Մի գավաթ անդորր (220. «Մոմո» խաղի ազդեցությունը)
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ հաղորդաշարի այս թողարկման ընթացքում կխոսենք շատ արդիական և ծնողներին հուզող թեմայի շուրջ։ Խոսքը Մոմոյի մասին է,որը մուտք է գործել վիրտուալ իրականություն և ազդում է երեխաների հոգեկան աշխարհի վրա։ Հաղորդման ընթացքում կներկայացնենք մասնագետների դիտարկումներն ու խորհուրդները։ Ընկերակցեք մեզ։
Ով է Momo–ն, ինչպես է նա ազդում երեխաների հոգեկան աշխարհի վրա։ Ինչ է իրենից ներկայացնում հավելվածը, որն իբր դրդում է երեխաներին ու դեռահասներին սխալ արարքներ թույլ տալ։
WhatsApp-ում Momo Challenge անվանումով խաղ է հայտնվել։ Անծանոթ մարդը գրում է երեխաներին եւ խնդրում կատարել սարսափելի արարքներ, ընդ որում՝ առաջադրանքներ տվողը թաքնվում է Момо-ի՝ սոսկալի կնոջ դեմքով եւ թռչնի մարմնով կերպարի տակ ։
«Մոմոն ինտերակտիվ խաղ է, որը թիրախավորում է դեռահասներին և այն երեխաներին, ովքեր ունեն բջջային հեռախոսներ և օգտվում են համացանցից։ Վիրտուալ իրականության մեջ երեխաներն իրենց ավելի ապահով են զգում և ստեղծում են իրենց ուրույն աշխարհը, սակայն շատ ժամանակ չեն զգում այնտեղից եկող վտանգները։ Խաղի թիրախային խմբերը լինում են այնպիսի երեխաներ, որոնք զուրկ են ծնողական խնամքից և սիրուց, ովքեր անտեսված են մեծ մասամբ», - ասում է հոգեբան Անուշ Գրիգորյանը։
Որոշ օգտատերեր, բլոգերներ և լրատվամիջոցներ սեփական դիտումները ապահովելու համար հենց իրենք են թյուր տեղեկատվություն տարածում համացանցում, և դրանով իսկ անտեղի խուճապի պատճառ դառնում։
Ըստ հոգեբանի՝ իրազեկվածության մակարդակի բարձրացման համար ցանկալի է, որ հասարակության մեջ լինեն կիբերապահովության դպրոցներ։
***
Առհասարակ, ծնողները երեխաներին պետք է տան ընդհանուր տեղեկություն համացանցի և սոցիալական կայքերից օգտվելու վերաբերյալ։ Երեխային մենք ինքներս պետք է ասենք, պատմենք, որ կան խաղեր, որոնք հատուկ հորինվում են մարդկանց հետաքրքրելու ու դրանով գումար վաստակելու համար։ Մինչև երեխային համացանցի հնարավորություն տալն ու սոցկայքերում հաշիվ բացելը, ծնողը պետք է երեխային ասի, որ հնարավոր է՝ քեզ գա նմանատիպ հաղորդագրություն։ Դրանք շատ վտանգավոր են, խնդրում եմ՝ այդ դեպքում անմիջապես ինձ ասես, որ ես կարողանամ քեզ պաշտպանել։ Կամ ասեք՝ «սոցկայքերի միջոցով ինչ-որ մեկը կարող է քեզ սուտ և տհաճ բաներ գրել ։ Մի՛ արձագանքիր և անմիջապես ինձ ասա»։
Այսինքն՝ եթե մենք այդ վախեցնող խաղերն այդ տեսակետից ներկայացնենք երեխային, ապա նա այլևս պատասխաններ չի փնտրի այլ տեղերում և չի փորձի սեփական փորձով իմանալ՝ դա ինչ է։
Ծնողները պարբերաբար պետք է հետևեն, թե ինչ խաղեր են խաղում երեխաները, բայց ոչ թե քննադատորեն մոտենան այդ խաղերին, այլ հմտորեն, օրինակ, ասեն՝ արի միասին խաղանք, տեսնեմ՝ այդ ինչ ես նայում, խաղում, անում։ Այն բաները, որոնցից երեխաները վախենում են, կարելի է դիտել, խաղալ միասին, ծիծաղել դրանց վրա, ծաղրել այդ խաղի հերոսներին, օրինակ, ասել, որ հորինողը շատ տգեղ է նկարել։
Երբ հումորի վերածեք վախի առարկան, երեխայի մոտ կթուլանա կամ կվերանա այդ վախը։ Ընդհանրապես, երեխաները սկսում են թաքցնել՝ ինչ են անում, ինչ են խաղում, ինչով են զբաղված, երբ մտածում են, որ ծնողն իրենց կպատժի։ Ուստի, պետք է հարցին շատ անմիջականորեն մոտենալ՝ հիշելով, որ մենք էլ ենք ունեցել գաղտնիքներ։
Եթե Ձեզ հետաքրքրում է «Մոմո» խաղն ու դրանով շատ անհանգստացած եք, ապա խոսեք այդ խաղի մասին երեխայի հետ, նկարեք այդ հերոսին, փորձեք պատկերացնել՝ ինչպես են հորինել այդ խաղը։ Ի վերջո, կարող եք ստեղծել ձեր «մոմո»-ն թղթի վրա։ Այսպիսով՝ երեխայի մոտ հետաքրքրությունը կմարի,ու վախը կանցնի։ Սա, իհարկե, ոչ միայն «Մոմո»-ին, այլև մյուս խաղերին է վերաբերում։
Առհասարակ, պետք է երեխայի մոտ ձևավորել հետաքրքրություն կենդանի շփման, խաղերի վերաբերյալ։ Կարելի է հրավիրել երեխայի սիրելի ընկերներին ու տանը կազմակերպել սեղանի խաղերի լավ երեկո։ Այդ դեպքում հավանականությունը քիչ կլինի, որ ձեր երեխան ընկնի օնլայն հարթակի նմանատիպ խաղերի թակարդը։
Եթե երեխան ծնողի հետ չի խոսում մի բանի մասին մեկ շաբաթից ավելի, ապա վախ ունի նրանից։ Այս դեպքում ծնողը պետք է փոխի երեխայի նկատմամբ իր մոտեցումը, պետք է ավելի ջերմ դառնա, քննադատությունը քչացնի։ Եթե որևէ երևույթի, խաղի նկատմամբ երեխայի մոտ վախն ավելի քիչ է, քան ծնողի նկատմամբ, ապա երեխան հեշտությամբ կընկնի այդ խաղերի թակարդը։ Պետք է այնպես անել, որ այդ երևույթների նկատմամբ վախը մղի երեխային խոսել ծնողի հետ։ Եթե այդպես չէ, ուրեմն երեխա-ծնող հարաբերություններում առկա են լուրջ տարաձայնություններ։
Երբ ծնողն անընդհատ քննադատում է, անինքնավստահություն է ներշնչում երեխային, վերջինս փակվում է, վախենում է ծնողից ու անում է սխալ քայլեր: Դրա համար ծնողները պետք է երեխաների հետ շփվեն ինչպես հասակակցի հետ, ինչը բնականաբար, շատ դժվար է։ Բայց ծնող-երեխա կայուն և վստահելի հարաբերությունների ստեղծման համար ծնողները պետք է իրենց մեջ արթնացնեն երեխային։
Մասնագետները ծնողներին հորդորում են ավելի զգոն լինել խաղի հնարավոր ազդեցության հետևանքով ծագող խնդիրներից խուսափելու հարցում։ Որքանով ծնող և երեխա կապը վստահելի է և ամուր, այնքանով երեխան ավելի շուտ է վստահում ծնողին իր գաղտնիքները։ Դա օգնում է, որ երեխան նմանօրինակ վտանգի առնչվելիս անպայման հայտնի իր ծնողին։ Եթե ծնողը չի կարողանում ինքնուրույն օգնել երեխային, անպայման անհրաժեշտ է դիմել ոլորտի մասնագետի։