Մի գավաթ անդորր(222.Ծնողների «Մենք»-ը երեխայի «Ես»-ի փոխարեն)
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ շատերիդ են ծանոթ այս արտահայտությունները` «Մենք արդեն քայլում ենք», «Մենք արդեն խոսում ենք», «Մենք մաթեմատիկայից խնդիրներ ունենք« «Մենք հիվանդացել ենք», «Մենք մանկապարտեզ ենք գնալու» եւ այսպես շարունակ անվերջ «մենք»-եր, «ԵՍ»-ի փոխարեն: Ե՞րբ են ծնողները նման վարքագիծ դրսևորում և ի՞նչ հետևանքներ այն կարող է ունենալ:Այս թողարկման կխոսենք այդ մասին: Ընկերակցեք մեզ:
Այժմ կանդրադառնանք դաստիարակության մեջ տարածված 4 սխալների:Կներկայացնենք նաև հոգեբան Վանենի Վարդանյանի խորհուրդներն այդ մասին:
1. Կան ծնողներ երեխայի մասին խոսելիս հիմնականում արտահայտվում են«մենք»-ով»
Թվում է, թե հասարակ եւ անվտանգ խոսելաոճ է, բայց արի ու տես, որ՝ ոչ: Նման արտահայտությունները խոսում են այն մասին, որ արտահայտվողի (հիմնականում մայրերի) կյանքը պտտվում է երեխայի շուրջ, չունեն իրենց անձնական կամ մասնագիտական հետաքրքրությունները, ապրում եմ իրենց երեխայի հոգսերով ու խնդիրներով: Պարբերաբար արվող նման արտահայտությունները երեխաների մոտ ստեղծում են աղճատված պատկերացում աշխարհի մասին՝ նրանք սովորաբար մեծանում են ոչ այնքան ինքնուրույն եւ հակված են լինում դառնալ եսակենտրոն՝ քանի որ մոր (հոր, տատիկ-պապիկների) կյանքը պտտվում է երեխայի շուրջ, երեխան նման վարք սկսում է ակնկալել նաեւ այլ մարդկանցից: Սա հաճախակի հանդիպող երեւույթ է հատկապես մայրերի մոտ, ինչն անկախ երեխայի սեռից, նրա մոտ ձեւավորում է թյուր պատկերացում կնոջ եւ ծնողի դերի մասին:
Առողջ հոգեբանական կերտվածքով, իրենց ուժերին վստահ, կյանքում լայն հետաքրքրություններ եւ նախասիրություններ ունեցող մայրերն հստակ տարանջատում են երեխային իրենցից եւ արտահայտվում են «Տղաս արդեն խոսում է», «Աղջիկս արդեն քայլում է», «Աղջիկս հիվանդացել էր», «Երեխաս մաթեմատիկայից խնդիրներ ունի» եւ այլ նմանատիպ ձեւերով: Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ, կարող ենք նման լեզվի սայթաքումներ ունենալ, սակայն եթե այն գերակշռող ոճ է, ապա ժամանակն է կյանքում տնային հոգսերից եւ երեխայից զատ՝ գտնենք Ձեզ հետաքրքրող այլ զբաղմունք:
2.Կան ծնողներ ,որոնք երեխային հաճախակի նկատողություն են անում
Մեր հասարակության մեջ թյուր կարծիք կա դաստիարակության մասին՝ երեխաներին անընդհատ պետք է ասել, թե որն է ճիշտը, որն է սխալը, պետք է ասել, թե ինչպես է կարելի իրեն պահել, ինչպես չի կարելի և առհասարակ ինչպես ապրել:
Ասենք, երեխան դպրոցում վատ է սովորում, ասում ես, նրան թե հետագայում այդ գիտելիքները իրեն ինչի համար են պետք գալու եւ ա՜յ քեզ հրաշք, նա միանգամից սկսում է հետաքրքրված սովորել: Երեխան չի ուզում կիսվել իր խաղալիքներով, ասում ես նրան, որ ճիշտը խաղալիքներով կիսվելն է, եւ ա՜յ քեզ հրաշք՝ նա խաղալիքը տալիս է ընկերոջը: Ցավոք, իրականությունն այլ է, եւ երեխաները (իմիջիայլոց մեծահասակներն էլ) նման ձեւով ոչինչ չեն կարող սովորել: Դուք կասեք՝ «Բա ոնց, բա երեխայիս չասե՞մ ինչն է ճիշտը, ինչն է սխալը, չասե՞մ ոնց իրեն պահի»: Ոչ, մի ասեք, քանի որ դրանով դուք ոչ միայն օգուտ չեք տալիս, այլ ընդհակառակը՝ վնասում եք: Երեխաները սովորում են նմանակելով. ծնողը կիսվում է իր իրերով ուրիշների հետ, երեխան ընդօրինակում է նրա վարքը, ծնողը ճշտախոս է, երեխան սովորում է ճիշտ խոսել, ծնողը աշխատասեր է, երեխան սովորում է աշխատասիրություն եւ այլն: Ծնողի խոսքն այս դեպքում լրացուցիչ օգնող միջոց է, այլ ոչ առաջնային ուղեցույց:
Նկատողություններով խոսելն առհասարակ բացասաբար է անդրադառնում երեխաների վրա եւ վաղ թե ուշ ձեւավորվում է ցածր ինքնագնահատական եւ անինքնավստահություն սեփական ուժերի նկատմամբ: «Ուղիղ նստիր», «Մի վազիր՝ կընկնես», «Չարություն արեցիր», «Այս խաղալիքով այսպես են խաղում», «Ճաշդ կերար, ափսեդ թողեցիր սեղանին», «Այս խնդիրը սխալ ես լուծել», «Ինչո՞ւ ես այդքան անուշադիր» եւ այլն:
Առողջ հոգեբանական կերտվածքով, իրենց ուժերին վստահ, կյանքում լայն հետաքրքրություններ եւ նախասիրություններ ունեցող ծնողներն իրենց երեխաներին առհասարակ նկատողություններ չեն անում: Նրանք նախ երեխաների վարքը անհարկի չեն սահմանափակում (քանի որ հիմնականում նորմալ է, որ երեխան տեղում հանգիստ չնստի կամ անընդհատ հարցեր տա) եւ խոսում են կառուցողական նախադասություններով՝ «Ուտելուց հետո հավաքում ենք ափսեները» (չեզոք արտահայտություն, որը երեխայի վարքին ոչ մի գնահատական չի տալիս, միայն հայտարարում է ընդունված կանոնի մասին), թողնում են որ երեխան վազի ու ընկնի, եւ սովորեցնում են, ընկնելուց հետո ինչ է պետք անել (եթե փոշոտվել է, շորերը թափ տալ եւ շարունակել վազել, եթե արյուն է գալիս, դիմել ծնողին որպեսզի վերքը ախտահանի), թողնում են որպեսզի երեխաները սխալվեն ու սովորեն իրենց սխալի վրա եւ այլն:
3. Անհանգստանում եք, որ ձեր երեխան հանկարծ ինչ-որ վտանգավոր բան կանի
Տարածված հոգեբանական խնդիրներից մեկը տագնապայնությունն է: Տագնապող ծնողներն անընդհատ անհանգստանում են «Բա որ հանկարծ» սցենարներով՝ «Բա որ հանկարծ երեխաս վազի ու ընկնի ոտքը կոտրի», «Բա որ հանկարծ երեխան մրսի, հիվանդանա, նոր է լավացել», «Բա որ հանկարծ երեխաս քննություններից կտրվի», «Բա որ հանկարծ մենակ թողնեմ սենյակում, իրեն մի վնաս տա» եւ այլն:
Առողջ հոգեբանական կերտվածքով մարդիկ վստահ են, որ ցանկացած իրավիճակից դուրս գալու ելք կգտնեն եւ ավելորդ անգամ չեն անհանգստանում, առավել եւս՝ այդ անհանգստության պատճառով իրենց երեխաների վարքը չեն սահմանափակում: Երեխաները ստեղծված են ակտիվ լինելու, վազելու եւ ընկնելու համար, պիտի միայն վստահ լինեք, որ այդ ամենը տեղի է ունենում ոչ թե մեքենայաշատ փողոցի մեջտեղում, այլ մանկական խաղահրապարակում: Հագցրեք հարմարավետ կոշիկներ, այնպիսի հագուստ. որ երեխան ազատ շարժվի եւ որը հեշտ է լվացվում, ու զբաղվեք ձեր գործերով:Եվ այսպես վարվեք բոլոր բնագավառներում:
Եթե չանհանգստանալ չի հաջողվում, պիտի մտածեք ինքներդ ձեզ վրա աշխատելու մասին եւ հասկանաք, որ դա գալիս է ոչ թե այն բանից, որ դուք ծնող եք կամ ունեք չարաճճի եւ աշխույժ երեխա (քանի որ կան ծնողներ, որոնք ունեն չարաճճի երեխաներ, բայց հանգիստ են ամեն ինչին վերաբերվում), այլ նրանից, որ դուք տագնապային հոգեվիճակում եք: Դիմեք հոգեբանի կամ բժշկի եւ լուծեք ձեր խնդիրները: Հակառակ դեպքում ձեր երեխան էլ հակված կլինի տագնապայնության:
4. Երեխայի վրա բարկանում եք
Հոգեբան Վանենի Վարդանյանը կարծում է,որ երբ երեխաների վրա բարկանում եք, նրանք դրանից ոչինչ, բացարձակապես ոչինչ չեն սովորում: Իհարկե սովորում են, որ բարկանալը նորմալ է, որ ագրեսիան արտահայտելը նորմալ է: Բարկանալ, թե ինչու է երեխան բաժակը կոտրել, ճաշը թափել, քննությունից կտրվել կամ այլ ինչ-որ արկածի մեջ ընկել, անիմաստ է: Այն երեխաները, որոնց վրա հաճախ են բարկանում, սովորաբար կամ լինում են ճնշված եւ անինքնավստահ կամ իրենք էլ իրենց հերթին դառնում են ագրեսիվ:
Առողջ հոգեբանական երեխաների հետ խոսում են հանգիստ եւ սիրալիր, եւ եթե կարիք կա երեխաներին պատժելու, դա նույնպես անում են սիրով: