Սեպտեմբեր 16, 2020 15:50 Asia/Yerevan

Հարգարժան ունկնդիրներ այս թողարկման ընթացքում խոսելու ենք շատ ծնողների անհանգստացնող թեմային շուրջ։ Խոսքը գիշերամիզության մասին է։ Ընկերակցեք մեզ։ Խոսափողի մոտ Շողիկ Քեշիշյանն է։

«Չոր գիշերների» մասին երազում են բոլոր մայրիկները: Երեխան մեծացել է տակդիրների հասակից, սակայն գիշերը դեռևս շարունակում է միզել անկողնում:  Լվացք, ներքնակի չորացում, սպիտակեղեն փոխելու անընդհատ հոգս, նյարդայնություն: Երեխան տանջվում է, քանի որ չի հասկանում, թե ինչպես է, որ միզում է տակը, մինչդեռ, արթուն ժամանակ ամեն ինչ կարգին է:

Երբեմն  գիշերամիզություն է լինում այն պարզ պատճառով, որ երեխան դեռևս չի հասունացել: Շատ ծնողներ  պարզապես  չգիտակցելով և երբեմն` զայրույթով պահանջում են, որ  երեխան այլևս նման բան չանի:

Շատ երեխաների մոտ (գրեթե 70-80%), գիշերամիզությունը դադարում է 4 տարեկանին մոտ, մի մասն  էլ խնդրից ազատվում է 6 տարեկանում: Ամեն տասներորդ առաջին դասարանցին գիշերը տակը թրջում է: Հետաքրքիր է, որ այդ խնդիրն ավելի հաճախ պատահում է տղաների մոտ: Բժիշկներն էլ կարծում են, որ գիշերամիզությունը 5-ամյա երեխայի համար դեռևս նորմի խախտում չէ ու դեռևս վաղ է անհանգստանալ դրա պատճառով: Դա նշանակում է, որ կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիաները, որոնք վերահսկում են միզապարկի աշխատանքը, դեռևս լրիվ չեն գործում: Դրա համար էլ երեխաները չեն գիտակցում, թե ինչ է կատարվում իրենց օրգանիզմում:

Երբ երեխան խնդիր ունի գիշերամիզության (էնուրեզի) հետ, ծնողները պետք է անհանգստանան:Բժիշկները նշում են, որ էնուրեզը հիվանդություն չէ, այլ ախտանիշ, եւ բավականին տարածված: Կարող են եւ պատահել գիշերամիզության հատուկենտ դեպքեր, հատկապես երբ երեխան հիվանդ է: Գիշերամիզության մասին ծնողները պետք է որոշ տեղեկություն ունենան.Այդ տեղեկություններն են՝

• Երեք տարեկանից հետո էլ երեխաների մոտ 15%-ը դեռ միզում է գիշերները անկողնում:

• Ավելի շատ տղաներըքան աղջիկներն ունեն գիշերամիզություն:

• Գիշերամիզությունն անցնում է գեներով:

• Սովորաբար գիշերամիզությունը դադարում է սեռական հասունության շրջանում:

• Գիշերամիզող երեխաներից շատերը հուզական խնդիրներ չունեն:


 

Երեք կամ չորս տարեկանից հետո չդադարող գիշերամիզությունը հազվադեպ է վկայում երիկամների եւ միզապարկի խնդրի մասին: Գիշերամիզությունը երբեմն նշանակում է քնի խախտման առկայություն: Դեպքերի մեծամասնության մոտ խնդիրը կայանում է երեխայի միզապարկի կառավարման սովորականից դանդաղ զարգացման մեջ: Գիշերամիզությունը կարող է նաեւ երեխայի լարվածության եւ հույզերի արդյունք լինել, ինչը պետք է անուշադրության չմատնել:

Գիշերամիզության հուզական պատճառները բազմազան են: Օրինակ, երբ համեմատաբար մեծ երեխան սկսում է գիշերները միզել անկողնում մի քանի ամիս կամ տարի դադարից հետո, սա կարող է նշանակել անապահովության նոր վախեր: Սրան կարող են նախորդել որոշ փոփոխություններ կամ իրադարձություններ, որոնք ստիպել են երեխային անապահով զգալ իրեն, օրինակ՝ տեղափոխություն նոր միջավայր, ընտանիքի անդամի կամ մոտ մարդու կորուստ, կամ հատկապես տանը նոր երեխայի հայտնվելը: Երբեմն երկար ժամանակ դադարից հետո գիշերամիզության սկսվելը կարող է պայմանավորված լինել նրանով, որ զուգարան գնալը չափազանց ճնշող կամ սթրեսային է երեխայի համար:

Ծնողները պետք է հիշեն, որ երեխաները հազվադեպ են դիտավորյալ միզում անկողնում, եւ որ սովորաբար ամաչում են իրենց հետ պատահած այդ դեպքից: Երեխային մեղադրելու կամ ամաչացնելու փոխարեն, ծնողները պետք է քաջալերեն երեխային եւ հավատ ներշնչեն, որ նա շուտով այլեւս կդադարի գիշերները միզելուց:

Մասնագետները խորհուրդ են տալիս

• Քնելուց առաջ սահմանափակել երեխայի շատ հեղուկ խմելը:

• Համոզել երեխային քնելուց առաջ գնալ զուգարան:

• Գովել երեխային գիշերը չմիզելու դեպքում:

• Խուսափել պատժելուց:

• Արթնացնել երեխային գիշերըորպեսզի դատարկի միզապարկը:

 

Երեխան իրեն դժբախտ է զգում այն գաղափարից, որ չի կարողանում իրեն  ղեկավարել ու չի էլ կարողանում ինքնուրույն այդ խնդիրը լուծել: Հաջողության կարելի է հասնել փուլ առ փուլ իրականացվող պլանի օգնությամբ, որին երեխան պետք է հետևի ծնողների  ու բժշկի աջակցությամբ: Այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ երեխան անձամբ պետք է ցանկանա մասնակցել այդ պլանին: Կարևոր է, որ երեխայի վրա ճնշում չլինի: Նույնիսկ ծնողները պետք է զինվեն սառնասրտությամբ, չհանդիմանեն ու չափից շատ չգովեն երեխային: Միայն այդ կերպ կարելի է հաջողության հասնել: Յուրաքանչյուր փուլին 2 շաբաթ է հատկացվում:

Երեխայի համար հատուկ օրացույց գնեք կամ կազմեք, որի վրա ամեն չոր գիշերվա դիմաց ժպտադեմ պատկերով գերազանց նշանակեք, իսկ թաց գիշերները կմնան դատարկ: Երեխան աստիճանաբար կձգտի, որ իր օրացույցում միայն «գերազանց» տեսնի:

Երեխան քնելուց առաջ պետք է զուգարանում հանգիստ նստի զուգարանակոնքին, որպեսզի միզապարկը թուլանա ու  լրիվ դատարկվի: Դրա համար նույնիսկ խաղալիք ու գիրք կարելի է տալ, որ փոքրիկը հանգիստ զբաղվի ու չկենտրոնանա պրոցեսի վրա: Երեխայի համար այդ պրոցեսը պետք է հաճելի լինի, որ նա դրանից չխուսափի:

Մինչ դուք կգնաք քնելու, երեխային զգուշորեն արթնացրեք ու տարեք զուգարան: Երբեք քնատ երեխային չնստեցնեք գիշերանոթին. նա պետք է գիտակցի այդ պրոցեսը: Նպատակն այն է, որ երեխայի մեջ միզապարկի զգացողություն արթնանա: Դա նշանակում է, որ «լիքն է» ազդանշանը նրան պետք է քնից արթնացնի ու զուգարան տանի: Բացի այդ,  երեխան քնելուց առաջ պետք է ինքն իրեն բարձրաձայն ասի`«ես ուզում եմ զուգարան գնալ»:

Միզապարկի մարզում: Երբ երեխան միզել է ցանկանում, նրան խնդրեք փոքր-ինչ դիմանալ: Չէ՞ որ նման իրավիճակներ լինում են, ասենք` խանութում կամ էլ փողոցում: Միզապարկն այդ կերպ մարզվում է, իսկ  ծավալն աստիճանաբար մեծանում (ի դեպ, այն երեխաները, որոնք միզում են անկողնում, սովորականից փոքր միզապարկ ունեն):

Եթե այսքանից հետո առաջխաղացում չեք նկատում, ապա պետք է նույնը կրկնել մի քանի շաբաթից: Սովորաբար երեխաների 90%-ը դրանից հետո  այլևս տակը չի թրջում:

Գիշերամիզությունը հազվադեպ կարող է  օրգանական կամ էլ հոգեբանական պատճառ ունենալ: Գիշերամիզության դեպքերի 3%-ի պարագայում օրգանական շեղումեր են` միզուղիների բորբոքում կամ էլ սֆինկտերի թուլություն:

Երբեմն այնպես է լինում, որ երեխան կես տարի «չոր» է ու հանկարծ կրկին սկսում է միզել անկողնում: Բժիշկները դա անվանում են երկրորդային անմիզապահություն: Հիմնականում այդ երևույթի հետևում հոգեկան բախումներն են, հակասությունները, ասենք` ընտանիքում նորածնի հայտնվելը, խնդիրները դպրոցում: Այդ դեպքում դիմեք մասնագետի օգնությանը:

Միայն բացառիկ դեպքերում է, որ 7-ից բարձր տարիքի երեխաների գիշերամիզության խնդիրը վերացնելու համար դեղամիջոցներ են նշանակվում:

Ոչ մի երեխա էլ չի ուզում տակը միզել: Սակայն ոչ բոլորն են կարողանում իրենց վերահսկել: Իրենք` երեխաները, շատ են տանջվում, երբ միզում են անկողնու մեջ: Նրանց չի կարելի դրա համար հանդիմանել, այն էլ` երրորդ անձի ներկայությամբ, դա խորացնում է նրանց տանջանքը:

Դա նաև լուրջ խնդիր է մոր համար, ուստի, տուժածի կարգավիճակի մասին մոռանալ է պետք ու երեխայի հետ հարկավոր է դաշինք կնքել. ձեր համատեղ նպատակը պիտի լինի խնդիրը միասին լուծելը: Եթե նյարդերն այլևս չեն դիմանում, որոշ ժամանակ, մինչ կհանդարտվեք, երեխային տակդիրներ հագցրեք: Դա ավելի լավ է, քան մշտական հանդիմանություններն ու նյարդային վիճակը:


Քիչ է պատահում, երբ գիշերամիզության խնդիրը չի լուծվում ծնողների, հոգեբանի կամ մանկաբույժի կողմից: Երբեմն երեխան կարող է նաեւ ունենալ հուզական խնդիրների ախտանիշներ, օրինակ՝ մշտական տխրություն կամ դրյուրագրգիռություն, ուտելու կամ քնելու սովորությունների փոփոխություն: Այս դեպքերում ծնողները կցանկանան խորհրդակցել մանկապատանեկան հոգեբույժի հետ, որը կգնահատի գիշերամիզության պատճառ հանդիսացող ֆիզիկական եւ հուզական խնդիրները եւ կաշխատի երեխայի եւ ծնողների հետ՝ այս խնդիրները լուծելու համար: