Օգոստոս 17, 2020 18:15 Asia/Yerevan

Մի գավաթ անդորր հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ։ Կորոնավիրուսի համավարակը ծանր հետք է թողնում ընտանեկան հարաբերությունների վրա։ Այսօր կխոսենք կորոնավիրուսի հասցրած վնասները մեղմելու միջոցների և տանը սիրով լի միջավայր ապահովելու մասին։Ընկերակցեք մեզ։

Աշխարհում կորոնավիրուսի տարածման օրերին հարկադիր ինքնամեկուսացումը ընտանեկան կոնֆլիկտների պատճառ է դառնում։ Հոգեբանները  խորհուրդ են տալիս, թե ինչպես վարվել այդ կոնֆլիկտների հետ:

Այն երկրներում, որտեղ տարածված է համավարակը, ստիպված են արմատական միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի դանդաղեցնեն կորոնավիրուսի տարածումը։ Այս իրավիճակը ծանր է անդրադառնում մարդկանց վրա։ Մարդիկ տարբեր են, այդ պատճառով էլ տարբեր ձև են արձագանքում հարկադրանքի հետ կապված սթրեսին և փորձություններին, շուրջօրյա համակեցությանը։ Դրա համար էլ այդ սթրեսի հաղթահարման ռազմավարությունները կարող են տարբեր լինել։ Բացի այդ, որոշ ժամանակ կանցնի, մինչև դրանց ազդեցությունը կգործի։ Սակայն կան որոշ համընդհանուր սկզբունքներ»։

Ըստ հոգեբանների՝ նախևառաջ պետք է գիտակցել, որ հարկադիր կարանտինային մեկուսացումը բանտ չէ և որ պահպանելով կարանտինը՝ դուք օգնում եք մյուսներին, առաջին հերթին՝ թույլերին, ծերերին, ոչ այնքան առողջ մարդկանց։ Իսկ եթե ավելի վերամբարձ՝ ապա դուք ծառայում եք հանրությանը, դա ձեր պարտքն է հանրության առջև։ Հավաքական պատասխանատվության զգացումը բոլորիս կօգնի ավելի հեշտ հաղթահարել մեկուսացման փաստը։

Երկրորդ կարևոր կետը օրվա պլանավորումն է։ Կարգուկանոնը, գործունեության հստակ կառուցվածքայնությունը վստահություն են հաղորդում, ուժեղացնում են սթրեսային իրավիճակներում, հստակեցնում են հեռանկարները։ Մի խոսքով, պետք չէ օրվա կեսն անցկացնել խալաթով կամ գիշերանոցով։ Հենց արթնանում եք, ձեզ կարգի բերեք և պահպանեք ընտանեկան սովորական առօրյան։ Օրը պլանավորելիս հարկավոր է ընտանիքի յուրաքանչյուր անդամին ժամանակ հատկացնել։ Դա կնվազեցնի կոնֆլիկտների հնարավորությունը։

Երբ մարդիկ ստիպված են լինում միմյանց հետ ապրել համակեցության երկար պայմաններում, ապա հոգեկանի վրա ծանրաբեռնվածությունը հանգեցնում է դյուրագրգռության, ագրեսիայի կամ հուսահատության և դեպրեսիվ վիճակի։ Կարանտինի արտառոց պայմանները կարող են ընտանիքում լուրջ վեճերի՝ նույնիսկ բռնությունների առիթ դառնալ։

Անհրաժեշտ է պահպանել վարքի էթիկան։ Բացի այդ, պետք է իրավիճակը հարթել հենց սկզբից։ Փորձեք ամեն օր ընտանեկան ճգնաժամային խորհրդի նման բան հրավիրել։ Թող ամեն մեկն ասի, թե ինչ կցանկանար փոխել․ փորձեք միասին լուծումներ գտնել։ Զսպեք ձեզ, հանդուրժող եղեք միմյանց նկատմամբ։ Ստեղծված իրավիճակը ծանր է բոլորի համար։ Սա արձակուրդ չէ, ինչպես որ երբեմն անվանում են, քանի որ ոչ ոք չի կարող ազատ անել այն, ինչ սովորաբար անում է արձակուրդին։

Հանդուրժող եղեք նաև ինքներդ ձեր նկատմամբ․ ամեն ինչ չէ որ կլինի այնպես, ինչպես ծրագրել էիք․ դա նորմալ է։ Մի եղեք չափից դուրս պահանջկոտ ձեր նկատմամբ։ Հարկադիր ինքնամեկուսացման պայմաններում, փորձեք չկենտրոնանալ ներքին ապրումների, խնդիրների վրա, այլապես ձեզ կհամակի ներքին տագնապի և խուճապի զգացումը։

Ձանձրույթը ևս խնդիր է․ զբաղվեք նրանով, ինչով երկար ժամանակ ցանկանում էիք զբաղվել, բայց ժամանակ չէիք գտնում։ Շփվեք ընկերների և բարեկամների հետ․ ժամանակակից տեխնիկական միջոցները, հեռախոսը, համակարգիչը, սոցիալական ցանցերը տալիս են դրա հնարավորությունը։

 

Այս դժվարին իրավիճակում երեխային ամենաշատ ուշադրությունն է հարկավոր։ Պետք է մի քիչ թուլացնել դաստիարակչական պահերը։ Աշխատեք չնախատել և չպատժել երեխային, հակառակը՝ ավելի հաճախ գովեք, խթանեք նրա մոտիվացիան։ Նրա հետ շփվելիս պահպանեք լավատեսությունը, դրական տրամադրվածությունը։ Դա երեխային կներշնչի պաշտպանվածության, վստահության զգացում։

Ինքներդ էլ մի մոռացեք, որ ամեն ինչ անցողիկ է։ Կորոնավիրուսի համավարակը կվերջանա։ Աշխարհը հաստատ չի կործանվի COVID-19-ից և դրա հետ կապված խնդիրներից։ Վտանգը, տագնապը, վախը և ինքնամեկուսացումը կանցնեն պատմության գիրկը, իրավիճակը կկանոնավորվի։ Իսկ մինչ այդ, փորձեք անել այն ամենը, ինչը կհեշտացնի ավելի թեթև տանել այս ժամանակաշրջանը, որպեսզի ձեր ընտանիքում պահպանվի համերաշխությունը:

***

 

Իրոք կորոնավիրուսի համավարակը գլխիվայր փոխել է առօրյա կյանքը։ Մինչ դպրոցները փակ են, ծնողներն աշխատում են տնից կամ անսպասելիորեն գործազուրկ են դարձել և շատերը գտնվում են «տանը մնալու» հրահանգի ներքո, շարունակում է խախտված մնալ կյանքի առօրյա ռիթմը: Կորոնավիրուսի տարածմանը զուգընթաց՝ մարդիկ հասկանալիորեն մտահոգ են, ուստի ինչպե՞ս պետք է մեծահասակները հոգ տանեն երեխաների էմոցիոնալ առողջության մասին նման աննախադեպ իրավիճակում։

Հոգեբանները խորհուրդ են տալիս թե ինչպես կարող են մեծահասակները խոսել երեխաների հետ նրանց զգացմունքների մասին, ներգրավել նրանց մտերմություն և կապ ապահովող զբաղմունքներում և օգնել ձեռք բերել դիմադրողականություն այս դժվարին ժամանակահատվածում։

Ինչպե՞ս պետք է մեծահասակները մոտենան ստեղծված իրավիճակը երեխաների հետ քննարկելու հարցին:

Երեխաների մեծ մասը տարբեր չափով տեղյակ է, թե ինչ է կատարվում։ Նույնիսկ փոքրահասակ երեխան կարող է հասկանալ, որ իր ծնողներն անհանգիստ են, և ընտանիքի ամենօրյա ռեժիմը փոխվել է: Մեծահասակները կարող են ավելի բարձր տարիքի երեխաների հետ զրուցել ստեղծված իրավիճակի մասին նրանց պատկերացումների մասին, այնուհետև հարցնել, թե ինչ մտահոգություններ ունեն: Մենք չենք կարող երեխաներին հանգստացնել, քանի դեռ չգիտենք, թե ինչից են նրանք անհանգստանում: Մեծահասակները չպետք է ենթադրեն, որ երեխաների մտահոգությունները նույնն են, ինչ իրենց մտահոգությունները

Ինչպե՞ս պետք է մեծահասակները հաղորդեն իրենց իսկ զգացմունքները երեխաներին:

Եթե ծնողը անհանգստացած է ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ապա երեխաները դա կհասկանան:Հոգեբանները  խորհուրդ չեն տալիս թաքցնել այն։ Երեխաները ցանկանում են, որ մեծահասակները լինեն ճշմարիտ, անկեղծ և ազնիվ։ Մեծահասակները պետք է երեխաներին հայտնեն իրենց որոշ մտահոգությունների մասին, և, մասնավորապես, թե ինչպես են իրենք դիմագրավում այդ մտահոգություններին: Եթե մեծահասակները կարողանան երեխաների հետ զրուցել այս իրավիճակին դիմագրավելու ուղիների մասին, նրանք երեխաներին կյանքի հմտություններ կսովորեցնեն, որոնք կօգնեն նրանց, երբ հետագայում հայտնվեն դժվար իրադրության մեջ։

Մեծահասակները պետք է անշուշտ զգույշ լինեն իրենց մտահոգող որոշ հարցերի մասին խոսելուց, ինչպես օրինակ՝ ֆինանսական հարցերի վերաբերյալ։ Մեծահասակները պետք է փորձեն դրական տեսակետ հաղորդել՝ շեշտադրելով այն ամենը, ինչ իրենց հույս է ներշնչում։ Այս ժամանակահատվածում նրանք պետք է  երեխաներին հավաստիացնեն, որ դրական գործողություններ են կատարվում գիտնականների և այլ պատասխանատու անձանց կողմից: