Գեղարվեստական հաղորդում (228)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային լուրերին: Ընկերակցեք մեզ։
Իրանահայ անվանի թարգմանիչ, դերասան և ռեժիսոր Անդրանիկ Խեչումյանը պարսկերենի է թարգմանել Ռուբեն Մարուխյանի «Չիկարելիի արկածները» մանկական վիպակը:
Այն նախատեսված է 0-ից մինչև 100 տարեկան երեխաների համար:
Հեղինակը սովորեցնում է, որ չի կարելի սուտ խոսել, շատ ուտել, նախանձել ընկերոջը, բարեկամին, բամբասել, խարդախությամբ և խաբեբայությամբ զբաղվել, մի խոսքով՝ անազնիվ չի կարելի լինել:
Չի կարելի նաև պարսատիկով թռչուններին ու կենդանիներին հալածել, ծառ կտրել, ծաղիկներ պոկոտել, աղբյուրի ակունքը կեղտոտել...
Եվ, իսկապես, ինչքա՜ն բան կա մեր կյանքում, որ չի կարելի անել, իսկ եթե արդեն արել ես այդ արարքներից մեկը, ապա անպայման դու, որպես մարդ, այնքան կփոքրանաս, որ քեզ այլևս ոչ ոք չի նկատի, և ընդհանրապես կկորչես, ինչպես այս գրքի Մուշեղ անունով տղան, որին փրկելու համար երկար ու դժվար ճանապարհ պետք է անցնել:

Հուլիսի 20-ին կարճատև հիվանդությունից հետո վախճանվեց իրանահայ վաստակավոր տեսուչ, ուսուցիչ, գրող, բանաստեղծ, ՀԲԸՄ-ի Իրանի մասնաճյուղի և նույն միության կանանց բաժանմունքի տարիների նախագահ՝ Աստղիկ Բաբայանը:
Աստղիկ Բաբայան-Կարապետյանը ծնվել է 1936թ. Իրանի Արաք քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է Թեհրանի հայոց «Դանայի», «Մանկական պալատ» և «Մարիամյան» դպրոցներում: Ապա բարձրագույն ուսումը ստացել է Բեյրութի «Հայկազյան» կոլեջում:
Վերադառնալով Թեհրան զբաղվել է ուսուցչությամբ, միևնույն ժամանակ ընդունվել է Թեհրանի պետական համալսարանի Անգլերեն լեզվի և գրականության ֆակուլտետը, որն ավարտելուց հետո նույն ճյուղում ստացել է մագիստրատուրան:
1969-1982 թթ. ստանձնել է Թեհրանի հայոց «Թովմասյան» միջնակարգ, երկսեռ դպրոցի տեսչությունը:
Ա. Բաբայանը դեռ պատանի հասակից սկսել է գրել, որոնցից մի փունջը հրատարակվել է Բեյրութի «Նաւասարդ» գրական ամսագրում: Իսկ ավելի ուշ՝ նրա բանաստեղծությունները իրենց ուրույն տեղն են գտել Իրանահայ գրական շրջանակի «Հանդիպում» պարբերագրքերում:
Նրա առաջին գիրքը՝ «Իրական դեպքեր»-ը, լույս է տեսել 2001թ.-ին, Թեհրանում, որին եկել են լրացնելու՝ «Ժամանակը սահում է և...», «Ներքին ձայնը, որ...», «Ակրոստիքոսներ» (4 հատորով), «Արծաթե գոտու հետքերով», «Գրքերի որբանոցը», «Հոգու գեղեցկությունը», ու մեծ թվով ձեռագրեր որ չհասցրեց հրատարակել...
Նրա գրքերի շնորհանդեսը, որ 2011թ. հոկտեմբերի 28-ին կազմակերպվել էր ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի, ՀԲԸՄ-ի և «Արաքս» շաբաթաթերթի համատեղ ջանքերով վերածվեց ժողովրդական մեծարման...:

Հայազգի հանճարեղ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 203-ամյակի կապակցությամբ հուլիսի 24-29 «Այվազովսկու օրեր» խորագրով միջոցառումների շարք է իրականացվելու: Ծրագրի շրջանակում Թեոդոսիայի Հովհաննես Այվազովսկու և Հայաստանի ազգային պատկերասրահների համագործակցությամբ նախատեսվում են վիրտուալ էքսկուրսիաներ, դասախոսություններ, վիկտորինաներ և ծանոթություն մեծանուն նկարչի ժառանգների հետ։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ազգային պատկերասրահի ընդհանուր հարցերով փոխտնօրեն Աննա Եղիազարյանը հիշեցրեց, որ Ազգային պատկերասրահի՝ Այվազովսկու հավաքածուն մեծությամբ երկրորդն է աշխարհում: Առաջինը Հովհաննես Այվազովսկու տուն-թանգարանն է:
«Մեր պատկերասրահի երկու սրահներում ցուցադրում ենք հեղինակի գործերը, և հուլիսի 28-ին պատկերասրահի, «Դոմ Մոսկվի» կենտրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջերում ներկայացվելու է առցանց էքսկուրսիա, որի շրջանակում մասնագետները ներկայացնելու են Այվազովսկու կյանքը, գործունեությունը, խոսելու են հեղինակի ստեղծագործությունների մասին»,-պատմեց Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ համավարակի օրերին, երբ թանգարանները փակ են, նման միջոցառմամբ հնարավորություն է ստեղծվում կապը պահպանել արվեստասեր հանրության հետ: Պատկերասրահում կա նկարչին պատկանող 80-ից ավելի գործ, որոնց մեծ մասը մշտապես ցուցադրվում է երկու սրահներում: Ցուցանմուշներից են «Նոյն իջնում է Արարատից» կտավը, որին առանձնահատուկ ուշադրություն են դարձնելու, «Քրիստափոր Կոլումբոսը» և այլ գործեր:
«Այվազովսկու հանդեպ հետաքրքությունը միշտ մեծ է: 2017-ին մենք նշեցինք նրա 200-ամյակը, և այդ առիթով կազմակերպված ցուցահանդեսը բացառիկ էր ոչ միայն մեր պատկերասրահի համար, այլև մեր մշակութային կյանքում, քանի որ ոչ մի ցուցահանդես նման քանակի այցելու երբևէ չէր ունեցել: Ճիշտ է՝ հիմա հեղինակի 203-ամյակն է, բայց միևնույն է կրկին մեծ է նրանով հետաքրքրվողների քանակը»,-շեշտեց Աննա Եղիազարյանը:
Խոսելով առհասարակ վիրտուալ տիրույթում ծավալած գործունեության մասին՝ Եղիազարյանն ասաց, որ օնլայն տիրությում աշխատանքն արհեստական բնույթ չի կրում: Նա հիշեցրեց, որ մարտ ամսից, երբ երկրում արտակարգ դրություն է հաստատվել, պատկերասրահը միշտ ակտիվ է եղել, վերանայել է աշխատանքը, նոր ծրագրեր է մշակել, որպեսզի ամենօրյա հրապարակումներով հնարավոր լինի պահել այցելուների հետ կապը: Իրականացրել են ծրագիր, որի շրջանակում պատկերասրահի պահոցների ցուցանմուշներն են հանրայնացրել. եղել են գործեր, որոնք առաջին անգամ են հրապարակվել: Նախագծերի արդյունքում հետևորդների մեծ բանակ են ձևավորել:
Պատկերասրահի ընդհանուր հարցերով փոխտնօրենը շեշտեց, որ առջևում բազմաթիվ հետաքրքիր նախաձեռնություններ են կյանքի կոչելու: Հաջորդ տարի նշելու են պատկերասրահի հիմնադրման 100-ամյակը: Այս տարվանից արդեն մի շարք ծրագրեր ու նախագծեր են մշակում:

Արթիկի փոխքաղաքապետ Բորիս Ավագյանն իր ընտանեկան հավաքածուից Հայաստանի ազգային պատկերասրահին է նվիրել հայկական կերպարվեստի խոշոր ներկայացուցիչ Գևորգ Բաշինջաղյանի վրձնին պատկանող «Աշուն» կտավը, որը ստեղծվել է 1910 թվականին։ Նվիրատուն այն ժառանգել է իր պապից՝ հայտնի գիտնական, ակադեմիկոս Բորիս Ավագյանից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կտավի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 23-ին:
Բորիս Ավագյանը նշել է, որ նախատեսում են պատկերասրահին նվիրել այն բոլոր կտավները, որոնք ժառանգություն են ստացել իրենց նախնիներից, քանի որ դրանք ազգային հարստություն են և պետք է պատկանեն ապագա սերունդներին:
Ըստ Ավագյանի՝ Հայաստանի ազգային պատկերասրահն հենց այն վայրն է, որտեղ պետք է պահվեն հանրահայտ նկարիչների ստեղծագործությունները:

Սթենլի Կուբրիկի «Փայլատակում» ֆիլմի ստեղծման 40-ամյակի առթիվ՝ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը բացօթյա հարթակում կազմակերպեց կինոնկարի ցուցադրությունը:
Արվեստասերները ֆիլմը դիտեցին հուլիսի 20-ի երեկոյան՝«ՌիվեռՍայդ» ավտոմոբիլային կինոթատրոնում։
Այս կերպ շատ սեղմ ժամկետներում փորձ արվեց մեկ ֆիլմի ցուցադրությամբ պահպանել փառատոնի ամենամյա կոլեկտիվ կինոդիտման՝ այս օրերին անհասանելի գեղեցիկ ավանդույթը։ Կինոդիտմանը մասնակիցները գալիս էին իրենց սեփական ավտոմեքենաներով, որոնց միջից էլ հենց դիտում էին ֆիլմը։
«Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը փաստում է՝ հրաշալի հնարավորություն էր կինոյին կարոտ մարդկանց փորձել ինչ-որ կերպ ֆիլմ ցույց տալ, այն էլ՝ ոչ թե առցանց, այլ ապահովել կոլեկտիվ կինոդիտումը։ «Միակ հնարավոր ձևաչափը, հաշվի առնելով իրավիճակը, սա էր։ Պետք է ասել, որ նմանատիպ ցուցադրությունները նոր երևույթ են Հայաստանի համար, սակայն արտերկրում շատ ընդունված ձևաչափ են»,-նշեց նա:
«Փայլատակումը» ռեժիսոր Սթենլի Կուբրիկի՝ 1980 թվականին Սթիվեն Քինգի համանուն գրվածքի հիման վրա նկարահանած ամերիկյան ֆիլմ է։ Այն շատ կինոքննադատների կարծիքով համարվում է լավագույններից մեկը սարսափ ֆիլմերի ժանրում։

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հնագույն Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանում համաշխարհային կինոյի մեծ վարպետ, աշխարհահռչակ բեմադրիչ, նկարիչ, դիզայներ Սերգեյ Փարաջանովի մահվան 30-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է անցկացվել:
Հիշատակի հուշ-երեկոն կազմակերպել էր «ԱՕԿՍ-Ուկրաինա» հայկական մշակութային կապերի ընկերությունը՝ «Կիևյան Սոֆիա» ազգային հատուկ պահպանվող տարածքի և Ուկրաինայում ՀՀ դեսպանության աջակցությամբ։
Մեծ վարպետի հիշատակին նվիրված միջոցառումը վարել է «ԱՕԿՍ-Ուկրաինա» ընկերության նախագահ Ելենա Հովհաննիսյանը, որն, ի թիվս այլոց, ներկաներին պատմել է իր կողմից հիմնադրված «Փարաջանով-արտ» ընկերության գործունեության մասին, հռչակավոր արվեստագետի հետ իր հանդիպումների դրվագներից, վերջերս մահացած Փարաջանովի այրի՝ Սվետլանա Շչերբատյուկի հետ իր ընկերության և Կիևում Փարաջանովին նվիրված թանգարանի ստեղծման իր՝ առայժմ չիրականացած ծրագրերի մասին։
Ներկաներին ողջույնի խոսքեր են հղել «Կիևյան Սոֆիայի» գլխավոր տնօրեն Նելյա Կուկովալսկայան և Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով նշել է, որ Փարաջանովի արվեստը բացառիկ դեր է ունեցել հայ, ուկրաինացի և վրաց ժողովուրդների մշակութային կյանքում։
Ողջ երեկոյի ընթացքում իրենց հիշողություններից ու մեծ Մաեստրոյից իրենց տպավորություններից են խոսել ։
Միջոցառման սրահում ցուցադրվել են քանդակագործ Հրայր Մարտիրոսյանի և նկարիչ Վաչագան Թորոսյանի աշխատանքները։ Ձեռնարկի ընթացքում երաժշտական ելույթներով հանդես են եկել նաև «Նո-Տա» դաշնամուրային դուետը, երգչուհիներ Լուիզա Ուբերիան և Լուսինե Պրոշչալիկինան։
Սերգեյ Փարաջանովի հիշատակին նվիրված միջոցառման ավարտին ներկաները դիտել են ռեժիսոր Ռոման Բալայանի «Գիշերը Փարաջանովի թանգարանում» ֆիլմը։

Կինոռեժիսոր Օվսաննա Շեկոյանի «Թվիստ» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Սարայեվոյի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում։ Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հենց փառատոնի ժամանակ: Սարայեվոյի 26-րդ միջազգային կինոփառատոնում՝ կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում: Այս մասին հայտնում է Օվսաննա Շեկոյանը:
Փառատոնի կայքից տեղեկանում ենք, որ կինոփառատոնի մրցութային ծրագրերում՝ գեղարվեստական, վավերագրական, կարճամետրաժ և ուսանողկան, ընդգրկված է 49 ֆիլմ: 16 րոպեանոց «Թվիստ» ֆիլմը մրցելու է այդ անվանակարգում ընդգրկված ևս 9 ֆիլմի հետ:
Փառատոնն ընդհանուր ստացել է 750 հայտ, 130 գեղարվեստական ֆիլմի, 220-ը՝ վավերագրական, 250-ը՝ կարճամետրաժ, 150-ը՝ ուսանողական:
Փառատոնն անցկացվելու է օգոստոսի 14-21-ը:

Շուկայի հետազոտությամբ զբաղվող ArtTactic- ի ընկերության ուսումնասիրության համաձայն, աճուրդային տների վաճառքի ծավալը 2020 թ. առաջին կեսին նվազել է 49 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, չնայած առ-ցանց վաճառքն աճել է: artguide.com-ի հաղորդմամբ, զեկույցը հիմնված է Christie’s, Sotheby’s և Phillips աճուրդային տների տվյալների հիման վրա:
Առ-ցանց վաճառքը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է շուրջ 500 տոկոսով:
Առ-ցանց վաճառքի աճ է գրանցել հիմնականում Sotheby’s աճուրդային տունը. այս տարվա առաջին կեսին առցանց-վաճառքից ստացել են 305,2 միլիոն դոլար, որը մոտ 976 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:
Առ-ցանց վաճառքներն ինչ -որ առումով փրկություն են եղել խոշոր աճուրդային տների համար այն բանից հետո, երբ մայիսին անկումը կազմել էր 97 տոկոս: Դրանից հետո անցկացվել են մի շարք աճուրդներ ուղիղ հեռարձակմամբ՝ փոխարինելով նախկինում հետաձգված կամ չեղյալ հայտարարված ավանդական աճուրդներին, ինչի արդյունքում կարողացել են կրկին գրավել գնորդների ուշադրությունը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio