Օգոստոս 25, 2020 07:45 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային լուրերին:Ընկերակցեք մեզ:

 

ԱՊՀ երկրների ԳՐՔԱՐՎԵՍՏ մրցույթն ամփոփվել է օգոստոսի 20-ին։ Ամենամյա մրցույթն այս տարի անցկացվում էր Մինսկում՝ հեռավար, մասնակցում էր ԱՊՀ վեց երկիր: Մասնակից երկրները՝ Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը ներկայացրել էին գրքեր, որոնք մրցում էին տասը անվանակարգում: Հայաստանը ներկայացված էր չորս անվանակարգում՝ համապատասխան չորս գրքով: Չորս գիրքն էլ մրցանակային տեղերի են արժանացել:

Ժյուրիի միաձայն քվեարկությամբ ամենապատվավոր ԳՐԱՆ ՊՐԻ անվանակարգում հաղթող է ճանաչվել «Նահապետ» հրատարակչության կողմից ներկայացված Սեն Հովհաննիսյանի «Հայաստանի Ատլաս /Atlas of Armenia» գիրքը: Այն ստացել է նաև հատուկ մրցանակ «Գիտություն և Կրթություն» անվանակարգում:

«Այս տարվա մրցույթում սա միակ գիրքն էր, որը հաղթող ճանաչվեց միաժամանակ երկու անվանակարգերում: Ժյուրին բարձր գնահատեց թե՛ գրքի բարձր պոլիգրաֆիկ որակը, թե՛ աշխարհագրական լիարժեք ժամանակագրությունը, թե՛ մշակութային արժեքը, թե՛ այն ահռելի աշխատանքը, որ կատարվել է գրքի ստեղծման համար: Ժյուրիին հիացրեցին հատկապես գրքի՝ Հայաստանը կենդանի կերպով ներկայացնող նկարներն ու նկարազարդումները, որոնք արվել են բացառապես հեղինակի կողմից: Մեծ գնահատանքի արժանացավ նաև այն փաստը, որ քարտեզները մշակվել են քսան քարտեզագետների կողմից»,- նշում է Հայաստանի ազգային գրադարանի Գրականության հանրահռչակման բաժնի վարիչ, մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Մարգարետ Ասլանյանը, որը նաև ժյուրիի անդամ էր:

Մրցույթին ներկայացված մյուս երեք գրքերը տարբեր անվանակարգերում արժանացել են երկրորդ պատվավոր տեղին:

«Անտարես հրատարկչության կողմից ներկայացված «Մաեստրո Սերգեյ Փարաջանով» գիրք-ֆոտոալբոմը զբաղեցրեց երկրորդ տեղը՝ «Փոխադարձ բարեկամություն» անվանակարգում: «Իմ երկիրը» անվանակարգում ներկայացված «Իմ Երևան» ֆոտոալբոմը նույնպես զբաղեցրեց երկրորդ տեղը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ներկայացված «Հեթում Բ արքայի ճաշոցը» գիրքն էլ երկրորդ մրցանակի արժանացավ «Նկարազարդումների արվեստ» անվանակարգում: Բոլոր նշված անվանակարգերում տասը գիրք էր ներկայացված, հետևապես սա նույնպես պատվավոր հաղթանակ էր»,- նշում է Մարգարետ Ասլանյանը:

Մրցանակների պաշտոնական շնորհումը տեղի կունենա Մոսկվայի «Գրքի տոնավաճառ» ամենամյա փառատոնի շրջանակներում՝ սեպտեմբերին:

 

 

«Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնը լույս է ընծայել Հակոբ Օշականի «Ամբողջական գործեր» քննական բնագրերի առաջին հատորը:

«Հեղինակի առաջին՝ «Խոնարհները» ժողովածուից ճիշդ 100 տարի անց տպագրուած այս մեծածաւալ գիրքն ընդգրկում է փոքր արձակն ամբողջութեամբ՝ քերթուածներ, այդ թւում՝ արձակ բանաստեղծութիւններ, պատմուածքներ, հէքեաթներ եւ պատկերներ` անհրաժեշտ գիտական ծանօթագրութիւններով, բառարանով, անձնանունների եւ գրականութեան ծաւալուն ցանկերով:

Յակոբ Օշականի երկերի՝ լիակատարութեան ձգտող այս ժողովածուն յաւակնում է ամբողջացնել, եւ որ կարեւորն է, համեմատական ճանապարհով միասնական դարձնել գրողի հսկայական ժառանգութեան՝ վերջին հարիւր եւ աւելի տարիների տարաբնոյթ հրատարակութիւնների գիտական նկարագիրը՝ մատենագիտական քննական լոյսի տակ։

Գրքի խմբագիրներ Պրօֆ. Սուրէն Դանիէլեանը եւ դոցենտ Քնարիկ Աբրահամեանը ելել են ճանաչողական այն հիմնադրոյթից, որ Յակոբ Օշականի ստեղծագործական կիզակէտը եղել է անդուլ ու տեւական երկխօսութիւնը համաշխարհային գրական-փիլիսոփայական բարձրաբերձ մակարդակ պահած, շարժում եւ աշխարհայեացք ձեւաւորած տիտանների հետ։ Նրանք վերհանել են դարասկզբի՝ ողբերգականօրէն ներհակ ժամանակի եւ ազգային բաւիղներում շլմորած անհատի երազանքը, ներաշխարհը, հայ-թուրք բազմածալ փոխյարաբերութիւնները, Պրուսայի աշխարհում ապրող հայութեան տառապանքն ու ինքնութեան դրսեւորումները։

Նկատենք, որ դիւրին չի եղել կազմողների ճանապարհը, որը ձգուել է 2011 թուականից ի վեր։ Նրանք յաղթահարել են օշականեան բնագրին մօտենալու դժուարութիւններ՝ սկսած նիւթերի ընդգրկումից՝ ձեռագրերից, ժամանակի մամուլի  որոնումներից մինչեւ ծանօթագրման անհրաժեշտ մանրամասները, խմբագրական  համեմատական տքնանքը, շտկումների եւ մեկնումների անվերջանալի շղթան։

Գիրքը տպագրութեան երաշխաւորել է Խ. Աբովեանի անուան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի գիտական խորհուրդը: Արտաքին գրախօսներն են ԵՊՀ հայ գրականութեան ամբիոնի վարիչ, Պրօֆ.  Սամուէլ Մուրադեանը եւ պատմական գիտութիւնների դոկտոր Յակոբ Չոլաքեանը: Հրատարակութիւնը հովանաւորել են ստամբուլահայ մտաւորականներ՝ ուղեգրող Արամ Գամպուրեանն ու թատերագիր, երջանկայիշատակ Արման Վարդանեանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

 

Հայաստանի Ազգային պատկերասրահը երկար դադարից հետո վերաբացվել է:

Ազգային պատկերասրահում վաղը վերաբացվեց նաև «Դալի և Պիկասո»  ցուցահանդեսը, որը գործեց 4 օր:

Հիշեցնենք,   որ   ցուցահանդեսը   ներկայացնում  էր  Սալվադոր  Դալիի  և  Պաբլո Պիկասոյի  260  ստեղծագործություն  (քանդակ,  գրաֆիկա,  խեցեղեն)՝  «Искусство Наций»  հիմնադրամի  նախագահ,  մեկենաս  և  հավաքորդ  Ալեքսանդր  Շադրինի մասնավոր  հավաքածուից:  Այս ցուցահանդես-նախագիծն  արդեն  ներկայացվել  է բազմաթիվ երկրներում: Հավաքածուն Ալեքսանդր Շադրինը համալրել է 15 տարիների ընթացքում,  այն  Դալիի  ստեղծագործությունների  խոշորագույն  և  Պիկասոյի խեցեգործական  աշխատանքների  ամենաներկայանալի հավաքածուներից է աշխարհում:

Ցուցահանդեսը բացվել է մարտի 7-ին, պետք է գործեր  մինչև ապրիլի 26-ը, սակայն համավարակով պայմանավորված պատկերասրահը փակ էր։

 

 

Օգոստոսի 23-ին հայկական արվեստի և մշակույթի հարստությունը ներկայացնող «Զույգ Արեգակներ» բալետը հեռարձակվեց աշխարհահռչակ Mezzo TV հեռուստաալիքի եթերում «Զույգ Արեգակներ» բալետը երբևէ առաջին կատարողական արվեստի գործն է, որը հանրահռչակում է հայկական արվեստն ու մշակութային ժառանգությունը «MEZZO TV» 60 միլիոն հետևորդ ունեցող միջազգային հարթակում:

Ռուդոլֆ Խառատյանի «Զույգ Արեգակներ» բալետի հեռարձակումը հեռուստաալիքով կիրականացվի նաև օգոստոսի 29–ին, սեպտեմբերի 9-ին և 15-ին։

1996-ից ի վեր ավելի քան 80 երկրներում հեռարձակվող «MEZZO TV»-ն հանդիսանում է բարձրաճաշակ համաշխարհային լսարանին կատարողական արվեստի ամենալավ գործերը ներկայացող առաջատարը: Բալետի հեռարձակումը հնարավոր է դարձել «Բալետ 2021» հիմնադրադրամի և «MEZZO TV»-ի միջև կնքված 5–ամյա պայմանագրի շրջանակում, որով հեռուստաալիքին հեռարձակման իրավունք է շնորհվել։

Անցյալն ու ներկան միաձուլող այս եզակի ներկայացումը նորովի է մատուցում հազարամյակների հայկական մշակութային ժառանգությունը՝ հանդիսանալով 21-րդ դարում ստեղծված արվեստի մի այնպիսի գործ, որը նորարարական է, հավերժական, հայկական և համամարդկային: Բալետը ներկայացնում է այն համամարդկային արժեքները, որոնցով հայ ազգը իր մասնակցությունն ու դերակատարությունն է ունեցել համաշխարհային արվեստի հարստացման գործում:

«Զույգ Արեգակներ» բալետը «MEZZO TV»-ի բազմամիլիոնանոց միջազգային հանդիսատեսին ներկայացնելը առաջին քայլն է Հայաստանը համաշխարհային բեմահարթակում հաստատելու հարցում: Այն Ռուդոլֆ Խառատյանի առաքելության մի մասն էր, երբ նա դեռ 2009 թվականին ՀՀ կառավարության հրավերով ստանձնեց Հայաստանի ազգային բալետի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:

«Զույգ Արեգակներ» բալետը հիմնված է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի վրա: Սցենարի հեղինակ և բեմադրող խորեոգրաֆն է Ռուդոլֆ Խառատյանը, երաժշտությունը ներկայացնում է 4-21-րդ դարերի՝ Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Արամ Խաչատրյանի, Ալան Հովհաննեսի, Առնո Բաբաջանյանի, Ավետ Տերտերյանի և Աշոտ Արիյանի ստեղծագործությունները: Բեմի ձևավորման և զգեստների հեղինակն է Աստղիկ Ստեփանյանը:

Նախագիծն իրականացնելու համար «Բալետ2021» հիմնադրամը ձևավորել է միջազգային բալետային խումբ՝ հրավիրելով բալետի արտիստներ Ճապոնիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և Հունաստանից, ինչպես նաև առաջատար մենակատարներ՝ Վաշինգտոնից և Շտուտգարդից:

«Զույգ Արեգակներ» միջազգային բալետային նախագիծն իրականացվել է 2015 թվականին «Բալետ2021» հիմնադրամի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական միջոցառումների կոմիտեյի և «Հրայր և Աննա Հովնանյաններ» հիմնադրամի աջակցությամբ: Բալետի առաջնախաղը տեղի է ունեցել 2015թ. մայիսի 27-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

 

 

«Թուրքիայում առաջին անգամ հայկական թանգարան է բացվել: «Մուսա լեռ» անունը կրող թանգարանը գտնվում է Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանից 4 կմ հեռավորության վրա գտնվող Թուրքիայի միակ հայկական գյուղում` Վաքըֆլըում:

Վաքըֆլը գյուղի հայ առաքելական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Ջեմ Չափարը թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտնել է, որ այս թանգարանում ներկայացված ցուցանմուշները պատկերում են ոչ միայն հայկական մշակույթը, այլև արտացոլում այդ տարածաշրջանում բնակվող մյուս ժողովուրդների մշակութային հետքերը։

Չափարը նշել է, որ իր կնոջ՝ Լորա Չափարի հետ միասին երկար աշխատանքներ են տարել թանգարանի հավաքածուի ձևավորման, ինչպես նաև թանգարանային ծրագիրն ավարտին հասցնելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ մի շարք երկրներից և Թուրքիայի տարբեր շրջաններից ցուցանմուշներ են գտել և տեղափոխել Վաքըֆլը, սակայն հավաքածուի առյուծի բաժինը ձեռք է բերվել Վաքըֆլըի գյուղացիներից։

Նա թանգարանը նմանեցրել է մի ֆիլմի, որտեղ ներկայացվում է Վաքըֆլըի լեզուն, մշակույթը, կրոնը և ճաշատեսակները։

Կորոնավիրուսի պատճառով պաշտոնական բացման արարողություն տեղի չի ունեցել, սակայն համավարակը հաղթահարելուց հետո թանգարանը բաց է լինելու զբոսաշրջիկների, այցելուների համար։

Հայկական «Մուսա լեռան» թանգարանում ցուցադրված են ազգային տարազներ, պատմական իրեր, զարդեր, ինչպես նաև մուսալեռցիների հայտնի հարիսայի մեծ կաթսաներ»,-նշված է գրառման մեջ։

 

 

Ռուս գիտնականները ստեղծել են հնագույն Պալմիրայի ամենաճիշտ 3D մոդելը։ «Կուլտուրա» հեռուստաալիքի հաղորդմամբ, այն ստեղծել են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նյութական մշակույթի պատմության պետերբուրգյան ինստիտուտ մասնագետները։

Աշխատանքը փոխանցվել է Սիրիայի հնությունների և թանգարանների վարչությանը՝ օգնելու վերականգնել հին քաղաքը: Նշվում է, որ նախագծի վրա աշխատանքները սկսվել են 2016 թ.-ից։

Ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչիյն ասել է, որ մոդելը շատ ճշգրիտ է,  տասնակ անգամ ավելի ճիշտ, քան արբայնակային լուսանկարները։ Ըստ նրա, 3D մոդել ստեղծում են ողջ աշխարհում, որպեսզի հնարավոր լինի քննարկել՝ ինչը կարելի է հետ վերադարձնել իր տեղը, ինչը ոչ։

Ներկայումս բոլորը կարող են ծանոթանալ 3-D մոդելի հետ: Այն հասանելի և անվճար է ինտերնետում: Օգտատետերը կարող են առցանց զբոսնել հին քաղաքով, որտեղ կարող են տեսնել պատերազմի հետևանքով քանդված ճարտարապետության գլուխգործոցները:

Հիշեցնենք, որ 2015թ-ի մայիսից Պալմիրան գտնվում էր  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հսկողության տակ: 2016-ի  մարտի 27-ին սիրիական բանակը և աշխարհազորայիններն ամբողջությամբ ազատագրել էին քաղաքը «Իսլամական պետություն»-ից: