հիմնվում եմ փաստերի վրա։ Իմ ֆիլմը չի նայում դեպի անցյալ, ես չեմ պատմում անցյալի մասին, ներկայացնում եմ ներկան, հայացք եմ ձգում դեպի ապագա»,-ասել է Նորա Մարտիրոսյանը։
Ռեժիսորի այս աշխատանքը հետանկախության շրջանի առաջին ֆիլմն է, որը Կաննում ներկայացվել է Հայաստանից, ինչն աննախադեպ և ուրախալի իրադարձություն է հայկական ժամանակակից կինոյի համար։ Ֆիլմի նկարահանումների գերակշիռ մասը արվել են Հայաստանում և ԼՂ-ում։
Ֆիլմը Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի համատեղ արտադրություն է։

Նյու Յորքում անցկացվող SR Socially Relevant Film Festival 2020 առցանց մրցանակաբաշխությունը հայտարարել է մրցանակակիրների անունները: «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում Հայաստանից ներկայացված ռեժիսոր Ալեքսեյ Զլոբինի «Լորիկ» ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակի:
2018 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Արտամրցութային ծրագրեր» շարքում։ Ֆիլմում նկարահանվել է Միքայել Պողոսյանը, Իրեն Այվազյանը, Շաքե Թուխմանյանը, Եվգենիա Դմիտրիևան և ուրիշներ։
Ֆիլմը պատմում է Լոուրենս Օլիվիեի անվանակից տարօրինակություններով լի դերասան Լորիկի մասին՝ ներկայացնելով ոչ միայն մեկ դերասանի, այլ նաև մարդկանց կյանքի նկարագիրը՝ բարդություններով, խնդիրներով, ուրախություններով, գայթակղություններով, լացով, ծիծաղով՝ տրագիկոմեդիկ:
Լորիկը փողոց է դուրս գալիս թատերական հագուստով՝ առաջացնելով ծաղր ու զարմանք: Մարդիկ հեգնանքով են նայում նրան, իսկ Լորիկն անտարբեր է շրջապատի նկատմամբ: Նա նույնիսկ չի նկատում, որ հարազատ թատրոնն այլևս հանդիսատես չունի և փակվելու շեմին է: Նրան չի հետարքրում անգամ տնտեսուհի Աննայի անկեղծ սերը. Լորիկն ապրում է միայն իր հերոսների հույզերով:
Հասարակությունը զբաղված է հանապազօրյա հաց հայթայթելով, նորագույն տեխնոլոգիաները գերիշխում են կյանքում՝ մարդկանց զրկելով հոգևորից: Թատրոնը փակվելուց հետո շոկի ենթարկված Լորիկի հետ հրաշք է տեղի ունենում. նա սկսում է տեղափոխվել այլ մարդկանց մարմիններ, այնպես, ինչպես նախկինում սիրելի հերոսների կերպարանքն էր ընդունում: Նա մեկ հայտնվում է հարբեցող հարևանի մարմնում, մեկ էլ՝ վերածվում նախագահի թեկնածուի, մերթ նա գեղեցիկ կին է, մերթ էլ՝ մահվան շեմին հասած երեխա։

Ստոկհոլմում Նոբելյան թանգարանը երեք ամիս կարանտինց հետո կրկին ընդունում է այցելուների։ Հետկորոնավիրուսային առաջին ցուցահանդեսը կոչվում է «Վարակիչ»։ Ցուցահանդեսը նվիրված է համաճարակներին, դրանց ուսումնասիրությանը, դրանց դեմ պայքարին և այդ ամենի արտացոլմանը մշակույթում, հասարակական կյանքի ու տնտեսության վրա։ Եվրանյուզի հաղորդմամբ, իհարկե, հիմնական տեղը տրված է Նոբելյան դափնեկիրներին, ովքեր ուսումնասիրել և նկարագրել են անցյալի պանդեմիաները:
Թանգարանի տնօրեն Էրիկա Լաններն ասել է, որ նոր ցուցադրությունը նվիրված է նրան, թե ինչպես տարբեր ժամանակներում համավարակները, վիրուսներն ու իմունիտետն ազդել են բժշկական հետազոտությունների, տնտեսագիտության և գրականության վրա։
«Քանի որ մեր թանգարանը կրում է Նոբելյան անունը, մենք նաև ուզում ենք ցույց տալ, որ մարդկությունը միշտ ճգնաժամերը հաղթահարում է և դուրս գալու ելք է գտնում։ Մենք ցանկանում ենք փոխանցել այդ հույսի ուղերձը»,- ասել է նա:
Այդ իսկ պատճառով ցուցահանդեսում ներառված են ոչ միայն գիտնականների աշխատություններ, ովքեր ուսումնասիրել են հիվանդությունները և փնտրել պատվաստանյութեր, այլև գրական ստեղծագործություններ: