Գեղարվեստական հաղորդում (226)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային լուրերին: Ընկերակցեք մեզ։
Իրանահայ արվեստի գործիչների մասին պատմող ու գործող «ԻՐԱՆԱՀԱՅԵՐ» ցուցահանդեսի կազմակերպման մասին Թեհրանում հրատարակվող «Ալիք» օրաթերթը զրուցել է ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Սանազ Արիանֆարի հետ:
Արիանֆարը հայտնել է, որ ցուցադրության հանված նմուշներն ընտրել է իրանահայ 26 արվեստագետի վաստակն ու աշխատանքներն ուսումնասիրելուց հետո:
Արիանֆարը պատմեց, որ անցյալում եւս նույն թեմայով ցուցահանդեսի կազմակերպման փորձ է ունեցել: «Վերջին ցուցահանդեսը տեղի ունեցավ չորս տարի առաջ՝ 2016-ին, «Մարիամ» ցուցասրահում, որտեղ ներկայացված էր իրանահայ արվեստագետների ստեղծագործություններից ցուցանմուշներ»,- հավելել է նա:
Արիանֆարի մոտ նման ցուցահանդեսի կազմակերպման գաղափարը առաջացել է իրանահայ արվեստին ծանոթանալուց եւ այդ ուղղությամբ կատարած ուսումնասիրություններից հետո: Նրա կարծիքով հատկապես արվեստի ոլորտում առաջատարի դիրքերում եղածներին գտնելն ու ներկայացնելը միայն ծառայեց որպես առիթ՝ տվյալ ցուցահանդեսի գաղափարը զարգացնելու համար: «Անհնար է հերքել իրանահայերի դերը իրանական ժամանակակից արվեստի զարգացման մեջ: Գուցե այն պատճառով է, որ հայերը առնչակից էին եւրոպական մշակույթին ու արվեստին, եւ բնական կլիներ, եթե այն արտացոլած լինեն իրենց գործերում, կամ փոխանցած լինեն իրանական մշակույթի արդիականացման ընթացակարգին»:
Նա նշում է, որ սաֆավիների ժամանակաշրջանում նույնպես հայ առեւտրականներն էին եւրոպական մշակույթն ու արվեստը կամրջում Միջին Արեւելքի հետ, ինչով էլ նրանք (հայերը) երեւելի դարձան կերպարվեստի զարգացման գործում: Դա նույնիսկ կարելի է նկատել նաեւ սելջուկների ու մոնգոլական արշավանքների ժամանակաշրջանում: Այդ ժամանակներից եկած ձեռագիր Աստվածաշնչերում եւս աչքի են ընկնում մանրանկարներ ու մինիատուրա, ինչը վկայում է մշակույթների փոխհարաբերություններում հայերի ներկայության մասին:
Արիանֆարը խոսելով «ԻՐԱՆԱՀԱՅԵՐ»-ում ցուցադրված գործերի մասին նշեց, որ այստեղ կան միջազգային նշանակության արվեստի ցուցանմուշներ՝ Սոնիա Բալասանյանից, Սիրաք Մելքոնյանից, Սմբատից, Եսայի Շահիջանյանից, Մարկո Գրիգորյանից, եւ ուրիշներից, որոնք, ի հարկե, Իրանում մեծ հռչակ վայելող արվեստի մյուս իրանահայ գործիչների կողքին կարող են խոսել ցուցահանդեսի ներկայացրած որակի մասին:
«ԻՐԱՆԱՀԱՅԵՐ»-ն այն նախագծերից էր, ինչը մյուս հաջողված միջոցառումների պես համաճարակին զոհ գնաց: Նույն կապակցությամբ Արիանֆարը անդրադարձավ նման նախագծերի իրականացման ծախսերին՝ միաժամանակ հիշեցնելով, որ ցուցահանդեսն իրականացվել է Մեհրսան մշակութային համալիրի ներդրած ջանքերով: «Իսկ այս նախագիծն իրականացնելու գործում մեզ աջակցել են ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը, ազգ. առաջնորդարանը, «Արտակ Մանուկյան» թանգարանը, որի համար շնորհակալ ենք եւ երախտագետ»:
«Եղել են դեպքեր, երբ ցուցադրված լուսանկարների տպագրման ծախսերը նույնիսկ հոգացել է կազմակերպող կողմը՝ «Մեհրսան»-ը: Սրա կողքին եղել են նաեւ դեպքեր, երբ արտասահմանում ապրող արվեստագետն է հոգացել իր աշխատանքերի ցուցադրման բոլոր ծախսերը»,- արձանագրել է նա եւ որպես օրինակ հիշել ԱՄՆ-ում բնակվողների՝ Էդիկ Պողոսյանին ու Սոնիա Բալասանյանին:
Արիանֆարը տեղեկացրեց, որ փակման հանդիսությունը կարող էր լինել յուրատեսակ ու շքեղ, սակայն պանդեմիայի պատճառով «Մեհրսան»-ը որոշեց սահմանափակվել ինստագրամային ուղիղ միացման հնարավորությունն օգտագործելով, որտեղ իրանահայ երեք արվեստագետների՝ Արման Ստեփանյանի, Ադենա Միրզախանյանի, եւ Րաֆֆի Դավթյանի մասնակցությամբ, եւ իհարկե իր՝ Արիանֆարի եւ արվեստաբան Մոթաղեդիի կատարմամբ քննարկվեց «Իրանահայ արվեստի գործիչների դերը՝ իրանական ժամանակակից արվեստի զարգացման գործում» թեման:
Քննարկումն իրականացվեց հուլիսի 10-ին:

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային շրջանակում Շառլ Ազնավուրի հրապարակում կբացվի արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի անվան աստղը: Մաթևոսյանն այս տարի կդառնար 85 տարեկան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնն այս տարի անցկացվելու է նոյեմբերի 1-8-ի ընթացքում, սակայն պատվավոր աստղերի բացման արարողությունն իրականացվում է հուլիսից:
Այս տարի տոնելու են նաև ռեժիսոր Գրիգոր Մելիք-Ավագյանի 100, Առնոլդ Աղաբաբովի 90, Աղասի Այվազյանի 95 և Ռուբեն Գևորգյանցի 75-ամյակները:

Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ Աղասի Այվազյանի 95-ամյա հոբելյանի առթիվ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում Շառլ Ազնավուրի հրապարակում կբացվի նաև նրա անվան աստղը:
Աղասի Այվազյանը որպես ռեժիսոր աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1967 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նրա սցենարով նկարահանվել է «Եռանկյունի» կինոնկարը։ Այնուհետև նրա սցենարով «Հայֆիլմը» նկարել է նաև «Հայրիկ» գեղարվեստական կինոնկարը։ 1982 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում Աղասի Այվազյանն իր «Կովկասյան էսպերանտո» պատմվածքի հիման վրա գրված սցենարով նկարահանել է «Լիրիկական երթ» գեղարվեստական կինոնկարը։ Նրա ռեժիսորական հաջորդ աշխատանքն է եղել հայ նկարիչ Վանո Խոջաբեկյանի անսովոր ճակատագրի մասին պատմող «Վանոն և գորոդովոյը» պատմվածքի հիման վրա ստեղծված սցենարով «Վառած լապտեր» կինոնկարը։

«Music-20» դասական երաժշտության առցանց միջազգային փառատոնի շրջանակում հուլիսի 10-28-ը երաժշտասերները «Music-20» կայքէջով կարող են ունկնդրել 9 սիմֆոնիկ, 5 կամերային համերգ, 3 մենահամերգ և 2 անսամբլային համերգ։ Համերգային ծրագրերը կանցկացվեն Երևանի Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում առանց երաժշտասերների։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:
Հուլիսի 9-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում կազմակերպված ասուլիսին Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանն ասաց, որ նման փառատոն կազմակերպելու գաղափարը պատկանում է Սերգեյ Սմբատյանին:
Նրա խոսքով՝ համավարակի տարածման այս շրջանում, երբ մշակույթը ծանր վիճակում է, մարդիկ անգործ են մնացել, Հայաստանը այն երկրներից է, որոնք կարողանում են պահպանել հակահամաճարակային բոլոր կանոններն ու կազմակերպել մշակութային կարևոր իրադարձություն, որի միջոցով մշակույթը շարունակում է ապրել:
Սերգեյ Սմբատյանն էլ ընդգծեց, որ կարողանում են հաղթահարել բոլոր դժվարությունները, ստեղծել արժեք, ստեղծել միջավայր: «Աշխարհահռչակ արտիստներ կգան Հայաստան, և մեր երկիրը կլինի այն կենտրոնը, որին կհետևեն դասական երաժշտության երկրպագուները: Մենք ակնկալում ենք ավելի քան 100 հազար օնլայն դիտում: Կպրոպագանդենք մեր նվագախումբը, մեր փայլուն համերգասրահը, որը շատ լավ ակուստիկ հնարավորություններ ունի և թույլ է տալիս աշխատել՝ պահպանելով միջազգային նորմերը»,- ասաց դիրիժորը:
Նա տեղեկացրեց, որ փառատոնին Հայաստանում ելույթ կունենան հանրաճանաչ մենակատարներ և դիրիժորներ: Ավելի քան 20 մենակատար կգա Հայաստան: Նրանցից են Սերգեյ Դոգադինը, Ֆրանչեսկա Դեգոն, Անդրեյ Բարանովը, Գլորիա Քամփաները և Հայկ Կազազյանը։
Սմբատյանը պատմեց՝ երբ դիմել են արտիստներին, նրանք դրական են արձագանքել, քանի որ հրավեր են ստացել նաև պարետատնից ու հասկացել, որ Հայաստանի համար դասական երաժշտությունը կարևոր է:
Միջոցառման ընթացքում խստագույնս պահպանվելու են հակահամաճարակային առողջապահական բոլոր սահմանված կանոնները: Բոլոր հյուրերը, որոնք ժամանելու են Հայաստան, հանձնելու են թեստեր, մեկուսացվելու են և միայն կարանտինի ժամկետի լրանալուց հետո հնարավորություն կունենան մուտք գործել Մարզահամերգային համալիր:

Բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ Ղևոնդ Ալիշանի 200-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ ստեղծվելու են երեք անիմացիոն մուլտիպլիկացիոն կինոնկարներ: Դրանք պատմելու են Հայաստանի մասին՝ կրելով հայրենաճանաչողական բնույթ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն ասաց, որ Ալիշանի 200-ամյակը նախարարությունը պետք է նշեր տարբեր ծրագրերով, սակայն կորոնավիրուսի տարածման պատճառով մի շարք նախաձեռնություններ խափանվել են:
«Ցանկանում ենք Ալիշանի կերպարը ճանաչելի դարձնել երեխաներին, դեռահասներին: Այդ նպատակով մեր դրամաշնորհային ծրագրերով գումար ենք հատկացրել մի քանի կազմակերպության, որոնք սկսել են աշխատել հայրենաճանաչողությանը անիմացիոն նպաստող մուլտֆիլմերի ստեղծման վրա: Հայրենաճանաչողությունը հենց այն է, ինչով Ալիշանը զբաղվել է Վենետիկում: Նա երբևէ չի եղել Հայաստանում, սակայն գրել է Հայաստանի մասին, անդրադարձել իր հայրենիքին գավառ առ գավառ: Ալիշանը բացառիկ գիտնական էր, որը մեզ հսկայական տեղեկատվություն է փոխանցել մեր երկրի մասին»,- պատմեց Խաչատուրյանը:
Ըստ փոխնախարարի՝ մեր պարտքն է Ալիշանի հոբելյանի կապակցությամբ մեր հայրենիքի մասին ճանաչողական փոքրիկ պատմություններ պատրաստել հասկանալի լեզվով, որոնք ընկալելի լինեն տարբեր տարիքային խմբերի համար:
«Ստեղծվելու է անիմացիոն ֆիլմ Հայաստանի յոթ հրաշալիքների մասին, մուլտֆիլմերում կխոսվի նյութական, ոչ նյութական մշակութային արժեքների՝ մեր ավանդույթների մասին, քանի որ Ալիշանն էլ, հղում անելով մեր պատմիչներին, օրինակ՝ Խորենացուն, անդրադարձել է մեր ավանդապատումներին: Այդ անիմացիոն մուլտֆիլմերի միջոցով և՛ Հայաստանին ենք ծանոթացնելու, և՛ շրջանառելու ենք Ալիշանի անունը, որին շատ երեխաներ և երիտասարդներ չեն ճանաչում: Մուլտֆիլմերում նա գործող անձ է: Սա մնայուն, չհնացող մշակութային արժեք կլինի, որը կարող է կրթական, ճանաչողական առումով մշտապես օգտակար լինել հասարակության տարբեր շերտերին»,- համոզմունք հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Մուլտֆիլմերում ներկայացվելու են նաև հուշարձանների հետ վարվեցողության կանոնները:
Նարինե Խաչատուրյանի խոսքով՝ անիմացիոն մուլտֆիլմերը կներկայացվեն արևելահայերեն, արևմտահայերեն և անգլերեն լեզուներով: «Մեր խնդիրը նաև օտարերկրացիներին մեր երկիրը ճանաչելի դարձնելն ու զբոսաշրջիկներին գրավելն է: Եթե նրանք դիտեն, օրինակ, Մեծամորի մասին պատմող անիմացիոն նյութը, շատ կցանկական գալ Հայաստան ու տեսնել, թե որն է Մերձավոր Արևելքի հնագույն երկաթագործական արտադրություն ունեցող քաղաքը»,- ընդգծեց Խաչատուրյանը՝ հույս հայտնելով, որ մուլֆիլմերը դուր կգան մարդկանց:

«Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա օգոստոսի 1-10-ը:
Փառատոնը նվիրվում է հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:
Նրա փոխանցմամբ՝ բոլոր ներկայացումները կանցկացվեն բացօթյա՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները:
Փառատոնի բոլոր ներկայացումները կցուցադրվեն նաև առցանց՝ միաժամանակ ուղիղ հեռարձակմամբ, քանի որ հանդիսատեսի թույլատրելի քանակը կլինի սակավաթիվ:

91 տարեկանում մահացել է իտալացի հայտնի կոմպոզիտոր Էննիո Մորրիկոնեն։
Կոմպոզիտորն առավել հայտնի է որպես կինոյի և հեռուստատեսության երաժշտության հեղինակ: Նա երաժշտություն է գրել ավելի քան 400 կինոնկարների և հեռուստասերիալների համար:
Մորրիկոնեն երկու անգամ արժանացել է «Օսկարի», ինչպես նաև շատ այլ մրցանակների հաղթող է:
«Անձեռնխելիները» ֆիլմի համար նա 1988 թվականին արժանացել է «Գրեմմի» մրցանակի։