Օգոստոս 10, 2020 14:25 Asia/Yerevan

Հարգարժան ունկնդիրներ այսօր դժվար է գտնել մի մարդու, ով չունենա անձնական էջ սոցիալական ցանցում: Մենք տեղադրում ենք նկարներ, գրառումներ ենք անում, որոնք անշուշտ շատ բան են պատմում մեր մասին։ Այսօր կխոսենք այդ մասին։ Ընկերակցեք մեզ։

Առցանց համակարգում բոլորը չէ, որ ներկայանում են այնպիսին ինչպիսին իրականում կան: Օգտատերերի կողմից իրենց գրանցման պահին տրամադրվող տեղեկությունները չեն ստուգվում: Յուրաքանչյուր ոք կարող է իրեն ներկայացնել որպես այլ անձնավորություն:

· Ուրեմն ուշադիր ուսումնասիրե՛ք առցանց hամակարգում ձեր կողմից տեղադրվող նյութը: Հիշեք` որևէ բան տեղադրելուց հետո հնարավոր է, որ այն այլևս երբեք չկարողանաք ամբողջությամբ ջնջել ցանցից:

·  Ուշադիր եղե՛ք հատկապես նկարներ տեղադրելիս: Եթե անգամ ձեր անունը չեք տեղադրում նկարի կողքին, այն կարող է հիմք ծառայել ձեզ ճանաչելու համար և երկարատև մնալ վեբ պահուստներում անգամ հեռացվելուց հետո:

·  Պաշտպանե՛ք ձեր անձնական տեղեկությունները, հատկապես եթե դրանց միջոցով կարող են նույնականացնել ձեզ կամ որոշել ձեր գտնվելու վայրը:

·  Երբեք մի՛ տեղադրեք այնպիսի բաներ, որոնք կարող են վիրավորական լինել ուրիշների համար:

·  Հիշե՛ք, որ ձեր նկարագրի կարգավորումները կարելի է փոփոխել` այն դարձնելով հանրությանը հասանելի՝ բաց կամ գաղտնի՝ փակ: Դուք պետք է աչալրջորեն որոշեք` նրանցից որն է ավելի հարմար օգտագործման  համար:

·  Օգտվե՛ք սոցիալական ցանցերի կայքերում առաջարկվող գաղտնիության կարգավորումներից:

·  Նախքան ձեր նկարագիրը հանրությանը հասանելի դարձնելը, լուրջ մտածե՛ք:

·   Հիշե՛ք,  եթե ձեր նկարագիրը հասանելի է հանրությանը, այն կարող է տեսնել ցանկացած մարդ: Եթե անգամ հասանելի էլ չէ, այն դարձյալ տեսանելի կարող է լինել բոլոր այն մարդկանց, ովքեր գրանցված են այն ցանցերում, որին դուք անդամակցում եք:

·  Ձեր նկարագրում երբեք մի՛բացահայտեք ձեր կոնտակտային տվյալները:

Զգույշ վերաբերվե՛ք ձեր անձնական տեղեկություններին: Խնդիրն այն է, որ համացանցում անձնական բնույթի տեղեկատվություն տեղադրելուն պես` մարդն այլևս ի վիճակի չէ վերահսկել, թե ով կտեսնի դա կամ ինչպես այն կօգտագործվի: Նկարները հեշտությամբ կարող են կրկնօրինակվել և սեղմակի մեկ հպումով տարածվել հազարավոր մարդկանց շրջանում:

Սոցիալական ցանցում պետք չէ հրապարակել այնպիսի բաներ, որը չէիք ցանկանա հեռարձակվեր հանրության համար: Գաղտնի կարգավորումներ ընտրելը ոչ բոլոր դեպքերում է նշանակում, որ ձեր նկարագիրը կարող են տեսնել միայն ձեր ընկերները: Որոշ դեպքերում դա կարող է նշանակել, որ նկարագրում տեղադրված յուրաքանչյուր տեղեկություն տեսանելի է բոլորին, սակայն միայն ընկերները կարող են այնտեղ ավելացնել մեկնաբանություններ և ակնթարթային հաղորդագրություններ: Դուք պետք է նաև իմանաք, որ մեծ խմբերի կամ ցանցերի միանալու դեպքում ձեր նկարագիրը կարող է հասանելի լինել հսկայական թվով մարդկանց:

Նկարները կարող են նաև օգտագործվել որոնման նոր ծրագրերի կողմից` մարդկանց նույնականացնելու նպատակով (եթե անգամ նկարի կողքին չկա անունը): Ուրեմն պետք է չտեղադրել այնպիսի նկարներ, որոնք չենք ուզում տեսանելի դարձնել բոլորին։

***

Սոցցանցերում առաջինը, որ ուշադրություն է գրավում, պրոֆիլի գլխավոր նկարն է։ Այստեղ պետք է որոշել, ինչ եք ուզում դրանով ցույց տալ: Յուրաքանչյուր անձ, էջում պրոֆիլը լրացնելով, նշում է անձնական տվյալները, իր հետաքրքրություններն ու զբաղմունքը, ինչպես նաև առանձնանում է զանգվածից եզակի ավատարով՝ անձնանշանով:

Նկարները և ստատուսները սոցցանցերում կարող են խոսել հոգեբանական խնդիրների մասին։

Գիտնականները կատարել են հարցում Facebook սոցիալական ցանցի օգտատերերի շրջանում:  Նրանք գնահատել են նրանց պարզությունը, պարտաճանաչությունը, զիջողությունը և նևրոտիկ վիճակների առկայությունը: Հետազոտողները բացահայտել են, որ երջանիկ զույգերը հաճախ են սոցցանցերում տեղադրում իրենց նկարները և հարաբերությունների վերաբերյալ մանրամասներ: Սակայն նույնն անում են նաև բարձր ինքնագնահատական ունեցող օգտատերերը՝ կապված հարաբերությունների որակից: Անձնական կյանքում խնդիրները նրանց համար մեծ հարված են՝ ի տարբերություն ցածր ինքնագնահատական ունեցողների: Հետևաբար, այդ տիպի մարդկանց համար կարևոր է ցույց տալ ուրիշներին, իրենց զուգընկերոջ և հենց իրենց, որ իրենց հարաբերություններում ամեն ինչ կարգին է: 

 

Նևրոտիկ վիճակում գտնվող պատասխանողները հաճախ օգտագործել են Facebook-ը, որպեսզի վերահսկեն զուգընկերոջը և ի ցույց դնեն իրենց հարաբերությունները: Որպես կանոն՝ նևրոտիկներն առավել խանդոտ են: Այդպիսով նրանք փորձում են նվազեցնել հարաբերություններով պայմանավորված անհանգստությունը: Էքստրավերտներն առավել ակտիվ են եղել սոցցանցերում, ավելի հազվադեպ են վերահսկել իրենց զուգընկերներին և կիսվել են իրենց անձնական կյանքի մանրամասներով:  Սակայն նման վարքագիծ բնորոշ է եղել ինտրովերտներին: 

Սոցիալական ցանցերը յուրահատուկ սոցիալական միջավայր են, որոնք թույլ են տալիս տարբեր տարիքի մարդկանց միավորվել ընդհանուր հետաքրքրությունների հիման վրա: 2003-2004թթ. այլ ուղղվածության կայքերի կողքին մեծ տարածում գտան սոցիալական կայքերը: Այսօր սոցիալական ցանցերի ամենաակտիվ մասնակիցները 12- 35 տարեկան մարդիկ են: Ըստ 2014-2016թթ. տվյալների, այսօր արդեն գոյություն ունեն տարբեր տարիքային խմբերի և ուղղվածությունների հետաքրքրությունների հարթակ հանդիսացող հայրուրավոր սոցիալական ցանցեր: Սոցիալական ցանցերի հնարավորությունները տարեց տարի ընդլայնվում են, որոնք ոչ միայն հնարավորություն են տալիս միջանձնային շփում իրականացնել, այլ նաև՝ դիտել տարաբնույթ տեսահոլովակներ, ընթերցել գիտական, զարգացնող, ճանաչողական հոդվածներ և ստեղծել մասնագիտական հետաքրքրություների վրա հիմնված խմբեր ։ Եվ աստիճանաբար, այդ գործընթացի արդյունքում, դեռահասների, պատանիների և նաև երիտասարդների մի հսկայական բանակ արդեն «ապրում են» վիրտուալ իրականության մեջ, առաջացնելով հոգեբանական կախվածության այնպիսի ձևեր, ինչպիսիք են ինտերնետ կամ սոցիալական ցանցերից կախվածությունը: Պետք է նշել, որ ինտերնետ կախվածություն ունեցողներին բնորոշ է գիտակցության հատուկ վիճակ, երբ զանազան ինֆորմացիոն նյութերը, որոնք նրանք տեսնում և ընթերցում են համացանցում, դառնում են շատ կարևոր. մի կողմից, անձը չի կարողանում «բաց թողնել» նորանոր ինֆորմացիաները, իսկ մյուս կողմից, նոր ազդակներով գերգրգռված գլխուղեղը չի կարողանում «հասցնել» այդ ամենը մշակել և արդյունքում՝ հոգեկանը կորցնելով նպատակայնության, աստիճանակարգի և հետևողականության իր ֆունկցիան՝ առաջացնում է գիտակցության որոշակի փոփոխված վիճակ: Համացանցի ծայրահեղ դրսևորումները կարող են հանգեցնել իրական կյանքի հետ կապի խզման, այն է՝ իրականությունից, իրական շփումներից, ի վերջո, նաև լիարժեք կենսագործունեությունից հեռացման: Եվ եթե հասուն մարդը, որպես կանոն, կարող է սահամանափակել սոցիալական ցանցերից եկող տեղեկատվական հոսքը և ցուցաբերել ընտրողականություն, ապա դեռահասները և պատանիները, ունենալով հոգեբանական անկայունություն, բարձր ներշնչվողականություն, ակտիվություն և հակասական ընկալումներ, հայտնվում են բավականին խոցելի վիճակում: