Դեկտեմբեր 09, 2020 16:39 Asia/Yerevan

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ հաղորդաշարի այս թողարկման ընթացքում խոսելու ենք հոգեբանական վնասվածքի կամ տրավմայի մասին։ Ընկերակցեք մեզ։

Մարդու հոգեկանի վրա տարատեսակ դժբախտ պատահարների և աղետների տրավմատիկ ազդեցության վերաբերյալ բավականին շատ է ասված և գրված։ Վերջին շրջանում մանրամասնորեն քննարկվում են արտակարգ իրավիճակների բացասական հետևանքների բազմազան դրսևորումները, ուսումնասիրվում են սթրեսածին հիմնական գործոնները, վերլուծվում են դժբախտ իրավիճակների մասնակիցների վարքի առանձնահատկությունները։ Հատուկ ուշադրության են արժանանում հոգետրավմատիկ ազդեցություններին ենթարկված մարդկանց հոգեբանական հետևանքները և հետտրավմատիկ սթրեսային խանգարումների դրսևորումները։

Սովորաբար հոգեբանական տրավմայի հանգեցնող իրադարձություններն իրենց էությամբ այնչափ անսպասելի և անկանխատեսելի են, որ մարդու մինչ այդ արդյունավետ գործող հոգեբանական մեխանիզմները բավարար չեն մշակելու տվյալ փորձը։ Մարդը չի կարողանում բավարար չափով հասկանալ և իմաստավորել տեղի ունեցածը, այն, ասես, «չի տեղավորվում»  նրա ուղեղում։ Հաճախ մարդը դժվարանում է իր ապրումները բառերի վերածել և համարում է, որ այն, ինչ տեղի է ունենում, երազ է։

Նման ապակողմնորոշվածության պատճառն այն է, որ մարդու՝ փոքրուց ձևավորված հիմնարար համոզմունքները կարճ ժամանակում փլուզվում են։ Որպես կանոն, հոգետրավմատիկ իրողությունը հիմնովին խաթարում է մարդու հավատն աշխարհի և մարդկանց բարյացակամության նկատմամբ, արժեզրկում է աշխարհի և կյանքի իմաստավորվածության, ինչպես նաև՝ մարդկային էակի անգնահատելիության գաղափարը։ Այլևս կյանքը կանխատեսելի և վերահսկելի չէ, իսկ «ճիշտն» ու «սխալը» դադարում են լինել մարդու համար հասկանալի և տարբերակելի։ Արդյունքում մարդը կորցնում է վստահությունն այլոց, ապագայի և ինքն իր նկատմամբ։

Ցանկացած դեպքում հոգեբանական տրավմա վերապրած մարդկանց անհրաժեշտ են հոգատար վերաբերմունք և խնամք, իսկ մի շարք դեպքերում՝ մասնագիտական նեղ աջակցություն, որի հիմնական նպատակն է վերականգնել մարդու հավատն իր ուժերի և ապագայի նկատմամբ։

***

Հոգեբանական տրավման (հին հունարենից թարգմանաբար նշանակում է «վերք») կյանքի բացառիկ սթրեսային և արտասովոր փորձ է, որն առաջ է բերում ֆիզիկական և հոգեբանական խորը դրսևորումների լայն շրջանակ։ Ի տարբերություն սթրեսի՝ հոգետրավման միշտ ունի ուժեղ բացասական իմաստ։

Հոգեբան Անուշ Ալեքսանյանն ասում է․-«Ինչպես բժշկության մեջ, այնպես էլ հոգեբանության մեջ, գոյություն ունի մի երևույթ, որը կոչվում է տրավմա կամ վնասվածք, և այս երկու երևույթների միջև կան ընդհանրություններ: Ֆիզիկական տրավման, որ մարդը ստանում է, երբեք առանց մասնագիտական միջամտության չի հաղթահարվում: Իհարկե, ինչ-որ վնասվածքներ ստանալուց հետո, մարդը կարող է շարունակել իր կյանքը, սակայն այդ վնասվածքն իր հետքը կթողնի և իր մասին զգացնել կտա, եթե բժշկական միջամտություն չիրականացվի:

Հոգեբանական վնասվածքը մոտավոր նույն բնույթն ունի: Եթե մարդը ենթարկվում է հոգեբանական տրավմայի, դրա հաղթահարումն առանց մասնագիտական միջամտության չի կարող լինել: Տրավման իր յուրահատկություններն ունի և տարբերվում է սթրեսից: Չնայած որ սուր սթրեսային արձագանքը կարող է ինչ-ոչ չափով մոտ լինել տրավմային, սակայն տրավման ունի իր առանձնահատկությունները, որոնք շատ յուրահատուկ են և կարևոր է դրանք տարբերել:

Մարդը կարող է տրավմա ստանալ այն պարագայում, երբ հայտնվում է մի անսպասելի, հանկարծակի իրավիճակում, որում իր կյանքին, իր հարազատներից մեկի կյանքին կամ ներկա գտնվողներից որևէ մեկի կյանքին կամ ֆիզիկական ամբողջականությանը վտանգ է սպառնում: Սա մի իրավիճակ է, որին մարդ չի կարող որևէ կերպ պատրաստ լինել, նրա հոգեական աշխարհը չի կարող այն ընկալել, հասկանալ և որևէ բացատրություն տալ դրան: Հոգեբանական տրավման հաճախ կոչում են վիետնամական սինդրոմ կամ աֆղանյան սինդրոմ, երբ երկարատև պատերազմական իրավիճակներից հետո նկատում էին, որ մարդկանց մոտ ինչ-որ կայուն բացասական փոփոխություններ են տեղի ունենում: Այդ փոփոխությունները տեղի էին ունենում նրանց վարքում, հոգեվիճակում և այդ երևույթները բավական ընդհանրական էին: Այս երևույթը ժամանակի ընթացքում կոչվեց հետտրավմատիկ սթրեսային խանգարում, որն ունի իր օրինաչափությունները:

****

Ինչո՞վ է տրավման յուրահատուկ:

Հոգեբանի Անուշ Ալեքսանյանի խոսքերով՝ այն հանկարծակի և անսպասելի մի իրողություն է, որը մարդու կյանքը բաժանում է երկու մասի՝ մինչտրավմատիկ շրջան և տրավմայից հետո: Սովորաբար, մարդիկ, ովքեր նման իրավիճակում են հայտնվել և նմանատիպ վնասվածք են ստացել, իրենք իսկ ասում են, որ այդ դեպքից հետո իրենք շատ փոխվեցին կամ իրենց կյանքը փոխվեց կամ իրենք այլևս նախկինը չեն: Մենք նկատում ենք նաև, որ պատերազմից վերադարձած մարդիկ, ովքեր գտնվել են ակտիվ ռազմական գործողությունների պրոցեսում, այլևս երբեք նման չեն լինում իրենց մինչպատերազմական կերպարին, բնույթին և շատ լուրջ փոփոխությունների են ենթարկվում: Շատ հաճախ մարդիկ տրավմաներից հետո, երբ վերադառնում են իրենց բնականոն ռիթմին, չեն կարողանում շփվել իրենց այն հարազատների և բարեկամների հետ, ովքեր չեն մասնակցել այդպիսի դեպքերի և իրողությունների:

Տրավման մի հոգեվիճակ է, որ կարող է մարդուն դուրս բերել նորմատիվային բոլոր չափանիշերից և կարող է հանգեցնել լուրջ հոգեկան խանգարումների՝ տագնապային խանգարումներ, վեգետատիվ փոփոխություններ, հիշողության, ուշադրության խանգարումներ, խոսքի խանգարումներ:

Եթերում  է հոգեբան Անուշ Ալեքսանյանը․․․

***

Հոգետրավման երեխաների կյանքում

Յուրաքանչյուր երեխա իր կյանքում բախվում է բազում դժվար իրավիճակների, որոնք կարող են սթրեսային կամ տրավմատիկ լինել։ Երեխայի կյանքում սթրեսային և տրավմատիկ իրողության երեք տեսակներն են.․

 · Դրական։ Երեխաները հանդիպում են դրական սթրեսային իրավիճակների գրեթե ամեն օր։ Դրանք  կարող են լինել առօրյա, կենցաղային իրադարձությունները, որոնց հետ երեխան սովորում է իր կյանքում գործ ունենալ և առողջ կերպով արձագանքել։

· Տանելի: Լինում են իրավիճակներ, երբ երեխան ստիպված է լինում բախվել տհաճ, ծանր, դժվար հաղթահարվող իրավիճակների։ Դա կարող է լինել մտերիմի մահը, կորուստը, միջավայրի փոփոխությունը, աղետը և այլ։ Եթե երեխայի կողքին առկա են աջակցող մարդիկ, ապա նա կարողանում է որոշակի ժամանակ անց հաղթահարել իրավիճակի հետևանքները։ Սակայն, եթե նման աջակցությունը բացակայում է, կամ երեխան ստանում է ոչ համապատասխան աջակցություն, երեխայի ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական բարեկեցությանը մեծ վտանգ է սպառնում։

 · «Թունավոր»: Երբ երեխան ապրում է երկար, անընդմեջ, պարբերաբար վերարտադրվող տրավմատիկ իրավիճակում, նա հետզհետե սպառում է իր ներուժը, պայքարելու մեխանիզմները և հայտնվում է «թունավոր» տրավմատիկ իրավիճակում։ Նման իրավիճակների օրինակներ են ընտանեկան բռնությունը կամ խնամքի ծայրահեղ պայմանները։ Այս դեպքում իրադրությունը կարող է մեծ խոչընդոտ դառնալ երեխայի զարգացման համար և բացասաբար ազդել հետագա կյանքի վրա։

Ամեն դեպքում անհրաժեշտ է երեխային ցուցաբերել հոգատար վերաբերմունք և խնամք,  ինչու չէ նաև  մասնագիտական աջակցություն:

Եղեք առողջ: